Սելեստեն Ֆրենե
Սելեստեն Ֆրենե ֆր.՝ Célestin Freinet | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1896[1] |
Ծննդավայր | Գար |
Մահացել է | հոկտեմբերի 8, 1966[2][3][4][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Վանս |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Երկեր | Freinet Modern School Movement? |
Մասնագիտություն | արհմիութենական գործիչ, էսպերանտիստ, Ֆրանսիական դիմադրության մարտիկ և մանկավարժ |
Ամուսին | Elise Freinet? |
Célestin Freinet Վիքիպահեստում |
Սելեստեն Ֆրենե (ֆր.՝ Célestin Freinet, հոկտեմբերի 15, 1896[1], Գար - հոկտեմբերի 8, 1966[2][3][4][…], Վանս), ֆրանսիացի մանկավարժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1896 թվականի հոկտեմբերի 15-ին Գար քաղաքում, գյուղացու ընտանիքում։ 1913-1914 թվականներին սովորել է Նիցցայում նորմալ դպրոցում։ Բար-սյուր-Լուի (1920-1928), Սեն-Պոլի (1928-1934), Վանսի (1934-1966) փորձարարական տարրական դպրոցներում կազմակերպիչ և ղեկավար։ 1927 թվականին կազմակերպել է «Աշխարհիկ դպրոցի կողմնակիցների կոոպերատիվը», որը միավորեց նրա հետևորդներին, 1957 թվականին՝ «Նոր դպրոցի կողմնակիցների միջազգային ֆեդերացիա»։ «Դաստիարակ» և «Մանկական արվեստը»[5] ամսագրերի հրատարակիչ և խմբագիր։ Մահացել է Վանս քաղաքում 1966 թվականի հոկտեմբերի 7-ին։
Մանկավարժական ուղղվածությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ս. Ֆրենեն գրել է. «Մշակելով մեր մանկավարժական տեխնիկան՝ մենք երբեք չենք հենվել որևէ մանկավարժական տեսության վրա։ Մեր մեթոդները հիմնված են բացառապես փորձի վրա, որը մենք ստացել ենք երեխաների հետ անմիջական աշխատելիս։ Մեր նորամուծություններից և ոչ մեկը չունի որևէ ապրիորի (փորձի վրա չհիմնված) գաղափարի արմատներ»:
Առանձնացրել է հետևյալ մանկավարժական ուղղվածությունները.
- երեխայի անձի առավելագույն զարգացում խելամտորեն կազմակերպված հասարակության մեջ, որը պետք է ծառայի նրան, և որին ինքը ծառայում է,
- վաղվա դպրոցը պետք է կենտրոնացած լինի երեխայի վրա՝ որպես հասարակության անդամի,
- երեխան ինքն է կառուցում իր անձը, իսկ մենք օգնում ենք նրան,
- պետք է ստեղծել հնարավորություններ ցանկացած ոլորտում յուրաքանչյուրի ազատ արտահայտման համար,
- աշխատանքը կդառնա հիմնարար սկզբունքը, շարժիչ ուժը և ժողովրդական դպրոցի փիլիսոփայությունը,
- պայծառ գլուխը և հմուտ ձեռքերը ավելի լավ է, քան ավելորդ գիտելիքներով ծանրաբեռնված միտքը,
- ողջամիտ կարգապահությունը կազմակերպված աշխատանքի արդյունք է,
- ժողովրդական դպրոցը չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդավարական հասարակության։
Դաստիարակության մեջ գլխավոր էր համարում.
- Երեխայի առողջությունը, իր ստեղծագործական կարողությունների զարգացումը, ձգտում դեպի գիտելիքները,
- Բարենպաստ միջավայրի ստեղծումը,
- Սարքավորումներ և տեխնիկական միջոցներ (Ս. Ֆրենեն առաջարկել է պարզագույն ուսուցողական մեքենաների օրիգինալ կառուցվածք)։
Նրա կողմից մշակվել է մանկավարժական տեխնոլոգիա (Ֆրենեի տեխնիկա), որը նախատեսում էր դաստիարակության և ուսուցման օրիգինալ ձևեր։ Այն բաղկացած էր մի շարք տարրերից, որոնք տարբերվում էին ըստ գործառույթների՝ դպրոցական տպարան, դպրոցական ինքնակառավարման մարմիններ, «ազատ տեքստեր» (մանկական գրվածքները), անհատական աշխատանքի քարտեր, ուսումնական ձեռնարկների հատուկ գրադարան և այլն[6]։
Դաստիարակության ընդհանուր խնդիրները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ս. Ֆրենեն գրել է. «Դաստիարակության հիմքում ընկած է անձի արժանապատվությունը։ Ուսուցչի և աշակերտի փոխադարձ հարգանքը դպրոցի բարելավման գլխավոր պայմաններից մեկն է»։
Դաստիարակության խնդիրները.
- Բարոյական և քաղաքացիական դաստիարակության, աշխատանքի նկատմամբ սիրո արմատավորում,
- Ճարտարության, սուր աչքերի, հետաքրքրասիրության, պրակտիկ գործունեության նկատմամբ ձգտման զարգացում,
- Պրակտիկ մտածողության զարգացում,
- Հասարակական օգտակար միտումների հայտնաբերում և մշակում,
- Փոխօգնության, փոխադարձ հարգանքի, պատասխանատվության և անձնական արժանապատվության ոգով դաստիարակություն,
- Հետաքրքրասիրության խթանումը որպես ուսումնառության առաջին աստիճան,
- Աշխատանքային ակտիվության խթանումը որպես անհրաժեշտ գիտելիքների յուրացումն ապահովող միջոց,
- Անհատական և բարոյական պատասխանատվության խթանում,
- Դպրոցական ինքնակառավարման մարմինների զարգացում (դպրոցական կոոպերատիվ, կոոպերատիվի ժողով)
Դաստիարակության հիմնական փուլերը և դաստիարակության սկզբունքներն այդ փուլերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 2 տարեկան- դաստիարակությունը ընտանիքում։ Դաստիարակության հաջողությունները անհատական, սոցիալական, համամարդկային առումով երեխայի զարգացման հետագա փուլերում մեծապես կախված են սկզբնական շրջանում անձի կայացումից։
Ընտանիքում դաստիարակության համար անհրաժեշտ պայմաններն են՝
- ծնողների առողջությունը և աշխատանքային ծանր պայմանների դեմ պայքարը,
- հղի կանանց հատուկ խնամքը,
- նորածնի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։
2-ից 4 տարեկան․ «Մանկական արգելոց»։ Երեխայի կյանքի ցանկացած փուլում իսկական դաստիարակությունն իրականացվում է «շոշափելով ճանաչելու» սկզբունքի հիման վրա։ Այս ամենը պետք է անի դաստիարակը, լիովին հարստացնի, ամբողջացնի ճանաչողության գործընթացը, արագացնի այն, որպեսզի պատրաստի անձին հասարակության մեջ ակտիվ դեր ստանձնելու, մարդկանց մեջ ապրելու։ Դաստիարակությունն իրականացվում է բնության հետ անքակտելի կապի մեջ։
4-ից 7 տարեկան․ մանկապարտեզ: Այս փուլում ևս հերքվում է բոլոր տիպի դասերի նպատակահարմարությունը։ Անհրաժեշտ են միայն պայմաններ խաղի, աշխատանքի համար։ Ամբողջ դաստիարակչական գործունեությունը պետք է կազմակերպել աշխատանքային գործընթացում անձի ձևավորման համապատասխան, ապահովել ինքնուրույն որոշումներ կայացնելու և գործելու հնարավորություն։ Մանկավարժական մեթոդները պետք է լինեն ճկուն։ Մտավոր գործունեությունը՝ խոսքը, նկարը, նամակը, տպագրական հավաքածուն, ընթերցանությունը։
7-ից 14 տարեկան․ տարրական դպրոց: Ֆրենեն դեմ է հանդես եկել տարրական դպրոցում դասագրքերի կիրառմանը, համարելով, որ դրանք բացառում են ուսուցման անհատական մոտեցման հնարավորությունը։ Անհատական աշխատանք քարտադարանով, հետազոտություն, դիտարկում, ռեֆերատներ, գեղագիտորեն արտահայտվելու ձևեր՝ նկարչություն, երգ, երաժշտություն, թատրոն, կիրառական արվեստ։ Դաստիարակությունը իրականացվում է բնության հետ անքակտելի կապի մեջ։ «Մեր դպրոցի տարածքը պետք է դառնա արհեստանոց, իրականացնի շրջապատող աշխարհի հետ կապը»։ Արհեստանոցներում իրականացվում է բազային ֆիզիկական աշխատանք։
Ֆրենեն մեծ նշանակություն տվեց ուսումնական գործընթացի հստակ պլանավորմանը։ Ուսուցիչը պետք է կազմի յուրաքանչյուր դասի ընդհանուր աշխատանքների պլանը տարվա և ամսվա համար՝ հաշվի առնելով կոլեկտիվի կարգապահությունն ու կյանքի կանոնները։ Աշակերտը պետք է կազմի շաբաթվա աշխատանքի անհատական պլան՝ արձանագրի աշխատանքը, որով պետք է զբաղվի, ինքն էլ վերահսկի դրա կատարումը։
Առաջարկել է ուսումնառության ինքնավերահսկողություն, նիշերից հրաժարվել, հաշվառել անհատական ձեռքբերումները և դրանց արժեքները[7]։
Մանկավարժական ինվարիանտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակել է մանկավարժական ինվարիանտներ[8], որոնցով պետք է առաջնորդվել մարդու դաստիարակության ժամանակ։ Ինվարիանտն այն է, ինչ չի փոխվել և չի կարող փոխվել ոչ մի պայմանով, ոչ մի ժողովրդի մոտ։
- Երեխայի բնույթը ճիշտ այնպիսին է, ինչպիսին մեծինն է։
- Մարդու բարձր հասակն ամենևին շրջապատի նկատմամբ նրա առավելության մասին չի վկայում։
- Դպրոցում երեխայի վարքը կախված է նրա հոգեկան խառնվածքից և առողջական վիճակից։
- Ոչ ոք (ո՛չ երեխան, ո՛չ մեծահասակը) չի սիրում, որ իրեն հրամայում են։
- Ոչ ոք չի սիրում ըստ հրամանի շարք կանգնել, որովհետև դա նշանակում է կրավորաբար ուրիշի հրամանին ենթարկվել։
- Մահակի սպառնալիքով աշխատել մարդը չի սիրում, անգամ եթե աշխատանքն ինքնին տհաճ չէ. հենց հարկադրելն է դիմադրություն առաջացնում։
- Յուրաքանչյուր մարդ գերադասում է ինքն ընտրել իր աշխատանքը, նույնիսկ եթե այդ ընտրությունն իրեն ձեռնտու չէ։
- Ոչ ոք չի սիրում աշխատանք անելու աննպատակ գործառույթ իրականացնել, այսինքն՝ անել գործողություններ և ենթարկվել մտահղացումների, որոնք իրեն օտար են ու անհասկանալի։
- Պետք է հասնել նրան, որ աշխատանքը դառնա մոտիվացված։
- Անհրաժեշտ է վերջ տալ սխոլաստիկային։
- Յուրաքանչյուր մարդ ձգտում է հաջողության։ Անհաջողությունն արգելակում է աշխատանքը և զրկում ոգևորությունից։
- Ոչ թե խաղը, այլ աշխատանքն է երեխայի բնական զբաղմունքը։
- Ո՛չ հսկումն է գիտելիքների յուրացման առավել արդյունավետ ճանապարհ, ո՛չ բացատրությունը և ո՛չ ցուցադրությունը, որ ավանդական դպրոցի հիմնական գործելաձևերն են կազմում, այլ փորձարարական որոնումը` իմացության համակողմանի և բնական մեթոդը։
- Հիշողությունը, որին դպրոցն այնքան մեծ կարևորություն է տալիս, մեծ արժեք ունի այն դեպքում, եթե միացած է փորձարարական որոնման գործընթացին։
- Գիտելիքները ձեռք են բերվում փորձի ճանապարհով, այլ ոչ թե, ինչպես հաճախ մտածում են, օրենքների և կանոնների ուսումնասիրությամբ։
- Հակառակ սխոլաստիկայի դրույթներին` մտածողությունը մտածելու՝ ոչ թե կարծես մեկուսի և փակ շրջանում անջատ գործող, այլ մարդու մյուս հատկությունների հետ սերտ համագործակցող կարողությունն է։
- Ավանդական դպրոցը զարգացնում է իրական կյանքի պահանջներից հեռու, վերացական մտածողության ունակություններ։
- Երեխան չի սիրում ex cathedra (լատին․՝ Ex cathedra (էքս կատեդրա)` ամբիոնից) պաշտոնական դիրքից, հեղինակության ուժով բացատրություններ լսել։
- Երեխան այն աշխատանքից չի հոգնում, որն իր գործառնական (ֆունկցիոնալ) կենսական պահանջմունքներին է համապատասխանում։
- Ոչ ոք` ո՛չ երեխան, ո՛չ մեծերը չեն սիրում հսկողություն և պատիժ, որը հաճախ ընկալվում է որպես արժանապատվության ոտնահարում, մանավանդ, եթե արվում է հրապարակավ։
- Առաջադիմությանը գնահատական դնելը և աշակերտներին որակավորելը սկզբունքորեն սխալ են։
- Պետք է հնարավորինս քիչ խոսել։
- Երեխան սիրում է անհատական աշխատանք կամ աշխատանք կոլեկտիվում, որտեղ իշխում է համագործակցության ոգին։
- Դասարանում անհրաժեշտ է պահպանել կարգ ու կանոն, կարգապահություն։
- Պատիժը միշտ սխալ է։ Այն ստորացուցիչ է բոլորի համար և երբեք չի հասնում ցանկալի նպատակին։ Դա ամենածայրահեղ միջոցն է։
- Դպրոցի նոր կյանքը կառուցվում է համերաշխության սկզբունքով, այսինքն՝ աշակերտներին ուսուցիչների հետ հավասարապես դպրոցի կյանքի և գործունեության ղեկավարման իրավունք է տրվում։
- Դասարանի գերխտությունը միշտ էլ մանկավարժական վրիպում է։
- Խոշոր դպրոցական համալիրների (կոմբինատների) ժամանակակից հայեցակարգը հանգեցնում է ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների անանունությանը. այդ հայեցակարգը սխալական է և խոչընդոտ մեր նպատակների իրականացման ճանապարհին։
- Ապագայում հասարակության ժողովրդավարացումը նախապատրաստվում է դպրոցի ժողովրդավարացմամբ. ավտորիտար դպրոցը չի կարող ժողովրդավարական հասարակության ապագա քաղաքացիներ ձևավորել։
- Դաստիարակության հիմքում անհատի արժանապատվությունն է։ Ուսուցչի և աշակերտի փոխադարձ հարգանքը դպրոցի նորացման գլխավոր պայմաններից մեկն է։
- Սոցիալական և քաղաքական ռեակցիաների բաղկացուցիչ մաս կազմող մանկավարժական ռեակցիան հակադրվում է առաջադիմական բարեփոխումներին։
- Կյանքի հանդեպ լավատեսական հավատ[9][10]։
Աշխատությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մանկավարժական ինվարիանտներ»[8]
- «Նոր ֆրանսիական դպրոց»[11]
- «Բարոյական և քաղաքացիական դաստիարակություն»[12]
- «Երեխայի և դեռահասի անձի ձևավորումը»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ Педагогический энциклопедический словарь/Под ред Б. М. Бим-Бада. — М.,2003. — С. 418.
- ↑ Джуринский А. Н. История зарубежной педагогики: Учебное пособие. — М., 1998.
- ↑ Коджаспирова Г. М. История образования и педагогической мысли: таблицы, схемы, опорные конспекты. — М., 2003. — С. 148.
- ↑ 8,0 8,1 http://online.fliphtml5.com/rpoh/tunx/#p=1
- ↑ Коджаспирова Г. М. Педагогика: Практикум и методические материалы. — М., 2003.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
- ↑ http://www.many-books.org/auth/4250/book/12183/frene_selesten/izbrannyie_pedagogicheskie_sochineniya/read/28
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սելեստեն Ֆրենե» հոդվածին։ |
|
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Коджаспирова Г. М. История образования и педагогической мысли: таблицы, схемы, опорные конспекты. — М., 2003. — С.148.
- Коджаспирова Г. М. Педагогика: Практикум и методические материалы. — М., 2003.
- Педагогический энциклопедический словарь/Под ред Б. М. Бим-Бада. — М., 2003.