Jump to content

Պրոկոպիոս Կեսարացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրոկոպիոս Կեսարացի
լատին․՝ Procopius Caesarensis
Դիմանկար
Ծնվել էոչ վաղ քան 490 և ոչ ուշ քան 507 կամ մոտ 500[1]
ԾննդավայրԿեսարիա, Palaestina Prima, Բյուզանդական կայսրություն[2]
Մահացել էմոտ 565[3] կամ ոչ վաղ քան 558
Մահվան վայրԿոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն
ՔաղաքացիությունԲյուզանդական կայսրություն
ԵրկերThe Buildings?, Գաղտնի պատմություն և History of the Wars?
Մասնագիտությունպատմաբան, փաստաբան և գրող
 Procopius Վիքիպահեստում

Պրոկոպիոս Կեսարացի (հունարեն՝ Προκόπιος ὁ Καισαρεύς, ծննդյան և մահվան ստույգ թվականները հայտնի չեն, 490 և 507 թվականների միջև - 562 թվականից հետո), 6-րդ դարի բյուզանդական պատմիչ, գրել է Հուստինիանոս I կայսեր կառավարման պատմությունը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոկոպիոս Կեսարացին ստացել է իր ժամանակի համար փայլուն կրթություն։ Նա հռետոր էր (այդպես էին կոչում նաև փաստաբաններին) և սոփեստ։ 527 թվականին Պրոկոպիոս Կեսարացին դարձավ Բելիսարիոս զորավարի քարտուղարն ու խորհրդականը, երբ վերջինս նշանակվել էր պարսկական Մծբին բերդի դիմաց գտնվող բյուզանդական Դարա ամրոցի կայազորի պետը, քիչ անց՝ նրա իրավական խորհրդատուն։ Պրոկոպիոսը գիտեր բազմաթիվ լեզուներ (բացի հունարենից նաև լատիներեն, ասորերեն, գոթերեն, պարսկերեն)։ Որպես Բելիսարիոսի խորհրդական նա մինչև 531 թվականը մասնակից դարձավ բյուզանդա-պարսկական պատերազմի բոլոր դրվագներին, եղավ Ասորիքում, Միջագետքում, Կապադովկիայում, Պաղեստինում և Արևելքի տարբեր շրջաններում։ Երբ 540 թվականին վերսկսվեց պարսկա-բյուզանդական պատերազմը և Բելիսարիոսը ուղարկվեց  Արևելք, Պրոկոպիոսը ևս նրա հետ գնաց։ Իսկ երբ նրանք Իտալիայում էին գտնվում, այնտեղ բռնկվեց Տոտիլայի կայսրության դեմ բարձրացած ապստամբությունը, որի ճնշումից հետո 552 թվականին Պրոկոպիոս Կեսարացին Բելիսարիոսի հետ վերադարձավ Կոստանդնուպոլիս և հեռանալով քաղաքական ասպարեզից, նվիրվեց անձնական կյանքին և գրական աշխատանքին։ Պրոկոպիոս Կեսարացին վախճանվեց մոտ 560 թվականին[4]։

Պրոկոպիոսն օգտվել է բանավոր և գրավոր բազմաթիվ աղբյուրներից, այդ թվում մեզ անհայտ հեղինակի «Հայոց պատմություն»-ից, բայց իր նկարագրած պատմական դեպքերի ժամանակակիցն է, ականատեսն ու մասնակիցն է։ Նա աղբյուրները քննադատաբար օգտագործող, շարադրվող իրադարձությունները վերլուծող և իր սեփական կարծիքը հայտնող հեղինակ է։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոկոպիոս Կեսարացու հայտնի աշխատությունների է «Պատերազմների մասին» աշխատությունը։ Աշխատության շարադրանքը սկսել է 543 և 545 թվականների միջև, երբ գտնվում էր Կոստանդնուպոլսում։ Այն լույս է ընծայվել 551 թվականին։ Այն գրված է ժամանակագրական ու աշխարհագրական սկզբունքով և բաղկացած է յոթ գրքից։ Առաջին երկու գրքերում պատմվում է Բյուզանդական կայսրության՝ պարսիկների դեմ մղած պատերազմների մասին Անաստասիոս կայսեր ժամանակներից մինչև 549 թվականը։ Երրորդ և չորրորդ գրքերում խոսվում է այն պատերազմների մասին, որ Հուստինիանոսը մղել է վանդալների դեմ մինչև 548 թվականը, իսկ հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ գրքերում՝ օստգոթերի դեմ Իտալիայում։ Պրոկոպիոսը 553 թվականին լույս է ընծայում երկի ութերորդ գիրքը, որ ի տարբերություն մնացած յոթի, շարադրված չէ աշխարհագրական սկզբունքով։ Այնտեղ տրված են 551-553 թվականների դեպքերը, որոնք տեղի ունեցան կայսրության տարածքում[4]։

Բովանդակությամբ տարբերվում է Պրոկոպիոս Կեսարացու մի այլ՝ «Կառուցումների մասին» աշխատությունը, որը գրել է 553 և 555 թվականների միջև, Հուստինիանոս կայսեր պատվերով։ Վեց գրքից բաղկացած այս գործը աշխարհագրական, տեղագրական, տնտեսական և պատմական տեղեկությունների մի անսպառ շտեմարան է։ Այս գրքում պատմվում է Հուստինիանոս կայսեր ժամանակ Բյուզանդիայում տեղի ունեցած քաղաքացիական, ռազմական, եկեղեցական և այլ կարգի շինարարության մասին։ Խոսվում է նաև Միջագետքում, Ասորիքում, Հայաստանում, Վրաստանում, Փոքր Ասիայում, Բալկաններում, Ղրիմում, Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցած շինարարության մասին[4]։

Երբ Վատիկանի գրադարանի գրադարանավար, ծագումով հույն Նիկողայոս Ալեմաննոսը հայտնաբերեց Կեսարացու մինչ այդ կորած համարվող «Անեկդոտա»-ի (հունարեն նշանակում է «չհրապարակված», «չհրատարակված»։ Հրատարակիչներն ու հետազոտողները այս գործը վերնագրել են «Գաղտնի պատմություն») ձեռագիրը և այն զուգահեռ լատիներեն թարգմանությամբ և ծանոթագրություններով հրատարակեց, գիտական աշխարհն իրար անցավ։ Գիտնականները չէին կարողանում հավատալ, որ Պրոկոպիոս Կեսարացին ի զորու է նման գրքի հեղինակ լինել, քանի որ այս գործում ծաղր ու ծանակի են ենթարկված Հուստինիանոս կայսերն ու նրա կին Թեոդորան, ինչպես նաև զորավար Բելիսարիոսը, որի մոտ տարիներ շարունակ Պրոկոպիոսը ծառայել էր։ Հուստինիանոսը այստեղ ամենաստոր, զազրելի, դաժան մի բռնակալ է, ավազակ, մարդասպան, նա «դևերի արքան» է։ Նրա թագավորության ողջ ընթացքը ժողովրդական զանգվածների համար մր մղձավանջ էր։ Այնուամենայնիվ, աշխատության մանրազնին ուսումնասիրությունը հետազոտողներին բերեց այն եզրակացության, որ այս գործը իսկապես պատկանում է Պրոկոպիոս Կեսարացու գրչին և գրվել է 550 թվականին[4]։

Կայսրության վիճակն այն ժամանակ անասելի վատ էր և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և թե՛ ռազմական տեսակետից։ Նա հուսախաբ և դառնացած գրի է առնում իր մտքերը Հուստինիանոսի և ընդհանրապես պետության մասին, նպատա!լ չունենալով հրապարակել դրանք։ Գոյություն ունեցող ռեժիմի պայմաններում նա չէր էլ կարող մտածել այդ գործը լույս աշխարհ հանելու մասին, այլ ուղում էր այն թողնել ապագա սերունդներին։ Նա «Գաղտնի պատմության» ներածության մեջ գրում Է, որ այն, ինչ գրված Է այնտեղ, հնարավոր չէր բացահայտել, արձանագրել իր նախորդ գործերում, որ նա իր մյուս գործերում բազմաթիվ փաստեր լռության է մատնել, վախենալով կայսեր հաշվեհարդարից։ Ամբողջ երկրով մեկ, գրում է նա, վխտում են լրտեսներր։ Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ նույնիսկ ազգականների և ամենամոտիկ բարեկամների վրա հույս դնել չի կարելի։ Չնայած այդ ամենին, Պրոկոպիոսը իր «Պատերազմների մասին» աշխատության մեջ միշտ չէ, որ փառաբանում է Հուստինիանոսին։ Նա իր բացասական վերաբերմունքը դեպի կայսրը մեծ վարպետությամբ արտահայտում է պատմության մեջ հանդես եկող Բյուզանդիայի թշնամիների բերանով։ Պրոկոպիոսը իր աշխատությունը շարադրելիս աշխատել Լ նմանվել իր խոշոր նախորդներին՝ Հերոդոտոսին և Թուկիդիդեսին՝ օգտագործելով նրանց ոճը և շարադրելու ձևը։ Պրոկոպիոսի աղբյուրները ծով են և բազմազան։ Խոսելով նրա աղբյուրների մասին, պետք է նախ և առաջ ընդգծել, որ նա իր նկարագրած իրողությունների մեծ մասի ականատեսն է։ Այդ մասին նա բազմիցս է հիշատակում։  «Պատերազմների մասին» աշխատության հենց սկզբում ցույց է տալիս, որ «նրա բոլորից լավ գիտենալու և այդ բոլորը գրի առնել կարողանալու միակ պատճառն այն է, որ դեպքերի բերմամբ ընտրվելով զորավար Բելիսարիոսի խորհրդականը, նա տեղի ունեցած բոլոր իրադարձությունների մասնակիցն էր»։ Բայց Պրոկոպիոսը չի բավարարվել իր տեսածով միայն և օգտվել է նաև ամենաբազմազան սկզբնաղբյուրներից[5]։

  • Իսկանյան Վ., Հայ-բյուզանդական հարաբերությունները IV-VIIդդ., Երևան, 1991 թ.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Большая российская энциклопедия. Электронная версия (ռուս.)Большая российская энциклопедия, 2016.
  2. https://www.britannica.com/biography/Procopius-Byzantine-historian
  3. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 Պրոկոպիոս, Կեսարացի (1987). Գաղտնի պատմություն. Երևան: Երևանի պետական համալսարան. էջեր 18–21.
  5. Պրոկոպիոս, Կեսարացի (1967). Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին. Երևան: ՀՍԱՀ ԳԱ. էջեր X–XII.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրոկոպիոս Կեսարացի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 440