Երիտասարդ տիկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երիտասարդ տիկին
Դիմանկար
Ծնվել էմ. թ. ա. 1370[1]
Մահացել էմ. թ. ա. 1330[1]
ԳերեզմանKV35
Մասնագիտությունմիապետ
ԱմուսինԷխնաթոն
Ծնողներհայր՝ Ամենհոտեպ III, մայր՝ Տիյա
ԵրեխաներԹութանհամոն[2]
 The Younger Lady (mummy) Վիքիպահեստում

«Երիտասարդ տիկին» (անգլ.՝ The Younger Lady, մ. թ. ա. 1370[1] - մ. թ. ա. 1330[1]), մումիա, որը հայտնաբերվել է 1898 թվականին հնագետ Վիկտոր Լորեի կողմից արքաների հովտի KV35 դամբարանում[3]։ Անվանվել է նաև KV35YL («YL» անգլերեն «Younger Lady» բառերի հապավումն է, որը նշանակում է «ավելի երիտասարդ տիկին») և կրում է 61072 համարը[4]։ Ներկայումս գտնվում է Կահիրեի եգիպտական թանգարանում։ Վերջերս կատարված ԴՆԹ թեստերի միջոցով պարզվել է, որ այս մումիան Թութանհամոնի մայրն է ու Ամենհոտեպ III փարավոնի ու վերջինիս մեծ թագուհի Տիյայի դուստրը։ Շահարկումները, թե այս մումիան Նեֆերտիտիի մարմինն է, սխալ են եղել[5], քանի որ ոչ մի տեղ Նեֆերտիտիի տիտղոսներում նա չի նշվել որպես «Թագավորի դուստր»[6]։

Հայտնաբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մումիան հայտնաբերվել է KV35 դամբարանում երկու այլ մումիաների հարևանությամբ։ Դրանցից մեկը մոտավորապես տասը տարեկան տղա էր և ենթադրվում է, որ Վեբենսենուն էր, մյուսն ավելի տարիքով կին էր, որը Թութանհամոնի տոհմի վերաբերյալ կատարված վերջին ԴՆԹ ուսումնասիրություններով պարզվել է՝ թագուհի Տիյան էր[5]։ Երեք մումիաները հայտնաբերվել են միասին Ամենհոտեպ II փարավոնի դամբարանի փոքրիկ նախասրահում, կողք-կողքի մերկ պառկած ու չնույնականացված։ Բոլոր երեքն էլ մեծապես վնասվել էին հին գերեզմանագողերի կողմից։

Երիտասարդ տիկնոջ տեսքն առջևից

Մումիայի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1912 թվականին Գրաֆթոն Էլիոթ Սմիթի գծած մումիայի ամբողջ մարմնի ուրվանկարը, որտեղ նշված են բացակայող մասերը

Կազմաբան դոկտոր Գրաֆթոն Էլիոթ Սմիթն ուսումնասիրել է մումիան՝ հնագույն արքայական մումիաների վերաբերյալ քսաներորդ դարասկզբին իրականացրած իր հետազոտություն շրջանակներում։ Նա անմիջապես նշել է, որ այն պատկանել է երիտասարդ կնոջ, ոչ թե տղամարդու, ինչպես նշել էին Լորեն ու այլ ուսումնասիրողներ․ այս սխալը նա բացատրել է այն փաստով, որ մումիայի գլուխը սափրված է։ Մումիան ունի 1․58 մ հասակ և ելնելով կոնքի խոռոչի ուսումնասիրությունից ու դուրս չեկած իմաստության ատամներից՝ մահվան պահին եղել է քսանհինգ տարեկանից ոչ ավելի[7]։ Համակարգչային շերտագրությունը, հիմնվելով էպիֆիզալ վիճակի և գանգուղեղային կարերի վրա, պարզել է, որ մահվան պահին եղել է քսանհինգից երեսունհինգ տարեկան[8]։

Գանգի դիմացի հատվածում կա մի փոքրիկ (3․8 սմ 3 սմ-ի վրա) օվալաձև անցք[7], որն ունի սուր, շեղ և զիգզագ եզրեր։ Բացի դրանից, գանգի ներսում ոսկորների բեկորներ են երևում։ Սա, բուժման ենթարկվելու բացակայությամբ կամ կարծրախտով պայմանավորված, հետմահու ստացած վնասվածք է։ Գանգի խոռոչում պահպանված է փոքրացած ու չորացած ուղեղն ու ուղեղային թաղանթը, զմռսող նյութերի ոչ մի հետք չկա գանգի խոռոչում։ Սա տարօրինակ է, քանի որ տասնութերորդ արքայատոհմի վերջին մումիաներից փորձել են ուղեղը հեռացնել։ Ակնախոռոչներում դրվել են վուշե գործվածքի գնդիկներ[8], իսկ աջ այտին ու դեմքի մեջտեղում կան ենթամաշկային լցոնումներ[9]։

«Երիտասարդ տիկինը» բերանի և այտի ձախ կողմում ունի բացվածքային վերք։ Ենթադրվել է, որ այս վերքը, որը ոչնչացրել է նաև ծնոտի մի մասը, հայտնվել է գերեզմանագողերի գործողությունների արդյունքում[7], սակայն 2003 թվականին Ջոան Ֆլետչերի[10] ղեկավարած Յորքի համալսարանի գիտական աշխատակազմի կողմից իրականացված վերջին ուսումնասիրությամբ ու համակարգչային շերտագրությամբ պարզվել է, որ վերքը հասցվել է մահվանից առաջ[11]։ Վնասված են այտը, ձախ հարքթային սինուսը, ալվեոլային ոսկորն ու ծնոտի մի մասը․ բուժման չի ենթարկվել։ Ավելին, այս կնոջ կոտրված դեմքի ոսկորների մեծ մասը բացակայում է, իսկ վերքի վրա ու պահպանված մաշկի տակ դրվել է խեժով ներծծված վուշե գործվածքի գլանաձև փաթեթ, որով լրացուցիչ ապացուցվում է այն տեսակետը, որ վնասվածքը եղել է մումիֆիկացիայից առաջ[8]։ Ուսումնասիրողները դեմքի վրա ծանր առարկայի հարվածից ստացված այս վնասվածքը ճակատագրական են համարել կնոջ համար[8][10]։ Հավասն այն պատահական վնասվածք է համարել, որն այդ կինը կարող էր ստացած լինել ասենք ձիու հարվածից[8], մինչդեռ Հերման Շյոգլը ենթադրել է, որ կինը մահացել է կառքի վթարի արդյունքում[12]։ Աշրաֆ Սելիմը վնասվածքը չափազանց դաժան է համարել վթարից ստացված լինելու համար, նրա կարծիքով կինն այդ վնասվածքն ստացել է կանխամտածված բռնության ենթարկվելով[10]։ Ջուլիան Հիթը հավանական է համարել վնասվածքի՝ կացնի հարվածից առաջացած լինելը[13]։

Դեմքի վնասվածքի պատճառով կնոջ ատամներից մի քանիսը բացակայում են, որոնցից մեկը կարելի է տեսնել բերանում։ Վերին ծնոտի իմաստնության ատամները դուրս եկած չեն, ատամները նկատելի փչացումներ չունեն, ոչ էլ ատամնակծվածքի անկանոնություններ[8]։

Կրծքավանդակի առջևի մասը գերեզմանագողերի պատճառով զգալի վնաս է կրել․ մեծ անցք է առաջացել[7]։ Սիրտն իր տեղում է և տեսանելի է[8]։ Ստոծանին նույնպես չի հեռացվել, բայց դրա վրա երկու անցք է բացվել թոքերը հեռացնելու նպատակով[7]։ Ներքին օրգանները հեռացվել են աճուկային շրջանում բացված 56 մմ-ը 135 մմ չափսերով զմռսման կտրվածքի միջոցով[8], կտրվածքն օվալաձև է[7]։ Իրանը լցված է խեժապատ վուշի մանրաթելերով ու փաթաթաններով[7][8]։ Դրանցից մեկը դրված է նաև կոնքի մեջ։ Կոնքի հատակը լայն բացված է ու խեժով պատված[7]։ Հավանաբար մումիֆիկացիայի ընթացքում այդտեղով են դուրս բերվել ներքին օրգանները[8]։ Աջ ազդրի հետևի մասում կա ենթամաշկային լցոն։ Կոնքին առկա են հետմահու փոքր կոտրվածքներ, ոտքերը նույնպես վնասվել են․ երկու ոտնաթաթերի առջևի մասերը բացակայում են[8]։

Դոն Բրոթվելը պնդել է, որ ձախ կրծքից ներքև ևս մեկ վնասվածք կա, հավանաբար դաշույնի հարվածից առաջացած[13], որը, սակայն, որևէ լուսանկարով չի փաստագրվել[14]։

Մումիայի ձախ թևը դրված է մարմնի վրա՝ ձեռքը ձախ ազդրին, աջ թևն ուսից պոկված է, հավանաբար գերեզմանագողերի պատճառով[7]։ Այս բացակայող թևն ուսումնասիրողների միջև հակասություններ է առաջացրել․ KV35 դամբարանում հայտնաբերվել են երկու թևեր, որոք երկուսն էլ կարող էին լինել «Երիտասարդ տիկնոջը»։ Թևերից մեկը ծալած էր և ուներ սեղմված բռունցք, մյուսն ուղիղ էր։ Արքայական եգիպտական կանացի մումիաներին բնորոշ է եղել թևերից մեկը ծալած, մյուսն ուղիղ վիճակում ունենալը, ծալվածն ամենայն հավանականությամբ ձախն էր լինում[10]։ Աշրամ Սելիմն ուսումնասիրել է երկու թևերը հակասությունը պարզելու համար։ Ծալված թևը համեմատվել է մումիայի ձախ ձեռքի հետ․ պարզվել է, որ այն չափազանց երկար է նույն կնոջը պատկանելու համար, բացի այդ, երկու թևերը «տարբեր կառուցվածք» են ունեցել։ Ուղիղ թևն ունեցել է նույն երկարությունը և նույն ոսկրային կառուցվածքը, այսպիսով եզրակացվել է, որ ամենայն հավանականությամբ հենց այն էլ պատկանել է «Երիտասարդ տիկնոջը»[10]։ Նույնականացված այդ թևն ունեցել է երկու կոտրվածք՝ «մեկը վերին բազուկի վրա, մյուսը դաստակին»[10], իսկ ձեռքը կոտրված է եղել[10]։

«Երիտասարդ տիկնոջ» ձախ ականջաբլթակին երկու դակում կա, աջ ականջաբլթակը վնասված է[7]։ Եգիպտոսի նոր թագավորության ինչպես արքայական ծագմամբ, այնպես էլ ոչ արքայական ծագմամբ կանանց շրջանում ականջի դակումը տարածված է եղել, այնպես որ դակված ականջը չի օգնել հետազոտողներին պարզել նրա ինքնությունը կամ սոցիալական դիրքը[10]։ Նույն կերպ անհամաոզիչ է եղել նաև KV35 դամբարանում կեղծամի հայտնաբերումը, որը գուցե պատկանել է «Երիտասարդ տիկնոջը»։ Մումիան Նեֆերտիտիին վերագրող տեսության կողմնակիցները մատնանշել են կեղծամի նմանությունը Նեֆերտիտիի կրած կողծամների հետ, սակայն դրանցով նույնպես չի նույնականացվել կեղծամ կրողը[10]։

Ինքնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երիտասարդ տիկնոջ» ինքնության վերաբերյալ շատ շահարկումներ են եղել։ Հայտնաբերելիս Վիկտոր Լորեն վստահ է եղել, որ այն երիտասարդ տղամարդու մումիա է։ Սմիթի ուշադիր հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն կնոջ մումիա է։ Սմիթը ենթադրել է, որ նա արքայական ընտանիքի անդամ է, բայց նրան համարել է Ամենհոտեպ II-ի ժամանակակիցը[7]։

1999 թվականին Մարիան Լյուբանն առաջին անգամ կարծիք է հայտնել, որ դա Նեֆերտիտին է[15], որը 2003 թվականին պնդել է նաև Ֆլեթչերը։ Սակայն ԴՆԹ վերլուծությունը ցույց է տվել, որ այդ կինը Թութանհամոնի մայրն է։ Պարզվել է նաև, որ նա KV55 դամբարանում հայտնաբերված իր ամուսնու հարազատ քույրն է եղել․ նրանք երկուսն էլ Ամենհոտեպ III-ի ու Տիյայի զավակներն են եղել[5]։ Ընտանեկան այս կապն ավելի է թուլացրել հավանականությունը, որ նա Նեֆերտիտին կամ Էխնաթոնի երկրորդական կին Կիյան եղած լինի, քանի որ նրանցից ոչ մեկը չի կրել «Թագավորի քույր» կամ «Թագավորի դուստր» տիտղոսները[11]։ Հավանականությունը, որ «Երիտասարդ տիկինը» Սիտամոնը, Իսիդան կամ Հենուտանեբը եղած լինի, քիչ հավանական է, քանի որ նրանք եղել են իրենց հոր՝ Ամենհոտեպ III-ի մեծ թագուհիները, իսկ եթե Էխնաթոնն ամուսնացած լիներ նրանցից որևէ մեկի հետ որպես մեծ թագուհի, նրանք դարձած կլինեին Եգիպտոսի գլխավոր թագուհին, ոչ թե Նեֆերտիտին։ Տեսակետ կա, որ մումիան գուցե Նեբետահը կամ Բեկետատենը եղած լինի,որոնք նույնպես Ամենհոտեպ III-ի դուստրերն էին, բայց իրենց հոր հետ չէին ամուսնացել․ Ամենհոտեպ III-ը Տիյայից ութ դուստր է ունեցել[11]։

Որոշ եգիպտագետներ դեռևս աջակցում են այն տեսությանը, թե «Երիտասարդ տիկինը» Նեֆերտիտին է[12]։ Գենետիկ նույնականացման կողմնակիցները մեկնաբանում են ԴՆԹ արդյունքները որպես երեք սերնդի զարմիկների ամուսնության, ոչ թե հարազատ քույր-եղբայր ամուսնության հետևանք[16]։ Նեֆերտիտին որդի չի ունեցել։

Չնայած այն հանգամանքին, որ «Երիտասարդ տիկինը» փարավոնի դուստր էր (Ամենհոտեպ III), մեկ այլ փարավոնի հարազատ քույր ու կին (Էխնաթոն) և երրորդի մայր (Թութանհամոն), իր կյանքի ընթացքում նա կարևոր գործիչ չի եղել։ 2010-ական թվականներ տվյաներով այս կնոջը նվիրված որևէ վիմագրություն, ցայտաքանդակ կամ արձան չի հայտնաբերվել։ KV62-ում՝ Թութանհամոնի դամբարանում, պահպանվել են հուշ-առարկաներ նրա կյանքից և թագավորությունից, սակայն դրանցից ոչ մեկում նրա մայրը չի հիշատակվել[12]։ Սա կտրուկ հակադրվում է տասնութերորդ դինաստիայի փարավոնների ազդեցիկ մայրերին, որոնք մեծ կարևորություն են ունեցել իրենց որդիների գահակալության շրջանում։ Տիաան ծառայել է որպես Թութմոս IV-ի մայր, Մուտեմույան որպես Ամենհոտեպ III-ի մայր, իսկ Տիյան որպես Էխնաթոնի մայր։ Հնարավոր է, որ Թութանհամոնն իր գահակալության ընթացքում փարավոնի մայր (mwt nswt) ունեցած չլինի, որը վկայում է այն մասին, որ մայրը մահացել է նախքան որդու գահ բարձրանալը։ Սա վստահություն է հաղորդում այն տեսակետին, որ «Երիտասարդ տիկինը» եղել է Էխնաթոնի երկրորդական կինը, որը մահացել է Թութանհամոնի փարավոն դառնալուց առաջ[12]։ Ենթադրություն կա, որ նա եղել է Էխնաթոնի հարճը[17]։ Եգիպտական փարավոններն ունեցել են բազմաթիվ կանայք, որոնցից ունեցել են գահին հավակնող բազմաթիվ որդիներ, որոնց միջև մրցակցություն է առաջացել իրենց հորից հետո գահին տիրելու իրավունքի համար[17]։

Դեմքի վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի փետրվարի 7-ին «Երիտասարդ տիկինը» պատկերվել է «Հին Եգիպտոսի մեծ կանայք» վերնագրով «Անհայտ արշավախումբ» հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանի յոթերորդ դրվագում։ Ենթադրելով, որ մումիան հնարավոր է Նեֆերտիտին լինի, հեռուստասերիալի ղեկավար Ջոշ Գեյթսի ղեկավարությամբ մի թիմ օգտագործել է պահպանված մասունքները, ժամանակակից տեխնոլոգիա և կերպարվեստ՝ ներկայացնելու համար երիտասարդ տիկնոջ վերականգնված տեսքը ամբողջական արքայական հանդերձանքով[18]։ Կիսանդրին ստեղծել է ֆրանսիացի պալեոնկարիչ, քանդակագործ Էլիսաբետ Դայնեն[19]։ Մումիայի ԴՆԹ հետազոտությունը, սակայն, բացառել է «Երիտասարդ տիկնոջ»՝ Նեֆերտիտին լինելու հանգամանքը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Wasef S., Amer H., Ismail S., Gad Y. Z., Zink A., Ball M. Table 1. Characteristics of the Royal 18th-Dynasty Mummies Under Investigation (N = 16) // Ancestry and pathology in King Tutankhamun's family // JAMA / H. Bauchner, C. D. DeAngelisAmerican Medical Association, 2010. — Vol. 303, Iss. 7. — P. 640. — ISSN 0098-7484; 1538-3598doi:10.1001/JAMA.2010.121PMID:20159872
  2. Wasef S., Amer H., Ismail S., Gad Y. Z., Zink A., Ball M. Results // Ancestry and pathology in King Tutankhamun's family // JAMA / H. Bauchner, C. D. DeAngelisAmerican Medical Association, 2010. — Vol. 303, Iss. 7. — P. 638. — ISSN 0098-7484; 1538-3598doi:10.1001/JAMA.2010.121PMID:20159872
  3. Reeves, Nicholas. Wilkinson, Richard H. The Complete Valley of the Kings. p100. Thames & Hudson. 1997. (Reprint) 0-500-05080-5
  4. Smith, G. Eliot.The Royal Mummies p.117 Duckworth Publishers, 2000
  5. 5,0 5,1 5,2 Hawass Z, Gad YZ, Ismail S, Khairat R, Fathalla D, Hasan N, Ahmed A, Elleithy H, Ball M, Gaballah F, Wasef S, Fateen M, Amer H, Gostner P, Selim A, Zink A, Pusch CM (February 2010). «Ancestry and Pathology in King Tutankhamun's Family». JAMA (journal). 303 (7): 638–47. doi:10.1001/jama.2010.121. PMID 20159872.
  6. «Ray Johnson on the Forensic Reconstruction of the "Younger Lady" | The Oriental Institute of the University of Chicago». oi.uchicago.edu. Վերցված է 2021 թ․ մայիսի 10-ին.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 Smith, G. Elliot. The Royal Mummies. p.40-41. Duckworth Egyptology. 2000 (Reprint from original 1912 edition). 0-7156-2959-X
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 Hawass, Saleem (2016), p. 80-83
  9. Saleem, Sahar N.; Hawass, Zahi (May-June 2015). «Subcutaneous Packing in Royal Egyptian Mummies Dated From 18th to 20th Dynasties:». Journal of Computer Assisted Tomography. 39 (3): 301–306. doi:10.1097/RCT.0000000000000205.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 Hawass, Saleem (2016), p. 131-132
  11. 11,0 11,1 11,2 Hawass, Z; և այլք: (2010). «Ancestry and pathology in King Tutankhamun's family». JAMA. 303 (7): 638–47. doi:10.1001/jama.2010.121. PMID 20159872.
  12. 12,0 12,1 12,2 12,3 Eaton-Krauss (2016), p. 10-11
  13. 13,0 13,1 Heath (2015), p. 180
  14. Rose, Mark. «Where's Nefertiti? - Archaeology Magazine Archive». archive.archaeology.org. Վերցված է 2021 թ․ մայիսի 12-ին.
  15. Luban, Marianne. «Do We Have The Mummy of Nefertiti?». anubis4_2000.tripod.com. Վերցված է 2021 թ․ մայիսի 12-ին.
  16. Dodson, Aidan (2018). Amarna Sunset : Nefertiti, Tutankhamun, Ay, Horemheb, and the Egyptian counter-reformation (Revised ed.). Cairo: The American University in Cairo Press. էջ 17. ISBN 978-977-416-859-8.
  17. 17,0 17,1 Than, Ken (2010 թ․ փետրվարի 17). «King Tut Mysteries Solved: Was Disabled, Malarial, and Inbred». National Geographic Society#Other publications. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  18. «Black Twitter roasts TODAY show for Queen Nefertiti reconstruction that looks like a white woman - theGrio». theGrio (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ փետրվարի 6. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
  19. «A new, anatomically accurate bust depicts Queen Nefertiti—but with fair skin». Newsweek (անգլերեն). 2018 թ․ փետրվարի 7. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]