Սեգովիայի ալկասար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Սեգովիայի ալկասար
իսպ.՝ Alcázar de Segovia
Panorámica Otoño Alcázar de Segovia.jpg
ՏեսակԱլկասար[1]
Վարչական միավորՍեգովիա[2]
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա[2]
Համալիրի մասOld Town of Segovia and its Aqueduct?[3]
Կառուցված9-րդ դար
Ճարտարապետական ոճHerrerian?, Mudéjar architecture?[4] և Գոթական ճարտարապետություն
Կայքalcazardesegovia.com
Կոորդինատներ: 40°57′9.000000100002″ հս․ լ. 4°7′58.000000100081″ ամ. ե. / 40.95250000002777568° հս․. լ. 4.13277777780557809° ավ. ե. / 40.95250000002777568; 4.13277777780557809
Alcázar of Segovia Վիքիպահեստում

Սեգովիայի ալկասար (իսպ.՝ Alcázar de Segovia), դղյակ և ամրոց Իսպանիայի Կաստիլիա և Լեոն պրովինցիայի Սեգովիա քաղաքի պատմական թաղամասում: Տեղակայված է ժայռի վրա, որ գտնվում է Էրեսմա և Կլամորես գետերի միախառնման վայրում՝ Գուադարամա լեռան (Կենտրոնական Կորդիլերների մի մասը) մոտ: Ալկասարը նախապես կառուցվել է որպես ամրոց, սակայն հետագայում եղել է թագավորական պալատ, պետական բանտ, թագավորական հրետանային ակադեմիա:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեգովիայի ալկասարը, ինչպես և մյուս ալկասարները, եղել է արաբական ամրոց: Ալկասարի մասին առաջին հիշատակությունը հանդիպում է 1120 թվականին (այդ ժամանակ արդեն 32 տարի էր, ինչ կաթոլիկները Սեգովիայից վտարել էին մավրերին), սակայն 20-րդ դարի վերջին անցկացված հնագիտական պեղումները ցույց են տվել, որ Ալկասարի տեղում ռազմական ամրաշինություն գոյություն է ունեցել դեռևս ուշ հռոմեական դարաշրջանում: Այդ մասին է վկայում նաև Սեգովիայի ջրանցույցը, որ կառուցվել է հռոմեացիների կողմից: Ամրոցի նախնական անունը հայտնի չէ. 1122 թվականի մի փաստաթղթում այն նշված է որպես «ամրոց բլրի վրա՝ Էրեսմայի մոտ»: Սակայն արդեն 1155 թվականին այն արդեն հիշատակվում է որպես Ալկասար: Այդ ժամանակաշրջանին են վերաբերում ներկայում պահպանված պատկերասրահը հյուսիսային կողմում և Մեծ սրահը, որի երկու կողմերում գտնվում են թագավորական հարկաբաժինները, որ զարդարված են իսպանա-մավրիտանական ոճով:

Հայտնի չէ, թե ինչ տեսք է ունեցել Ալկասարը մինչ Ալֆոնսո VIII-ի թագավորության տարիները, սակայն պատմական աղբյուրներում նշված է, որ այդտեղ եղել է փայտե փոքր ամրոց: Ալֆոնսո VIII-ն ու նրա կինը՝ Էլեոնորա Անգլիացին, այդ ամրոցը դարձրել են իրենց պաշտոնական նստավայրը: Դրանից հետո փայտե ամրոցի տեղում սկսել է քարե ամրոցի շինարարությունը:

Միջնադարում Սեգովիայի ալկասարը ծառայել է որպես Կաստիլիայի թագավորների ամենասիրելի նստավայրերից մեկը և թագավորության գլխավոր պաշտպանական կառույցներից մեկը: 1474 թվականին Սեգովիայի ալկասարը կարևոր նշանակություն է ունեցել Իզաբելա I Կաթոլիկի գահակալման ու Իսպանիայի հետագա ճակատագրի կանխորոշման գործում: Դեկտեմբերի 12-ին Սեգովիա է հասնում Էնրիկե IV թագավորի մահվան լուրը, և Իզաբելան փակվում է ամրոցում: Ստանալով քաղաքի ղեկավարության օգնությունը՝ նա Ալկասարում անմիջապես թագադրվում է որպես Կաստիլիայի ու Լեոնի թագուհի: Հենց Ալկասարում է Իզաբելան ամուսնացել Արագոնի թագավոր Ֆերդինանդ II-ի հետ:

Alcazar05 5-4-04.JPG

Ֆիլիպ II-ն Ալկասարում պսակադրվել է իր չորրորդ կնոջ՝ Աննա Ավստրիացու հետ: Այդ ժամանակ Ալկասարը վերակառուցվել է: Ֆիլիպ II-ը հրամայել է ամրոցի աշտարակները ծածկել գրաքարային թերթաքարից պատրաստված կոնաձև տանիքներով: Արդյունքում Ալկասարը նմանվել է Կենտրոնական Եվրոպայի ամրոցներին: Սակայն շուտով արքունիքը տեղափոխվել է Մադրիդ, և Սեգովիայի ալկասարը հետագա երկու դարերի ընթացքում ծառայել է որպես պետական բանտ:

Միայն 1762 թվականին Կառլ III թագավորը այնտեղ բացեց Թագավորական հրետանային դպրոց, որ Ալկասարում գործել է գրեթե հարյուր տարի: 1862 թվականին ամրոցում տեղի է ունեցել մեծ հրդեհ[5], որի հետևանքով ավերվել է տանիքն ու վնասվել է ինտերիերը: Ալկասարի վերակառուցումն սկսել է 1882 թվականին: 1896 թվականին, երբ ավարտվել են վերակառուցողական աշխատանքները, Ալֆոնսո XIII-րդ թագավորն ու Մարիա Քրիստինա թագուհին այն հանձնել են Ռազմական նախարարությանը, որն այն պիտի օգտագործեր բացառապես որպես Հրետանային կորպուս: 1898 թվականին ամրոցի վերին հարկերը տրվում են Ռազմական գլխավոր արխիվին, որն այնտեղ տեղակայված է մինչ օրս: 1951 թվականին շինության պահպանության նպատակով կազմավորվում է Ալկասարի պատրոնատը, իսկ 1953 թվականին Ալկասարը վերածվում է թանգարանի:

Ներկա վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայում Սեգովիայի ալկասարն Իսպանիայի ամենապահանջված զբոսաշրջային վայրերից մեկն է և Սեգովիայի երեք գլխավոր տեսարժան վայրերից մեկը (ջրանցույցի և եկեղեցու հետ միասին): Ամրոցում գործում է թանգարան, որտեղ ցուցադրվում է ամրոց կահույքը, ինտերիերը, զենքերի հավաքածուն, իսկ Թագավորական սրահում հավաքված են Կաստիլիայի բոլոր թագավորների նկարները՝ սկսած առասպելական Պելայոյից մինչև Ֆիլիպ II (որի օրոք արքունիքը տեղափոխվել է Մադրիդ):

Ներկայում Ալկասարում այցելությունների համար բաց են 11 սրահներ և ամենաբարձր աշտարակը՝ Խուան Երկրորդի աշտարակը:

Հին պալատի սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրահը, որ հայտնի է նաև որպես Վենետիկյան ապակենկարների սրահ, կառուցվել է Ալֆոնսո VIII-ի իշխանության տարիներին: Սրահում պահպանվել են կրկնակի լուսամուտախորշերը, որտեղից լույսը թափանցում է ներս, քանի որ պատը, որի վրա դրանք տեղակայված են, հին պալատինն է: Մավրիտանական ոճով կառուցված գետնախարիսխները, որ գտնվում են պատուհանների միջև, բերվել են 13-րդ դարում հարևան Լաս Կանոնիգաս շրջանում կառուցված մի տնից: Սրահում պահվում է 15-րդ դարի գերմանական ոճի զենք ու զրահի հավաքածու:

Բուխարու սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուխարու սրահ

Կառուցվել է Ֆիլիպ Երկրորդի օրոք: Կահույքը 16-րդ դարի է: Պատերին կախված են Իսպանիայի թագավորներ Ֆիլիպ II-ի ու Ֆիլիպ III-ի դիմանկարները, 16-րդ դարի ֆլամանդական զարդապաստառներ Աստվածամոր նշանադրության թեմատիկայով և մեկ բացառիկ նկար, որում պատկերված են Ալկասարը նախքան նրա տանիքի վերակառուցումն ու հին եկեղեցին, որ գտնվել է Ալկասարի ներկայիս զբոսապուրակի տեղում:

Գահերի սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուխարու սրահից Գահերի սրահ տանող մուտքը պահպանել է իր օրիգինալ զարդարանքը մավրիտանական ոճով: Ութակողմ առաստաղը 1456 թվականի հրդեհից վնասված բնօրինակի կրկնությունն է: Նրա ներքևում գտնվում է փորագրված արհեստական մարմարից լայն եզրազարդ, որը պահպանվել է չնայած հրդեհին:

Կաթոլիկ թագավորների զինանշանները կրող շքեղ հովանիների ներքո գտնվող գահերը պատրաստվել են 20-րդ դարի սկզբին, երբ Ալֆոնսո XIII թագավորի ու Վիկտորյա Եվգենյա թագուհու համար, ովքեր ամրոց էին այցելել 1808 թվականի մայիսի 2-ին տեղի ունեցած Մադրիդի ապստամբության հարյուրամյակի առթիվ:

Գահերի սրահի պատերին Կաթոլիկ թագավորների դիմանկարներ են, որոնք Իզաբելա II թագուհու կողմից պատվիրված թագավորների դիմանկարների շարքի մասն են: Իզաբելա թագուհու դիմանկարն ստեղծել է նկարիչ Մադրասոն, իսկ Ֆերդինանդ Արագոնցունը՝ նկարիչ Մոնտանեսը:

Գալերայի սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրահն այդպես է կոչվել իր առաստաղի պատճառով, որ պատրաստված է զարդարուն փայտից: Այն ունի շրջված նավի կորպուսի տեսք: Սրահը կառուցվել է 1412 թվականին ռեգենտ Կատալինա Լանկաստերցու հրամանով, երբ նա իշխում էր իր անչափահաս որդու՝ Խուան II թագավորի փոխարեն:

[Պատի եզրազարդը պատրաստված է փորագրված փայտից մավրիտանական մուդեխար ոճով: Նրա վրա կան երկու շարք գրություններ, որոնցից մեկը աղոթք է, մյուսը՝ տվյալներ սրահի կառուցման վերաբերյալ:

Պատուհաններին կան երկու ապակենկարներ, որոնցից մեկում պատկերված է Էնրիկե II-ը Պեդրո I-ի ու Խուան I-ի մահվան տեսարաններով, իսկ մյուսում՝ Էնրիկե III-ն ու իր ընտանիքը:

Պատերից մեկին կախված նկարում պատկերված Իզաբելա Կաթոլիկ թագուհու թագադրումը, երբ նա Սեգովիայի Մայոր հրապարակում հռչակվել է Կաստիլիայի ու Լեոնի թագուհի:

Կոների սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրահն այդպես է կոչվել իր առաստաղի պատճառով, որ զարդարված է 392 արհեստական կոներով: Պատերի եզրազարդը, որ ունի գոթիկայի ու մուդախերի տարրեր, ստեղծվել է 1452 թվականին: Պատերը ծածկված են կամկայով (հին մետաքսե գունազարդ գործվածք) և զարդարված են ֆլամանդական երկու զարդապաստառներով, որոնք ստեղծվել են 15-րդ և 16-րդ դարերում: Կահույքի մեջ աչքի է ընկնում 17-րդ դարի գրասեղանը:

Թագավորական սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարում այս սրահը եղել է Ալկասարի ամենակարևոր սրահը: Պատերի եզրազարդերում ներկայացված են Աստուրիայի, Լեոնի ու Կաստիլիայի թագավորները՝ սկսած առասպելական Պելայոյից: Թագավորների հերթականությունը տրված է Ֆիլիպ II-ի ժամանակ ընդունված համակարգի համաձայն:

Սրահի պատերը զարդարում են նկարիչ Ե. Վեխարանոյի «Կադիսի գրավումը» նկարն ու Ֆիլիպ II-ի, Աննա Ավստրիացու (Ֆիլիպ II-ի կինը) և Իզաբելա Բուրբոնի (Ֆիլիպ IV-ի կինը) դիմանկարները:

Զենքի սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենքի սրահը գտնվում է պահակային աշտարակի ներքևում: Այնտեղ պահպանվում են տարբեր դարաշրջանների զենքեր, որոնց շարքում առանձնանում է դրվագազարդ արբալետը, որը շատ նման այն արբալետին, որ Լուկաս Կրանախ Ավագի նկարում պատկերված է Կառլ V-ի ձեռքում:

Փոքր դռան հետևում գտնվում են ոչ մեծ սենյակ, որտեղ պահվում է դրամահատման գործիք և արժեքավոր իրերի պահպանման համար նախատեսված երկու սնդուկներ:

Մատուռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալկասարի մատուռում Իսպանիայի Ֆիլիպ II թագավորը պսակադրվել է Աննա Ավստրիացու հետ: ՄԱտուռի պատերին պահպանվել է Բարտոլոմե Կարդուչոյի՝ 1600 թվականին ստեղծված «Մոգերի երկրպագությունը» նկարը, որը հաջողվել է փրկել 1862 թվականին տեղի ունեցած հրդեհի ժամանակ:

Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սեգովիայի ալկասար — 1200.
  2. 2,0 2,1 Monuments database — 2017.
  3. https://whc.unesco.org/es/list/311
  4. Մուդեխար
  5. Meade, Martin (1980), «Gazetteer & Reference: Spain & Portugal», Castles: A History and Guide, Blandford Press, pp. 171, ISBN 0-7137-1100-0 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Н. Н. Непомнящий, А. Ю. Низовский. Испания, которую мы не знали. Исторический путеводитель. М, 2007, стр. 94.
  • Haliczer, Stephen (December 1976), «Political Opposition and Collective Violence in Segovia, 1475–1520», The Journal of Modern History 48 (4): 1–35, doi:10.1086/241530 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]