Ալեքսեյ Իսուպով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Իսուպով
Ծնվել էմարտի 10, 1889(1889-03-10)[1]
ԾննդավայրԿիրով, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 17, 1957(1957-07-17)[1] (68 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտություննկարիչ
 Alessio Issupoff Վիքիպահեստում

Ալեքսեյ Վլադիմիրովիչ Իսուպով (ռուս.՝ Алексей Владимирович Исупов, մարտի 10, 1889(1889-03-10)[1], Կիրով, Ռուսական կայսրություն - հուլիսի 17, 1957(1957-07-17)[1], Հռոմ, Իտալիա), ռուս նկարիչ, ռեալիստ գեղանկարիչ, սալոնային գեղանկարչության ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է սրբանկարչության վարպետի, փայտի վրա փորագրիչի և ոսկեզոծող արհեստավորի ընտանիքում։ Վաղ տարիներին սովորել է սրբապատկերների արվեստանոցում։ Մասնակցել է 1903 թվականից ի վեր Վյատկայում բացված գեղարվեստական ցուցահանդեսներին։

1908 թվականին ընդունվել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում, որն ավարտել է 1912 թվականին։ Ալեքսեյ Իսուպովը սովորել է Աբրամ Արխիպովի, Ապոլինարի Վասնեցովի, Կոնստանտին Կորովինի[2], Վալենտին Սերովի, Սերգեյ Մալյուտինի մոտ։

Ուսումնառության ընթացքում մասնակցել է Ռուս նկարիչների միության (ՌՆՄ) և Պերեդվիժնիկների ընկերակցության ցուցահանդեսներին։

1910-1915 թվականներին Իսուպովի աշխատանքները ցուցադրվել են Մոսկվայի Լեմերսիե պատկերասրահի ցուցահանդեսներում, Գարնանային ցուցահանդեսներում, Կայսերական արվեստների ակադեմիայի սրահներում, բարեգործական ցուցահանդեսներում, որոնք կազմակերպվել են Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած վիրավոր և զոհված զինվորների ընտանիքներին օգնելու համար։

1913 թվականին ամուսնացել է Թամարա Նիկոլաևնա Իվանովայի հետ։ Կնոջ հետ միասին ճանապարհորդել են Վոլգայով և Ղրիմով, իսկ ուսումնարանն ավարտելուց հետո Իսուպովը շրջագայել է Ուրալում։ 1915 թվականին զորակոչվել է բանակ։ Զինվորական ծառայությունն անցել է (1915-1917) Տաշքենդում, Թուրքեստանում՝ Տաշքենդի Սիմբիրսկյան հրաձգային պահեստային գնդում։

1917 թվականի վերջին Ռուսաստանի նկարիչների միության միջնորդությամբ Ալեքսեյ Իսուպովն առողջական վիճակի պատճառով ազատ է արձակվել զինվորական ծառայությունից։ Նրան հաջողվել է մեկնել Մոսկվա և Վյատկայում լինել իր փոքրիկ հայրենիքում։

1918 թվականի մայիսին Իսուպովը վերադարձել է Տաշքենդ։ Միջին Ասիայում խորհրդային իշխանության հաստատումից հետո դասավանդել է Թուրքեստանի մարզային ժողովրդական արվեստի դպրոցում և հանրակրթական դասարաններում, նկարազարդել գրքեր, զբաղվել գեղարվեստական ​​ձևավորման գործունեությամբ։ 1920 թվականին ՌԽՖՍՀ կրթության ժողովրդական կոմիսարիատը Իսուպովին գործուղել է Սամարղանդ, որտեղ Ալեքսեյ Վլադիմիրովիչը ակտիվ գործունեություն է իրականացրել որպես նկարիչ և ղեկավարել է Սամարղանդի հուշարձանների վերականգնման ու պահպանության հանձնաժողովի գեղարվեստական ​​բաժինը, կատարել հնությունների ուրվանկարներ, ուսումնասիրել Միջին Ասիայի հնագիտությունը, պատմությունը, մշակույթը, գեղարվեստական ​​ավանդույթները։ Այդ ժամանակ ստեղծել է նկարազարդումներ «Ուլուգբեկ» ալբոմի համար, որը նվիրված է ականավոր գիտնական-աստղագետ, 15-րդ դարի առաջին կեսի Սամարղանդի տիրակալին, զբաղվել է պլեներային իմպրեսիոնիստական ​​գեղանկարչությամբ, ստեղծել մի շարք նկարներ, արևելյան բնապատկերներ և ժանրային տեսարաններ՝ «Ուզբեկները թեյարանում», «Հին Թուրքեստանում», «Սամարկանդ», «Շուկայի շարք. Բիշ-Աղաջ», «Արևելյան երաժիշտ» և այլն։

1921 թվականին վերադառնալով Մոսկվա՝ ընդունվել է Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիա, մասնակցել Պերեդվիժնիկի նկարիչների ընկերակցության, Ռուս նկարիչների միության, Մոսկվայի դպրոցի նկարիչների միության ցուցահանդեսներին և աշխատել «Մեծ հեղափոխությունը և Կարմիր բանակի կյանքը» ալբոմի վրա։ Կառավարության պատվերով նկարել է խորհրդային պետական ​​մի շարք գործիչների դիմանկարներ, ստեղծել հեղափոխական թեմաներին նվիրված գործեր՝ «Մինուսինյան աքսոր», «Նազարովի դեսանտի լիկվիդացումը կարմիրների կողմից», «Ճակատամարտ Արալյան ծովում»։ Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի հանձնարարությամբ աշխատել է «Վլադիմիր Լենինը շախմատ է խաղում» նկարի վրա, իսկ 1926 թվականին Աշխատանքային արհմիությունների պալատում ցուցադրվել է նրա «Հրաժեշտ Լենինին սյունազարդ դահլիճում» կտավը՝ նվիրված առաջին սոցիալիստական ​​պետության առաջնորդի հուղարկավորությանը։ Ալեքսեյ Վլադիմիրովիչը նաև ներդրում է ունեցել իր փոքրիկ հայրենիքում՝ Վյատկա քաղաքի պատմագեղարվեստական թանգարանի ստեղծման գործում և թանգարանին է նվիրել իր «Հյուսիսային բնանկար» կտավը։ 1925 թվականին Իսուպովի կտավները ներկայացվել են ԱՄՆ-ի խորհրդային և արտասահմանյան արվեստի վերնիսաժում և ցուցադրվել Ամերիկայում ռուս նկարիչների կտավների շրջիկ ցուցահանդեսում (1924-1925)։

1926 թվականին Ալեքսեյ Իսուպովն ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Իտալիա։ Իսուպովի մեկնելու իրական պատճառը հոդերի անբուժելի հիվանդությունն է եղել (ոսկրային տուբերկուլյոզ)։ Չնայած Օրենբուրգի մարզի Սոլ-Իլեցկի ցեխաբուժության հանգստավայրում երկու վիրահատություններին և հետագա վերականգնմանը, հիվանդությունն առաջադիմել է։ Նրա մեկնելու պաշտոնական վարկածն այն է, որ Իսուպովին ուղարկել են Իտալիա՝ Արհմիությունների համամիութենական կենտրոնական խորհրդի հրամանը կատարելու՝ ստեղծելու «Արհմիության առաջին ֆիզկուլտուրային փառատոնի շքերթի» մոնումենտալ կոմպոզիցիան։ Ավելի քան երեսուն տարի տևած իր գործուղման ընթացքում Իսուպովը երազել է վերադառնալ հայրենիք՝ իրեն համարելով խորհրդային նկարիչ, սակայն առողջական լուրջ խնդիրների պատճառով չի կարողացել վերադառնալ Իտալիայից[3]։

Հռոմ հասնելուց հետո Իսուպովն անմիջապես սկսել է աշխատել, նրան գրավել են տարբեր ժանրեր՝ նատյուրմորտից մինչև անիմալիստիկա։ Իտալական առաջին ցուցահանդեսից հետո Իսուպովին ճանաչել են ոչ միայն քննադատները, այլև հայտնի իտալացի նկարիչները՝ Ջորջիո Նիկոդեմին, Միքելե Բիանկալեն, Գարցոլինի Իրոլլին, Դի Սանտին և մյուսները։ Իսուպովի աշխատանքը բարձր է գնահատել Միքելե Բիանկալեն, ով նշել է, որ «պատկերելով իտալացի կանանց սև կոստյումներով՝ Իսուպովը նրանց տվել էր տեղական առանձնահատկությունների ռուսական զգայունությունը, ինչը պատկերին տվել էր հատուկ արտահայտչականություն... Ալեսիո Իսուպովի ստեղծագործությունը դա մի գեղանկարչի արվեստ է, ով գիտի բոլոր գույների բերկրանքն ու հզորությունը» («Կինը Սկանոյից», «Իտալացի կանայք երեխաների հետ», 1928)։ 1928-1929 թվականներին նրա ցուցահանդեսները անցկացվել են Հռոմում և Միլանում և երբ Նեապոլում բացվել է Իսուպովի ցուցահանդեսը, Մաքսիմ Գորկին մի քանի անգամ այցելել է այնտեղ։

Իտալիայում նկարիչը սերտորեն շփվել է Հռոմում ԽՍՀՄ դեսպան Դմիտրի Կուրսկու հետ, նրա արվեստանոց էին այցելել Հռոմ ժամանած՝ Սերգեյ Կոնյոնկովը, Ալեքսանդր Գերասիմովը, Պավել Կորինը, Ֆեոդոր Բոգորոդսկին, Գեորգի Ռյաժսկին։ 1920-ական թվականներին Իսուպովի նկարները շարունակեցին հայտնվել խորհրդային ցուցահանդեսներում։

Իտալական թանգարաններն իրենց հավաքածուների համար գնել են Իսուպովի նկարներից։ Քննադատները նշել են նրա «վրձնի լայն բացվածքը, մանրամասների նուրբ վերլուծությունը, ճշմարտության ձգտումը»[4]։ Նա դարձել է իտալական և միջազգային անհատական ​​և խմբակային ցուցահանդեսների նշանակալի մասնակից։ Իսուպովը Հռոմi կենտրոնում ձեռք է բերել ամառանոց, ունեցել իր սեփական արվեստանոցը, ուսումնասիրել հանրահայտ վարպետների ժառանգությունը իտալական թանգարաններում և հանգստացել Սիցիլիայում։ Թերթերը ռուս նկարչին անվանել են «հայտնություն Հռոմի համար», «հիանալի գծագրող և հուզական նկարիչ», բայց նկարչի գործերը հատկապես գնահատվել են իրենց «նուրբ գույների» համար և հասարակությունը դրանցում գտել է «ճշմարտություն և պոեզիա»։ Հռոմում Իսուպովը մեծ ճանաչում է ձեռք բերել որպես դիմանկարիչ։ Նա օգտագործել է իմպրեսիոնիստական ​​նկարչության տարբեր հնարքներ («Վարդով աղջիկը», «Բաժակով տիկինը», «Նկարչի կնոջ դիմանկարը։ Ճախարակի մոտ», 1930-ական թվականներ, «Կինը սկուտեղով» (1942), «Հայելու առջև» (1944), «Ինքնադիմանկար Վատրուշկայի շան հետ» (1943))։

Նկարչի նկարները ցուցադրվել են բազմաթիվ ցուցահանդեսներում՝ Հռոմում (1926, 1928, 1933, 1945), Միլանում (1929, 1930, 1931, 1934, 1948), Հաագայում (1931), Լիվոռնոյում (1934), Ջենովայում (1934) Ֆլորենցիայում (1934, 1946), Նեապոլում (1934, 1946), Բերգամոյում (1935), Տրիեստում (1935, 1937, 1939), Թուրինում (1937), Ֆրանսիայում, Հոլանդիայում և Բելգիայում կազմակերպված ցուցահանդեսներում։

Ռուսաստանում Իսուպովին երբեք չեն վերաբերվվել որպես «բուրժուական տարր», նրա ստեղծագործությունները ճանաչվել են խորհրդային կառավարության կողմից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նկարիչը ակտիվորեն օգնել է իտալական դիմադրության շարժմանը Իտալիայում հաստատված ֆաշիստական ​​ռեժիմի դեմ պայքարում։ Ալեքսեյ Վլադիմիրովիչն իր արվեստանոցը դարձրել է գաղտնի բնակարանի, թեև նրա արվեստանոցը գտնվել է ֆաշիստական ​​զորանոցի ուղիղ դիմաց։ Նա ամեն կերպ փորձել է օգնել իր հայրենակիցներին՝ մշտապես դրամական օգնություն էր ցուցաբերում խորհրդային պարտիզանների ջոկատին։

Պատերազմից հետո՝ 1945 թվականի վերջին, Հռոմի ժամանակակից արվեստի պատկերասրահում տեղի է ունեցել Ալեքսեյ Իսուպովի մեծ անհատական ​​ցուցահանդեսը, իսկ երկու տարի անց Միլանում՝ Միջազգային արվեստի պատկերասրահում, անցկացվել է նկարչի կենդանության օրոք նրա վերջին անհատական ​​ցուցահանդեսը։ 1949 թվականին Իտալիայում լույս է տեսել նկարչի ստեղծագործությունների մասին պատկերազարդ մենագրությունը, որը գրել է հայտնի իտալացի արվեստագետ, պրոֆեսոր Ջորջիո Նիկոդեմին։

Երկար տարիներ ապրելով հայրենիքից հեռու՝ Ալեքսեյ Վլադիմիրովիչ Իսուպովն իրեն երբեք վտարանդի չ համարել։ «Ես և կինս իրականում վտարանդի չենք եղել, գրել է նկարիչը, մենք խորհրդային անձնագրեր ունենք և խորհրդային քաղաքացիներ ենք։ Ոչ թե քաղաքացիական պատերազմն է ինձ տարել Իտալիա, այլ հիվանդությունը»։ Նկարիչը մահացել է Հռոմում։ Թաղվել է Տեստաչիոյի հռոմեական բողոքական գերեզմանատանը, որտեղ թաղված են Կառլ Բրյուլովը, Պիմեն Օռլովը, եղբայրներ՝ Ալեքսանդր և Պավել Սվեդոմսկիները, Վյաչեսլավ Իվանովը և ուրիշներ։

1958 թվականին Թամարա Նիկոլաևնա Իսուպովան, կատարելով ամուսնու կամքը, նրա ժառանգության մի մասը բերել է Ռուսաստան։ Մոտ 300 ստեղծագործություն (80 գեղանկար և ավելի քան 200 գծանկար) տեղափոխվել է Վյատկա՝ արվեստի թանգարան, որի հիմնադիրներից մեկը եղել է վարպետը։ Նկարչի այրին պետական ​​Տրետյակովյան պատկերասրահին է նվիրաբերել Իսուպովի 19 աշխատանք։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահ
Տրետյակովյան պատկերասրահ
  • 1968 թվականին Ալեքսեյ Իսուպովի աշխատանքները ցուցադրվել են Գեղարվեստի ակադեմիայում,
  • 1971 թվականին Կիրովում (Վյատկա) բացվել է ԽՍՀՄ-ում նկարչի աշխատանքների առաջին անհատական ​​ցուցահանդեսը։ Հետագայում ցուցահանդեսներ են տեղի ունեցել Մոսկվայում (1973), Ռիգայում և Տաշքենդում (1977),
  • 2007 թվականի ապրիլի 17-ին Սոթբիս աճուրդում ցուցադրվել է Իսուպովի «Նատյուրմորտ խաղողի հետ» կտավը,
  • 2008 թվականին Կիրովում լույս է տեսել Ալեքսեյ Իսուպովի ստեղծագործությունների ալբոմը, որը ներառում է գեղանկարչության և գրաֆիկայի գործեր Ա.Բ. Իսուպովի գործերի ամենամեծ թանգարանային հավաքածուից, որը պահվում է իր հայրենիքում Կիրովի մարզային գեղարվեստի թանգարանում («Վյատկայի Վ. Մ. և Ա. Մ. Վասնեցովների անվան գեղարվեստի թանգարան»), որի հիմնադիրներից մեկն էլ վարպետն էր,
  • 2009 թվականին Տրետյակովյան պատկերասրահը «Ռուսաստանի Ոսկե քարտեզ» նախագծի շրջանակներում անցկացրել է «Ալեքսեյ Իսուպով։ Ռուսաստան-Իտալիա» մենագրական ցուցահանդեսը՝ նվիրված վարպետի 120-ամյակին և Վյատկայի արվեստի թանգարանի 100-ամյակին, որը լայն լսարանի հետաքրքրությունն է առաջացրել և նպաստել պարբերականներում նոր հրապարակումների ի հայտ գալուն,
  • 2013 թվականին բացվել է «Ալեքսեյ Իսուպով։ Ռուսաստան-Իտալիա» գեղանկարների և գրաֆիկայի ցուցահանդեսը Կիրովում, այնուհետև՝ Յոշկար Օլայում։
  • 2020 թվականի փետրվարին Ալեքսեյ Իսուպովի երեք գեղանկարչական աշխատանքները մասնակցել են «Գարաժ» ժամանակակից արվեստի թանգարանի ցուցահանդեսին[5]։
  • Իսուպովի աշխատանքները ներկայացվել են բազմաթիվ եվրոպական թանգարաններում, այդ թվում՝ Ֆլորենցիայի Ուֆֆիցի պատկերասրահում, Հռոմի ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահում և Միլանի ու Նեապոլի ժամանակակից արվեստի պատկերասրահներում։
Վյատկայի արվեստի թանգարանի մշտական ​​ցուցադրության սրահ, 21-րդ դար

Ինքնադիմանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. И. В. Кувалдина. «Алексей Исупов — ученик К. А. Коровина»
  3. И. В. Кувалдина. Итальянский период творчества А. В. Исупова
  4. И. В. Кувалдина. Творчество А.В. Исупова в контексте русского и итальянского искусства первой половины XX века
  5. «Три живописных работы Алексея Исупова участвуют в выставке в Музее современного искусства «Гараж» (Москва)». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Իսուպով» հոդվածին։