Քեմալական շարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շարժման անդամները Սեբաստիայի համաթուրքական կոնգրեսի ժամանակ, ձախից աջ՝ Ռաուֆ Օրբայ, Մուստաֆա Քեմալ Աթաթուրք, Բեքիր Սամի Քունդուհ

Քեմալական շարժում, խորհրդային և թուրքական պատմագիտության մեջ հակաիմպերիալիստական, բուրժուաազգայնական համարվող հեղափոխություն Թուրքիայում, ինչի արդյունքում ձևավորվում է Թուրքիայի Հանարապետությունը։

Մուդրոսի զինադադարից (1918) հետո Անտանտի երկրները Սայքս-Պիկոյի համաձայնագրի (1916) հիման վրա սկսեցին գրավել Օսմանյան կայսրության տարածքը։ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունը մի շարք ժողովուրդների՝ հույներին, հայերին և արաբներին հնարավորություն էր տալիս ազատվել թուրքական լծից և ստեղծել իրենց անկախ պետությունները՝ իրենց պատմական տարածքներում։ Անտանտի երկրների քաղաքականության և ճնշված ժողովուրդների ազատագրական շարժման դեմ է հանդես գալիս թուրքական ազգայնամոլ բուրժուազիան՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ։

Քեմակական շարժումը հետապնդում էր երկու նպատակ՝ պահպանել թուրքական լայնածավալ պետությունը, պայքարել թուրքական ծավալապաշտությանը խոչընդոտող հայերի, հույների, արաբների անկախ պետությունների ստեղծման դեմ։ Այդ պայքարում Քեմալական շարժումը չխորշեց նաև ցեղասպանությունից՝ արևելյան Հայաստանում և Կիլիկիայում կոտորելով հայերին, Փոքր Ասիայի արևմուտքում՝ հույներին և հայերին, Արևմտյան Հայաստանում՝ քրդերին։

Պատմությունը[խմբագրել]

1919 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 6Կարինում (Էրզրում) տեղի է ունենում «Արևելյան վիլայեթների իրավունքների պաշտպանության» կոնգրեսը, որն ընտրում է «ներկայացուցչական կոմիտե»՝ Քեմալի գլխավորությամբ, դա նոր Թուրքիայի առաջին ժամանակավոր կառավարությունն Էր։ 1919 թվականի սեպտեմբերի 4-11-ին Սեբաստիայում (Սվաս) տեղի է ունենում «Անատոլիայի և Ռումելիայի իրավունքների պաշտպանության ընկերությունների» համաթուրքական կոնգրեսը, որին մասնակցում են 33 պատգամավոր Անատոլիայի (Փոքր Ասիա) և Ռումելիայի (Եվրոպայում թուրքական տիրապետության տակ գտնվող տարածքներ) վիլայեթներից։ Կոնգրեսը չի ճանաչում Մուդրոսի զինադադարով որոշված սահմանները և պայքարի կոչ է անում՝ պահպանելու Օսմանյան կայսրության ամբողջականությունը։ Կարինի և Սեբաստիայի կոնգրեսները մերժում են հայկական, հունական և արաբական պետությունների ստեղծման գաղափարը։ Իրենց զավթողական ծրագրերը քողարկելու նպատակով արևմտյան Հայաստանի նկատմամբ հայ ժողովրդի արդարացի պահանջը քեմալականները ներկայացնում էին իբրև նվաճողական ձգտում։ Մուստաֆա Քեմալը նշում էր, որ «ազգը ոչ մի թիզ հող չի զիջի Հայաստանին»։

1919 թվականի վերջին Քեմալական շարժման կենտրոնը դառնում է Անկարան։ Շարժման կորիզը Փոքր Ասիայի կենտրոնում գործող գյուղացիական զինված ջոկատներն էին («ազգային ուժեր»)։ Քեմալականները պայքարում էին երկու ճակատով, արևմուտքում՝ Հունաստանի, արևելքում՝ Հայաստանի Հանրապետության դեմ, վերջինիս առավել ուշադրություն էր դարձվում։ Օգտվելով Թուրքիայի հարցում Անտանտի տերությունների միջև հակասություններից՝ քեմալականները զենք են գնում Ֆրանսիայից և Իտալիայից։

Մուստաֆա քեմալը գաղափարակից հեղափոխականների հետ

1920 թվականի ապրիլի 23-ին Անկարայում ստեղծվում է մեջլիս (ազգային ժողով)՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (ԹԱԱԺ), որն էլ կազմում է կառավարություն Քեմալի գլխավորությամբ։ 1920 թվականի օգոստոսի 10-ին Անտանտի և Թուրքիայի սուլթանական կառավարության միջև կնքվում է Սևրի հաշտության պայմանագիրը, որը չի ճանաչում Անկարայի կառավարությունը, ուստի Քեմալական շարժումը նոր ծավալ է ստանում։ Դրան նպաստում է խորհրդային Ռուսաստանը, որը մեծ քանակությամբ զենք ու զինամթերք և ավելի քան 10 միլիոն տոննա ոսկով անհատույց տրամադրում է Թուրքիային։ Ստանալով այդ օգնությունը և օգտվելով Այսրկովկասում ստեղծված իրադրությունից՝ 1920 թվականի սեպտեմբերին քեմալական զորքերը՝ Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ, ներխուժում են Հայաստանի Հանրապետության տարածք՝ դա ներկայացնելով իբրև Անտանտի դեմ պատերազմ։ Քեմալական զինվորները հրի ու սրի են մատնում արևելյան Հայաստանը՝ ոչնչացնելով տասնյակ հազարավոր անմեղ մարդկանց։ Քեմալականները փաստորեն շարունակում են երիտթուրքերի՝ հայերի ցեղասպանության քաղաքականությունը։ Արևելքում Քեմալական շարժումը կարողանում է հասնել այն բանին, որ չստեղծվի անկախ ու միացյալ հայկական պետություն, 1921 թվականի մարտի 16-ին, առանց Հայաստանի մասնակցության, Մոսկվայում, խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է «բարեկամության և եղբայրության» պայմանագիր, որով Այսրկովկասից Թուրքիային է տրվում շուրջ 26 հազար կմ2 տարածք, որից 24 հազար կմ2՝ Հայաստանի Հանրապետության տարածքից։

Աթաթուրքի և երեսփոխանների աղոթքը մեջլիսի անդրանիկ նիստի ժամանակ

Քեմալականները արևելքում ավարտելով ռազմական գործողությունները, հիմնական ուշադրությունը դարձնում են արևմտյան ճակատին՝ հույների դեմ պատերազմին։ 1921 թվականին Սանգարիոս (Սաքարյա) գետի մոտ ճակատամարտում հունական զորքերի պարտությունը արագացնում է Անտանտի հակաթուրքական դաշինքի քայքայումը։

1921 թվականին Ֆրանսիան անջատ հաշտություն է կնքում Թուրքիայի հետ, որով հրաժարվում է քեմալականների դեմ պայքարից, հեռացնում է զորքերը Կիլիկիայից՝ թուրքական զորքերին հայկական նոր կոտորածների հնարավորություն տալով։

1922 թվականին վերջնական պարտություն կրելով՝ հունական ուժերը թողնում են Փոքր Ասիան. թուրքական զորքերը ներխուժում են Իզմիր (Զմյուռնիա) և կոտորում հայ և հույն խաղաղ բնակչությանը։

1922 թվականի հոկտեմբերի 11-ին Մարմարա ծովի ափին գտնվող Մուդանյա քաղաքում ստորագրվում է զինադադար Թուրքիայի և Անտանտի երկրների միջև։ Հոկտեմբերի 13-ին զինադադարին է միանում նաև Հունաստանը։ Պատերազմն ավարտվում է Լոզանի կոնֆերանսով (1922-23), որը ճանաչում է թուրքական անկախ պետությունը։

Գրականություն[խմբագրել]

  • Աարգսյան Ե. Ղ, Աահակյան Ռ. Գ, «Հայ ժողովրդի նոր շրջանի պատմության նենգափոխումը թուրք պատմագրության մեջ», Երևան, 1963։
  • Корсун И. Г., «Грeко-турецкая война» 19191922 М, 1940;
  • Шамсутдинов А. М., «Национально-освободительная борьба в Турции», М., 1966,
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png