Սեգովիայի ալկասար
Սեգովիայի ալկասար (իսպ.՝ Alcázar de Segovia), դղյակ և ամրոց Իսպանիայի Կաստիլիա և Լեոն պրովինցիայի Սեգովիա քաղաքի պատմական թաղամասում։ Տեղակայված է ժայռի վրա, որ գտնվում է Էրեսմա և Կլամորես գետերի միախառնման վայրում՝ Գուադարամա լեռան (Կենտրոնական Կորդիլերների մի մասը) մոտ։ Ալկասարը նախապես կառուցվել է որպես ամրոց, սակայն հետագայում եղել է թագավորական պալատ, պետական բանտ, թագավորական հրետանային ակադեմիա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեգովիայի ալկասարը, ինչպես և մյուս ալկասարները, եղել է արաբական ամրոց։ Ալկասարի մասին առաջին հիշատակությունը հանդիպում է 1120 թվականին (այդ ժամանակ արդեն 32 տարի էր, ինչ կաթոլիկները Սեգովիայից վտարել էին մավրերին), սակայն 20-րդ դարի վերջին անցկացված հնագիտական պեղումները ցույց են տվել, որ Ալկասարի տեղում ռազմական ամրաշինություն գոյություն է ունեցել դեռևս ուշ հռոմեական դարաշրջանում։ Այդ մասին է վկայում նաև Սեգովիայի ջրանցույցը, որ կառուցվել է հռոմեացիների կողմից։ Ամրոցի նախնական անունը հայտնի չէ. 1122 թվականի մի փաստաթղթում այն նշված է որպես «ամրոց բլրի վրա՝ Էրեսմայի մոտ»։ Սակայն արդեն 1155 թվականին այն արդեն հիշատակվում է որպես Ալկասար։ Այդ ժամանակաշրջանին են վերաբերում ներկայում պահպանված պատկերասրահը հյուսիսային կողմում և Մեծ սրահը, որի երկու կողմերում գտնվում են թագավորական հարկաբաժինները, որ զարդարված են իսպանա-մավրիտանական ոճով։
Հայտնի չէ, թե ինչ տեսք է ունեցել Ալկասարը մինչ Ալֆոնսո VIII-ի թագավորության տարիները, սակայն պատմական աղբյուրներում նշված է, որ այդտեղ եղել է փայտե փոքր ամրոց։ Ալֆոնսո VIII-ն ու նրա կինը՝ Էլեոնորա Անգլիացին, այդ ամրոցը դարձրել են իրենց պաշտոնական նստավայրը։ Դրանից հետո փայտե ամրոցի տեղում սկսել է քարե ամրոցի շինարարությունը։
Միջնադարում Սեգովիայի ալկասարը ծառայել է որպես Կաստիլիայի թագավորների ամենասիրելի նստավայրերից մեկը և թագավորության գլխավոր պաշտպանական կառույցներից մեկը։ 1474 թվականին Սեգովիայի ալկասարը կարևոր նշանակություն է ունեցել Իզաբելա I Կաթոլիկի գահակալման ու Իսպանիայի հետագա ճակատագրի կանխորոշման գործում։ Դեկտեմբերի 12-ին Սեգովիա է հասնում Էնրիկե IV թագավորի մահվան լուրը, և Իզաբելան փակվում է ամրոցում։ Ստանալով քաղաքի ղեկավարության օգնությունը՝ նա Ալկասարում անմիջապես թագադրվում է որպես Կաստիլիայի ու Լեոնի թագուհի։ Հենց Ալկասարում է Իզաբելան ամուսնացել Արագոնի թագավոր Ֆերդինանդ II-ի հետ։
Ֆիլիպ II-ն Ալկասարում պսակադրվել է իր չորրորդ կնոջ՝ Աննա Ավստրիացու հետ։ Այդ ժամանակ Ալկասարը վերակառուցվել է։ Ֆիլիպ II-ը հրամայել է ամրոցի աշտարակները ծածկել գրաքարային թերթաքարից պատրաստված կոնաձև տանիքներով։ Արդյունքում Ալկասարը նմանվել է Կենտրոնական Եվրոպայի ամրոցներին։ Սակայն շուտով արքունիքը տեղափոխվել է Մադրիդ, և Սեգովիայի ալկասարը հետագա երկու դարերի ընթացքում ծառայել է որպես պետական բանտ։
Միայն 1762 թվականին Կառլ III թագավորը այնտեղ բացեց Թագավորական հրետանային դպրոց, որ Ալկասարում գործել է գրեթե հարյուր տարի։ 1862 թվականին ամրոցում տեղի է ունեցել մեծ հրդեհ[8], որի հետևանքով ավերվել է տանիքն ու վնասվել է ինտերիերը։ Ալկասարի վերակառուցումն սկսել է 1882 թվականին։ 1896 թվականին, երբ ավարտվել են վերակառուցողական աշխատանքները, Ալֆոնսո XIII-րդ թագավորն ու Մարիա Քրիստինա թագուհին այն հանձնել են Ռազմական նախարարությանը, որն այն պիտի օգտագործեր բացառապես որպես Հրետանային կորպուս։ 1898 թվականին ամրոցի վերին հարկերը տրվում են Ռազմական գլխավոր արխիվին, որն այնտեղ տեղակայված է մինչ օրս։ 1951 թվականին շինության պահպանության նպատակով կազմավորվում է Ալկասարի պատրոնատը, իսկ 1953 թվականին Ալկասարը վերածվում է թանգարանի։
Ներկա վիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայում Սեգովիայի ալկասարն Իսպանիայի ամենապահանջված զբոսաշրջային վայրերից մեկն է և Սեգովիայի երեք գլխավոր տեսարժան վայրերից մեկը (ջրանցույցի և եկեղեցու հետ միասին)։ Ամրոցում գործում է թանգարան, որտեղ ցուցադրվում է ամրոց կահույքը, ինտերիերը, զենքերի հավաքածուն, իսկ Թագավորական սրահում հավաքված են Կաստիլիայի բոլոր թագավորների նկարները՝ սկսած առասպելական Պելայոյից մինչև Ֆիլիպ II (որի օրոք արքունիքը տեղափոխվել է Մադրիդ)։
Ներկայում Ալկասարում այցելությունների համար բաց են 11 սրահներ և ամենաբարձր աշտարակը՝ Խուան Երկրորդի աշտարակը։
Հին պալատի սրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սրահը, որ հայտնի է նաև որպես Վենետիկյան ապակենկարների սրահ, կառուցվել է Ալֆոնսո VIII-ի իշխանության տարիներին։ Սրահում պահպանվել են կրկնակի լուսամուտախորշերը, որտեղից լույսը թափանցում է ներս, քանի որ պատը, որի վրա դրանք տեղակայված են, հին պալատինն է։ Մավրիտանական ոճով կառուցված գետնախարիսխները, որ գտնվում են պատուհանների միջև, բերվել են 13-րդ դարում հարևան Լաս Կանոնիգաս շրջանում կառուցված մի տնից։ Սրահում պահվում է 15-րդ դարի գերմանական ոճի զենք ու զրահի հավաքածու։
Բուխարու սրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվել է Ֆիլիպ Երկրորդի օրոք։ Կահույքը 16-րդ դարի է։ Պատերին կախված են Իսպանիայի թագավորներ Ֆիլիպ II-ի ու Ֆիլիպ III-ի դիմանկարները, 16-րդ դարի ֆլամանդական զարդապաստառներ Աստվածամոր նշանադրության թեմատիկայով և մեկ բացառիկ նկար, որում պատկերված են Ալկասարը նախքան նրա տանիքի վերակառուցումն ու հին եկեղեցին, որ գտնվել է Ալկասարի ներկայիս զբոսապուրակի տեղում։
Գահերի սրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուխարու սրահից Գահերի սրահ տանող մուտքը պահպանել է իր օրիգինալ զարդարանքը մավրիտանական ոճով։ Ութակողմ առաստաղը 1456 թվականի հրդեհից վնասված բնօրինակի կրկնությունն է։ Նրա ներքևում գտնվում է փորագրված արհեստական մարմարից լայն եզրազարդ, որը պահպանվել է չնայած հրդեհին։
Կաթոլիկ թագավորների զինանշանները կրող շքեղ հովանիների ներքո գտնվող գահերը պատրաստվել են 20-րդ դարի սկզբին, երբ Ալֆոնսո XIII թագավորի ու Վիկտորյա Եվգենյա թագուհու համար, ովքեր ամրոց էին այցելել 1808 թվականի մայիսի 2-ին տեղի ունեցած Մադրիդի ապստամբության հարյուրամյակի առթիվ։
Գահերի սրահի պատերին Կաթոլիկ թագավորների դիմանկարներ են, որոնք Իզաբելա II թագուհու կողմից պատվիրված թագավորների դիմանկարների շարքի մասն են։ Իզաբելա թագուհու դիմանկարն ստեղծել է նկարիչ Մադրասոն, իսկ Ֆերդինանդ Արագոնցունը՝ նկարիչ Մոնտանեսը։
Գալերայի սրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սրահն այդպես է կոչվել իր առաստաղի պատճառով, որ պատրաստված է զարդարուն փայտից։ Այն ունի շրջված նավի կորպուսի տեսք։ Սրահը կառուցվել է 1412 թվականին ռեգենտ Կատալինա Լանկաստերցու հրամանով, երբ նա իշխում էր իր անչափահաս որդու՝ Խուան II թագավորի փոխարեն։
[Պատի եզրազարդը պատրաստված է փորագրված փայտից մավրիտանական մուդեխար ոճով։ Նրա վրա կան երկու շարք գրություններ, որոնցից մեկը աղոթք է, մյուսը՝ տվյալներ սրահի կառուցման վերաբերյալ։
Պատուհաններին կան երկու ապակենկարներ, որոնցից մեկում պատկերված է Էնրիկե II-ը Պեդրո I-ի ու Խուան I-ի մահվան տեսարաններով, իսկ մյուսում՝ Էնրիկե III-ն ու իր ընտանիքը։
Պատերից մեկին կախված նկարում պատկերված Իզաբելա Կաթոլիկ թագուհու թագադրումը, երբ նա Սեգովիայի Մայոր հրապարակում հռչակվել է Կաստիլիայի ու Լեոնի թագուհի։
Կոների սրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սրահն այդպես է կոչվել իր առաստաղի պատճառով, որ զարդարված է 392 արհեստական կոներով։ Պատերի եզրազարդը, որ ունի գոթիկայի ու մուդախերի տարրեր, ստեղծվել է 1452 թվականին։ Պատերը ծածկված են կամկայով (հին մետաքսե գունազարդ գործվածք) և զարդարված են ֆլամանդական երկու զարդապաստառներով, որոնք ստեղծվել են 15-րդ և 16-րդ դարերում։ Կահույքի մեջ աչքի է ընկնում 17-րդ դարի գրասեղանը։
Թագավորական սրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարում այս սրահը եղել է Ալկասարի ամենակարևոր սրահը։ Պատերի եզրազարդերում ներկայացված են Աստուրիայի, Լեոնի ու Կաստիլիայի թագավորները՝ սկսած առասպելական Պելայոյից։ Թագավորների հերթականությունը տրված է Ֆիլիպ II-ի ժամանակ ընդունված համակարգի համաձայն։
Սրահի պատերը զարդարում են նկարիչ Ե. Վեխարանոյի «Կադիսի գրավումը» նկարն ու Ֆիլիպ II-ի, Աննա Ավստրիացու (Ֆիլիպ II-ի կինը) և Իզաբելա Բուրբոնի (Ֆիլիպ IV-ի կինը) դիմանկարները։
Զենքի սրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զենքի սրահը գտնվում է պահակային աշտարակի ներքևում։ Այնտեղ պահպանվում են տարբեր դարաշրջանների զենքեր, որոնց շարքում առանձնանում է դրվագազարդ արբալետը, որը շատ նման այն արբալետին, որ Լուկաս Կրանախ Ավագի նկարում պատկերված է Կառլ V-ի ձեռքում։
Փոքր դռան հետևում գտնվում են ոչ մեծ սենյակ, որտեղ պահվում է դրամահատման գործիք և արժեքավոր իրերի պահպանման համար նախատեսված երկու սնդուկներ։
Մատուռ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալկասարի մատուռում Իսպանիայի Ֆիլիպ II թագավորը պսակադրվել է Աննա Ավստրիացու հետ։ ՄԱտուռի պատերին պահպանվել է Բարտոլոմե Կարդուչոյի՝ 1600 թվականին ստեղծված «Մոգերի երկրպագությունը» նկարը, որը հաջողվել է փրկել 1862 թվականին տեղի ունեցած հրդեհի ժամանակ։
Կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Միստր Արկադին» (1955, ռեժիսոր՝ Օրսոն Ուելս)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Գահերի դահլիճ. կաթոլիկ թագավորների գահեր
-
Թիանավի սրահի առաստաղը
-
Կոների սրահի առաստաղը
-
Թագավորների նկարներով ֆրիզ Թագավորական սրահում
-
Զենքի սրահի ինտերիերը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.google.com/maps/dir/40.8986456,-4.0079781/alcazar+de+segovia/@40.935697,-4.1399622,12z/data=!3m1!4b1!4m9!4m8!1m1!4e1!1m5!1m1!1s0xd413ec76553c59f:0x302ba003ff03db33!2m2!1d-4.1325378!2d40.9525725
- ↑ 2,0 2,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ https://whc.unesco.org/es/list/311
- ↑ http://www.xn--espaaescultura-tnb.es/es/artistas_creadores/juan_de_herrera.html
- ↑ Մուդեխար
- ↑ https://www.alcazardesegovia.com/decreto-de-constitucion-del-patronato-1951
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 https://www.alcazardesegovia.com/wp-content/uploads/2015/12/1994-asedios-y-asaltos-al-alcazar.pdf
- ↑ Meade, Martin (1980), «Gazetteer & Reference: Spain & Portugal», Castles: A History and Guide, Blandford Press, էջ 171, ISBN 0-7137-1100-0
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Н. Н. Непомнящий, А. Ю. Низовский. Испания, которую мы не знали. Исторический путеводитель. М, 2007, стр. 94.
- Haliczer, Stephen (1976 թ․ դեկտեմբեր), «Political Opposition and Collective Violence in Segovia, 1475–1520», The Journal of Modern History, 48 (4): 1–35, doi:10.1086/241530, JSTOR 1877303
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Սեգովիայի ալկասար. տեղեկություններ և լուսանկարներ (անգլ.)
- Entry in Great Buildings website - Alcázar of Segovia.
- Alcázar of Segovia photos and history Արխիվացված 2014-08-02 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեգովիայի ալկասար» հոդվածին։ |
|