Jump to content

Հայկական իժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական իժ
Հայկական իժ
Հայկական իժ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Սողուններ (Reptilia)
Կարգ Թեփուկավորներ (Squamata)
Ընտանիք Իժեր (Viperidae)
Ցեղ Montivipera
Տեսակ Հայկական իժ (M. raddei)
Միջազգային անվանում
Montivipera raddei
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Հայկական իժ (լատին․՝ Vipera raddei), իժերի ընտանիքի իժերի ենթաընտանիքի օձ։ Տարբեր գիտնականների կողմից դասվում է Vipera կամ Montivipera ցեղին։

Հայաստանում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի լեռներում։ Տարածված է կիսաչորային, լեռնատափաստանային, թփուտային կամ նոսրանտառային բուսականությամբ ժայռոտ ու քարքարոտ կենսավայրերում։

Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (18-99 սմ), պոչը 8-18 անգամ կարճ է։ Արուները խոշոր են էգերից։ Մարմինը հաստ է, գլուխը մարմնից տարանջատված է՝ ծածկված մանր կատարավոր թեփուկներով։ Վերաչքային վահանիկները հարթ են ու ցցված։ Աչքերը խոշոր են, ծիածանաթաղանթը՝ դեղնավուն, բիբը՝ էլիպսաձև, ուղղահայաց։ Մարմնի թեփուկները կատարավոր են, անփայլ։ Աչքից հետ և ներքև ձգվում են մուգ զոլեր։ Գլխի հետևի մասում կան զույգ մուգ, հետ լայնացող, կաթիլանման խալեր։ Պարանոցից դեպի պոչի ծայրը ձգվում է բաց վարդագույնից դեղնավուն կամ նարնջագույն մուգ ընդգծված խալերից կազմված շղթայաձև նախշ։ Մուգ մեկական շարք է ձգվում նաև մարմնի կողմնային մակերեսով։ Որովայնային մակերեսը մոխրագույն է՝ սև ու սպիտակ խալերով, կամ սև է՝ սպիտակ բծերով։ Ներքևի ծնոտի վահանիկները մոխրագույն են։

Սնվում է մանր հոդվածոտանիներով (մորեխներ, ծղրիդներ) և մանր ողնաշարավորներով (մողեսներ, թռչուններ և մանր կրծողներ)։ Ձմեռում է աշնան երկրորդ կեսից գարնան կեսը։ Զուգավորումը տեղի է ունենում մայիսի վերջից հունիսի սկզբին։ Օգոստոսի վերջից սեպտեմբերի վեձագ։ էգն ունենում է 3-14 ձագ։

Կծածը վտանգավոր է մարդու և կենդանիների կյանքի համար։

Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեալը ներառում է Արևելյան Հարավային Կովկասի լեռնային շրջանները, ինչպես նաև Թուրքիայի և Իրանի հարակից հյուսիսային հատվածները։ Հայաստանում հանդիպում է հյուսիսարևմտյան, կենտրոնական և հարավային շրջաններում, հիմնականում լեռնատափաստանային լանդշաֆտներում և բարձրադիր մարգագետիններում` ծովի մակարդակից 1200-3000 մ բարձրության վրա[1]։

Հայաստանում բնակեցվում է խիստ քարքարոտ, լեռնաքսերոֆիտային տափաստաններում և ալպիական մարգագետիններում։ Հանդիպում է նաև լեռնային նոսրանտառներում, լեռնալանջերի քարերի ցրվածքների, սրածայր աստրագալների և այլ չորային բույսերի արանքներում, հազվադեպ՝ նաև մշակվող լանդշաֆտներում` քարերի կույտերի տակ։ Որպես թաքստոցներ օգտագործում է կրծողների բները, քարերի տակի դատարկությունները, տարբեր թփերի մերձարմատային մասերը, ժայռերի և հողի ճեղքերը և այլն[1]։

Ակտիվ են ապրիլի կեսերից մինչև հոկտեմբերի կեսերը։ Սնվում են անողնաշար կենդանիներով և մողեսներով։ Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-մայիսին` կախված ապրելավայրի բարձրությունից և ձմեռումից դուրս գալու ժամկետներից։ Ձվակենդանածին է, ձագերի ծնվելը սկսվում է հուլիսի վերջից և տևում մինչև սեպտեմբերի կեսերը։ Հղիությունը տևում է 90-130 օր[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական բարձրավանդակի էնդեմիկ տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։ Թվաքանակը մեծ չէ, սակայն նախալեռնային բիոտոպերում` կուտակման տեղերում, քարերի ցրվածքներում հանդիպում է մոտ 6-8 առանձնյակ՝ 1 հա վրա։ Լեռնատափաստանային իժի բարձրադիր գոտիներում տարածվածությամբ պայմանավորված՝ թվաքանակը կայուն է։

Վտանգման հիմնական գործոն է հանդիսանում լեռնատափաստանային և մարգագետնային գոտիներում մանր եղջերավոր անասունների արածեցումը։ Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցի լեռնամարգագետնային գոտու փոքր հատվածներում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկական իժ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկական իժ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։