Հայրամ Բինգհեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայրամ Բինգհեմ
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Եյլի համալսարան, Հարվարդի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Ֆիլիպսի ակադեմիա
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ճանապարհորդ հետազոտող, հնագետ, օդաչու, համալսարանի դասախոս, գրող և գիտնական
Ծննդյան օր նոյեմբերի 19, 1875(1875-11-19)[1][2]
Ծննդավայր Հոնոլուլու, Հավայիի թագավորություն[3]
Վախճանի օր հունիսի 6, 1956(1956-06-06)[1][4][5] (80 տարեկան)
Վախճանի վայր Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Թաղված Արլինգտոնի ազգային գերեզմանատուն
Քաղաքացիություն  ԱՄՆ
Հայր Hiram Bingham II?
Մայր Clara Brewster?
Ամուսին Alfreda Nonna Bingham Gregor?
Զավակներ Hiram Bingham IV? և Jonathan Brewster Bingham?

Հայրամ Բինգհեմ (անգլ.՝ Hiram Bingham, նոյեմբերի 19, 1875(1875-11-19)[1][2], Հոնոլուլու, Հավայիի թագավորություն[3] - հունիսի 6, 1956(1956-06-06)[1][4][5], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի հնագետ և քաղաքական գործիչ, հայտնի է դարձել «ինկերի կորած քաղաք» Մաչու Պիկչուի բացահայտմամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրամ Բինգհեմը ծնվել է 1875 թվականի նոյեմբերի 19-ին Հոնոլուլուում։ Նրա հայրը և պապը միսիոներներ էին, որոնք Հավայան կղզիների բնակիչներին քրիստոնեություն էին քարոզում։ Հորից Հայրամը սովորել է լեռնագնացության հմտություններ, որոնք նրան թույլ են տվել ճանապարհորդել դժվարանցանելի լեռնային վայրերում։ 1906 թվականին նա կրկնել է Վենեսուելայից Կոլումբիա Սիմոն Բոլիվարի ճանապարհը, իսկ երկու տարի անց Անդերը հատել է Բուենոս Այրեսից Լիմա ճանապարհով։

1911 թվականին Բինգհեմը գլխավորել է Եյլի համալսարանի կազմակերպած արշավը՝ ուղղված ինկերի կորած քաղաքի որոնմանը, որը չէին կարողացել գտնել իսպանական կոնկիստադորները։ Ըստ ինկերի քաղաքակրթության գրավոր աղբյուրների` քաղաքը պետք է փնտրել Կուսկոյի շրջակայքում` լեռնային անառիկ գագաթների շրջանում։

Կյանքը վտանգելով՝ Բինգհեմն այցելել է ինկերի քաղաքակրթության մի քանի հնագիտական հուշարձաններ. 1911 թվականի հուլիսի 24-ին հայտնաբերել է Մաչու Պիկչու ամրոցը, իսկ օգոստոսին տեսել Վիտկոսի կիսավեր պալատը, որտեղ ինկերի կառավարիչ Մանկո Յուպանկին թաքնվում էր կոնկիստադորներից։ Իր հայտնագործությունները նա նկարագրել է բեսթսելլեր դարձած «Ինկերի երկիրը» (1922), «Մաչու Պիկչու» (1930) և «Ինկերի կորած քաղաքը» (1948) գրքերում։

Բինգհեմը զբաղվել է նաև դասախոսական գործունեությամբ․ Հարվարդի և Փրինսթոնի համալսարաններում դասավանդել է պատմություն։ Դասախոսական գործունեության մեծ մասն անցկացրել է Եյլի համալսարանում[6]։

1922-1923 թվականներին Բինգհեմը Կոնեկտիկուտի փոխնահանգապետն էր, 1924 թվականին ընտրվել է որպես այդ նահանգի 84-րդ նահանգապետ, սակայն պաշտոնը ստանձնելու հաջորդ օրը պաշտոնաթող Է եղել, որպեսզի ընտրվի սենատ։ Նրա որդիները (ոսկերիչ Չարլզ Թիֆանիի թոռնուհու հետ ամուսնությունից) նույնպես նշանակալի դեր են խաղացել ամերիկյան քաղաքականության մեջ։

Բինգհեմը մահացել է 1956 թվականի հունիսի 6-ին Վաշինգտոնում։ Հուղարկավորվել է Վաշինգտոնի Արլինգթոնյան գերեզմանատանը։ 2008 թվականին ամերիկյան և պերուական կառավարությունները համաձայնություն ձեռք բերեցին Պերու վերադարձնել ինկերի քաղաքակրթության՝ Բինգհեմի կողմից ԱՄՆ տարված 40 հազար առարկաների մի մասը։

Հիշատակում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրամ Բինգհեմին համարում են Ինդիանա Ջոնսի նախատիպերից մեկը[7]։
  • Հայրամ Բինգհեմի պատվին լուսնի վրա խառնարան է անվանակոչվել։
  • Հայրամ Բինգհեմի պատվին անվանակոչվել է պերուական երկաթուղային ընկերությանը պատկանող գնացքներից մեկը, որը երթևեկում է Կուսկոյից (Պորոյ կայարան) դեպի Ագուաս Կալիենտես[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #11851105X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Babelio (ֆր.) — 2007.
  5. 5,0 5,1 5,2 GeneaStar
  6. «Hiram Bingham, III (1875-1956)». Find A Grave Memorial (անգլերեն).
  7. «The trail less trampled on». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
  8. «Belmond Hiram Bingham». Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայրամ Բինգհեմ» հոդվածին։