Կորտրեյկ (հոլ.՝ Kortrijk, արևմտ․ ֆլամանդ․՝ Kortryk, Kortrik, Kortriek, ֆր.՝ Courtrai), պատմական քաղաք ԲելգիայիԱրևմտյան Ֆլանդրիայի նահանգում, Լիս գետի և Լեյի Շելդա ջրանցքի հատման կետում: Բնակչությունը կազմում է 75.100 մարդ (2010 թվական): Մեծ Լիլ քաղաքի ֆրանս-բելգիական ագլոմերացիայի մի մասն է կազմում:
Քաղաքն առաջացել է Կորտորիակում (Cortoriacum) հռոմեական բնակավայրից, որտեղ 7-րդ դարում քարոզչությամբ է զբաղվել Սուրբ Էլիգիուսը: Միջնադարում հիմնադրված մատուռը վերակափոխվել է Սուրբ Մարտին եկեղեցու, որը հայտնի է իր 48 զանգերով: 9-րդ դարում ֆլանդրիացի կոմս Բոլդուին II-ը ամրապնդեց քաղաքը` վիկինգների հարձակումից պաշտպանելու համար: Միջնադարում Կորտրեյկը Ֆլանդրիայի մահուդի արդյունաբերության կենտրոններից մեկն էր:
Միջնադարում Կորտրեյկի շրջանում մի քանի կարևոր մարտեր են տեղի ունեցել, որոնցից ամենահայտնին 1302 թվականի ճակատամարտն է, որի ժամանակ Ֆրանսիայի թագավորի հեծելազորը պարտության մատնեց վատ զինված աշխարհազորին[4]: 1382 թվականին մեկ այլ պատերազմի ժամանակ Ֆրանսիայի Կառլ VI թագավորը գրավեց և թալանեց քաղաքը: Հաջորդ անգամ ֆրանսիացիները կարողացան տիրել Կորտրեյկին 1667-1668 թվականների Դևոլյուցիոն պատերազմի ժամանակ, սակայն 1678 թվականի Նեյմեյխենի խաղաղության հաշտագրերի ժամանակ քաղաքը վերադարձվել է Իսպանական Նիդերլանդներին: Ֆրանսիան կրկին գրավել է քաղաքը Հեղափոխական պատերազմների ժամանակ (1793 թվական)։ 1815 թվականին այն ընդգրկվում է Նիդերլանդների Միացյալ Թագավորության կազմում, իսկ 1830 թվականին Բելգիայի տարանջատումից հետո՝ վերջինիս կազմում։
Կորտրեյկը ռազմավարական նշանակություն է ունեցել երկու համաշխարհային պատերազմներում, որոնց ավարտից հետո պատմական հուշարձանները ջանասիրաբար վերականգնվել են: Բացի վերոհիշյալ Սուրբ Մարտին եկեղեցուց, ուշագրավ է նաև Աստվածամոր եկեղեցին (1191-1211)՝ ֆլամանդացի կոմսերի մատուռով։ Այստեղ տեղադրված է Սուրբ Եկատերինայի միջնադարյան արձանը և Անտոնիս վան Դեյքի «Սուրբ Խաչը»: Եկեղեցու հարակից աշտարակը և Ֆլամանդական բեգինաժներն ընդգրկված են Բելգիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։