Շիրազ (պարս.՝ شیراز), քաղաք Իրանի տարածքում՝ Ռուդխանե Խոշք (ցամաքած գետ) սեզոնային գետի ափին։ Վարչականորեն գտնվում է Ֆարսի նահանգիՇիրազի գավառում, հանդիսանում է նաև համանուն շրջանի կենտրոնը։ Իրանի միլիոնանոց ինը քաղաքներից հինգերորդն է՝ 1,565,572 բնակչությամբ։ Քաղաքն ունի չափավոր կլիմա։ Ավելի քան հազար տարի տարածաշրջանի մշակութային, քաղաքական և առևտրաարդյունաբերական կենտրոն է։
Շիրազի առաջին անգամ հիշատակվել է էլամերենով՝ կավե սալիկների վրա (մ.թ.ա. 2000) որպես «Թիրազիշ»[4]։ Ժամանակակից քաղաքը հիմնադրվել է կամ վերականգնվել է Օմայանների օրոք՝ 693 թվականին, և բարգավաճել է իրանական երկու դինաստիաների՝ Սաֆարիների (861-1003) և Բուիների (934-1062) օրոք։ 13-րդ դարում Շիրազը դարձել է արվեստի և արհեստների առաջատար կենտրոն, իշխանության խրախուսման և պարսից գիտնականների և արվեստագետների ներկայության շնորհիվ։ Պարսից գրականության երկու հռչակավոր ներկայացուցիչներ՝ Հաֆեզը և Սաադին, ծնունդով եղել են Շիրազից, և այստեղ գտնվում են իրենց դամբարանները։ Սեֆյան Պարսկաստանի անկումից հետո Իրանում ստեղծվել էր երկիշխանություն և երկիրն ուներ երկու մայրաքաղաք՝ Մաշհադ (Աֆշարիներ, 1736-1796) և Շիրազ (Զանդեր, 1751-1794)։ Շիրազն ունեցել է հրեական և քրիստոնեական խոշոր համայնքներ[5]։ Շիրազ քաղաքի պատմական կենտրոնը (Բեյնոլ Հարամեյն) համաշխարհային նշանակության ճարտարապետական համալիր է[6]։
Շիրազը հայտնի է որպես բանաստեղծների, գրականություն, գինու (չնայած 1979 թվականից ի վեր Իրանը հանդիսանում է իսլամական հանրապետություն), այգիների և ծաղիկների քաղաք[7]։ Այստեղ է գտնվում հռչակավոր Էրամի այգին։ Այժմ քաղաքն ունի նաև նավթավերամշակման խոշորագույն գործարան, այստեղ է երկրի արևային առաջին էլեկտրակայանը[8], դրվել է քամու խոշոր տուրբին։ Շիրազը հանդիսանում է էլեկտրոնային էլեկտրոնային արդյունաբերության կարևորագույն կենտրոն՝ արտադրելով իրանական էլեկտրաէներգիայի 53 տոկոսը[9]։ Շիրազի արդյունաբերական ձեռնարկություններից են ցեմենտի, շաքարավազի, պարարտանյութերի, տեքստիլ արտադրանքի, փայտանյութի, մետաղագործության և գորգերի գործարաններն ու ֆաբրիկաները։
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 1 565 572 մարդ, որոնք կազմում էին 477 916 տնտեսություն։ Քաղաքը բնակչությամբ Ֆարս օսթանի ամենախոշոր[10] և Իրանի հինգերորդ ամենախոշոր (Թեհրանից, Մաշհադից, Սպահանից և Քարաջից հետո)[11] քաղաքն է։ Շիրազի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.