Բուլղարիայի հայկական տպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բուլղարիայի հայկական տպագրություն, հայկական առաջին տպարանը հիմնադրվել է Վառնայում, որտեղ 1884 թվականին լույս է տեսել «Հույս» (“Huis”) քաղաքական, ազգային, կրոնական և ուսումնական լատինատառ հայերենով անդրանիկ պարբերականը (խմբագիրներ՝ Անդրանիկ Յոհանեսկու (Հովհաննիսյան) և Բ. Ատրունի)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վառնայում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարիի սկզբին հայերեն գրքեր են տպագրվել Գնջո Նիկոլովի, «Իրավունքի», «Շարժումի», «Վզաիմնոստ», Օննիկ Բարսեղյանի («Արևելյան»), Դ. Թոդորով և ընկ., Մ. Գալփաքճյանի, «Ոսկեդար» և այլ տպարաններում։ Հայերեն գրքեր տպագրվել են նաև Ռուսչուկում (Ռուսե) 1892 թվականից՝ «Դանուբ», Հրատարակչական ընկերության, Մ. Թյութունճևի, «Նադեժդա», Գառնիկ Մազմանյանի, Բ. Մալջիևի, «Վերածնություն» և այլ տպարաններում, Պլովդիվում 1897 թվականից՝ «Եդինստվո», «Առևտրական» տպարաններում, Սոֆիայում 1904 թվականից՝ «Բալկանյան մամուլի», Գ. Չինգովի, «Հայաստանի», Պ. Գլուշկովի տպարաններում։ Ցայսօր Բուլղարիայում հրատարակվել են ավելի քան 80 անուն հայկական պարբերականներ։ Անդրանիկ պարբերականները կարճատև կյանք են ունեցել, հրատարակվել են մասամբ նաև հայատառ թուրքերենով կամ ֆրանսերենով։ Պարբերականնների զգալի մասն ունեցել է քաղաքական ուղղվածություն, եղել այս կամ այն կուսակցության պաշտոնաթերթը կամ նրա դավանած սկզբունքների արտահայտիչը. արմենականների գաղափարախոսությունն արտահայտել է «Դանուբ», դաշնակցականներինը՝ «Շարժում» (1898–1907 թվականներ, Վառնա), «Ռազմիկ» (1905-1909 թվականներ, Պլովդիվ), «Հայաստան», հնչակյաններինը՝ «Վերածնութիւն» (1903–04 թվականներ), «Ապագայ» (1905 թվականին, 1905-1907 թվականներին՝ Փարիզում), «Պալքանյան մամուլ» (1920–1921 թվականներ), ռամկավարներինը՝ «Լուսարձակ», «Փարոս», համայնավարներինը՝ «Կարմիր լուրեր» պարբերականները։ Հրատարակվել են նաև մանկավարժական «Ռահվիրա», դպրոցական «Ուսումնագիր» հանդեսները, հասարակա-քաղաքական «Իրաւունք» շաբաթաթերթերը, գրական, ուսումնական, մանկավարժական, երգիծական այլ թերթեր ու ամսագրեր, որոնց մի մասի հրատարակությունը դադարել է հիմնականում 1930-ական թվականներին։ Բուլղարիայում համայնավարակա վարչակարգի հաստատումից (1944 թվական) հետո հայկական բոլոր թերթերի հրատարակումն արգելվել է։ Ներկայում Բուլղարիայում լույս են տեսնում «Երևան» կրթամշակութային միության «Երեւան» (Սոֆիա, 1944 թվականից), Համազգայինի «Վահան» (Պլովդիվ, 1991 թվականից) շաբաթաթերթերը, ՀԲԸՄ-ի (Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն) «Բարեգործականի ձայն» (Պլովդիվ, 2004 թվականից) ամսաթերթը։ 1993-2008 թվականներին Բուրգասում լույս է ընծայվել «Հայեր» երկշաբաթաթերթը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։