Պանչատանտրա
Պանչատանտրա սանսկրիտ՝ पञ्चतन्त्र | |
---|---|
Հեղինակ | անհայտ |
Տեսակ | գրական ստեղծագործություն, հեքիաթների ժողովածու և պատմվածքների ժողովածու |
Ժանր | առակ |
Բնօրինակ լեզու | սանսկրիտ |
Ստեղծման տարեթիվ | մոտ մ. թ. ա. 300 |
Երկիր | անհայտ |
Հրատարակիչ | անհայտ |
Panchatantra Վիքիպահեստում |
«Պանչատանտրա» (սանսկրիտ՝ पञ्चतन्त्र, բառացիորեն՝ «Հինգ գիրք», «Հինգ ձեռնարկ» կամ «Հինգ ուղեցույց»), սանսկրիտ պատմողական արձակի հուշարձան։ Կազմվել է մոտավորապես III—IV դարերում, ունի վաղնջական բանահյուսական ակունքներ։ «Պանչատանտրայի» ամենավաղ պահպանված սանսկրիտ ձեռագիրը թվագրվում է XI դարով։ Հեղինակը, գրքի ստեղծման պատմությունը, նրա «բանահյուսականության» և «գրական մշակման» աստիճանը ցայժմ գիտական որոշակի լուծում չի ստացել։ Ավանդույթն իբրև հեղինակ հիշատակում է ոմն բրահման Վիշնուշարմանի (Վիշնու Շարման), ով ապրելիս է եղել V—VI դարերում, և ով ոմն ռաջայի ՝ պետությունը իմաստնորեն կառավարել սովորեցնելու խնդրանքով կազմել է այս ուսուցողական պատմություններով այլաբանական ժողովածուն[1]։ Այն հիմնված է վաղնջագույն բանավոր ավանդույթների վրա, ներառյալ «կենդանիների մասին առակները, որոնք այնքան հին են, որ ընդունակ ենք պատկերացնել», ինչպես նաև բուդդհիստական Ջատակա պատմվածքները[2][3]։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պանչատանտրան» բաժանվում է հինգ տանտրա-պատմությունների, որոնք միավորված են շուրջանակի կոմպոզիցիաներով։ Ընդ որում՝ յուրաքանչյուր տանտրա նմանապես բովանդակում է նրբերված բանաստեղծական պատմություններից (ինչը տեղիք է տվել որոշ հետազոտողների այն համարել նաև պոետական անթոլոգիա)։ «Պանչատանտրայի» մեջ հերոսները կենդանիներն են, որոնց հանրույթներն ու բարքերը մարդկայինի պատճենումն են։ Իբրև պատմողներ հանդես են գալիս շնագայլեր Կարատական և Դամանական։ Հինգ տանտրաները կրում են հետևյալ անվանումները՝
- «Ընկերության կորուստը» (բովանդակում է 22 պատմվածք), मित्रभेद (Mitra-bheda)
- «Ընկերների ձեռքբերումը» (7 պատմվածք). मित्रलाभ կամ मित्रसंप्राप्ति (Mitra-lābha կամ Mitra-samprāpti)
- «Պատմություն ագռավների և բվերի պատերազմի մասին» (17 պատմվածք). काकोलुकीयम् (Kākolūkīyam)
- «Ձեռքբերումների վախճանը» (12 պատմվածք). लब्धप्रणाश (Labdhapraṇāśam)
- «Անխոհեմ արարքները» (15 պատմվածք). अपरीक्षित कारक (Aparīkṣitakārakaṃ)
«Պանչատանտրայի» բովանդակությունը պատմողական ոճով կառավարչի առջև ծառացած բարդ իրավիճակների քննարկումն է։ Նպատակը ազնվազարմ տոհմերի երիտասարդ ներկայացուցիչներին լավ սանսկրիտ և դիվանագիտություն սովորեցնելն է[4]:
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյուժեների բանահյուսական բնույթը, պարզությունն ու զվարճալի ձևը ապահովել են «Պանչատանտրայի» բացառիկ լայն տարածվածությանը[5]: Ըստ այդմ «այն Հնդկաստանի ամենահաճախ թարգմանված ստեղծագործությունն է»[6]։
Գիտությանը հայտնի առաջին՝ (փահլևի) թարգմանությունն իրականացվել է 570 թվականին Իրանում՝ սասանյան Խոսրով Ա Անուշիրվան արքայի ցուցումով, բայց որը չի պահպանվել։ VIII դարի կեսերին կատարվել է արաբերեն թարգմանությունը՝ պարսիկ գրող Իբն-ալ-Մուքաֆֆայի կողմից: Այն վերնագրված է «Քալիլա և Դիմնա» (պարս.՝ کلیله و دمنه, արաբ․՝ كليلة و دمنة; պատմող կենդանիների անուններով):
932 թվականին պարսիկ բանաստեղծ Ռուդաքին արաբերենից պարսկերեն է թարգմանել «Քալիլա և Դիմնա»-ից հատվածներ բանաստեղծորեն, և այս անունով պոեմը հայտնի է դարձել Մերձավոր և Միջին Արևելքում։ 1762 թվականին «Քալիլա և Դիմնա»-ն ֆրանսերեն բնօրինակից թարգմանվել է ռուսերեն՝ «Հնդիկ փիլիսոփա Փիլփեյի քաղաքական և բարոյական առակները» վերնագրով[7]։
Բյուզանդիայում, իսկ ապա և սլավոնական երկրներում «Պանչատանտրան» հայտնի է Սիմեոն Սիփայի թարգմանությամբ (1081), որտեղ կենդանիները հայտնի են Ստեֆանիտ և Իխնիլատ անուներով։ XIII դարում հայտնվում են իսպանական անանուն թարգմանությունը, ռաբբի Իոէլի հրեական թարգմանությունը, Յոհան Կապուանացու լատիներեն թարգմանությունը, որն էլ հիմնականում ընկած է գերմաներեն (1265 թվականից ոչ վաղ), իսպաներեն և իտալերեն տարբերակի հիմքում։ Ընդհանուր առմամբ զանազան տարբերակներով և թարգմանություններով հաշվվում է ավելի քան 200 թարգմանություն՝ 60 լեզուներով։
19-րդ դարի կեսերից պատմությունների բանավոր տեղաշարժի հարցը դեպի Չինաստան, Հարավարևելյան Ասիայի երկրներ և Հին Հունաստան, դրանց կապը Եզոպոսի առակների, կենդանական էպոսների, կենդանիների մասին հեքիաթների հետ և պատմվածքի ժանրի ձևավորման վրա ունեցած ազդեցության մասին:
Պանչատանտրայի սյուժեների հետքերը (իսկ 17-րդ դարից ի վեր, երբ հայտնվեցին թարգմանությունները (պարսկերենից կամ արաբերենից) ժամանակակից եվրոպական լեզուներով և ուղղակի փոխառություններով, հայտնաբերվել են եվրոպական գրականության շատ դասականներում՝ Բոկաչիո, Չոսեր, Լա Ֆոնտեն, Գյոթե և այլն։
Պանչատանտրան նաև արաբական Հազար ու մի գիշեր ժողովածուի, Սինդբադի մի քանի պատմվածքների և արևմտյան շատ մանկական ոտանավորների և բալլադների հիմքն է[8]:
Ռեդյարդ Քիփլինգն իր «Ռիկի-Տիկի-Տավի» պատմվածքի մեջ վերցրել է մանգուստի և օձի պատմությունը «Պանչատանտրայի» 5-րդ գրքից[9]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թափառող սյուժե
- Արտհաշաստրա
- Հազար ու մի գիշեր
- Ասքերի օվկիանոս
- Վեպ աղվեսի մասին
- Ստեֆանիտ և Իխնիլատ
- Հիտոպադեշա
- Շուկասապտատի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Jacobs 1888 , Introduction, page xv; Ryder 1925 , Translator's introduction, quoting Hertel: "that the original work was composed in Kashmir, about 200 B.C. At this date, however, many of the individual stories were already ancient."
- ↑ Doris Lessing, Problems, Myths and Stories Արխիվացված 2016-05-09 Wayback Machine, London: Institute for Cultural Research Monograph Series No. 36, 1999, p 13
- ↑ Jataka tales#cite note-7
- ↑ Р. Шор Панчатантра // Литературная энциклопедия: В 11 т. — [М.], 1929—1939. Т. 8. — 1934 — Стб. 437—438.
- ↑ Edgerton 1924, էջ. 3 . "reacht" and "workt" have been changed to conventional spelling.
- ↑ Introduction, Olivelle 2006 , quoting Edgerton 1924 .
- ↑ Калила и Димна // Казахстан. Национальная энциклопедия. — Алматы: Қазақ энциклопедиясы, 2005. — Т. III. — ISBN 9965-9746-4-0Կաղապար:Свободно
- ↑ Vijay Bedekar, History of the Migration of Panchatantra Արխիվացված 20 Օգոստոս 2012 Wayback Machine, Institute for Oriental Study, Thane
- ↑ Jan Montefiore In Time's Eye: Essays on Rudyard Kipling. — Manchester University Press, 2016. — С. 132–134. — 320 с. — ISBN 9781526111296
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանչատանտրա» հոդվածին։ |
|