Հովհաննես Սվաճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Սվաճյան
Դիմանկար
Ծնվել է1844
ԾննդավայրԱդրիանապոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել է1906
Մահվան վայրՍվոգե, Սոֆիայի մարզ, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտությունակտիվիստ
Զբաղեցրած պաշտոններՊազարջիկի քաղաքապետ
Պարգևներ և
մրցանակներ

Հովհաննես Սվաճյան (բուլղար․՝ Ованес Съваджъян, 1844, Ադրիանապոլիս, Օսմանյան կայսրություն - 1906, Սվոգե, Սոֆիայի մարզ, Բուլղարիա), բուլղարահայ երկաթուղային հեռագրավար, Պազարջիկի ժամանակավոր քաղաքապետ և պատվավոր քաղաքացի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Սվաճյանը ծնվել է 1844 թվականին Ադրիանապոլսում։ Մեծացել է բուլղարների մեջ և հիանալի տիրապետել է բուլղարերենին։ Սովորել է Կոստանդնուպոլսի հայտնի Ռոբերտ քոլեջում, բացի հայերենից և բուլղարերենից տիրապետել է ևս հինգ լեզվի։ Ամուսնացել է Պարաշկևա Ֆիլիպովայի հետ Պանագյուրիշտե քաղաքից, որի ծնողները մահացել են 1876 թվականի Ապրիլյան ապստամբության ժամանակ։ Նրանք ունեցել են հինգ երեխա, բայց որդեգրել են ևս մեկին՝ բատակցի Ատանաչոյին, որի ծնողները զոհվել էին Բատակի ջարդերի ժամանակ[1]։

1878 թվականի հունվարին Հովհաննես Սվաճյանը Թաթար Պազարջիկի կայարանում եղել է ռազմական հեռագրավար։ Քաղաքից դուրս գալու ժամանակ օսմանյան զորքերի հրամանատար Սուլեյման փաշան սուլթանից և Կոստանդնուպոլսի Բարձր դռնից՝ բնակչությանը կոտորելու և քաղաքն այրելու թույլտվություն է խնդրել։ Թուրքական կառավարությունը դրական պատասխան է տվել Սուլեյմանին, սակայն հեռագրավար Հովհաննես Սվաճյանը փոխել է հեռագրի տեքստը և այն ճիշտ հակառակ իմաստով վերծանված փոխանցել Մորզեի կոդը չհասկացող փաշային, և քաղաքը փրկվել է[1]։

Իր հերոսական արարքից ընդամենը երկու օր անց Հովհաննես Սվաճյանը նշանակվել է քաղաքի առաջին ժամանակավոր քաղաքապետը[1]։ Ավելի ուշ նա դարձել է կայարանի պետ[2]։

Սվաճյանը մահացել է 1906 թվականին Սվոգեում։ 1986 թվականի հունվարի 14-ին նրա ոսկորները տեղափոխվել են Պազարջիկի գերեզմանատան պուրակի հատուկ պատվի արժանացածների ծառուղի[1]։

Հիշատակ և գնահատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անգել Կարալիյչևը հայի սխրանքի մասին գրել է «Փրկիչը» պատմվածքը, որը տպագրվել է 1966 թվականին Պազարջիկի «Սեպտեմվրիյսկո զնամե» («Սեպտեմբերյան դրոշ») թերթում՝ քաղաքի ազատագրման 88-ամյակի կապակցությամբ[3]։
  • Սվաճյանի անունով է կոչվել Պազարջիկում նախկին Արմենսկա փողոցը, այնտեղ տեղադրվել է մարմարե հուշատախտակ[1]։
  • 2001 թվականի հունիսի 29-ին Պազարջիկի քաղաքապետարանի խորհրդի հերթական նիստում թիվ 92 որոշմամբ քաղաքապետարանի ավագանին նրան միաձայն հռչակել է «Պազարջիկի պատվավոր քաղաքացի»[4]։
  • Սվաճյանի մասին նկարահանվել է «Հովհաննես Սվաճյան՝ Պազարջիկի փրկիչը» վավերագրական ֆիլմը[3]։
  • Սվաճյանի մահվան 100-րդ տարելիցը քաղաքի համայնքը նշել է 2006 թվականի հոկտեմբերի 14-ին նրա անունը կրող փողոցին հարող հրապարակում հերոսի հուշարձանի բացմամբ։ Հեղինակը քանդակագործ Տոմա Պոպովն է։ Հուշարձանի վրա գրված է.
Հովհաննես Սվաճյան (1844 - 1906)․ Ռուս-թուրքական ազատագրական պատերազմի ժամանակ Պազարջիկում մահից փրկել է բուլղարական բնակչությանը։ «Քաղաքացիական վաստակի համար» 3-րդ աստիճանի և «Սբ. Ալեքսանդրի» շքանշանակիր։ Թաթար Պազարջիկի առաջին ժամանակավոր քաղաքապետ և Պազարջիկի պատվավոր քաղաքացի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Ованес Съваджъян – телеграфистът, който спаси Пазарджик от разрушение». Българска история (բուլղարերեն). 2018 թ․ հունվարի 3. Վերցված է 2024 թ․ ապրիլի 23-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  2. «Памятники армянской архитектуры и топонимики в Болгарии». cyberleninka.ru. Վերցված է 2024 թ․ ապրիլի 23-ին.
  3. 3,0 3,1 Новини 24/7 (2020 թ․ հունվարի 2). «А това означава, че днес тя има празник, който е». Новини 24/7 (bulgarian). Վերցված է 2024 թ․ ապրիլի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «На този ден преди 136 години Ованес Съваджъян спасява Пазарджик от опожаряване». Вестник Знаме - новини Пазарджик и областта (բուլղարերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 23-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]