Ֆլամանդացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլամանդացիների դրոշ

Ֆլամանդացիներ (հոլ.՝ Vlamingen), գերմանական լեզվական խմբի ժողովուրդ[1], ինչպես ռոմանալեզու վալոնները, այնպես էլ ֆլամանդացիները Բելգիայի բնիկ ժողովուրդն են։ Ընդհանուր թիվը՝ 7.230.000 մարդ։ Բնակվում են Բելգիայի հյուսիսային Ֆլանդրիա տարածաշրջանում (5 մլն․), 250 հազար ֆլամանդացի ապրում է Ֆրանսիայի հյուսիսում (Ֆրանսիական Ֆլանդրիա)։ Լեզուն նիդերլանդերենն է։

Կենցաղում ֆլամանդացիները շփվում են կախված իրավիճակից և Ֆլանդրիայում ներկայացված նիդերլանդերենի բարբառների գրական ստանդարտների տիրապետման աստիճանից, գրական լեզվով կամ գրական լեզվի և բարբառային տարբերակների միջանկյալով։

Լեզվով և մշակույթով մոտ են հոլանդացիներին։

Բելգիայի բնակչության հիմնական շերտը կազմում են ֆլամանդները՝ֆրանկական, ֆրիզական և սաքսոնական ցեղերի ժառանգները և վալոնները՝ կելտերի ժառանգները։  Ֆլամանդական էթնոսի ձևավորումը տեղի է ունեցել  15-16-րդ դդ.: 16-րդ դ. Նիդեռլանդական հեղափոխությունից  հետո Ֆլանդրիան ընդգրկվեց իսպանական տիրապետությունից ազատված «Միացյալ մարզի» մեջ, 1714 թ.՝ անցավ Ավստրիայի վերահսկողության տակ, իսկ 1797 թ. միացավ Ֆրանսիային։ 

Վիեննայի կոնգրեսի որոշմամբ, 1814 թ. Ֆլանդրիան դարձավ Նիդեռլանդական թագավորության մաս, իսկ 1830 թ. Բելգիական հեղափոխության արդյունքում  ֆլամանդները, վալոնների աջակցությամբ, հիմնեցին Բելգիա անկախ պետությունը, մինչդեռ Ֆլանդրիայի մի որոշ հատված մնաց Նիդեռլանդների կազմում։ 1847 թ. սկիզբ առավ ֆլամանդական ազգային շարժումը, որը հանգեցրեց ազգային մշակույթի, գրականության վերածննդին։ Շարժման նպատակներից էր նաև ֆլամանդերենի և ֆրանսերենի միջև հավասարությունը։ Արդյունքում, ընդունվեց օրենք, համաձայն որի երկրում հաստատվեց երկլեզու համակարգ, բայց այս 2 լեզուներին այդպես լ հավասար կարգավիճակ չտրվեց։

Հետագայում բարեփոխման ենթարկվեց նաև քաղաքական համակարգը. պետության ներսում ձևավորվեցին դաշնության 2 տեսակի սուբյեկտներ՝ մշակութային համայնքներ (ֆլամանդական, վալոնական և գերմանական) և տնտեսական շրջաններ (Ֆլանդրիա, Վալոնիա և Բրյուսել)։ 1993 թ. Բելգիան պաշտոնապես անվանակոչվեց որպես Վալոնիայի, Ֆլանդրիայի և Բրյուսելի դաշնություն։

Ֆլանդրիան  իրենից ներկայացնում է Բելգիայի թագավորության հինգ հյուսիսային նահանգները, որտեղ խոսում են հոլանդերեն։ Վալոնիայի և Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանի հետ այն համարվում է դաշնության սուբյեկտ։ Բելգիայում տարածված է երկու հիմնական լեզու. հոլանդերեն, որով խոսում են ֆլամանդացիները, որոնք կազմում են բնակչության 59%-ը և ֆրանսերեն, որով խոսում են հիմնականում։ Բելգիայի պատմության մեջ եղել են բազմաթիվ հակամարտություններ լեզվական տարբերություննների պատճառով։ 

Սակայն հարկ է նշել, որ հակասությունները չեն սահմանափակվում միայն լեզվական խնդիրներով։ Կոնֆլիկտային իրավիճակը դրսևորվում է նաև սոցիալ-տնտեսական ոլորտում։ Մինչև 20-րդ դ. կեսը Վալոնիան, ըստ էության, «կերակրում էր Ֆլանդրիային՝ մատակարարելով վերջինիս իր ազգային արտադրանքի առյուծի բաժինը։ II համաշխարհային պատերազմից հետո իրավիճակը փոխվեց։ Ֆլանդրիան վերածվեց տնտեսության շարժիչ ուժի, մինչդեռ Վալոնիայում  գործազրկության մեծ ալիք բարձրացավ։ Արդյունքում, Ֆլանդրիայի բնակչությունը դժգոհությամբ հանդես եկավ։

2007-2008 թթ. Բելգիայի խորհրդարանական ընտրությունները հանգեցրին կառավարական ճգնաժամի։ Ընտրությունների արդյունքում հաղթանակ տարավ Քրիստոնեա-դեմոկրատական Ֆլամանդական կուսակցությունը։ Ճգնաժամի պատճառը կուսակցության ձգտումն էր հասնելու Ֆլանդրիայի հետագա ինքնավարությանը, ինչն էլ բացասական արձագանք գտավ վալոնական քաղաքական ուժերի կողմից։

Անհրաժեշտ է հիշատակել նաև բելգիական կոնֆլիկտում հարևան պետությունների ներգրավվածության մասին։

Վալոնա-ֆլամանդական հակամարտությունը սեպարացիոն ճանապարհով լուծելու դեպքում Գերմանիան կկանգնի խնդրի առջև, քանի որ Բելգիայում կան գերմանախոս շրջաններ, որոնք ներկայումս Վալոնական շրջանի մասն են կազմում։ Հնարավոր է վերջինիս  վերամիավորումը ԳԴՀ-ին, որի դեպքում Գերմանիան, փաստացիորեն, կվերականգնի II համաշխարհային պատերազմից հետո կորցրած տարածքը։ Սակայն, սա 1990 թ. Մոսկվայի պայմանագրի խախտում է, քանզի պայմանագրի շրջանակներում Գերմանիան պարտավորություն է ստանձնել չընդլայնել իր տարածքը Արլ. և Արմ. Գերմանիաների վերամիավորումից հետո։

Հնարավոր է Վալոնիան Ֆրանսիային միանալու շարժում սկսվի, որից զգուշանում էին Բելգիայի քաղաքական գործիչները դեռ 19-րդ դ.:

Էթնոգենեզ և պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգիայում խոսվող լեզուների քարտեզ․     նիդելանդերեն     ֆրանսերեն     երկլեզու     գերմաներեն

Էթնիկ ֆլամանդացիները հիմնականում գերմանացի ցեղերի՝ սաքսերի, ֆրանկների և ֆրիզների ժառանգներն են։ Ֆլամանդական էթնոսի կազմում ներհոսել են կելտական ծագում ունեցող բելգեր ցեղը, որոնք այս տարածքներում ապրում էին մինչև ֆրանկական ներխուժումը և ֆրանկների հետ ձուլումը։ Որպես էթնոս ձրավորվել է 17-19-րդ դարերում։ Դարակեսին Բելգիայի ժամանակակից տարածքը բաժանվել է զանազան իշխանությունների՝ Ֆլանդրիա, Էնո (Գենեգաու), Բրաբանտ, Նամյուր, Լիմբուրգ, Լյուքսեմբուրգ, Կամբրե, Տուրնե, Լիեժի եպիսկոպոսություն։ Մասամբ նրանք ենթարկվում էին Ֆրանսիային, մասամբ՝ Գերմանիային։

Այնուհետև Բելգիայի պատմությունը կապված է Նիդերլանդների պատմության հետ։ Այս տարածքները 15-րդ դարում բուրգունդական դքսերից անցան Հաբսբուրգերին, որոնք էլ իրենց հերթին մտան Գերմանական կայսրության կազմում։ Քանի որ Գերմանիայի կայսրերը դինաստիական ամուսնությունների ճանապարհով դարձան իսպանցի թագավորներ, Նիդերլանդները (որի կազմում էր և Ֆլանդրիան) հպատակվում էր Իսպանիային։ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II Հաբսբուրգ-ի օրոք սկսվել է Նիդերլանդների ժողովուրդների կատաղի պայքարը օտարերկացի լծի դեմ, և Հյուսիսային Նիդերլանդները ձեռք բերել ազատություն՝ հիմնելով Միացյալ Նահանգների Հանրապետությունը։

Հարավային Նիդերլանդները (ապագա Բելգիա) մնացին իսպանական պրոտեկտորատներ։ 1714 թվականին դրանց անցան Ավստրիային, իսկ 1794 թվականին Ֆրանսիական հեղափոխության ազդեցության տակ տեղի ունեցավ Բրաբանտական հեղափոխությունը, տարածքն էլ անցավ Ֆրանսիայի կազմում։ Նապոլեոնից հետո այն միացրին Նիդերլանդներին։

1830 թվականին Ֆրանսիական հուլիսյան հեղափոխության ազդեցությամբ տեղի ունեցավ Բելգիական հեղափոխությունը։ Ստեղծվել է անկախ պետություն։ Իր գոյության սկզբից այն ունեցել է ֆլամանդացիների լեզվական, մշակութային և տնտեսական իրավունքների անտեսման քաղաքականություն, չնայած որ նրանք երկրի բնակչության մեծամասնությունն էին կազմում։ Մասնավորապես, Բելգիայի միակ պաշտոնական լեզու հռչակվեց ֆրանսերենը։ Ֆլամանդացիների և ֆրանսախոս բնակչության միջև հակասություններ առաջացան։ Ի վերջո 1970-1993 թվականների պետական մի շարք բարեփոխումներից վերակառուցվեց որպես տարածաշրջանների դաշնություն և լեզվական համայնքներ։

Բելգիան սահմանադրական միապետություն է։ Երկրի ղեկավարը արքա Ալբերտ II-ն է (1993 թվականից)։ Օրենսդիր իշխանությունը պատկանում է խորհրդարանին։

Բելգիայի պաշտոնական լեզուներն են նիդերլանդերենը, ֆրանսերենը և գերմաներենը, սակայն նրանից ոչ մեկը երկրի ողջ տարածքում չունի պաշտոնական կարգավիճակ։ Գերմաներենով խոսում են գրեթե բացառապես Բելգիայի երևելյան հատվածում, որը նախկինում (մինչև Առաջին համաշխարհային պատերազմը) պատկանել է Գերմանիային։ Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանը, որը բոլոր կողմերից շրջապատված է Ֆլամանդական տարածաշրջանով, պաշտոնապես օգտագործում է ֆրանսերենն ու նիդերլանդերենը։ Երկլեզու պետության մի քանի բնակավայրերի և աշխարհագրական այլ օբյեկտների անվանումներն ունեն երկու տարբերակ․ Mons — Bergen, Namur — Namen, Courtrai — Kortrijk, Louvain — Leuven, Liège — Luik, Gand — Gent, Ostende — Oostende, Anvers — Antwerpen, Audenarde — Oudenaarde, Bruges — Brugge, Malines — Mechelen։

Սիմվոլիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլամանդների ազգային խորհրդանիշը դեղին ֆոնին սև առյուծի՝ սպիտակ եզերքով և կարմիր մագիլների պատկերով դրոշն է։ Այն հայտնվել է 1162 թվականից Ֆլանդրիայի դուքս Ֆիլիպ Էլզասեցու ժամանակ։ Բուրգունդյան դքսերի ժամանակ այն օգտագործվել է զինանշանի վրա, իսկ Միացյալ Նիդերլանդների հիմնադրման ժամանակ դարձավ Արևելյան Ֆլանդրիայի խորհրդանիշը։ Դրոշը պաշտոնական չէ, այն ֆլամանդացի ազգայնականների խորհրդանիշն է։

Արվեստ և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ 16-րդ դարի ավարտը Նիդերլանդների և Ֆլանդրիայի արվեստը կազմել է մեկ ամբողջություն։ Տարածքը, որն այսօր ներառում է Լյուքսեմբուրգը, Բելգիան և Նիդերլանդները, այլ կերծ ասած՝ Բենիլյուքսը, կոչվել է Հին Նիդերլանդներ և միասնական էր։ Հետագայում վերոնշյալ քաղաքական իրադարձությունների արդյունքներում նահանգները բաժանվել են։

17-18-րդ դարերում Ֆլանդրիան կոչվել է Հարավային, Իսպանական, և հետագայում Ավստրիական Նիդերլանդներ, իսկ արվեստը՝ ֆլամանդական, իսկ ավելի ուշ, նոր պետության հիմնադրմամբ, Բելգիայի և բելգիական։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Minahan, James (2000). One Europe, many nations: a historical dictionary of European national groups. Greenwood Publishing Group. էջ 769. ISBN 0313309841. Վերցված է 2013 թ․ մայիսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլամանդացիներ» հոդվածին։