Jump to content

Մամիկոնյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մամիկոնյաններ
Տեսակազնվական տոհմ և նախարար
Մասն էՀայ ազնվականություն
ԵրկիրՄարզպանական Հայաստան Մարզպանական Հայաստան, Հայաստանի Էմիրություն
ՏիրույթներՏայք, Բասեն, Մարդալի, Բագրևանդ, Վարաժնունիք, Բզնունիք, Սանասունք
ԾագումՄամիկ
ՏիտղոսներՍպարապետ
ՀիմնադիրMamgo?
Մեծագույն ներկայացուցիչՎարդան Մամիկոնյան
Ավարտ10-րդ դար
Ազգային
պատկանելիություն
Հայ
ԴավանանքՔրիստոնեություն
Կրտսեր
ճյուղեր
Օրբելյաններ

Մամիկոնյաններ, նախարարական տոհմ Հայաստանում։

Հայ պատմիչները Մամիկոնյաններին վերագրել են ճենական (Ճենք, Ճենաստան, Ճենաց աշխարհ) ծագում, որն ավանդաբար նույնացվել է Չինաստանին։ Ըստ Մովսես Խորենացու՝ Մամիկոնյանները սերել են ճենաց թագավոր Արբոկ Ճեն-բակուրի դայակորդուց՝ ոմն Մամգոնից, որ ստիպված է եղել փախչել դեպի Պարսկաստան մեկ այլ դայակորդու՝ Բղդոխի խարդավանքների պատճառով։ Պարսից արքա Շապուհը հրաժարվել է Մամգոնին արտահանձնել Ճեն-բակուրին․ փոխարենը նրան ուղարկել է Հայաստան, որտեղ էլ մտել է հայոց արքա Տրդատի ծառայության մեջ և կալվածքներ ստացել[1]։

Սեբեոս պատմիչը նման պատմություն է հաղորդում Մամիկոնյանների ծագման վերաբերյալ․ ըստ այնմ՝ երկու եղբայր՝ Մամիկ և Կոնակ ապստամբել են իրենց եղբոր՝ Ճենաստանի թագավոր Ճենբակուրի դեմ, ինչից հետո փախել են պարթեւաց արքունիք։ Պարթեւաց արքան նրանց ուղարկել է իր ազգականի՝ հայոց Արշակունի արքայի մոտ։ Հայաստանում Մամիկի և Կոնակի սերունդները կազմել են Մամիկոնյանների տոհմը[2]։ Փավսոս Բուզանդն իր «Պատմություն Հայոց» գրքի մեջ ևս հղում է անում Մամիկոնյանների ճենական և արքունական ծագմանը։ Փավստոսը ներկայացնում է Վարազդատ թագավորի և Մանվել Մամիկոնյանի միջև նամակագրությունը, որտեղ ասում է Մանվելը․ «մեր նախնիքը Ճենաց աշխարհի թագավորներն են եղել․ և եղբայների մեջ տեղի ունեցած տարաձայնության պատճառով, որպեսզի մեծ արյունհեղություն չլինի՝ այնտեղից հեռացել ենք և․․․ դադարել ենք (այստեղ)»[3]։

Նիկողայոս Ադոնցի, Կիրիլ Թումանովի և այլոց կարծիքով՝ Մամիկոնյանների չինական ծագման մասին զրույցը թյուրիմացություն է․ իրականում նրանք սերել են հայերին հարևան ծաներից, որոնք հայկական աղբյուրներում կոչվում են ճան, Ճանիք, և բնակվում էին Մամիկոնյանների տոհմական կալվածքից՝ Տայքից ոչ հեռու[4][5]։ Ադոնցը «Մամիկոնյան» տոհմանունը կապում է վրացերեն «մամա» բառի հետ, որը նշանակում է «հայր» և այս դեպքում առել է հայկական «-իկ» փաղաքշական վերջածանցը[4]։ Այլ մասնագետներ Ճենաց աշխարհը նույնացնում են Քուշանաց թագավորության այն մասի հետ, որը կոչվում էր Թուխարիստան և Կաշմիր։ Միջնադարյան հայ պատմիչ Վարդան Արևելցին ճեներին հիշատակում է իբրև Դերբենդի մոտերքում ապրող մի ժողովուրդ։ Հայագետ Հ․ Սվազյանը Ճենաց աշխարհը տեղադրում է Սիրդարյա և Ամուդարյա գետերի միջագետում և առաջարկում է Բակտրիան որպես Մամիկոնյանների նախնական հայրենիք[6]։

Խոսրով Ա Մեծը Մամիկոնյաններին դասել է հայ նախարարների շարքը և նրանց հատկացրել Տայքի մեծագույն մասը, որը մինչ այդ արքունական զորակայան էր։ 4-րդ դարի սկզբին Տարոնի տերերի՝ Սլկունիների, հակաարքունական խռովությունը ճնշելուց և այդ տոհմի բնաջնջումից հետո սպարապետության գործակալությունն անցավ Մամիկոնյաններին, և Տարոն գավառը նույնպես դարձավ նրանց տոհմական սեփականությունը։ Մամիկոնյանների Հայոց սպարապետը գլխավորում էր Հայոց այրուձին և հետևակ զորքը։ Սպարապետին էին ենթարկվում հայ նախարարների հեծելագնդերը։ IV դ վերջին, երբ կենտրոնական իշխանությունը թուլացել էր, հայ Արշակունիների գահին հավատարիմ Մամիկոնյանները եռանդուն պայքար էին մղում Մեծ Հայքի թագավորության ամբողջության համար։

Մամիկոնյանները սերտ կապերի մեջ էին Գրիգոր Լուսավորչի տան հետ։ V դ 1-ին կեսին այդ կաթողիկոսական տոհմի լայնածավալ կալվածքները դարձան Մամիկոնյանների տոհմական սեփականությունը։ Արտաքին և ներքին քաղաքականության հարցերում սպարապետը և կաթողիկոսը միշտ գործակցել են և սովորաբար ունեցել հռոմեական, ապա բյուզանդական կողմնորոշում։

428 թվականին Արշակունիների թուլացած գահի անկումից հետո Մամիկոնյանները մնացին երկրի ամենահեղինակավոր տոհմը, որոնց շուրջը համախմբվեցին հայրենասեր ազատագրական պայքարը Սասանյան Պարսկաստանի դեմ։ V-VIII դարերին Մամիկոնյանները գլխավորել են հայ ժողովրդի ազատագրական կռիվները արաբական նվաճողների դեմ։

Հայաստանում արաբական գերիշխանության ժամանակաշրջանում խալիֆայությունը ձգտում էր վերացնել հայրենասեր ուժերին, հատկապես Մամիկոնյաններին։ Այդ պայմաններում Մամիկոնյանների մրցակից Բագրատունիները, համագործակցելով արաբական վարչական մարմինների հետ, հետզհետե առաջնություն են ձեռք բերում Հայաստանի կառավարման գործերում։ Տեղի են ունենում համահայկական ապստամբություններ՝ ուղղված արաբական լծի դեմ։

774-775 թվականներին Մամիկոնյանների գլխավորած հակաարաբական մեծ ապստամբության պարտությունից հետո Հայաստանում ղեկավար դերը վերջնականապես անցավ Բագրատունիներին, որոնք VIII դարի վերջին քառորդին և IX դարի սկզբին տիրացան Մամիկոնյանների գրեթե բոլոր կալվածքներին։ Ստեղծված պայմաններում ֆիզիկական ոչնչացումից փրկված Մամիկոնյանների մնացորդները մասամբ ապավինեցին Բյուզանդական կայսրությանը։ Մամիկոնյաններից շատերը բյուզանդական արքունիքում հասել են բարձր պաշտոնների, իսկ ոմանք՝ կայսերական գահին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մովսես Խորենացի, «Պատմություն Հայոց», գիրք երկրորդ, գլուխ ՁԱ։
  2. Սեբեոս, «Պատմություն», գլուխ Դ։
  3. Փավստոս Բուզանդ, «Պատմություն Հայոց», հինգերորդ դպրություն, գլուխ ԼԷ։
  4. 4,0 4,1 Ադոնց, Նիկողայոս (1987). Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջեր 447–448.
  5. Toumanoff, Cyril (1963). Studies in Christian Caucasian History. Georgetown University Press. էջ 211, n. 23.
  6. Սվազյան, Հ․ (1976). «Ճեները և «Ճենաց աշխարհը» ըստ հայկական աղբյուրների». Պատմա-բանասիրական հանդես. 4: 203–212.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 193