Օշինդր
Օշինդր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Աստղածաղկայիններ (Asteroideae) |
Տրիբա | Anthemideae |
Ենթատրիբա | Artemisiinae |
Ցեղ | Օշինդր (Artemisia) L., 1753 |
Օշինդր (բարձվենյակ, բարձմենակ, ափսինդ, լատին․՝ Artemísia), աստղածաղկազգիների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույս կամ կիսաթուփ։
Հայտնի է օշինդրի մոտ 300 տեսակ։
Հայկական տարանունները
բարձմանեակ, բարձնակ, բարձվենյակ, բացմենակ, նգածաղիկ։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Եվրոպայի, Ասիայի բարեխառն գոտում, Հյուսիսային Ամերիկայում և Աֆրիկայում։
Հայաստանում աճում է 16 տեսակ՝ սովորական, բուժիչ, բուրավետ, Տուրնֆորի, ալեհեր, դառը և այլն, ու բնաշխարհիկներ՝ հայկական, արաքսյան, Շովիցի և այլն։
Տարածված է բոլոր մարզերում՝ անապատայինից մինչև ենթալպյան գոտի։ Աճում է չոր մարգագետիններում, ավազուտներում, այգիներում, բանջարանոցներում, բնակավայրերի մոտ, աղբոտում ցանքերը։ Մշակության մեջ տարածված է թարխունը, օգտագործվում է որպես համեմունքային բույս (թարմ և չորացրած)։
Նկարագրված 200 տեսակներից Կովկասում աճում են 28-ը, իսկ Հայաստանում՝ 15 տեսակ, որոնցից միայն մի քանիսն ունեն բուժական նշանակություն։ Մեր հանրապետությունում որպես մոլախոտ օշինդրը հանդիպում է բոլոր գոտիներում։ Խառը բուսուտների ձևով աճում է շենքերի մոտ, ճամփեզրերին, աղբուտներում, խամահողերում, ցանքերում, ձորալանջերին, թփուտներում, այգիներում՝ հաճախ բարձրանալով ծովի մակերևույթից 1400-2500 մ բարձրության վրա։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Օշինդրի ցողունը ճյուղավորվող է, կանգուն կամ վեր բարձրացող, բարձրությունը՝ 20-150 սմ, թեթևակի թավոտ, ստորին մասում՝ փայտացած։ Ցողունները և տերևները գորշ արծաթավուն են և ծածկված են մանր մազմզուկներով։ Տերևները կրկնակի, եռակի փետրաբաժան են, արծաթավուն։ Ցողունի վերին մասի տերևները մանր են, հերթադիր, կանաչավուն, արմատամերձերը՝ ավելի խոշոր, մոխրագույն։
Ծաղկաբույլը ողկուզանման է կամ հուրանանման, ծաղիկները՝ երկսեռ, մանր, դեղնավուն կամ կարմրավուն՝ փոքրիկ զամբյուղներում։ Ծաղկում է հունիս-հոկտեմբերին։ Պտուղը սերմիկ է։ Օշինդրի մեկ բույսը կարող է տալ 100 հազար (երբեմն՝ 150 000) սերմ։ Օշինդրն ունի յուրահատուկ սուր հոտ և դառը համ։ Օշինդրը համարվում է երկրագնդի ֆլորայի ամենադառը բույսերից մեկը։
Քիմիական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դառը և բուժիչ օշինդրները դեղաբույսեր են. պարունակում են աղաղանյութեր, եթերայուղեր, թթուներ, վիտամիններ և այլն։ Բույսի մեջ հայտնաբերվել են 0,5-2% կապտականաչավուն եթերայուղ, դաբաղանյութեր, ֆլավոնոիդ արտեմետին, կվեբրախիտ, լիգնաններ, ֆիտոնցիդներ, սադաթթու, խնձորաթթու, քացախաթթու, պալմիտինաթթու, իզովալերիանաթթու, կալիումական աղեր, սպիրտներ, օսլա, խեժ, խամազուլեն, վիտամիններից` K, B6, C, կարոտին, արմատներում` ինուլին։
Եթերայուղը միատարր չէ, այն իր հերթին պարունակում է տույիլ սպիրտ, ածխաջրածիններից՝ տույոն, պինեն, կադինեն, ֆելանդրեն, բիզաբոլեն և այլն, սեսկվիտերպենային լակտոններ (դառնահամ աբսինթին և անաբսինթին), այդ թվում նաև մոնոցիկլիկ կետոլակտոններ և ազուլինոգեն, սեսկվիտերպենային գվայյանոլիդներ։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատրաստուկները (մզվածք, թուրմ) օգտագործում են որպես ախորժաբեր և մարսողությունը կարգավորող, ճիճվամուղ միջոց՝ ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, նաև պոդագրայի, ֆուրունկուլի ժամանակ։ Հայկական օշինդրից պատրաստում են ավելներ։
Դեղաբույսը ցրտադիմացկուն է, չորակայուն, լուսասեր, պտղակալում է կանոնավոր։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցեղի «Արտեմիզիա» անվանումը հունարեն «արտեմես» բառից է, որը նշանակում է «առողջ»։ Ոմանք այդ անունը կապում են Մավզոլ թագավորի կնոջ՝ Արտեմիզիայի անվան հետ, որն իբր, ըստ Պլինիոսի, բուժվել է այս բույսով։
Ուրիշներն այդ անունը կապում են հունական աստված Արտեմիսի հետ։ «Աբսինթիում» հունարեն նշանակում է «տհաճ»` ելնելով բույսի տհաճ դառնությունից։
Բժշկության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները և ծաղկակիր գլխամասերը։ Տերևները մթերում են մինչև բույսի ծաղկելը, իսկ ծաղկաբույլերը` մինչև ծաղիկների բացվելը։ Հումքը չորացնում են թիթեղյա ծածկով տանիքում, փռված կամ կախված վիճակում։ Չոր հումքը պահում են պարկերի մեջ, 3 տարի ժամկետով։ Այն կազմում է նախնականի 24-25 %-ը։
Դեղաբույսն ունի բուժական կիրառման վաղնջական պատմություն։ Դեռևս Պլինիոսն այն օգտագործել է խպիպի դեպքում և նշել, որ եթե ոտքերին կապեն օշինդր, ապա վերանում է հոգնածությունը։ Լոնիցերուսը առաջարկել է ուտելիքին ավելացնել օշինդր, որպեսզի ուժեղանա ստամոքսը, լավանա մարսողությունը և թույներն ու լեղին դուրս գան օրգանիզմից։ Ավիցեննան դեղաբույսը համարել է լեղամուղ, միզամուղ, հակաջերմային, դաշտանը կանոնավորող և ստամոքսի գործունեությունն ուժեղացնող միջոց։ Օշինդրը՝ գինու հետ խառնված, նա առաջարկել է ուղիղ աղու ճաքվածքի և թութքի, իսկ բրնձի և մեղրի հետ՝ ճիճվակրության, սնկային թունավորումների, աչքի և ականջի հիվանդությունների և որոշ ուռուցքների ժամանակ։ Մեծ գիտնականը նշել է նաև, որ եթե բույսը խառնվի թանաքին, վերջինս ամուր կլինի և թղթից պոկ չի գա, իսկ շորի մեջ դնելուց՝ այն վանում է ցեցին։
Մ. Հերացին դեղաբույսն՝ առանձին կամ խառնուրդների ձևով, նշանակել է լյարդի և փայծաղի խցանումների, ստամոքսի ուռուցքի, ջրգողության, հեպատիտների, գլխացավերի, աչքի և ոսկրերի հիվանդությունների, մալարիայի, ձգձգվող ջերմերի և այտուցների ժամանակ։
Բժշկապետն օշինդրը համարել է ստամոքսը կազդուրող և տոնուսավորող միջոց։ Ամիրդովլաթը, բացի վերոհիշյալ դեպքերից, դեղաբույսը տարբեր ձևերով ու եղանակներով օգտագործել է կլոր և տափակ որդերի, լեղաքարերի, մաշկային խոցերի, ասթմայի, ստամոքսացավերի, ստամոքսի խոցի, բքնածության, կարիճի կծածի, արճիճով թունավորման դեպքերում։ Ըստ բժշկապետի, դեղաբույսը՝ մեղրի հետ տալով, օգնում է դեղնուկին և կաթվածահարին, ականջի ցավին, չի թողնում որ մարդ շուտ հարբի ալկոհոլային խմիչքներից, լավացնում է լսողությունը, բացում միզակապությունը, դաշտանը, ամոքում թութքը, լավացնում երեսի գույնը։ Ամիրդովլաթի մեջբերումներով, Մատային օշինդրն օգտագործել է ատամների ոսկրափուտի, Սահակը՝ նողկանքի և դաշտանի ետպահումների, Արճիճանիսը՝ ստամոքսասրտային ցավային վիճակի, Մասրճուեն՝ փսխման և վիժումների, Ըռուֆոսը՝ մաստիտների, Էհանան՝ բորբոքական ջերմերի ժամանակ և այլն։
Ղ. Ալիշանի մեջբերումով, հայկական հին բժշկարաններում նշվում է, որ օշինդրի ծաղիկները՝ եփուկի ձևով, օգնում են արյունալուծին, ջարդվածքներին, հետանցքի շրջանի ցավերին, դժվարամիզությանը, թունավորումներին, գազանահարին, կարիճահարին։ Ծխելուց՝ տան միջից փախցնում է սողուններին, նշի յուղով կաթեցնելով ականջի մեջ՝ կտրում է վերջինիս ցավը։ Իսկ հայկական այլ աղբյուրներում նշվում է նաև, որ դեղաբույսն օրգանիզմից հանում է մաղձը, մաքրում ստամոքսը, օգնում այտուցներին և բարձր ջերմությանը, լյարդի և երիկամների հիվանդություններին, ռևմատիզմին, քոսին, քորին, միգրենին, ականջի թարախային բորբոքումներին, մեղրի և գինու հետ կիրառելուց՝ առաջացնում է քուն։
Սալերնյան կոդեքսի տվյալներով, օշինդրը մայրն է բոլոր խոտաբույսերի։ Եփուկի ձևով, նշված է կոդեքսում, դեղաբույսը բացում է դաշտանը, վերացնում փորկապությունը և բքնածությունը, միզամուղ է, ընդունակ է դուրս բերելու միզաքարերը։ Գինու հետ ընդունելիս՝ օգնում է դեղնուկին, ափիոնով թունավորվածին, ամրապնդում ստամոքսը։ Դեղաբույսն ունի նաև հագուստը ցեցից պաշտպանելու հատկություններ։
Այլ ազգերի ժողովրդական բժշկության մեջ բույսի թարմ հյութն օգտագործում են վերքերը վարակազերծելու, արյունահոսությունը դադարեցնելու և դրանց հետագա բուժման համար։ Թարմ, տրորված տերևները օգտագործում են արտաքին ձևով՝ սալաջարդերի, հոդախախտումների և ջլերի պրկման ժամանակ՝ որպես հուսալի ցավազրկող միջոց։ Ներքին ընդունման ձևով դեղաբույսն օգտագործվել է որպես ախտահանիչ միջոց խոլերայի, իսկ այլ դեղաբույսերի հետ՝ ալկոհոլիզմի ժամանակ։
Գիտական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործվում է թերսեկրետոր բնույթի քրոնիկական գաստրիտների դեպքում՝ ախորժակը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև ծանր հիվանդություններից հետո օրգանիզմի ուժերը վերականգնելու համար։ Դեղաբույսն օժտված է ուժեղ ֆիտոնցիդային ակտիվությամբ։
Օշինդրի ներգործության շնորհիվ ոչ միայն կարգավորվել են ստամքսի վերոհիշյալ կարևոր ֆունկցիաները, այլև հիվանդների արյան պատկերը, մասնավորապես էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակները։ Այս հարցում, անշուշտ, կարևոր դեր են խաղացել գաստրոմուկոպրոտեինները, որոնց քանակը, բուժման շնորհիվ, նորմալանում է։
Այլ օգտակար հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օշինդրն օգտագործվում է որպես համեմունք որոշ ճաշատեսակների, իսկ եթերայուղը՝ սպիրտային խմիչքների արտադրության մեջ։ Ընտանի կենդանիներն ուտում են սակավ, իսկ սիլոսի ձևով՝ բավական լավ։ Այս դեպքում կաթն ունենում է օշինդրի համ ու հոտ։ Բույսը լավ ուտում են ճագարները, կտորեղենը ներկում է կանաչի տարբեր երանգներով։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաքսոնոմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]ևս 172 ընտանիք | 200 մինչև 400 տեսակ | |||||||||||||||
կարգ Բարդածաղկավորներ | դաս Օշինդր | Artemisia absinthium | ||||||||||||||
բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր | ընտանիք Աստղածաղկազգիներ | Artemisia abrotanum | ||||||||||||||
ծակավոր բույսերի 44 կարգ | ևս մոտ 900-1000 դաս | Artemisia afra | ||||||||||||||
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է մոտ 470 տեսակ[1], նրանցից մի քանիսը[2].
- Artemisia abrotanum L.
- Artemisia absinthium L.
- Artemisia afra Jacq. ex Willd.
- Artemisia annua L.
- Artemisia australis Less.
- Artemisia austriaca Jacq.
- Artemisia borealis Pall.
- Artemisia californica Less.
- Artemisia campestris L.
- Artemisia cina O.Berg & C.F.Schmidt
- Artemisia dracunculus L.
- Artemisia feddei H.Lev. & Vaniot
- Artemisia glomerata Ledeb.
- Artemisia gmelinii Webb ex Stechmann
- Artemisia keiskeana Miq.
- Artemisia laciniata Willd.
- Artimisia lactiflora Wall. ex DC.
- Artemisia ludoviciana Nutt.
- Artemisia maritima L.
- Artemisia pauciflora Weber ex Stechm.
- Artemisia pedemontana Balb.
- Artemisia pontica L.
- Artemisia pycnocephala (Less.) DC.
- Artemisia rubripes Nakai
- Artemisia rutifolia Stephan ex Spreng.
- Artemisia salsoloides Willd.
- Artemisia santolinifolia Turcz. ex Besser
- Artemisia scoparia Waldst. & Kit.
- Artemisia selengensis Turcz. ex Besser
- Artemisia senjavinensis Besser
- Artemisia sieversiana Willd.
- Artemisia stelleriana Bess.
- Artemisia stolonifera (Maxim.) Kom.
- Artemisia sylvatica Maxim.
- Artemisia tridentata Nutt.
- Artemisia vulgaris L.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The Plant List: Artemisia
- ↑ По данным сайтов GRIN, ITIS и NCBI (см. карточку растения).
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Род 1550. Полынь — Artemisia L. // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1961. — Т. XXVI. — С. 425—631. — 938 с. — 2400 экз.
- Полынь — статья из Большой советской энциклопедии (Проверено 3 августа 2010)
- Артемизия, растение из семейства сложноцветных // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Аксёнова, Л. Полынь — горькая, полезная, красивая. — Цветоводство. — 2008. — С. 58—61.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դառը օշինդր, կզարմանաք եթե իմանաք
- Molecular phylogeny of subtribe Artemisiinae (Asteraceae), including Artemisia and its allied and segregate genera. BioMed Central Evolutionary Biology, vol. 2, issue 17.
- Flora Europaea: Artemisia
- Flora of China։ список видов Artemisia и список видов Seriphidium(անգլ.)
- Flora of Pakistan։ Artemisia and Seriphidium species list
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օշինդր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օշինդր» հոդվածին։ |
|
|