Ամենհոտեպ II
Ամենհոտեպ II | |
---|---|
Ծնվել է՝ | մ.թ.ա. 15-րդ դար |
Մահացել է՝ | մ. թ. ա. 1401 |
Վախճանի վայր | Թեբե |
Արքաների հովիտ | |
Երկիր | Հին Եգիպտոս |
Տոհմ | Տասնութերորդ արքայատոհմ |
գերիշխան | |
Հայր | Թութմոս III |
Մայր | Մերիտրա-Հատշեպսուտ |
Երեխաներ | Iaret?, Nefertari?, Թութմոս IV, Ahmose?, Amenemopet?, Amenhotep?, Webensenu? և Nedjem? |
Ամենհոտեպ II (անգլ.՝ Amenhotep II, երբեմն անվանվում է Ամենոֆիս II, որը նշանակում է «Ամոնը գոհ է», մ.թ.ա. 15-րդ դար - մ. թ. ա. 1401, Թեբե), եգիպտական տասնութերորդ արքայատոհմի յոթերորդ փարավոն։ Ամենհոտեպն իր հորից՝ Թութմոս III-ից ժառանգել է հսկայական թագավորություն և այն պահել դեպի Սիրիա կատարած մի քանի ռազմական արշավանքների միջոցով։ Այդուհանդերձ նա կռվել է ավելի քիչ, քան իր հայրը, և նրա գահակալության օրոք տեղի է ունեցել Եգիպտոսի և Միտաննիի միջև ռազմական գործողությունների արդյունավետ դադարեցումը․ հիմնական թագավորություններ, որոնք պայքարում էին Սիրիայում իշխանության համար։ Ամենհոտեպ II-ի գահակալությունը սովորաբար թվագրվում է մ․թ․ա 1427-1401 թվականներով։ Նրա կինը Տիաան էր, որին ամուսինը զրկել էր մեծ թագուհու տիտղոսից, սակայն որդու՝ Թութմոս IV-ի գահ բարձրանալուց հետո այն վերադարձվել է նրան։
Ընտանիք և վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենհոտեպ II-ը Թութմոս III-ի ու թագուհի Մերիտրա-Հատշեպսուտի որդին էր։ Սակայն նա չի եղել փարավոնի ավագ որդին, քանի որ մեծ թագուհի Սաթիայի որդի Ամենեմհատն է համարվել գահի հավանական ժառանգորդը[1]։ Դժբախտաբար Թութմոս III-ի գահակալության 24-րդ և 35-րդ տարիների միջև ինչ որ ժամանակահատվածում և՛ թագուհի Սաթիան, և՛ արքայազն Ամենեմհատը մահացել են, որի պատճառով փարավոնն ստիպված է եղել ամուսնանալ արքայական ծագում չունեցող Մերիտրա-Հատշեպսուտի հետ[2], որը նրա համար մի քանի երեխա է լույս աշխարհ բերել, այդ թվում՝ ապագա փարավոն Ամենհոտեպ II-ին։ Վերջինս ծնվել ու մեծացել է Մեմփիսում, ավանդական մայրաքաղաք Թեբեի փոխարեն[3]։ Ամենհոտեպը մի քանի արձանագրություն է թողել, որոնցում նկարագրված են մինչև իր թագադրումը բանակի առաջնորդ եղած ժամանակ իր մարզական հմտությունները․ նա հորից պակաս մարզիկ չի եղել։ Արձանագրություններում նա պնդել է, որ ի վիճակի է եղել նետ արձակել մեկ ափի հաստությամբ պղնձե թիրախի միջով, և որ կարողացել է իր նավն ավելի արագ և ավելի հեռու թիավարել, քան նավատորմի երկու հարյուր անդամները[3]։ Այս պնդումների ճշմարտացիության վերաբերյալ որոշակի թերահավատություն է արտահայտվել եգիպտագետների շրջանում[3]։
Ամենհոտեպը գահ է բարձրացել Ախեթի չորրորդ ամսվա առաջին օրը, իսկ նրա հայրը մահացել է Փերեթի երրորդ ամսվա երեսուներորդ օրը[4]։ Եթե Եգիպտոսի թագաժառանգը թագավոր էր հռչակվում, բայց գահ չէր բարձրանում հոր մահվան հաջորդ օրը, դա նշանակում էր, որ նա իր հոր օրոք ծառայել է որպես կրտսեր համառեգենտ։ Ենթադրվում է, որ Թութմոս III-ի և Ամենհոտեպ II-ի համառեգենտությունը տևել է երկու տարի և չորս ամիս[5]։
Երբ նա ստանձնել է իշխանությունը, Ամենհոտեպ II-ը 18 տարեկան էր, համաձայն իր մեծ Սֆինքսի ստելայի գրության.
- «Այժմ նորին մեծությունը հայտնվեց որպես թագավոր՝ որպես հիանալի երիտասարդ այն բանից հետո, երբ նա դարձավ «լավ զարգացած» և լրացրեց տասնութ տարին իր ուժով և քաջությամբ»[6]։
Փարավոն դառնալուց հետո Ամենհոտեպն ամուսնացել է անհասկանալի ծագմամբ Տիաա անունով մի կնոջ հետ[7]։ Ենթադրվում է, որ նա ունեցել է առնվազն տաս որդի և մեկ դուստր։ Ամենհոտեպի ամենակարևոր որդին Թութմոս IV-ն էր, որն էլ հաջորդել է նրան։ Արքայազններ Ամենհոտեպը, Վեբենսենուն, Ամենեմոպետը և Նեդջեմը բոլորն էլ հստակորեն հիմնավորված զավակներն են, իսկ Ամենեմհատը, Խայեմվասեթը և Աախեպերուրեն, ինչպես նաև դուստրը՝ Իարեթը, նույնպես հնարավոր երեխաներ են։
Տարեթվեր ու գահակալության տևողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենհոտեպի թագադրումը կարող է թվագրվել առանց մեծ դժվարության, քանի որ նրա հոր՝ Թութմոս III-ի օրոք տեղի են ունեցել մի շարք լուսնային երևույթներ, որոնք սահմանափակում են վերջինիս գահակալությունը մ․թ․ա․ 1504 կամ 1479 թվականներով[8]։ Թութմոսը մահացել է 54 տարի գահակալելուց հետո[9], որի ընթացքում Ամենհոտեպը կարող էր գահ բարձրացած լինել որպես համառեգենտ՝ երկու տարի ու չորս ամիս առաջ[5]։ Ցածր ժամանակագրությամբ դա մ․թ․ա․ 1427 թվականն էր[10], իսկ բարձր ժամանակագրությամբ՝ մ․թ․ա․ 1454 թվականը։ Նրա գահակալության տևողության մասին վկայում է Թեբեում նրա մահվան տաճարում հայտնավերված մի գինու կարաս, որը թվագրված է փարավոնի ամենահայտնի տարով՝ գահակալության 26-րդ տարով[11]։ Մահվան տաճարները, որպես կանոն, չէին կահավորվում մինչև թագավորի մահը կամ մահվան մոտ լինելը. հետևաբար, Ամենհոտեպը չէր կարող ապրել ավելի երկար, քան իր գահակալության 26-րդ տարին[11]։ Կան այլընտրանքային տեսություններ, որոնք փորձում են նրան վերագրել մինչև 35 տարվա թագավորություն, ինչը բացարձակ առավելագույն ժամանակահատվածն է, որը նա կարող էր թագավորել։ Այս ժամանակագրության համաձայն՝ Ամենհոտեպը գահակալել է մ․թ․ա․ 1454 - 1419 թվականներին[5]։ Այնուամենայնիվ, կան խնդիրներ, որոնց ծառացած են այս տեսությունների առջև և որոնք հնարավոր չէ լուծել[12]։ Մասնավորապես, սա կնշանակի, որ Ամենհոտեպը մահացել է 52 տարեկանում, սակայն նրա մումիայի ռենտգենյան ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նա մոտ 40 տարեկան էր, երբ մահացել է[13]։ Հետևաբար Ամենհոտեպին վերագրվում է 26 տարի թագավորություն և ասում են, որ նա թագավորել է մ.թ.ա. 1427-ից մինչև 1401 թվականը[10]։
Արտաքին գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենհոտեպի առաջին արշավանքը տեղի է ունեցել իր գահակալության երրորդ տարում[14]։ Հայտնի է, որ Քաթնայի տերը հարձակվել է փարավոնի վրա Օրոնտես գետն անցնելիս, բայց վերջինիս հաջողվել է հաղթանակած դուրս գալ ու ձեռք բերել հարուստ ավար, որի թվում հիշատակվում է նույնիսկ Միտաննի մարտակառքի մի սարքավորում։ Փարավոնը հայտնի էր իր ֆիզիկական ուժով ու ասում են, որ Կադեշում միայնակ սպանել է 7 ապստամբ արքայազնների, որով հաջողությամբ ավարտել է իր առաջին սիրիական արշավը հաղթական նոտայով[15]։ Արշավից հետո թագավորը հրամայել է յոթ արքայազների մարմինները գլխիվայր կախել իր նավի վրա[15] ու Թեբե հասնելով բացի մեկից բոլորի մարմինները կախել է տվել քաղաքային պարիսպներից[15]։ Յոթերորդ մարմինը տարվել է Նուբիայի հաճախ ապստամբ տարածքը և կախվել Նապատա քաղաքի պարիսպից՝ որպես փարավոնի դեմ ոտքի կանգնելու հետևանքների օրինակ և այնտեղ եգիպտական իշխանության հակառակորդներին բարոյալքելու համար[15]։
Իր գահակալության յոթերորդ տարում Ամենհոտեպը բախվել է Սիրիայում մեծ ապստամբության՝ Նահարինի վասալ պետությունների կողմից ու իր բանակն ուղարկել Լևանտ՝ այն ճնշելու համար։ Այս ապստամբությունը, հավանաբար, հրահրվել է Եգիպտոսի գլխավոր մերձավորարևելյան հակառակորդ Միտաննիի կողմից[16]։ Արշավանքից հետո կանգնեցված հաղթական ստելայում խոշոր ճակատամարտեր չեն արձանագրվել։ Ամենհոտեպի վերջին արշավանքը տեղի է ունեցել իր գահակալության իններորդ տարում, որը սակայն Գալիլեայի ծովից այն կողմ չի տարածվել[17]։ Ըստ այս արշավի կողոպուտի ցուցակի՝ Ամենհոտեպը պնդել է, որ 101,128 ստրուկ է վերցրել[18]։
Ամենհոտեպի գահակալության իններորդ տարվա արշավից հետո Միտաննին ձգտել է հաշտություն հաստատել Եգիպտոսի հետ, և այդ ժամանակվանից ի վեր նրանց բանակները այլևս չեն կռվել։ Ամենհոտեպն արձանագրել է, որ իններորդ տարուց հետո Բաբելոնի թագավորները, խեթերը և Միտաննին եկել են հաշտություն կնքելու իր հետ և իրեն տուրք տալու[20]։ Խեթերի աճող հզորությունը ի վերջո Միտաննիին դրդել է դաշնակից փնտրել ու ամեն անգամ, երբ պաշտոնական խաղաղություն էր հաստատվում, ոչ պաշտոնական խաղաղություն էր պահպանվում Ամենհոտեպի և Միտաննիի թագավորի միջև։ Երկու երկրների միջև խաղաղության նոր կապերը ձեռնտու էին երկու ժողովուրդներին։
Շինարարական նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ Թութմոս III-ն այդքան էներգիա էր նվիրել Կառնակի ընդլայնմանը, Ամենհոտեպի շինարարական ծրագրերը հիմնականում ուղղված էին ավելի փոքր տաճարների ընդլայնմանը ողջ Եգիպտոսում։ Դելտայում, նրա հոր գործերի վերահսկիչ Մինմոզի մասին վկայում է Տուրայի մի արձանագրություն, որից երևում է, որ նա վերահսկում է ավելի շատ տաճարների շինարարությունը[3]։ Վերին Եգիպտոսում փոքր սրբավայրերի կառուցման մասին վկայություններ կան Մեդամուդում, Էլ-Տոդում և Արմանտում։ Կառնակը, թեև հոր չափ ուշադրության չէր արժանանում, ամբողջովին մոռացված չէր[21]։ Նա հանձնարարել է մի սյուն կանգնեցնել բակում չորրորդ և հինգերորդ սյուների միջև՝ ի հիշատակ Միտաննիից հարգանքի տուրք ստանալուն։ Նուբիայում Ամենհոտեպը կառույցներ է կանգնեցրել Քասր Իբրիմում ու Սեմնայում և պատվիրել է զարդարել Կալաբշայի տաճարը[22]։ Այնուամենայնիվ, նուբիական նրա ամենահայտնի տաճարը Ամադայում էր[23]։ Թութմոս III-ը սկսել էր կառուցել տաճար, որը տեխնիկապես նվիրված էր Հորուսին, թեև Ռե-Հարախտիի և Ամուն-Ռեի առկայությունը հեշտությամբ նկատելի է[23]։ Ամենհոտեպն ավարտել է այն և դրել իր 3-րդ տարվա արշավի արձանագրությունը մի ստելայի վրա, որը մինչև 1942 թվականը Ամենհոտեպի պատերազմների մասին ամենաշատ տեղեկատվության աղբյուրն էր[24]։
Թեբեյան նեկրոպոլիսում կառուցել է տվել մահվան տաճար, որը հետագայում ավերվել է։
Անհատականություն և հետագա կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս փարավոնի վերջին տարիների մի ստելա ընդգծում է նրա բացահայտ արհամարհական վերաբերմունքը ոչ եգիպտացիների նկատմամբ։
Ամենհոտեպ II-ը բացահայտորեն չի արձանագրել իր թագուհիների անունները։ Որոշ եգիպտագետներ ենթադրում են, որ նա կարծում էր, որ կանայք չափազանց հզոր են դարձել այնպիսի տիտղոսների ներքո, ինչպիսին է «Ամոն Աստծո կինը»։ Նրանք մատնանշում են այն փաստը, որ Ամենհոտեպը մասնակցել է Հատշեպսուտի անունը վերջինիս հուշարձաններից հեռացնելուն և նրա կերպարի ոչնչացմանը։
Հատշեպսուտի պատկերների ոչնչացումն սկսվել է Ամենհոտեպի համագահակալության ժամանակ, երբ նրա հայրը շատ ծեր էր, բայց դադարել է իր օրոք։ Այնուամենայնիվ, թագավորը, հավանաբար, կիսել է իր հոր մտահոգությունը, թե գահին մեկ այլ կին է բազմելու։ Չնայած նրա ջանքերին, այնուամենայնիվ, հնարավոր է, որ Ախենատենի մի կին համառեգենտ իշխած լինի որպես փարավոն 18-րդ արքայատոհմի ավարտից առաջ։
Ամենհոտեպ II-ը եգիպտական պանթեոն է ընդունել մեծ թվով քանանացի աստվածների, այդ թվում՝ Ռեշեֆին, Հաուրոնին, Բաալին, Աստարտեին, Քեթեշին և մի քանի այլոց[25]։
Մահ և հուղարկավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենհոտեպ II-ը հուղարկավորվել է արքաների հովտի KV35 դամբարանում։ Նրա մումիան հայտնաբերվել է այնտեղ իր սկզբնական սարկոֆագի մեջ 1898 թվականի մարտին Վիկտոր Լորեի կողմից։ Դամբարանում հայտնաբերվել է նաև մումիաների գաղտնարան, որտեղ պահպանվում էին նոր թագավորության փարավոնների մի քանի այլ մումիաներ, այդ թվում՝ Թութմոս IV, Սեթի II, Ռամզես III, Ռամզես IV և Ռամզես VI-ը։ Նրանք Ամենհոտեպի դամբարանում վերահուղարկավորվել են 21-րդ արքայատոհմի վեցերորդ փարավոն Սիամոնի օրոք՝ դամբարանագողերից պաշտպանելու նպատակով։
Մումիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Փարավոնի մումիան առաջին անգամ հետազոտվել, նկարագրվել և լուսանկարվել է 1902 թվականի հունվարին Գաստոն Մասպերոյի կողմից՝ Հովարդ Քարթերի, Ֆրիդրիխ Վիլհելմ ֆոն Բիսինգի և Պիեռ Լակոյի ընկերակցությամբ[26]։ 1907 թվականին ավտրալիացի անատոմիստ Գրաֆթոն Էլիոթ Սմիթը հետազոտել է Ամենհոտեպի մումիան։ Այս հետազոտության ընթացքում դեմքին դեռ կպած քաթանները հեռացվել են՝ անխոչընդոտ ուսումնասիրություն ապահովելու համար։ Նա պարզել է, որ փարավոնն ունեցել է 1․67 մ․ հասակ ու դեմքի ուժեղ նմանություն իր որդու՝ Թութմոս IV-ի հետ։ Նրա գլխին առկա ալիքավոր շագանակագույն մազերը «առատորեն խառնված են սպիտակներով»[27]։ Բազուկները կրծքավանդակի վրա ցածր խաչած են, աջ ձեռքը ամուր սեղմված է, իսկ ձախն՝ ավելի քիչ։ Տարօրինակ կերպով, ամբողջ մարմնի մաշկը ծածկված է մանր պալարիկներով, սակայն Սմիթը չի կարող ասել՝ դրանք բալզամացման գործընթացի թե հիվանդության արդյունք են։ Խեժը մարմնի վրա պահպանել է զարդերի հետքերը․ մեջքի վերին մասում առկա էին ուլունքավոր օձիքի մի քանի շարքեր, իսկ կոնքերի հետևի մասում՝ ադամանդաձև երկրաչափական նախշ։ Սմիթը հաշվարկել է, որ նա մահացել է քառասունից հիսուն տարեկանում՝ հիմնվելով նրա մաշված ատամների և սպիտակող մազերի վրա[27]։ Մահվան պատճառն անհայտ է։ Մումիան կրում է CG 61069 գույքագրման համարը[28]։
«Փարավոնների ոսկե շքերթ» միջացառման շրջանակներում 2021 թվականի ապրիլին նրա մումիան Եգիպտոսի հնությունների թանգարանից 17 այլ թագավորների և 4 թագուհիների հետ տեղափոխվել է Եգիպտոսի քաղաքակրթության ազգային թանգարան[29]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Eric Cline & David O'Connor, Thutmose III: A New Biography, University of Michigan Press, Ann Arbor, 2006. p.415
- ↑ Cline & O'Connor, p.415
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Gardiner, Alan. Egypt of the Pharaohs. p. 198. Oxford University Press, 1964.
- ↑ Manuelian, 1987, էջ 21
- ↑ 5,0 5,1 5,2 Charles C. Van Siclen. "Amenhotep II," The Oxford Encyclopedia of Ancient Egypt. Ed. Donald Redford. Vol. 1, p.71. Oxford University Press, 2001.
- ↑ Urk. IV. 1279.8-10
- ↑ Manuelian, 1987, էջ 171
- ↑ Edward F. Wente, Thutmose III's Accession and the Beginning of the New Kingdom, p.267. Journal of Near Eastern Studies, The University of Chicago Press, 1975.
- ↑ Breasted, James Henry. Ancient Records of Egypt, Vol. II p. 234. University of Chicago Press, Chicago, 1906.
- ↑ 10,0 10,1 Shaw, Ian; and Nicholson, Paul. The Dictionary of Ancient Egypt. p.28. The British Museum Press, 1995.
- ↑ 11,0 11,1 Redford, JNES Chronology, p.119
- ↑ Manuelian, 1987, էջ 43
- ↑ Manuelian, 1987, էջ 44
- ↑ Gardiner, Alan. Egypt of the Pharaohs. p. 200. Oxford University Press, 1964.
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 Grimal, 1988, էջ 218
- ↑ Redford, Donald B. Egypt, Canaan, and Israel in Ancient Times. p. 162. Princeton University Press, Princeton NJ, 1992.
- ↑ Gardiner, Alan. Egypt of the Pharaohs. p.202. Oxford University Press, 1964.
- ↑ Peter Der Manuelian, Studies in the Reign of Amenophis II, p.76. Hildesheimer Ägyptologische Beiträge 26, Gerstenbeg Verlag, Hildesheim, 1987.
- ↑ «Relief». www.metmuseum.org.
- ↑ Redford, Donald B. Egypt, Canaan, and Israel in Ancient Times. p. 164. Princeton University Press, Princeton NJ, 1992.
- ↑ Grimal, 1988, էջ 220
- ↑ Grimal, 1988, էջ 219
- ↑ 23,0 23,1 Gardiner, p.199
- ↑ Gardiner, p.200
- ↑ Christiane Zivie-Coche "Foreign Gods in Egypt", UCLA Encyclopedia of Egyptology, p 2
- ↑ Carter, Howard; von Bissing, Friedrich Wilhelm; Lacau, Pierre; Maspero, Gaston (1902). «Procès-verbal d'examin du corps du Pharaon Aménothès II». Annales du Service des Antiquités de l'Égypte (ֆրանսերեն). Le Service. 3: 120–121. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ 27,0 27,1 Elliot Smith, G. (1912). The Royal Mummies (2000 reprint ed.). Bath, UK: Duckworth. էջեր 36–38. ISBN 0-7156-2959-X.
- ↑ Habicht, M.E; Bouwman, A.S; Rühli, F.J (2016 թ․ հունվարի 25). «Identifications of ancient Egyptian royal mummies from the 18th Dynasty reconsidered». Yearbook of Physical Anthropology. 159 (S61): 216–231. doi:10.1002/ajpa.22909. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Parisse, Emmanuel (2021 թ․ ապրիլի 5). «22 Ancient Pharaohs Have Been Carried Across Cairo in an Epic 'Golden Parade'». ScienceAlert. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Grimal, Nicolas (1988). A History of Ancient Egypt. Blackwell Books.
- Leprohon, Ronald J. (2013). The Great Name: Ancient Egyptian Royal Titulary. SBL Press. ISBN 978-1-58983-736-2. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.
- Manuelian, Peter der (1987). Studies in the Reign of Amenophis II. Verlag: Hildesheimer Ägyptologische Beiträge (HÄB).
- Reisinger, Magnus (2005). Entwicklung der ägyptischen Königsplastik in der frühen und hohen 18. Dynastie. Münster: Agnus-Verlag. ISBN 3-00-015864-2.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Amenhotep II - Archaeowiki.org Արխիվացված 2015-09-23 Wayback Machine (Dead Link)
- Panorama view of the tomb of Amenhotep II
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամենհոտեպ II» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 281)։ |