Յոհան Բալտազար Նեյման
Յոհան Բալտազար Նեյման | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 27, 1687[1][2] |
Ծննդավայր | Խեբ, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[3][4] |
Մահացել է | օգոստոսի 19, 1753[5][6][2][…] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Վյուրցբուրգ, Բավարիա[7] |
Ուշագրավ աշխատանքներ | Ամառային ամրոց, Մատուռ և Սուրբ Փրկիչ բազիլիկ |
![]() |
Յոհան Բալտազար Նեյման կամ Նեյման (գերմ.՝ Johann Balthasar Neumann հունվարի 27, 1687[1][2], Խեբ, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[3][4] - օգոստոսի 19, 1753[5][6][2][…], Վյուրցբուրգ, Բավարիա[7]), գերմանական բարոկկոյի և ռոկոկոյի ամենամեծ ճարտարապետներից մեկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1d/%D0%A5%D0%B5%D0%B1._%D0%94%D0%BE%D0%BC_%D0%91.%D0%9D%D0%BE%D0%B9%D0%BC%D0%B0%D0%BD%D0%B0.jpg/220px-%D0%A5%D0%B5%D0%B1._%D0%94%D0%BE%D0%BC_%D0%91.%D0%9D%D0%BE%D0%B9%D0%BC%D0%B0%D0%BD%D0%B0.jpg)
Բալտազար Նեյմանը արհեստի առաջին քայլերը 18-րդ դարի սկզբին հավանաբար կատարել է իր կնքահոր՝ զանգի պատրաստման և մետաղի ձուլման վարպետ Բալթազար Պլացերի ղեկավարությամբ։ Գնացել է Վյուրցբուրգ՝ Սեբալդ Կոխի մոտ սովորելու, որից հետո 1711 թվականին ստացել է «զինագործի, ռազմական և կենցաղային հրարվեստի» վարպետի կոչում։
1712 թվականին Նեյմանը շարքային ծառայության է անցել Ֆրանկոնիայի հրետանու մեջ, քանի որ ինժեների կարիերան բաց էր միայն զինվորականների համար։ Այս ընթացքում նա ուսումնասիրել է բերդաշինության արվեստը։ 1714 թվականից Նեյմանը ծառայել է Վյուրցբուրգի եպիսկոպոսներին։ 1717-18 թվականներին Նեյմանը ֆրանկոնյան զորքերի հետ մեկնել է Ավստրիա և Հունգարիա, որտեղ, հավանաբար, որպես ինժեներ մասնակցել է Բելգրադի ամրացմանը։
Վիեննայում Նեյմանը ծանոթացել է Յոհան Բերնհարդ Ֆիշեր ֆոն Էրլախի և Յոհան Լուկաս ֆոն Հիլդեբրանդտի օրինակելի բարոկկո կառույցներին, որոնք ձևավորել են նրա ճարտարապետական նախասիրությունները։ Միլանում Նեյմանը ծանոթացել է Գվարինո Գվարինիի աշխատանքներին, որը հետագայում ազդել է նրա ճանաչման արժանացած տարածության հանճարեղ ընկալման վրա։
Որոշ ժամանակ Նեյմանն աշխատել է Վյուրցբուրգի ճարտարապետներ Անդրեաս Մյուլլերի և Ժոզեֆ Գրիզինգի ղեկավարությամբ, իսկ 1719 թվականին նոր արքեպիսկոպոս Յոհան Ֆիլիպ Ֆրանց ֆոն Շյոնբորնը Բալտասար Նեյմանին նշանակել է Վյուրցբուրգի արքեպիսկոպոսարանի շինարարական ծառայության պատասխանատու։ Այս կարգավիճակում՝ 1720 թվականին, Նեյմանին վստահվել է Վյուրցբուրգում նոր պալատ-նստավայրի նախագծումը։ Վյուրցբուրգի արքեպիսկոպոսը հետևել է իր մորեղբոր՝ Մայնցի կուրֆյուրստ Լոտար Ֆրանց ֆոն Շյոնբորնի առաջարկին, որը Նեյմանի ճարտարապետական տաղանդը նկատել էր դեռ 1715 թվականին։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/92/St_Paulin_Trier_Germany_06.jpg/220px-St_Paulin_Trier_Germany_06.jpg)
Այս տարիներին Նեյմանի ճարտարապետական հայացքները ձևավորվել են Վյուրցբուրգի եպիսկոպոսի ծառայության մեջ գտնվող այլ ճարտարապետների հետ համագործակցությամբ, ինչպիսիք են Մաքսիմիլիան ֆոն Վելշը, Էրտալ և Ռիտեր ֆոն Գրոնեշտեյն եղբայրները, որոնց միջոցով նա ծանոթացել է վաղ ֆրանսիական դասական Մանսարի ճարտարապետությանը։ Վիեննայի ճարտարապետ Յոհան Լուկաս ֆոն Հիլդեբրանդտը որոշիչ ազդեցություն է ունեցել Նեյմանի ոճի վրա։
Պալատական նախագծի նախապատրաստման ընթացքում Նեյմանն իր գործատուի անունից մեկնել է ուսումնական շրջագայության և այցելել Մանհայմ, Բրուխսալ, Ստրասբուրգ, Նանսի և Փարիզ։ Այստեղ, ֆրանսիական արքայի առաջին ճարտարապետ Ռոբեր դե Կոտտի ազդեցության տակ, վերջապես ձևավորվել են տարածության հետ վարվելու նրա նորարարական տեսակետները։ Ֆրանսիացի ճանաչված ճարտարապետ Ջերմեն Բոֆրանի հետ միասին Նեյմանը աշխատել է Փարիզում՝ լայնածավալ սանդուղքների իր նախագծերի վրա, որոնք հետագայում նրան հայտնի են դարձրել։ 1724 թվականին Նեյմանը մայորի կոչում է ստացել։ Շնորհիվ գաղտնի խորհրդական Ֆրանց Իգնատի Շիլդի դուստր Մարիա Եվա Էնգելբերտ Շիլդի հետ ամուսնության՝ Նեյմանը դարձել է քաղաքի ամենաազդեցիկ տների և եպիսկոպոսության անդամ։
1729 թվականին Նեյմանը ստացել է փոխգնդապետի աստիճան և փոխարինել Մաքսիմիլիան ֆոն Վելշին որպես Բամբերգի շինարարական ծառայության պետ, երկրորդ եպիսկոպոսության արքեպիսկոպոս Ֆրիդրիխ Կառլ ֆոն Շոնբորնի տիրույթում։ Այնտեղ նա կառուցել է Vierzenheiligen մեծ տաճարը։ 1731 թվականին Նեյմանը ղեկավարել է Վյուրցբուրգի համալսարանի քաղաքացիական և ռազմական ճարտարապետության բաժինը, որը ստեղծվել էր հատուկ նրա համար, և 1741 թվականին ստացել է ամենաբարձր՝ գնդապետի աստիճան։
Շյոնբորն ընտանիքի կառուցապատման մոլուցքի շնորհիվ, որով փորձել են ամեն տեղ իրենց հովանավորյալներին դնել, Նեյմանը պատվերներ է ստացել Շպայերի, Կոնստանցի և Տրիերի եպիսկոպոսներից և նույնիսկ Քյոլնի կուրֆյուրստ Կլեմենս Ավագուստ I Բավարիացուց։
Իր կյանքի վերջում Նեյմանը կայսր Ֆրանց I- ի պատվերով ստեղծել է, նախագծեր Վիեննայում Հոֆբուրգի նոր սանդուղքի համար, որը համարվել է բարոկկո սանդուղքների ամենահիասքանչ նմուշներից մեկը (1747), ինչպես նաև Շտուտգարտի (1747-1749), Կարլսրուեի (1750-) բնակավայրերի մեծամասշտաբ նախագծեր (1751) և Շվետցինգենը (1752)։
Նեյմանը մահացել է 1753 թվականին՝ հրետանային գնդապետի կոչումով և արքեպիսկոպոսի շինարարական ծառայության ղեկավարի պաշտոնով։ Այլ արհեստավորների կողմից ավարտին են հասցվել Ներեսհայմում վանական եկեղեցին և Տասնչորս Սրբերի բազիլիկը։
Արվեստի գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 14 սրբերի տաճարը տեղակայված է Բադ Շտաֆելշթայն կոմունային հարող անտառապատ տարածքում, այն վայրում, որտեղ, ըստ լեգենդի, Հիսուս մանուկը երկու անգամ հայտնվել է՝ 14 սրբերի ուղեկցությամբ։
- Գոսվայնշտեյնի բազիլիկը կառուցվել է Նեյմանի կողմից 1730-1739 թվականներին՝ որպես Սուրբ Հակոբոսի ճանապարհի ուխտավորների եկեղեցի
- Երրորդություն կաթոլիկ եկեղեցին Գայբախ Գայբախ գյուղի կենտրոնում (ներկայումս գտնվում է Ստորին Ֆրանկոնիայի Ֆոլկախ քաղաքի Կիտցինգեն շրջանի տարածքում) կառուցվել է 1740-1745 թվականներին արքեպիսկոպոս Ֆրիդրիխ Կառլ ֆոն Շոնբորնի հրամանով։
- Ուխտագնացություն մատուռ Սբ. Նիկոլասը (Նիկոլաուսբերգ) Վյուրցբուրգի մայրուղուց վերև՝ ճարտարապետի վերջին գործն է, կառուցվել է 1747-1750 թվականներին։ Ներքին հարդարանքը Ֆեյկյումերիեի և Մատերնո Բոսիի, որմնանկարները՝ Մաթեուս Գյունտերի։
- Կիտցինգենում գտնվող մատուռը գտնվում է Մայնի ափին `քաղաքի կենտրոնին հակառակ և առանձնանում է հարևան եկեղեցիներից` Նեյմանի աշխատանքի տանիքի առանձնահատկությամբ։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նեյմանը պատկերված է իր կառուցած Վյուրցբուրգի նստավայրի հիմնական սանդուղքը ծածկող առաստաղի պլաֆոնին։ Ենթադրվում է, որ իր չափսերով այս պլաֆոնը առաստաղի նկարչության համաշխարհային պրակտիկայում առաջին տեղում է։
- Նեյմանը պատկերված է 50 գերմանական թղթադրամի վրա
- Նեյմանի անունով կոչվել է խառնարան Մերկուրիում
- Նեյմանը պատկերված է 1961 թվականի ԳԴՀ փոստային նամականիշի վրա
- Նեյմանի անունով են կոչվել Գերմանիայի տարբեր քաղաքների մի քանի դպրոցներ։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Max H. von Freeden: Balthasar Neumann. Leben und Werk. Deutscher Kunstverlag, München 1981, ISBN 3-422-00118-2
- Wilfried Hansmann: Balthasar Neumann. DuMont, Köln 1993, ISBN 3-8321-7167-3
- Eugen Ortner: Der Barockbaumeister Balthasar Neumann. Eine Biographie. Gondrom-Verlag, Bindlach 1989, ISBN 3-8112-0625-7
- Bernhard Schütz: Balthasar Neumann. Herder, Freiburg/B. 1988, ISBN 3-451-20614-5
- Bauern II:Franken: Handbuch der Historishen Stätten, Stuttgart:Kröner 2006 — ISBN 3-520-32501-2
- Lucke, Karin: Franken/ Karin Lucke — Köln: DuMont,1992 [Richtig wandern] ISBN 3-7701-2638-6
- Baedecker. Deutschland. Verlag Karl Baedeker.2002. ISBN 3-8297-1004-6
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Պալատ-նստավայր Վյուրցբուրգում
-
Շքասանդուղք Վյուրցբուրգում
-
Բազիլիկ Գոսվայնշտեյնում
-
Էբրախի վանք (Յոհան Լեոնարդ Դինցենհոֆերի հետ)
-
Սուրբ Խաչ մատուռ
-
14 սրբերի բազիլիկ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/59221
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Structurae — Ratingen: 1998.
- ↑ 3,0 3,1 3,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
- ↑ 7,0 7,1 7,2 Deutsche Nationalbibliothek Record #118587269 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Բալտազար Նեյման» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 178)։ ![]() |