Յորքեր
Յորքեր | |
---|---|
անգլ.՝ House of York | |
Տեսակ | ազնվական տոհմ |
Մասն է | Պլանտագենետներ |
Երկիր | Անգլիա |
Տիտղոսներ | Յորքի դուքս, Անգլիայի թագավոր |
Հիմնադիր | Էդմունդ Լենգլի |
Հիմնում | 1385 թվական |
Ավարտ | 1499 թվական (արական գծով) |
Կրտսեր ճյուղեր | Թյուդորներ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յորքեր
Յորքեր, Յորքերի դինաստիա (անգլ.՝ House of York)՝ թագավորական դինաստիա, Պլանտագենետների ճյուղը, որն Անգլիայում իշխանության է եկել Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմի արդյունքում և կառավարել է 1461 թվականից մինչև 1485 թվականը (ընդմիջվել է 1470-1471 թվականներին)։ Յորքերի խորհրդանշանը սպիտակ վարդն էր։
Ծագում. Մորտիմերների գահի հանդեպ իրավունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տղամարդկանց գծով Յորքերը ծագում էին Էդուարդ III–ի՝ ողջ մնացած չորրորդ որդուց՝ Յորքի դուքս (այստեղից՝ անվանումը) Էդմունդ Լենգլիի, կանանց գծով՝ Էդուարդ III–ի՝ ողջ մնացած երկրորդ որդուց՝ Կլարենսի դուքս Լայոնել Անտվերպի հետնորդներից։ Քանի որ գահաժառանգության անգլիական կանոնները նախատեսում էին թագի անցումը կանանց գծով, Յորքերը պնդում էին, որ իրենց դինաստիական իրավունքներն ավելի շատ են, քան 1399 թվականից ի վեր պետական հեղաշրջման շնորհիվ կառավարող Լանքասթերներինը, որոնք ծագում էին Էդուարդ III–ի՝ երրորդ ողջ մնացած որդուց՝ Ջոն Գոնտից[1][2]։ Իսկապես, 1385 թվականից մինչև 1399 թվականը, Լայոնելի ժառանգներ Ռոջեր և Էդմունդ Մորտիմերները՝ Մարչի կոմսերը, անզավակ թագավոր Ռիչարդ II-ի ժառանգներն էին։ Ռիչարդ II-ի գահաժառանգ Էդմունդ Մորտիմերի օրոք Հենրի IV Լանքասթերը կալանքի տակ էր և ազատ է արձակվել միայն 1413 թվականին, թագավորի մահից հետո։
Էդմունդ Լենգլին (մահացել է 1402 թվականին) ունեցել է երկու որդի՝ Էդուարդը, Յորքի 2–րդ դուքսը, որն անզավակ էր, և Ռիչարդը՝ Քեմբրիջի կոմսը, ով ամուսնացած էր Աննա Մորտիմերի՝ Լայոնել Կլարենսի ծոռնուհու և Էդմունդ Մորտիմերի քրոջ հետ, և նրանից որդի ուներ՝ Ռիչարդին (ծնվել է 1411 թվականին)։ 1415 թվականի օգոստոսին Սաութհեմփթոնում, թագավոր Հենրի V-ի՝ Ֆրանսիա մեկնելուց առաջ, Քեմբրիջի կոմսը գլխավորեց թագավորի դեմ դավադրությունը՝ նպատակ ունենալով գահ բարձրացնել իր կնոջ եղբորը՝ Մարչի կոմսին։ Դավադրությունը բացահայտվեց (ըստ որոշ տվյալների՝ հենց Մարչի կողմից), իսկ Քեմբրիջի կոմսը զրկվեց տիտղոսներից և մահապատժի ենթարկվեց։ Երկու ամիս անց՝ 1415 թվականի հոկտեմբերին, նրա ավագ եղբայրը՝ Յորքի դուքսը, զոհվեց Ազենկուրի ճակատամարտում։ Յորքի դքսության ժառանգորդ դարձավ Քեմբրիջի կոմսի որդին՝ 4-ամյա Ռիչարդը, որը Յորքի դքսի տիտղոս ստացավ ո՛չ թե հորեղբոր մահվանից անմիջապես հետո (քանի որ նրա հայրը դավաճան էր հայտարարվել), այլ որոշ ժամանակ անց։
Յորքերը ժառանգում են Մորտիմերների հավակնությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]1425 թվականին Ռիչարդ Յորքը ժառանգեց Մարչի կոմսի տիտղոսը և իր մորեղբայր Էդմունդ Մորտիմերի, ով Էդուարդ III-ի ժառանգների մեջ ավագն էր, ընդարձակ կալվածքները։ Այդ ժամանակից ի վեր Յորքերը թագի պոտենցիալ հավակնորդներ դարձան։ 1455 թվականին, օգտվելով Լանքասթեր արքա Հենրի VI-ի հոգեկան հիվանդությունից և Հարյուրամյա պատերազմի անհաջողություններից՝ Ռիչարդ Յորքը հայտարարեց գահի նկատմամբ իր իրավունքների մասին։ Սրանով սկսվեց Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմը։
Պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հաղթանակներից հետո (Սենտ-Օլբանսի ճակատամարտ, 1455) Ռիչարդ Յորքը ճանաչվեց Հենրի VI-ի իրավահաջորդը (շրջանցելով վերջինիս որդուն), սակայն Լանքասթերների կողմնակիցների մի մասը չճանաչեց այդ որոշումը եև շարունակեց պայքարը։ 1460 թվականին Ռիչարդը սպանվեց Ուեյքֆիլդի ճակատամարտում, սակայն, չնայած դրան, հաջողությունը պատերազմում անցավ Յորքերի կողմը, ինչին իր նպաստը բերեց հզոր Ռիչարդ Նևիլը՝ Ուորիքի 16-րդ կոմսը («թագավորներ արտադրողը»)։
Յորքերը իշխանության գլուխ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դինաստիայի առաջին թագաժառանգը Ռիչարդի ավագ որդին էր՝ Էդուարդ IV-ը, Մարչի կոմսը, որը տապալեց Հենրի VI-ին (1461) և նույն տարում Տոնտոնի ճակատամարտում, փաստորեն, ոչնչացրեց Լանքասթերների բանակը։ 1470 թվականին Ուորիքի կոմսը դավաճանեց Յորքերին, և Հենրի VI-ը նրա օգնությամբ կրկին հռչակվեց թագավոր, բայց կարճատև (1470-1471) վերականգնումից հետո տապալվեց և սպանվեց Թաուերում։ Նույն թվականին Տյուքսպերիի ճակատամարտում զոհվեց վերջին Լանքասթերը՝ Հենրի որդին՝ Ուելսի արքայազն Էդուարդը, իսկ Բարնետի ճակատամարտում սպանվեց նաև ինքը՝ Ուորիքը։ Սրանից հետո Էդուարդ IV-ի գլխավորությամբ Յորքերի հեգեմոնիային երկար ժամանակ ոչինչ չսպառնաց։
Էդուարդ IV-ի մահից (1483) հետո, գահ բարձրացավ նրա մանկահասակ որդին՝ Էդուարդ V–ը, ում օրոք թագավորության ռեգենտ դարձավ Ռիչարդը՝ Գլոսթերի դուքսը, ապագա թագավոր Ռիչարդ III-ը։ Էդուարդը թագավորեց ընդամենը երեք ամիս, և գահընկեց արվեց այն պատրվակով, որ իր ծնողների ամուսնությունը անօրինական էր։ Մանկահասակ Էդուարդ V-ի և նրա կրտսեր եղբոր՝ Յորքի դուքս Ռիչարդի, հետագա ճակատագիրը անհայտ է, ըստ երևույթին, նրանք սպանվել են Թաուերում։
Ռիչարդ III-ը՝ անգլիական գահի վերջին Յորքը, թագավորեց երկու տարի, որից հետո մահացավ Բոսվորտի ճակատամարտում (1485)՝ պայքարելով Ռիչմոնդի կոմս Հենրի Թուդորի դեմ, ով դարձավ թագավոր՝ Հենրի VII անունով։ Հենրի VII-ը, որը հավակնում էր գահին որպես Լանքասթերների հետնորդ (արտամուսնական գծով), ամուսնացավ Էդուարդ IV-ի դստեր՝ Էլիզաբեթ Յորքի հետ։ Թյուդորյան քարոզչությունը այս ամուսնությունը ներկայացրեց որպես երկու տոհմերի վերջնական հաշտեցում և միավորում։
Յորքերի ժառանգները
[խմբագրել | խմբագրել կոդը]Սակայն տղամարդկանց ուղիղ գծով վերջին Յորքը (նա նաև վերջին Պլանտագենետն էր) այն ժամանակ դեռ կենդանի էր և ապրեց մինչև 1499 թվականը։ Դա Էդուարդ Պլանտագենետն էր, Ուորիքի 17-րդ կոմսը, 1478 թվականին մահապատժի ենթարկված Կլարենսի դուքս Ջորջ Պլանտագենետի որդին, Էդուարդ IV-ի և Ռիչարդ III-ի եղբայրը։ Նա մահապատժի ենթարկվեց Հենրի VII-ի կողմից, Թաուերից փախչելու փորձից հետո։ Նրա քույրը՝ Սոլսբերիի կոմսուհի Մարգարետ Պոուլը, շինծու մեղադրանքով մահապատժի ենթարկվեց արդեն Հենրի VIII-ի կողմից 1541 թվականին (68 տարեկանում)։ Իրենք իրենց որպես Յորք ներկայացրել են ինքնակոչներ Լամբերտ Սիմնելը և Պերկին Ուորբեքը։ 1525 թվականին գահի վերջին յորքյան հավակնորդը Էդուարդ IV–ի քրոջ որդին էր՝ էմիգրանտ Ռիչարդ դե լա Պոլը, նա մահացել է Պավիայի ճակատամարտում, որտեղ կռվում էր ֆրանսիացիների կողմից, նրա կրտսեր եղբայր Ուիլյամը, որը թագի հավակնորդ չէր, մահացել է Թաուերում 1539 թվականին։
Սակայն, չնայած Թյուդորների կողմից Յորքերի մնացած ճյուղերը ոչնչացնելու փորձերին, դինաստիայի՝ կանանց գծով որոշ հետնորդներ փրկվել են, և նրանց ժառանգները գոյություն ունեն նաև ներկայում։ Սրանք Լոուդոնի կոմսներն են (ապրում են Ավստրալիայում) ևՍտաֆորդի բարոնները, որոնք Մարգարիտա դե լա Պոլի ժառանգներն են։
Տոհմածառ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գծապատկերում կարմիր եզրագծերով վանդակներում նշված են Լանքասթերները, կապույտներում՝ Յորքերը։
- ↑ Fourth son. Թոմաս Վուդստոք being the youngest
- ↑ Firstborn son
- ↑ Second son
- ↑ Third son
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Агамов А. М. Дом Йорков // Династии Европы 400—2016: Полная генеалогия владетельных домов. М.: URSS. 2017. 1120 с. ISBN 978-5-9710-3935-8. С. 91-93
- Crawford, Anne. Yorkists: The History of a Dynasty. — Hambledon & London, 2007. — ISBN 1-85285-351-4.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Morgan, Kenneth O. (2000). The Oxford Illustrated History of Britain. Oxford: Oxford University Press. էջ 623. ISBN 978-0-19-822684-0.
- ↑ Chisholm, Hugh, ed. (1911). . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 28 (11th ed.). Cambridge University Press. էջ 924.
- ↑ Alchin, Linda. "Lords and Ladies". King Henry II. Lords and Ladies, n.d. Web. 6 February 2014. http://www.lordsandladies.org/king-henry-ii.htm.
- ↑ Barrow, Mandy. "Timeline of the Kings and Queens of England: The Plantagenets". Project Britain: British Life and Culture. Mandy Barrow, n.d. Web. 6 February 2014. http://projectbritain.com/monarchy/angevins.html.
- ↑ Needham, Mark. "Family tree of Henry (II, King of England 1154–1189)". TimeRef.com. TimeRef.com, n.d. Web. 6 February 2014. http://www.timeref.com/tree68.htm.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Статья «House of York» в Энциклопедии Британника(անգլ.)
- Генеалогическое древо Йорков на сайте Wars of the Roses(անգլ.)
- Йорки на официальном сайте Британской монархии(անգլ.)
- Библиография книг о представителях Йоркской династии(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յորքեր» հոդվածին։ |
|