Տիյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիյա
Ծնվել է՝մ. թ. ա. 1398
ԾննդավայրԱխմիմ, Sohag Governorate, Եգիպտոս
Մահացել է՝մ. թ. ա. 1338
Վախճանի վայրԹեբե
KV35
ԵրկիրՀին Եգիպտոս
ՏոհմՏասնութերորդ արքայատոհմ
ՀայրՅույա
ՄայրՏույա
ԵրեխաներԵրիտասարդ տիկին, Սիտամոն, Իսիդա, Հենուտանեբ, Նեբետահ, Թութմոս, Էխնաթոն, Սմենհկարա և Բակեթաթոն
ՀավատքԵգիպտական դիցաբանություն

Տիյա (անգլ.՝ Tiye, հաճախ գրվում է նաև Տայ, Տայա և Տիյի, մ. թ. ա. 1398, Ախմիմ, Sohag Governorate, Եգիպտոս - մ. թ. ա. 1338, Թեբե), Յույայի և Տույայի դուստր, որը դարձել է եգիպտական Ամենհոտեպ III փարավոնի մեծ թագուհին։ Հանդիսացել է Էխնաթոնի մայրն ու Թութանհամոնի տատը։ 2010 թվականին կատարված ԴՆԹ անալիզը հաստատել է, որ 1898 թվականին Ամենհոտեպ II-ի դամբարանից (KV35) հայտնաբերված և որպես «Տարիքով տիկին» հայտնի մումիան պատկանում է Տիյային։

Ընտանիք և վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիյայի հայրը՝ Յույան, արքայական ծագում չունեցող հարուստ հողատեր էր Վերին Եգիպտոսում գտնվող Ախմիմ քաղաքից[1], որտեղ նա ծառայել է որպես քահանա ու վերակացու, կամ մարտակառքերի հրամանատար[2]։ Տիյայի մայրը՝ Տույան, ընդգրկված է եղել շատ կրոնական պաշտամունքներում, ինչպես վկայում են նրա տարբեր տիտղոսները («Հաթորի փառաբանող», Ամոնի և Մինի «Զվարճացնողների ղեկավար»)[3], որը խոսում է նրա արքայական ծագման մասին։

Ամենհոտեպ III-ի և Տիյայի ամուսնության հուշագիտական արձանագրությունը

Եգիպտագետները ենթադրել են, որ Տիյայի հայրը օտար ծագում է ունեցել՝ ելնելով նրա մումիայի առանձնահատկություններից ու նրա անվան բազում տարբեր ուղղագրություններից, համաձայն որոնց դա եգիպտական անուն չէր[4]։ Ոմանք պնդել են, որ թագուհու ուժեղ քաղաքական և ոչ ավանդական կրոնական հայացքները կարող էին ոչ թե պարզապես ուժեղ բնավորության, այլ արտասահմանյան ծագման արդյունք լինել[3]։

Տիյան Անեն անունով եղբայր է ունեցել, որն Ամոնի երկրորդ մարգարեն էր[5]։ Մահից հետո Թութանհամոնին որպես փարավոն հաջորդած Էյեն նույնպես համարվում է Տիյայի եղբայրը, չնայած դա հաստատող որևէ փաստ կամ հուշարձան չկա։ Եգիպտագետները դա վերագրում են Էյեի ծագմանը (նա նույնպես Ախմինից էր), որովհետև այնտեղ Մին աստծուն նվիրված մատուռ էր կառուցել, և նաև որովհետև ժառանգել էր Տիյայի հոր՝ Յույայի տիտղոսների մեծ մասը, որոնք վերջինս կրել է Ամենհոտեպ III-ի արքունիքում ծառայելու ժամանակ[3][6]։

Տիյան ամուսնացել է Ամենհոտեպ III-ի հետ՝ վերջինիս գահակալության երկրորդ տարում։ Նա ծնվել էր իր հոր երկրորդական կանանցից մեկից ու արքայական տոհմի հետ ավելի ուժեղ կապի կարիք ուներ[4]։ Ամուսնությունը նշվել է հուշագիտական արձանագրությունների թողարկմամբ, որտեղ Տիյան ճանաչվել է Մեծ թագուհի ու գրվել են նրա ծնողների անունները[7]։ Հավանաբար թագադրվել է դեռևս մանուկ հասակում, գուցե 6-12 տարեկան։ Զույգը ենթադրաբար ունեցել է առնվազն յոթ, եթե ոչ ավելի, զավակներ։

Զավակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սիտամոն, ավագ դուստրը, որն իր հոր կառավարման 30-րդ տարում արժանացել է Մեծ թագուհու կոչմանը[8]։
  2. Իսիդա, նույնպես արժանացել է Մեծ թագուհու կոչմանը[8]։
  3. Հենուտանեբ, հայտնի չէ, արդյոք թագուհի է եղել, թե ոչ, չնայած նրա անունն առնվազն մեկ անգամ հանդիպում է քարտուշում։
  4. Նեբետահ, որը եղբոր գահակալության տարիներին վերանվանվել է Բակետատեն։
  5. Թագաժառանգ Թութմոս, Պտահի քահանայապետ, մահացել է հորից առաջ։
  6. Ամենհոտեպ IV կամ Էխնաթոն, որպես փարավոն հաջորդել է հորը, եղել Նեֆերտիտի թագուհու ամուսինն ու Թութանհամոնի կնոջ՝ Անհեսենամոնի հայրը։
  7. Սմենհկարա, Էխնաթոնի անմիջական հաջորդողներից մեկը, որին եգիպտագետ Էյդան Դոդսոնը համարում է Նեֆերնեֆրուատոնի անմիջական նախորդը և Էխնաթոնի կրտսեր համառեգենտը, որն անկախ գահակալություն չի ունեցել[9]։ Երբեմն համարվում է Թութանհամոնի հայրը։
  8. Ամենհոտեպ II-ի դամբարանից (KV35) հայտնաբերված «Երիտասարդ տիկին», Ամենհոտեպ III-ի ու Տիյայի դուստր, Թութանհամոնի մայր ու KV55 դամբարանում հայտնաբերված մումիայի քույրն ու կինը։ Հավանաբար Ամենհոտեպ III-ի ու Տիյայի արդեն հայտնի դուստրերից մեկն է։
  9. Բակեթաթոն, համարվել է Տիյա թագուհու դուստրը ելնելով այն հարթաքանդակից, որտեղ Բակեթաթոնն Էխնաթոնի ու Նեֆերտիտիի հետ ընթրիքի ժամանակ նստած է Տիյայի կողքին[1]։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենհոտեպ III-ի և իր կնոջ՝ թագուհի Տիյայի վիթխարի արձանը, Կահիրեի եգիպտական թանգարան
Տիյայի կիսանդրին

Ամուսինը նրան մի քանի սրբավայր է նվիրել ու Նուբիայում տաճար կառուցել, որտեղ նրան երկրպագել են ինչպես Հաթոր-Տեֆնուտ աստվածուհուն[10]։ 12-րդ տարում նրա պատվին արհեստական լիճ է կառուցվել[11]։ Այժմ եգիպտական թանգարանում գտնվող վիթխարի արձանում Տիյան քանդակված է ամուսնու հասակին։ Ինչպես նշել են ամերիկացի եգիպտագետներ Դեյվիդ Օ՛Քոնորն ու Էրիկ Քլայնը՝

Տիյայի վերաբերյալ աննախադեպ բանը ոչ թե այն է, թե նա որտեղից է եկել, այլ ինչ է դարձել։ Ոչ մի նախկին թագուհի երբեք այդքան ակնառու չի պատկերվել իր ամուսնու կենդանության օրոք։ Տիյան կանոնավորապես հայտնվում է Ամենհոտեպ III-ի կողքին արձաններում, դամբարանների և տաճարների ցայտաքանդակներում ու սյուներում, իսկ նրա անունը զուգադրվում է ամուսնու անվան հետ բազմաթիվ փոքր առարկաների վրա, ինչպիսիք են անոթները և զարդերը, էլ չասած խոշոր հուշագրական արձանագրությունները։ Նրա պատկերման մեջ նոր տարրերի, ինչպիսիք են՝ Հաթոր աստվածուհու խորհրդանիշներ կովի եղջյուրներն ու արևի սկավառակը, ավելացումը շեշտում է նրա՝ որպես թագավորի աստվածային ու երկրային զուգընկերոջ դերը։ Ամենհոտեպ III-ը նրան նվիրված տաճար է կառուցել հյուսիսային Սուդանում, որտեղ նրան երկրպագել են որպես Հաթորի։ Այս տաճարից տասնհինգ կմ դեպի հարավ կառուցվել է ավելի խոշոր մեկն Ամենհոտեպի համար (մեկ դար անց Ռամզես II-ը կրկնել է այս մտահաղացումը՝ Աբու Սիմբելում երկու տաճար կառուցելով․ ավելի խոշորը՝ հարավում նվիրված թագավորին, համեմատաբար ավելի փոքրը՝ հյուսիսում նվիրված թագուհի Նեֆերտարիին)[12]

։

Ազդեցություն պալատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագուհի Տիյային պատկերող ցայտաքանդակ, որտեղ նա կրում է անգղի գլխազարդ և օձապատկեր։ Արևմտյան Թեբեում գտնվող Ամենհոտեպ III-ի թաղման տաճարից, մ․թ․ա․ մոտավորապես 1375 թվական, գտնվում է Բեռլինի Նոր թանգարանում։

Ե՛վ ամուսնու, և՛ որդու գահակալության տարիներին Տիյան օժտված է եղել մեծ իշխանությամբ։ Ամենհոտեպ III-ը դարձել է լավ մարզիկ, բացօթյա կյանքի սիրահար և հոյակապ պետական գործիչ։ Նա հաճախ ստիպված եղել դիտարկել Եգիպտոսի ոսկու պահանջները և իր դուստրերի հետ ամուսնության առաջարկներն այնպիսի թագավորների կողմից, ինչպիսիք են՝ Միտաննի թագավորության արքա Տուշրատտան ու Բաբելոնի արքա Կադաշման-Էնլիլ I-ը։ Հին Եգիպտոսում արքայական ծագումը փոխանցվում էր կանանց միջոցով ու այդպիսի կնոջ հետ ամուսնանալն իրենց սրունդների համար ճանապարհ կբացեր դեպի գահը։ Տիյան դարձել է իր ամուսնու վստահելի խորհրդատուն ու սրտակիցը։ Լինելով իմաստուն, խելացի, ուժեղ և դաժան՝ նա կարողացել է շահել օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հարգանքը։ Արտասահմանյան առաջնորդները պատրաստ էին ուղղակիորեն գործ ունենալ նրա հետ։ Նա շարունակել է ակտիվ դեր խաղալ արտաքին հարաբերություններում և առաջին եգիպտական թագուհին էր, որի անունը գրանցվել է պաշտոնական փաստաթղթերում[13]։

Հնարավոր է, որ Տիյան եղած լինի նաև որդու՝ Էխնաթոնի խորհրդականը վերջինիս գահ բարձրանալուց հետո։ Տուշրատտայի հետ նրա որդու նամակագրությունը վկայում է Տիյայի՝ արքունիքում վայելած քաղաքական ազդեցության մասին։ EA 26 նամակում Տուշրատտան գրել է անմիջապես Տիյային ու վերհիշել այն լավ հարաբերությունների մասին, որոնք նա վայելում էր վերջինիս՝ արդեն հանգուցյալ ամուսնու հետ և ցանկություն հայտնում շարունակել նրա որդու՝ Էխենաթոնի հետ ընկերական հարաբերությունները[14]։

Ամենհոտեպ III-ը մահացել է իր կառավարման 38-րդ կամ 39-րդ տարում (մ․թ․ա․ 1353 /1350 թվականներ) և հուղարկավորվել Արքաների հովտի WV22 դամբարանում։ Տիյան ամուսնուց հետո ապրել է ևս տասներկու տարի։ Նա շարունակել է հիշատակվել Ամարնա արխիվում և արձանագրություններում որպես թագավորի թագուհի ու սիրելի կին։ Հայտնի է, որ նա տուն է ունեցել Էխնաթոնի նոր մայրաքաղաք Ախենաթենում (Ամարնա), և պատկերվել է Հույայի դամբարանի պատերին՝ Էխնաթոնի, Նեֆերտիտիի ու նրանց ընտանիքի հետ ճաշի սեղանի շուրջ[15]։ Էխնաթոնի կառավարման 12-րդ տարում (մ․թ․ա․ 1338 թվական) արված մի փորագրության մեջ նա և իր թոռնուհի Մակեթաթոնը պատկերվել են վերջին անգամ։ Հավանաբար դրանից կարճ ժամանակ անց նրանք վախճանվել են։

Եթե Տիյան մահացել է Էխնաթոնի կառավարման 12-րդ տարում (մ․թ․ա․ 1338 թվական), ապա նա պետք է ծնված լինի մոտավորապես մ․թ․ա․ 1398 թվականին, տասնմեկ կամ տասներկու տարեկանում ամուսնացած լինի Ամենհոտեպ III-ի հետ ու այրիացած լինի քառասունութ կամ քառասունինը տարեկանում։

Հուղարկավորություն և մումիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագուհի Տիյայի մահվան դիմակը Կահիրեի եգիպտական թանգարանում

Ենթադրվել է, որ Տիյան սկզբնապես հուղարկավորվել է Ամառնայում գտնվող Էխնաթոնի դամբարանում՝ որդու և թոռնուհի Մակեթաթոնի հետ։ Ապացույցները ցույց են տալիս, որ անավարտ սյունազարդ դահլիճի հյուսիսային երկու սյուները հանվել են՝ սարկոֆագ տեղավորելու նպատակով[16], իսկ նրա ջարդված սարկոֆագի կտորները հայտնաբերվել են դամբարանախոռոչում և դրա շրջակայքում[17]։

Մայրաքաղաքը հետ դեպի Թեբե տեղափոխելուց հետո Տիյան արքայական դամբարանի մյուս հանգուցյալների հետ տեղափոխվել է արքաների հովիտ։ Նախապատրաստություններ էին տեսնվել Ամենհոտեպ III-ի գահակալության տարիներին Տիյային ամուսնու դամբարանում թաղելու համար։ Նրան պատկանող ուշեբտի արձանիկներ են հայտնաբերվել այդ դամբարանում[18]։

Թագուհի Տիյայի մումիան այժմ գտնվում է Կահիրեի եգիպտական թանգարանում

1898 թվականին երեք խումբ մումիացված մասունքներ են հայտնաբերվել Վիկտոր Լորեի կողմից Ամենհոտեպ II-ի դամբարանի կողմնայի խոռոչում։ Դրանցից մեկը տարիքով կին էր, երկրորդը մոտավորապես տասը տարեկանում մահացած տղա երեխա, հավանաբար Ամենհոտեպ II-ի որդի Վեբենսենուն կամ արքայազն Թութմոսը, իսկ երրորդը՝ ավելի երիտասարդ տարիքի անհայտ տիկին։ Երեքն էլ գտնվել են կողք-կողքի մերկ պառկած վիճակում ու չճանաչված։ Տարիքով կնոջ մումիան, որը հետագայում պետք է պարզվեր, որ Տիյան էր, եգիպտագետներն անվանել են «Տարիքով տիկին», իսկ ավելի երիտասարդին՝ «Երիտասարդ տիկին»։ Որոշ գիտնականներ անհավանական են համարել տարիքով կնոջ՝ Տիյան լինելու հանգամանքը[18]։

Վրան Տիյայի անունը գրված ու մի մազափունջ պարունակող չորս փոքրիկ դագաղներ[19] են հայտնաբերվել նրա թոռան՝ Թութանհամոնի դամբարանից․ միգուցե հիշատակ սիրելի տատիկից[18]։ 1976 թվականին տարիքով տինոջ մազերի նմուշների ու դագաղներում հայտնաբերված մազափնջի վրա կատարված միկրպրոբային անալիզը ցույց է տվել, որ դրանք կատարելապես համընկնում են, որով և նույնացրել են տարիքով տիկնոջը Տիյա թագուհու հետ[20]։

2010 թվականին ԴՆԹ վերլուծությամբ տարիքով տիկնոջը պաշտոնապես նույնականացրել են Տիյա թագուհու հետ[21]։ Մահվան պահին նա եղել է մոտավորապես 40–50 տարեկան ու ունեցել 145 սմ հասակ[22]։

Նրա մումիան կրում է CG 61070 գույքագրման համարը[23]։ 2021 թվականի ապրիլին այն Կահիրեի եգիպտական թանգարանից երեք այլ թագուհու և տասնութ թագավորների մումիաների հետ տեղափոխվել է Եգիպտական քաղաքակրթության ազգային թանգարան «Փարավոնների ոսկե շքերթ» անունը կրած միջոցառման շրջանակներում[24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Tyldesley, 2006, էջ 115
  2. "Bart, Anneke. "Ancient Egypt." http://euler.slu.edu/~bart/egyptianhtml/kings%20and%20Queens/amenhotepiii.htm Արխիվացված 2016-09-24 Wayback Machine
  3. 3,0 3,1 3,2 Tyldesley, 2006, էջ 116
  4. 4,0 4,1 O'Connor, Cline, էջ 5
  5. O'Connor, Cline, էջ 5-6
  6. Shaw, Ian. The Oxford history of Ancient Egypt. Oxford University Press: London, 2003. p.253
  7. Hayes, William C. (1959). The Sceptre of Egypt: A Background for the Study of the Egyptian Antiquities in The Metropolitan Museum of Art. Part II, The Hyksos Period and the New Kingdom (1675–1080 B.C.) (1990 (revised) ed.). New York: The Metropolitan Museum of Art. էջ 231.
  8. 8,0 8,1 Tyldesley, 2006, էջ 121
  9. Aidan Dodson, "Amarna Sunset: Nefertiti, Tutankhamun, Ay, Horemhab and the Egyptian Counter-reformation" (Cairo: AUC Press, 2010), pp.27-29
  10. O'Connor, Cline, էջ 6
  11. Kozloff, Arielle; Bryan, Betsy (1992). «Royal and Divine Statuary». Egypt's Dazzling Sun: Amenhotep III and his World. Cleveland. ISBN 978-0-940717-16-9.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  12. O'Connor, Cline, էջ 6-7
  13. Tyldesley, 2006, էջ 118
  14. «EA 26 - A Letter from Tushratta to Tiye».
  15. O'Connor, Cline, էջ 23
  16. Martin, G. T. (1989). The Royal Tomb at El-'Amarna. The Rock Tombs of El-'Amarna, Part 8. Volume 2. London: Egypt Exploration Society. էջ 21.
  17. Gabolde, M. (1998). D'Akhenaton à Toutânkhamon. Lyon: Université Lumière-Lyon. էջեր 134–36.
  18. 18,0 18,1 18,2 Dodson, Hilton, էջ 157
  19. 320e. «Griffith Institute: Carter Archives - 320e». www.griffith.ox.ac.uk.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  20. Harris, James E.; Wente, Edward F.; Cox, Charles F.; El Nawaway, Ibrahim; Kowalski, Charles J.; Storey, Arthur T.; Russell, William R.; Ponitz, Paul V.; Walker, Geoffrey F. (1978). «Mummy of the "Elder Lady" in the Tomb of Amenhotep II: Egyptian Museum Catalog Number 61070». Science. 200 (4346): 1151. Bibcode:1978Sci...200.1149H. doi:10.1126/science.349693. ISSN 0036-8075. JSTOR 1746491. PMID 349693.
  21. Hawass, Zahi et al. "Ancestry and Pathology in King Tutankhamun's Family" The Journal of the American Medical Association pp.640-641
  22. Hawass, Zahi; Saleem, Sahar N. (2016). Scanning the Pharaohs : CT Imaging of the New Kingdom Royal Mummies. Cairo: The American University in Cairo Press. էջ 77. ISBN 978-977-416-673-0.
  23. Habicht, M.E; Bouwman, A.S; Rühli, F.J (2016 թ․ հունվարի 25). «Identifications of ancient Egyptian royal mummies from the 18th Dynasty reconsidered». Yearbook of Physical Anthropology. 159 (S61): 216–231. doi:10.1002/ajpa.22909. PMID 26808107. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
  24. Parisse, Emmanuel (2021 թ․ ապրիլի 5). «22 Ancient Pharaohs Have Been Carried Across Cairo in an Epic 'Golden Parade'». ScienceAlert. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիյա» հոդվածին։