Jump to content

Ջրագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջրագրություն Հայկական լեռնաշխարհը ջրային պաշարներով շատ հարուստ չէ. սակայն այն ինքնատիպ ջրագրական հանգույց է, որտեղից սկիզբ են առնում Առաջավոր Ասիայի չորս խոշոր գետերը՝ Եփրատը, Տիգրիսը, Արաքսը (Հայոց մայր գետը), Ճորոխը, որոնք ավանդաբար համարվում են դրախտի գետեր։ Ստորին հոսանքում, լեռնաշխարհի սահմաններից դուրս, Եփրատը միանում է Տիգրիսին, կազմավորում Շատ ալ-Արաբ գետը և թափվում Պարսից ծոց։ Հնում հայերն ինքնաշեն նավերով ապրանքները Եփրատով փոխադրել և վաճառել են Բաբելոնում։ Ամեն տարի Հայկական լեռնաշխարհի տարածքից գետերի միջոցով դեպի Համաշխարհային օվկիանոս է տեղափոխվում մոտ 90 կմ³ ջուր, լվացվում-հեռացվում է մոտ 80 միլիոն։ Հայկական լեռնաշխարհը ջրաբաշխ է. այստեղ սկիզբ առնող գետերը, խոր կիրճերով ճեղքելով եզրային լեռնաշղթաների օղակը, դուրս են գալիս շրջակա հարթավայրեր, թափվում Սև (ջրհավաք ավազանը՝ 53 հազար կմ²), Կասպից (128 հազար կմ²) ծովերը, Պարսից ծոցը (135 հազար կմ²) և ներքին ջրային ավազաններ (58,8 հազար կմ²)։

Հայկական լեռնաշխարհի գետային ցանցի երկարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական լեռնաշխարհի գետային ցանցի ընդհանուր երկարությունը 180 հազար կմ է (ցանցի խտության գործակիցը՝ 0,5 կմ/կմ²)։

Լեռնաշխարհի գետերը սնվում են հիմնականում հալոցքային, ստորերկրյա և անձրևային։ Սառցադաշտային սնումը գետերի ընդհանուր հոսքի 1%-ից էլ պակաս է։ Գետերը հիմնականում վարարում են գարնանը, մասամբ՝ աշնանը, նվազագույն մակարդակները դիտվում են հուլիս-օգոստոսին և ձմռանը։ Միջնաշխարհում, բարձրլեռնային զանգվածներում, գերակշռում է հալոցքային, իսկ ցածրադիր գոգավորություններում՝ անձրևաջրային սնումը։

Գետերի ջրհավաք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական հրաբխային բարձրավանդակի տարածքով հոսող գետերի ջրհավաք ավազաններում լայն տարածում ունեն խիստ ծակոտկեն և ճեղքավորված ջրաթափանց ապարները, իսկ բարձրլեռնային շրջաններում՝ քարակարկառները, որոնք գետերի սնման համար կատարում են կարգավորիչ դեր՝ ջուրը ներծծվում, կուտակվում է հրաբխային ապարների մեջ և նպաստում ստորերկրյա սնմանը։

Հայկական լեռնաշխարհի գետերին հատուկ են նաև մակարդակների անսպասելի տատանումները, հզոր արտաբերման կոները, մեծ արագությունը (որի պատճառով չեն սառցակալում, բայց սղինատար են), սահանքների և ջրվեժների առկայությունը (օրինակ՝ Եփրատը, ճեղքելով Հայկական Տավրոսը, գոյացնում է ավելի քան 300 սահանք ու ջրվեժ

Հայկական լեռնաշխարհի ջրագրական առանձնահատկություններից է տարբեր ծագման (տեկտոնական, տեկտոնահրաբխային, հրաբխային, սառցադաշտային) լճերի առատությունը։

Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճերի՝ Սևանի, Վանի, Ուրմիայի գոգավորություններն ունեն տեկտոնական ծագում, իսկ Սևանը և Վանը նաև լավային արգելափակման արգասիք են։ Տեկտոնահրաբխային լճերից նշանավոր է Ծովակը (Չըլդր)։

Սառցադաշտային ծագման լճեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան սառցադաշտային ծագման լճեր՝ տեղադրված կրկեսներում կամ մորենների միջև. Քարի լիճը՝ Արագածի վրա, Ակնա լիճը՝ Գեղամա լեռնավահանում, Սև լիճը՝ Իշխանասարի վրա, Ղազանի (Գազանա) լիճը՝ Զանգեզուրի լեռնաշղթայի վրա, բազմաթիվ մանր լճեր՝ Բյուրականի բարձրավանդակում։ Սողանքներից և փլուզումներից առաջացել են արգելափակման լճեր (Պարզ, Գոշ)։ Մեծ տարածում ունի նաև լճերի խառնարանային տիպը, ամենամեծը Նեմրութի լիճն է (9 կմ²), ապա Աժդահակը և Արմաղանը՝ անթրոպոգենի հրաբուխների կատարներին, Փարվանան, Խանչալին և այլն։

Ջրագրական ցանց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի տարածքն աչքի է ընկնում անհամաչափ ջրագրական ցանցով, որը բնորոշ է լեռնային երկրներին։ Գետերը Հարավային Կովկասի խոշոր գետերի՝ Կուրի և Արաքսի վտակներն են։ Այդ գետերի ջրհավաք ավազանների ջրբաժան գիծը Հայաստանի տարածքը բաժանում է երկու անհավասար մասերի՝ Արաքսի՝ 22,56 հազար կմ² (տարածքի 76 %-ը) և Կուրի՝ 7,2 հազար կմ² (24 %) ավազանների միջև։ Հայաստանում հաշվվում է 9479 գետ ու գետակ՝ 23 հազար կմ ընդհանուր երկարությամբ. նրանցից 379-ը ունեն 100 կմ երկարություն, իսկ 6-ը՝ Ախուրյանը, Դեբեդը, Որոտանը, Հրազդանը, Աղստևը, Արփան, 100 կմց ավելի։ Գետային ցանցի միջին խտությունը 0,8 կմ/կմ² է, առանձին վայրերում՝ 2,5 կմ/կմ²։ Գետերը հիմնականում սկիգբ են առնում բարձր լեռներից, որի պատճառով էլ ունեն մեծ անկում, բուռն ընթացք, բնականաբար նաև մեծ ջրաէներգետիկ պաշաղներ, թույլ կամ միջին հանքայնացում։

Գետերի հոսքի ձևավորման տեսակետից առավել կարևոր է օդի ջերմաստիճանի փոփոխման բնութագիրը՝ ըստ տեղանքի բարձրության, քանի որ դրա հետ են կապված տեղումների բնույթը, ընդհանուր քանակը և, հետևապես, հոսքի այս կամ այն սնման աղբյուրի մեծությունը։ Հոսքի ձևավորման գործում մեծ է անտառի դերը, մինչդեռ հանրապետությունում այն կազմում է տարածքի ընդամենը 11,2 %-ը։ Գետային ցանցի ձևավորման որոշիչ գործոն է ֆիզիկաաշխարհագրական պայմանների ագդեցությունը. այն Հայաստանի տարածքում ինքնատիպ է։ Առկա են տարբեր վերընթաց ջրհավաք գոտիներ, որոնք պայմանավորում են գետավազանների և գետահուների տարբեր թեքությունները, որից և կախված են հոսքի արագությունը, կորուստները, առավելագույն ելքը և այլն։

Հազարավոր տարիներ առաջ հայերը գտել են ջրի էներգիան օգտագործելու պարզունակ եղանակը՝ կառուցել են ջրաղացներ։ Հայկական լեռնաշխարհի գետերի էներգետիկ պաշաղները կազմում են 25-30 միիլիոն կՎտ, որի փոքր մասն է միայն ներկայումս օգտագործվում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։