«Սուր հովարներ» (անգլ.՝ Peaky blinders), բրիտանական քրեական դրամատիկ սերիալ, որ ստեղծվել է Սթիվեն Նայթի կողմից 2013 թվականին BBC Two հեռուստաալիքի համար և պատմում է Բիրմինգհեմում 1920-ական թվականներին Շելբիի հանցագործ տոհմի ծավալած գործունեության մասին։
Գանգստերական սերիալի առաջին եթերաշրջանը, որ բաղկացած 6 էպիզոդներից, ունեցել է 2,4 մլն հանդիսատես։ 2014 թվականի նոյեմբերի 8-ին BBC հեռուստաալիքի ղեկավարությունը հայտարարել է այն մասին, որ սերիալը երկարացվել է մինչև 3-րդ եթերաշրջան[4], որն սկսվել է 2016 թվականի մայիսի 5-ին[5]։ Սերիալն ստացել է National Television Awards (2019 թ.) մրացանակ «դրամա» անվանակարգում։ 2016 թվականի մայիսի 26-ին BBC-ին երկարացրել է սերիալը միանգամից 2 եթերաշրջանով (չորրորդ և հինգերորդ)[6]։
Սթիվեն Նայթը սերիալի ստեղծման պատմությունը ներկայացրել է հետևյալ կերպ. «Սերիալի հիմքում ընկած են 20-րդ դարի առաջին կեսին տեղի ունեցած իրական իրադարձություններ։ Իմ ծնողները, հատկապես հայրս, հաճախ էր հիշում այն ժամանակները, երբ ինքը 10 տարեկան էր։ Նրանք լավ էին հագնվում, հարուստ էին, նրանցից վախենում ու նրանց հարգում էին տարածաշրջանում, և նրանք ավազակներ էին։ Որոշակի իմաստով՝ ես ուզում եմ, որ «Սուր հովարներն» իր տեսակում լինի աշխարհին ուղղված հայացք 10 տարեկան երեխայի աչքերով, որը տեսնում է, որ մարդիկ ավելի խելացի են, ավելի ուժեղ, ավելի գեղեցիկ, և ձիերը՝ ավելի շատ։ Եվ ընդհանրապես, ամբողջ աշխարհը մեծ է և ահավոր»[7]։
«Սուր հովարները» գանգստերականսագա է Բիրմինգհեմի գնչու բանդիտների խմբավորման մասին, որը հիմնված է իրական դեպքերի վրա։ Սուր հովարներ կոչել են երտասարդական ավազակախմբին, որը գործել է 19-րդ դարի վերջին Անգլիայում։ Տեսակետներից մեկի համաձայն[8]՝ խմբավորումն իր անվանումն ստացել է այն պատճառով, որ իբր տղաներն իրենց գլխարկների հովարներին կարել են սրած ածելիներ։ Երկրորդ տեսակետի համաձայն՝ նրանք ուղղակի հագնվել են մանչեսթերյան ոճով, որի տարրերից մեկը եղել է գլխարկը, որի նեղ հովարն էլ ստեղծել է սուր ածելու տեսք։
Խմբավորման անդամները, տարված ժառանգորդության պաշտամունքով, ձգտում էին պաշտպանել իրենց ընտանիքի շահերը։ Գլխավոր ընտրվում էր նա, ով, ընտանիքի կարծիքով, տոհմին կբերեր ամենամեծ շահը։ Պատմաբանների հայտարարությամբ՝ «Սուր հովարները» և մի քանի այլ խմբավորումներ նման չէին հասարակ զինված ավազակախմբերի. նրանք ունեին հագնվելու հատուկ ոճ, իրենց պատվո կոդեքսը և վարվելակերպը։
Բիրմինգհեմ, 1920-ական թվականներ։ Պատերազմից վերադառնում են «Սուր հովարներ» խմբավորման անդամներ Շելբի եղբայրները։ Ընտանիքում ավագը Արթուր Շելբին է (Պոլ Անդերսոն), որը բոլորին ներկայանում է որպես խմբավորման ղեկավար։ Բայց բոլոր գործերը վարում է Թոմաս Շելբին (Կիլիան Մերֆի)` միջնեկ եղբայրը, քանի որ հենց նա է խմբավորման ղեկավարը։ Թոմասն ամեն գնով փորձում է օրինականացնել ընտանեկան բիզնեսը։ Արյունակից Շելբի եղբայրները չորսն են` Արթուրը, Թոմասը, Ջոնը և Ֆիննը, սակայն «Սուր հովարներ» խմբավորման անդամներն ավելի շատ են։
Հետպատերազմյան տարիներին Թոմասն արմատապես փոխվել էր։ Նա մոռացել էր, թե ինչ է նշանակում սիրել, մինչև առաջին եթերաշրջանում հայտնվում է Գրեյսը, որն աշխատում էր տեղի փաբում, և միևնույն ժամանակ, ոստիկանության նոր պետ, տեսուչ Քեմփբելի մոտ։ Երբ քաղաքում հայտնվում է ոստիկանության նոր պետ, Շելբիի գործերը դժվարանում են։ Տեսուչ Չեսթեր Քեմփբելը (Սեմ Նիլ), որն Ուինսթոն Չերչիլից ստացել էր հատուկ առաջադրանք` հետաքննել պետական զինվորական պահեստից գնդացիրների յուրացման հարցը, վճռականորեն սկսում է մաքրել քաղաքը հանցագործություններից` առաջին հերթին «Սուր հովարներ» ամենակարող խմբավորումից։ Նա անգթորեն հարցաքննում է խմբավորման ղեկավարին, սակայն անօգուտ։ Նրա գործակալը, որը որպես բարմեն աշխատանքի է տեղավորվում խմբավորման անդամների կողմից կառավարվող (և հաճախակի այցելվող) փաբում, օգնում է հետաքննությանը։
Երկրորդ սեզոնը պատմում է Շելբիների ընտանիքի բիզնեսի ընդլայնման մասին դեպի հարավ` Լոնդոն, որտեղ փոթորկում է պատերազմ իտալական և հրեական մաֆիաների միջև։ Դրան զուգընթաց Թոմաս Շելբին ներքաշվում է ֆենիանների և Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայության դավադրության մեջ, որը գլխավորում էր իր հին ծանոթը։