Տույա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տույա
Դիմանկար
Ծնվել էմ. թ. ա. 1400
ԾննդավայրԱխմիմ, Akhmim, Sohag Governorate, Եգիպտոս[1]
Մահացել էՄ.թ.ա. 1370-ականներ
ԳերեզմանKV46
ՔաղաքացիությունԵգիպտոս
Մայրենի լեզուեգիպտական արաբերեն
Մասնագիտությունքահանա
ԱմուսինՅույա
ԵրեխաներՏիյա, Անեն և Էյե (Եգիպտոսի փարավոն)
Commons-logo.svg Tjuyu Վիքիպահեստում

Տույա (անգլ.՝ Tjuyu, հաճախ թարգմանվում է որպես Տուիյու[2], Տույու[3]), եգիպտացի ազնվականուհի և Տիյա թագուհու մայր, որը Յույա թագավորի կինն էր։ Եղել է Էխնաթոն փարավոնի տատիկն ու Թութանհամոնի նախատատը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ Տույան Յախմոս-Նեֆերտարի թագուհու ժառանգներից էր և բազմաթիվ պաշտոնական դիրքեր է զբաղեցրել Հին Եգիպտոսի կրոնի մեջ և կառավարությունում։ Նա ներգրավված էր բազմաթիվ կրոնական պաշտամունքներում. նրա կոչումներում ներառված էին ինչպես «Հաթորի փառաբանողն», այնպես էլ Ամոնի և Մինի «Զվարճացողների ղեկավարը»[4]։ Զբաղեցրել է նաև Ախմիմի Մին և Թեբեի Ամոն աստվածների կանանոցի վերակացուի ազդեցիկ պաշտոնները[5]։ Ամուսնացել է տասնութերորդ դինաստիայի հին եգիպտական հզոր պալատական Յույայի հետ։ Ենթադրվում է, որ մահացել է մ․թ․ա․ շուրջ 1375 թվականին 50 տարեկանում։

Զավակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յույան ու Տույան Տիյա անունով դուստր են ունեցել, որը դարձել է փարավոն Ամենհոտեպ III-ի մեծ թագուհին։ Վերջինս եգիպտական բարձրագույն կրոնական պաշտոն էր և պաշտոնական արարողություններում և ծեսերում ներկա էր լինում փարավոնի կողքին։

Յույան ու Տույան նաև Անեն անունով որդի են ունեցել, որը կրել է Ստորին Եգիպտոսի ղեկավարի, Ամոնի երկրորդ մարգարեի, Հելիոպոլիսի քահանայի ու Աստվածային հայր կոչումները[6]։

Հնարավոր է, որ Էյեն նույնպես նրանց որդին եղած լինի[7], որը փարավոն Էխնաթոնի օրոք գործունեություն ծավալած եգիպտական պալատական գործիչ էր ու Թութանհամոնի մահից հետո փարավոն է դարձել։ Այնուամենայնիվ, Յույայի և Էյեի հարազատության վերաբերյալ հաստատուն ապացույցներ չկան, չնայած, անշուշտ, երկուսն էլ ծագումով Ախմիմից են եղել[8]։

Գերեզման[խմբագրել | խմբագրել կոդը]

Տույայի մումիան

Տույան հուղարկավորվել է Արքաների հովտի KV46 դամբարանում իր ամուսնու՝ Յույայի հետ, որտեղ էլ 1905 թվականին հայտնաբերվել է նրանց հիմնականում չպղծված գերեզմանը։ Դա թագավորների հովտում նախքան Թութանհամոնի դամբարանը հայտնաբերելը պեղված լավագույնս պահպանված գերեզմանն էր[9]։ Այն հայտնաբերվել է ամերիկացի միլիոնատեր Թեոդոր Դեյվիսի անունից հնէաբան Ջեյմս Քվիբելի կողմից ղեկավարված բանվորների թիմի կողմից[2][3]։ Թեև դամբարանը թալանել էին հնագույն ժամանակներում, դրա պարունակության մեծ մասը դեռևս առկա էր՝ մահճակալներ, տուփեր, սնդուկներ, մեկ կառք ու գերեզմանատերերի սարկոֆագները, դագաղները և մումիաները[3]։

Տույայի մեծ ոսկեզօծ և սև ներկված փայտե սարկոֆագը դրվել է դամբարանի հարավային պատի մոտ[3]։ Ուղղանկյուն և թեք տանիքի տեսք ունեցող կափարիչով այս սարկոֆագը տեղադրված էր դեկորատիվ սահնակի վրա, որը չսահելու համար դրա տակ երեք ձողեր էին ամրացված[10]։ Այս սարկոֆագի մեջ, մեկը մյուսի մեջ դրված էին մարդկային կերպարանքով Տույայի երկու դագաղները։ Նախկին կողոպտիչները մասամբ այն փչացրել էին՝ կափարիչն ու երկար կողմերից մեկը դնելով դամբարանի մյուս կողմում, իսկ մյուս երկար կողմը հենել էին հարավային պատին։ Մարդկային կերպարանքով առաջին ոսկեզօծ դագաղը հեռացվել էր, դրա կափարիչը դրվել էր մահճակալների վրա, իսկ ներքևի մասը՝ դամբարանի հեռավոր անկյունում։ Երկրորդ դագաղի՝ նույնպես ոսկեզօծ կափարիչը վերցվել ու դրվել էր մի կողմ, թեև ներքնամասն ու մումիան մնացել էին սարկոֆագի մեջ։ Քվիբելը սա բացատրել է այս դագաղի կափարիչը հանելիս կողոպտիչների ունեցած որոշակի դժվարությամբ[3]։

Մումիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տույայի մումիացված մարմինը հայտնաբերվել է սպիտակեղենի մեծ սավանով ծածկված, որը հետևի մասում հանգուցված էր ու չորս բինտով ամրացված։ Այս կապերը ծածկված էին խեժով ու յուրաքանչյուր կապի դիմաց գտնվում էին նրա ոսկեզօծ տիտղոսները՝ ոսկե նրբաթիթեղներից պատրաստված։ Բինտերի ներքին շերտերի խեժածածկույթը պահպանել է լայն ուսեխի տեքսը[11]։ Մումիայի կապանքները, որոնցով մի ժամանակ ծածկված է եղել նրա փաթաթված մումիան, հայտնաբերվել են սենյակի հեռավոր անկյունի կարասների վրա[3]։

Մումիայի առաջին ուսումնասիրությունը կատարել է ավստրալիացի դիահերձող Գրաֆտոն Էլիոթ Սմիթը։ Նա պարզել է, որ Տույան եղել է ցածրահասակ տարեց կին, 1․495 մ հասակով ու սպիտակ մազերով։ Երկու ականջաբլթակներն էլ երկու տեղից դակված են եղել։ Ձեռքերն ուղիղ էին ու հենած ազդրերին։ Զմռսելու նպատակով արված կտրվածքը կարված էր թելով, որի ստորին ծայրին ամրացված էր սերդոլիկե տակառաձև ուլունքահատիկ․ նրա մարմնախոռոչը լցված էր խեժով ներծծված սպիտակեղենով։ Երբ ուսումնասիրության ընթացքում Սմիթին օգնող բժիշկ Դուգլաս Դերին (որը հետագայում իրականացրել է Թութանհամոնի մումիայի առաջին ուսումնասիրությունը) բացել է Տույայի ոտքերը՝ հասակի ճշգրիտ չափում անելու համար, նա պարզել է, որ մումիան ոսկե նրբաթիթեղներից սանդալներ է կրում։ Սմիթը նրա տարիքը գնահատել է ավելի քան 50 տարեկան՝ ելնելով միայն արտաքին տեսքից[11]։ Հետագայում արված համակարգչային շերտագրությունը պարզել է, որ մահվան պահին նա եղել է 50–60 տարեկան։ Ուղեղը հեռացված է եղել ու թեև տեղը ոչինչ չեն լցրել, երկու քթանցքներում սպիտակեղեն էր խցկած։ Ակնախոռոչներում տեղադրվել են զմռսման փաթեթներ, իսկ դեմքի կենտրոնական ու ստորին հատվածին ենթամաշկային լիցք է արվել ՝ իրական տեսքը վերականգնելու համար[12]։ Բերանի մեջ և կոկորդում նույնպես զմռսող նյութ է դրվել։ Մահվան ժամանակ ատամները վատ վիճակում են եղել, բացակայել են սեղանատամները[13]։ Ռենտգեն ճառագայթներն արձանագրել են թարախակույտեր ու մաշվածություն[14]։ Սքանավորմամբ պարզվել է, որ տառապել է ծանր սկոլիոզով՝ 25 աստիճանի Քոբի անկյունով։ Մահվան պատճառը բացահայտել հնարավոր չի եղել[13]։ Մումիան կրում է CG 51191 գույքագրման համարը[15]։

Տույային վերաբերող հնագիտական իրեր[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Freebase Data DumpsGoogle.
  2. 2,0 2,1 Davis Theodore M., Maspero G., Newberry Percy E. (1907)։ The Tomb of Iouiya and Touiyou։ London: Archibald Constable and Co.։ էջեր XXV–XXX։ ISBN 0-7156-2963-8 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Quibell J. E., Smith Grafton Elliot (1908)։ Tomb of Yuaa and Thuiu։ Le Caire Impremerie De L'Institut Francais D'Archeologie Orientale։ էջեր I–VII 
  4. Tyldesley, Joyce. Chronicles of the Queens of Egypt. Thames & Hudson, 2006. p.116
  5. Cyril Aldred: Akhenaten, King of Egypt Thames and Hudson, 1989. p.96
  6. Rice, Michael (1999). Who's Who in Ancient Egypt. Routledge, p.20
  7. Rice, p.222
  8. David, Anthony, E. and Rosalie David. A Biographical Dictionary of Ancient Egypt. London: Seaby, 1992. p.167
  9. Reeves Nicholas, Wilkinson Richard H. (2010)։ The Complete Valley of the Kings: Tombs and Treasures of Egypt's Greatest Pharaohs (Paperback reprint ed.)։ London: Thames & Hudson։ էջեր 174–178։ ISBN 978-0-500-28403-2 
  10. Ikram Salima, Dodson Aidan (1998)։ The Mummy in Ancient Egypt: Equipping the Dead for Eternity (Hardcover ed.)։ London: Thames and Hudson։ էջ 259։ ISBN 0-500-05088-0 
  11. 11,0 11,1 Quibell J. E., Smith Grafton Elliot (1908)։ Tomb of Yuaa and Thuiu։ Le Caire Impremerie De L'Institut Francais D'Archeologie Orientale։ էջեր 68–73 
  12. Saleem Sahar N., Hawass Zahi (February 2015)։ «Subcutaneous Packing in Royal Egyptian Mummies Dated From 18th to 20th Dynasties:»։ Journal of Computer Assisted Tomography: 301–306։ doi:10.1097/RCT.0000000000000205 
  13. 13,0 13,1 Hawass Zahi, Saleem Sahar N. (2016)։ Scanning the Pharaohs: CT Imaging of the New Kingdom Royal Mummies։ Cairo: The American University in Cairo Press։ էջեր 71–74։ ISBN 978-977-416-673-0 
  14. Harris James E., Weeks Kent R. (1973)։ X-Raying the Pharaohs։ London: Macdonald and Company (Publishers) Ltd.։ էջեր 141–142 
  15. Habicht M.E, Bouwman A.S, Rühli F.J (25 January 2016)։ «Identifications of ancient Egyptian royal mummies from the 18th Dynasty reconsidered»։ Yearbook of Physical Anthropology 159 (S61): 216–231։ doi:10.1002/ajpa.22909։ Վերցված է 13 April 2021 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]