Արա Մարկոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արա Մարկոս
Ծնվել էհունիսի 28, 1924(1924-06-28)[1]
Վառնա, Բուլղարիա
Մահացել էդեկտեմբերի 2, 1990(1990-12-02)[1] (66 տարեկան)
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտությունհնագետ և պատմաբան
Ալմա մատերՎելիկո Տիռնովոյի համալսարան

Արա Մարկոսի Մինեգյոզյան (բուլղար․՝ Ара Маргос Минегьозян, հայտնի է որպես Արա Մարկոս, հունիսի 28, 1924(1924-06-28)[1], Վառնա, Բուլղարիա - դեկտեմբերի 2, 1990(1990-12-02)[1]), բուլղարահայ հնագետ, պատմաբան։ Նրա հետազոտությունները վերաբերում են հյուսիսարևելյան Բուլղարիայում հին քարի դարի և միջին քարի դարի մշակույթներին և աշխատանքային գործիքներին։ Պոբիտի Կամանիի տարածքում Արա Մարկոսը հավաքել և նկարագրել է ավելի քան 12000 միջինքարիդարյան գործիքներ և բեկորներ, որոնք վկայում են մ.թ.ա. 10-8-րդ հազարամյակների կյանքի մասին[2]։ Երկար տարիներ Արա Մարկոսը եղել է հնագետ Դևնյայում՝ գործուղված Վառնայի հնագիտական թանգարանից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Մինեգյոզյանը ծնվել է 1934 թվականին, Վառնայում։ Բարձրագույն տնտեսագիտական կրթություն է ստացել 1950 թվականին Վառնայի համալսարանում և մեկնել է աշխատելու որպես գյուղական ուսուցիչ։ Այդ ժամանակից մինչև կյանքի վերջը, թեև ծագումով Վառնայից էր, Արա Մարկոսն ապրել է շրջակա գյուղերում[3]։

Ուսուցչական գործունեության ընթացքում ազատ ժամանակ ունենալիս Արա Մարկոսը զբաղվել է հնագիտությամբ և ազգագրությամբ։ Դասերից հետո և դպրոցական երկար արձակուրդների ընթացքում նա տեղեկություններ է հավաքել տեղի բնակչության կենցաղի և անցյալի մասին։ Շրջել է հին բնակավայրերով, եկեղեցիներով և բերդերով։ Այդպես նա հայտնաբերել է մի շարք նախապատմական բնակավայրեր, որոնց թվում էր Լևսկի գյուղի մոտ գտնվող բնակավայրը, մի քանի վաղմիջնադարյան գերեզմանատներ (որոնք հետագում պեղել են Վառնայի թանգարանի աշխատակիցները), գտել է բազմաթիվ տարբեր առարկաներ, որոնք տրամադրել է Վառնայի թանգարանին։ Լիովին հեղինակավոր լինելու և իր գործին նվիրվելու համար նա ավարտել է Վելիկո Տիռնովոյի համալսարանը երկու մասնագիտություններով՝ հնագիտության և պատմության[3]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Մարկոսի գործունեությունը բազմաբնույթ է, հետաքրքրությունները՝ բազմակողմանի։ Նա աշխատել է հնագիտության, պատմության տարբեր ոլորտներում, էպիգրաֆիկայում, պատմական աշխարհագրությունում, դրամագիտությունում, օնոմաստիկայում, հասցրել է անդրադառնալ նաև ազգագրությանը։ Հեղինակ է ավելի քան 30 գիտական հրապարակումների բուլղարական և արտասահմանյան մասնագիտական հրատարակություններում[3]։

Արա Մարկոսի ամենահայտնի հայտնագործությունը մեզոլիթյան սիլիկոնե սալիկներն են, որոնք առաջինն են Բուլղարիայում և գտնվել են Պոբիտի Կամանի շրջանում՝ Վառնա քաղաքի մոտ։ Մոտ քսան տարի այդ հսկայական տարածքը պեղելու ընթացքում նա 1957 թվականից սկսած հավաքել է ավելի քան 15000 իր։ Իրականում, սա ամենամեծ մեզոլիթյան հավաքածուն է Արևելյան Եվրոպայում։ Միայն այս հավաքածուի շնորհիվ կարելի է պնդել, որ որպես գիտնական Արա Մարկոսը լուրջ ներդրում է ունեցել բուլղարական ժամանակակից հնագիտության մեջ[3]։

1960-ական թվականներին «Հնագիտություն» ամսագրում տպագրվել է հոդված այն մասին, որ Սևլիևսկում հայտնաբերվել է թրակիական արքայի թողած տարօրինակ գրությամբ գավաթ։ Այդ տարածաշրջանում հաճախ են հանդիպում թրակիական բլուրներ, սակայն այդ գրությունը անծանոթ լեզվով էր։ Գիտնականները դիմել եմ Արա Մարկոսին, որպես գրությունների գիտակի, և նա պարզել է, որ այդ գավաթը հայկական է և նրա վրա հայերեն փորագրված է հայկական անուն[3]։

Որպես գիտնական, Արա Մարկոսը ակտիվորեն ուսումնասիրել է Բուլղարիայի Պրովադիա քաղաքի անհետացած հայկական համայնքի ճակատագիրը։ Նա հաստատել է, որ առաջին հայերն այնտեղ եկել են 1605 թվականին՝ Կաֆայից (այժմ՝ Թեոդոսիա)։ 17-րդ դարի առաջին կեսում հայերի քանակն այնտեղ աճել է։ Նրանք զբաղվել են արհեստով և առևտրով։ Կառուցել են Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որի պեղումների ժամանակ Արա Մարկոսը հայտնաբերել է 18 մարդու գերեզմաններ։ Ըստ գիտնականների՝ եկեղեցին թվագրվում է 17-րդ դարի առաջին կեսով և գոյություն է ունեցել մինչև ռուս-թուրքական պատերազմը, երբ հայ համայնքը վերջնականապես քայքայվել է։ Հայերի մի մասը ռուսական բանակի և բուլղարների հետ գնացել է հյուսիս՝ Վալախիա և Ռուսաստան, մյուս մասը՝ Շումեն, իսկ մնացածը՝ Ռոդոսթո[3]։

Գիտնական Արա Մարկոսը վախճանվել է 1990 թվականի դեկտեմբերի 2-ին[3]։

Շեղբեր Մարկոսի ֆոնդից. Հարավարևելյան Եվրոպայում միջինքարիդարյան գտածոների ամենամեծ հավաքածուն (Վառնայի հնագիտական թանգարան)

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Մարկոսի աշխատությունների մեծ մասը հրապարակվել է «Վառնայի ազգային թանգարանի լրաբերում»[4]։ Նա նաև հետևյալ գրքերի հեղինակ է.

  • Чудната каменна гора, стр. 35, Държавно издателство, Варна 1960;
  • Хората от наколните жилища, съавтор Стойчо Савов, Изд. Народна просвета, 1969;
  • Провадия, стр. 54, Изд. Медицина и физкултура 1981;
  • Варненските езера, стр. 54, Изд. Медицина и физкултура 1987;
  • Побитите камъни, Изд. Славена, стр. 24, Варна, ISBN 9545791543.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ара Маргос Минегозян (1924 - 1990)
  2. Поглед в миналото
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Археологията за мен е съдба и смисъл на целия ми живот» (PDF).
  4. Праисторически селища по българските земи – топография и обща планировка