Jump to content

Ծղրիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ծղրիդից)
Ծղրիդներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Ծղրիդներ
Լատիներեն անվանում
Tettigonioidea
Հոմանիշներ

Tettigonioidea


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ծղրիդներ (լատին․՝ Tettigonioidea, հայտնի է նաև մորեխ անվանմամբ), ուղղաթևերի կարգի միջատների վերնաընտանիք։ Նախկինում միավորված էին 1 ընտանիքում, ներկայումս՝ 2՝ իսկական ծղրիդների (Tettigoniidea) և թիթեղածղրիդների կամ տերևածղրիդների (Planeroptera)։ Հայտնի է 7 հազար, Հայաստանում՝ 42 տեսակ, որոնցից 4-ը՝ շերտավոր թիթեղապոչը (Zeptophyes trivitata), կովկասյան կոնուսապոչը (Euconocercuscauca- sicus), հայկական ֆիտոդրիմադուզան (Phytodrymadusa armeniaca), հայկական ցատկողը (Montana armeniaca) բնաշխարհիկներ են։

Գլուխը ձվաձև է, բերանը՝ կրծող տիպի, բեղիկները՝ թելանման՝ բաղկացած մինչև 200 հատվածից (երբեմն՝ մարմնից կրկնակի երկար)։ Առջևի սրունքների վրա ունեն լսողության օրգան, արուների վերնաթևերին կա ձայնային ապարատ։ Հետին ոտքերը խիստ զարգացած են, ցատկող։ Առաջնակուրծքը ոտքերի արանքում է, ունի տարբեր մեծության 2 ելուստ։ Առաջնամեջքը հարթ է, երբեմն՝ կնճռոտ, ծածկում է փորի առաջին հատվածը։ Էգերի փորը վերջանում է թրաձև, նետաձև կամ ուղիղ ձվադիրով (որի վրա կան բազմաթիվ ատամիկներ) և կազմված է 3 զույգ փեղկերից։ Ձվադրում են հողում, բույսերի վրա, առանց ձվապարկի՝ մեկական, երբեմն՝ մի քանի հատ միևնույն փոսիկում։ Զարգացման փուլը տևում է 1 տարի (ձու, թրթուր, հասուն)։ Ձմեռում են ձվի փուլում։ Թրթուրները ձվերից դուրս են գալիս գարնանը, ապա զարգանում 1-2 ամսում՝ 5-6 անգամ մաշկափոխվելով։ Սեռահասունացման ընթացքում բնորոշ ճռռոցներ են արձակում։

Տարածվածությունը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում են անտառի եզրերին, քարերի տակ, քարանձավներում և այլն։ Մեծ մասամբ բուսակեր են, որոշ տեսակներ սնվում են և′ բույսերով, և′ կենդանիներ կերերով, կան նաև գիշատիչներ։ Հայաստանում 25 տեսակ ծղրիդներ (օրինակ՝ Շելկովնիկովի, կանաչ, կովկասյան և այլն) լուրջ վնաս են հասցնում բանջարանոցային, հացահատիկային և տեխնիկական բույսերին։ Լայնացած բրադիպորուսը, թամբանման և տափաստանային սագաները գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծղրիդներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծղրիդներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 131