Ռուդաքի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուդաքի
Rudakii.jpg
Ծնվել է860[1]
ԾննդավայրRudaki, Tajikistan, Տաջիկստան
Վախճանվել է941[1]
Վախճանի վայրRudaki, Tajikistan, Սամանյանների դինաստիա, Սամանիների պետություն
Մասնագիտությունբանաստեղծ, երաժիշտ և գրող
Լեզուպարսկերեն և տաջիկերեն
ՔաղաքացիությունՍամանյանների դինաստիա
Ռուդաքի Վիքիքաղվածքում
Rudaki Վիքիպահեստում

Ռուդաքի (ամբողջական անուն՝ պարս․՝ ابو عبدالله جعفر ابن محمد رودکی, տաջ.՝ Абуабдуллоҳ Ҷаъфар ибни Муҳаммад Рӯдакӣ՝ Աբու Աբդալլահ Ջաֆար իբն Մոհամմադ Ռուդաքի 860[1], Rudaki, Tajikistan, Տաջիկստան - 941[1], Rudaki, Tajikistan, Սամանյանների դինաստիա, Սամանիների պետություն), հայտնի բանաստեղծ, երաժիշտ և երգիչ։ Ստացել է լավ կրթություն. տիրապետել է արաբերենին, հրաշալի գիտեր Ղուրանը։ Ավելի քան 40 տարի գլխավորել է Բուխարայի Սամանիների արքունիքին կից բանաստեղծների խումբը. արժանացել է մեծ փառքի և հարստության։ Ըստ ավանդության՝ ի ծնե կույր է եղել, սակայն ենթադրվում է, որ կրոնական-աղանդավորական հայացքների համար կյանքի վերջին տարիներին կուրացրել են և հեռացրել պալատից։

Ռուդաքիի գրական հսկայական ժառանգությունից (130 հզ. բանաստեղծություն) պահպանվել են 1000 բեյթ (երկտող բանաստեղծություն), 2 քասիդ (բանաստեղծության տեսակ արևելյան պոեզիայում)՝ «Գինու մայրը» (933 թվական) և ինքնակենսագրական՝ «Ծերունական կասիդա», 2 մարսիա (եղերերգ), առանձին բեյթեր՝ «Սինդիբադնամե» ու «Արեգակի շրջապտույտը» բանաստեղծություններից, «Քալիլա և Դիմնա» առակագրքից (932 թվականին թարգմանել է արաբերենից)։

Արաբական գերիշխանության դեմ մղված պայքարում կարևորել է ազգային լեզվի՝ պարսկերենի նշանակությունը. Ռուդաքին առաջինն է գրել ժողովրդին հասկանալի լեզվով։ Նրա ստեղծագործությունները շաղախված են ժողովրդական բառ ու բանով և հագեցած կենսափիլիսոփայական ընդհանրացումներով։ Ռուդաքին երգել է բնությունը, սիրած էակի գեղեցկությունը, սիրո վեհությունը, գինու զվարթացնող ուժը։ Խոհափիլիսոփայական բեյթերում և քասիդներում անդրադարձել է աշխարհի ունայնությանը, արժևորել գիտելիքը, խրախուսել բարեգործությունը։

Aquote1.png

Լա՜վ իմացիր, այս աշխարհում
հյուր ես միա՜յն աննպատակ,
Չարժե բնավ, որ աշխարհին
ամուր կապես քո սիրտը տաք։

Aquote2.png


Ռուդաքին, լինելով արքունական բանաստեղծ, գովերգել է ավատատիրական իրականությունն ու իշխանավորներին, թեպետ համարձակորեն քննադատել է նաև կյանքի անարդարությունները, կոչ է արել առողջ բանականության ու գիտության միջոցով հաղթահարել չարիքի բուն պատճառները՝ ագահությունը և շահամոլությունը։ Ռուդաքիի ստեղծագործության մեջ են առաջին անգամ հանդիպում մասնավի (պոեմ), կասիդա, կիտա (մենառիթմային բանաստեղծություն), ռուբաի (քառյակ) արևելյան, հատկապես արաբական և պարսկական բանաստեղծական ձևերը։ Բանաստեղծի լեզուն պարզ է, պատկերավոր ու երաժշտական. նրա ոճն անվանել են «ռուդաքիավար» (այլ կերպ՝ Խորասանի կամ Թուրքեստանի), որը պահպանվել է մինչև XII դարը։

Ռուդաքիի գործերից հայերեն թարգմանել են Վահագն Դավթյանը, Սերգեյ Ումառյանը, Միքայել Հարությունյանը, Շողիկ Սաֆյանը, Մկրտիչ Խերանյանը, Արամայիս Սահակյանը։

Ռուդաքիի ենթադրյալ գերեզմանի վրա կառուցվել է դամբարան։ Նրա անունով կոչվել են խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա, Դուշանբեի (Տաջիկստան) գլխավոր պողոտան, Սամարղանդում և Դուշամբեում կանգնեցվել են հուշարձանները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png