Jump to content

Կումայրի պատմական թաղամաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կումայրի պատմական թաղամաս, հայտնի նաև որպես Կումայրի պատմամշակութային թանգարան-արգելոց, Գյումրու ամենահին հատվածը՝ իր յուրահատուկ ճարտարապետությամբ։ Այն ունի ավելի քան հազար շինություն, որոնք պատկանում են 19-20-րդ դարերին։ Թաղամասը Հայաստանի և աշխարհի այն սակավաթիվ վայրերից է, որն ունի իսկական քաղաքային հայկական ճարտարապետություն։ Կումայրի թաղամասի գրեթե բոլոր շինությունները վերապրել են 1926 և 1988 թվականի երկու խոշոր երկրաշարժերը։ Պատմական Կումայրի թաղամասը զբաղեցնում է Գյումրու կենտրոնական և արևմտյան հատվածները[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կումայրու բնակավայր Երվանդունիների օրօք

Տարածքը Կումայրի անվամբ առաջին անգամ հիշատակվել է մ.թ.ա. 8-րդ դարում՝ ուրարտական արձանագրություններում[3]։ Պատմաբանները կարծում են, որ Քսենոփոնը Սև ծով վերադառնալիս անցել է Կումայրիով, որի մասին գրել է իր «Անաբասիս» աշխատության մեջ[4]։

Երկրորդ անգամ Կումայրին հիշատակվել է 773 թվականին Արտավազդ Մամիկոնյանի գլխավորած արաբական տիրապետության դեմ ապստամբության մասին պահպանված աղբյուրներում, որը հանգեցրել է հայկական պետականության վերականգնմանը։ Հետագայում՝ Բագրատունիների օրոք և դրանից հետո, Կումայրին վերածվել է լավ կառուցված, ժամանակակից բնակավայրի, որը ժամանակին եղել է տարածաշրջանի առևտրի կենտրոնը[1]։

1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի սկզբում Շիրակի մարզը գտնվում էր ռուսական ուժերի վերահսկողության տակ։ Կումայրին Գյուլիստանի պայմանագրով պաշտոնապես դարձել էր Ռուսական կայսրության մաս։

Հին Կումայրու տրամապատկերը Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հետ (1859–1873)

Ռուսական կառավարության տարիներին Կումայրին դարձել էր Հարավային Կովկասի զարգացած քաղաքներից մեկը։ 1829 թվականի ռուս-թուրքական պատերազմի հետևանքով հայ ժողովրդի մեծ հոսք եղավ Կումայրի, քանի որ Օսմանյան կայսրության տարածքներից, մասնավորապես Կարսից, Էրզրումից և Բայազետից գաղթած շուրջ 3000 ընտանիք բնակություն էր հաստատել հենց այստեղ։ 1837 թվականին այստեղ կառուցվել է ռուսական խոշոր ամրոց։

Որպես քաղաք՝ Գյումրին ավերջնականապես կազմավորվել է 1840 թվականին՝ դառնալով նորաստեղծ և արագ զարգացող Ալեքսանդրապոլի գավառի կենտրոնը։ 1849 թվականին Ալեքսանդրապոլի գավառը մտել է Երևանի նահանգի կազմի մեջ։ Անդրկովկասում քաղաքը դարձել էր կայսերական ռուսական զինված ուժերի հենակետը, այստեղ ստեղծվել էին նրանց ռազմական զորանոցները։ 1830-ական թվականներին քաղաքի արևմտյան մասում ռուսները կառուցել են Սև բերդը՝ ի պատասխան 1828-1829 թվականների ռուսթուրքական պատերազմի։

Ալեքսանդրապոլը արագորեն վերափոխվեց՝ դառնալով ռուսական զորքերի գլխավոր կենտրոններից մեկը ռուս-թուրքական 1877-1878 թվականների պատերազմի ժամանակ։ 1899 թվականին երկաթուղային կայարանի կառուցումից հետո Ալեքսանդրապոլը զգալի զարգացում էր ապրել և դարձել էր Արևելյան Հայաստանի ամենամեծ քաղաքը։ 19-րդ դարի վերջին այստեղ գործում էին 430 առևտրի խանութներ, ինչպես նաև մի քանի արհեստանոցներ և մշակութային հաստատություններ։

Կումայրու պատմական շինություններից շատերը պատկանում են 19-20-րդ դարերին։ Նախախորհրդային շրջանի հայ մշակութային ականավոր գործիչների և հարուստ ընտանիքների տները, մի քանի եկեղեցիներ, որոնք հանդիսանում են պատմական կոթողներ, կանգուն են մինչ օրս[1]։

Կոթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբովյանի փողոց

Պատմական թաղամաում են գտնվում շուրջ 1600 մշակութային նշանակություն ունեցող կոթողներ, որոնք գտնվում են Գորկու, Աբովյանի, Ռուսթավելի և Վարդապետի փողոցներում[5]։

Ձիթողցոնց տուն-թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձիթողցոնց ընտանիքի հայտնի տուն-թանգարանը կառուցել են Ձիթահող գյուղից Ալեքսանդրապոլ գաղթած չորս եղբայները, 1872 թվականին[6]։ Այն կառուցված է Շիրակի հայտնի տուֆ քարով։

Տուն-թանգարանում ներկայացված է Ալեքսանդրապոլի 19-րդ դարից մինչև 1920-ական թվականների հասարակական կյանքը բնութագրող հավաքածուներ։ Այն նաև ցույց է տալիս քաղաքի մշակութային, ճարտարապետական և կրոնական կողմերը[7]։

Ասլամազյան քույրերի պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահի պատշգամբը՝ 19-րդ դարի ոճով

Պատկերասրահը գտնվում է Գյումրու կենտրոնական հրապարակի մոտ։ Շենքը՝ որպես առանձնատուն, կառուցվել է 1880 թվականին՝ Քեշիշյանների ընտանիքի կողմից, որոնք հայտնի վաճառականներ էին։ 1988 թվականի կործանարար երկրաշարժից հետո առանձնատունը տրվել էր անտուններին և վերաբացվել է 2004 թվականին[8]։ Այն Հայաստանի միակ թանգարանն է, որը կրում է կին արվեստագետների անունը և նվրիված է կին արվեստագետներին։ Ասլամազյան քույրերի պատկերասրահը 1980 թվականից սկսած գտնվում է կառավարության հսկողության ներքո՝ որպես պատմամշակութային ժառանգություն։

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին գտնվում է Կումայրու կենտրոնում։ Շենքի կառուցումը ավարտվել է 1872 թվականին և օծվել է 1873 թվականին։ Շինարարությունը իրականցվել է Կումայրու բնակիչների և Դրամփյան ընտանիքի ջանքերով։

Եկեղեցու ճարտարապետությունը նման է Անիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու ճարտարապետությանը, սակայն այն շատ ավելի մեծ է քան Անիի եկեղեցին։

Հովհաննես Շիրազի տուն-թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Շիրազի տուն-թանգարան

Այն կառուցվել է 1886 թվականին։ Շենքը կառուցված է կարմիր տուֆից և եղել է Քեշիշյան անունով մի մեծահարուստ վաճառականի տունը։ Խորհրդային շրջանում այն ծառայել է որպես մթերանոց։ 1983 թվականին՝ Շիրազի մահվանից մեկ տարի առաջ, պետական պաշտոնյանները նրան բնակության վայր էին առաջարկել։ Բանաստեղծը այստեղ ապրել է մեկ տարի, քանի որ մահացել է 1984 թվականի մարտին[9]։

Շիրազի ժառանգությունը պահպանելու համար Հայաստանի կառավարության որոշմամբ շենքը հետագայում դարձել տուն-թանգարան։

Սև բերդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը կառուցվել է ռուս-պարսկական երկրորդ պատերազմի ավարտից հետո։ Այն կառուցվել է 1834 թվականին, իսկ ամրացման համար պահանջվել է մեկ տասնամյակ։ Բերդը 360 աստիճանի կլոր կառույց է, որը կառուցված է սև քարից, ինչի շնորհիվ էլ ստացել է իր անվանումը։ Ղրիմի պատերազմում Ռուսաստանի պարտությունից հետո Սև բերդը վերազինվել էր և դարձել էր «առաջին կարգի» ամրոց։ Այն երբևէ չի պաշարվել հակառակորդի կողմից, սակայն ունեցել է ռազմավարական կարևոր նշանակություն 1878 թվականի և հետագա պատերազմում թուրքերի դեմ տարած հաղթանակներում։ 1887 թվականին ամրոցը դարձել էր «երկրորդ կարգի», երբ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմում Ռուսաստանը այլ հենակետային ամրոցներ էր գտել Կարսում և Բաթումիում[10]։

Սուրբ Յոթ Վերք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցվել է 1884 թվականին։ Այն հայկական եկեղեցիների ոճով կառուցված կառույց է, որի զանգակատունը գտնվում է արևմտյան կողմի գլխավոր մուտքի մոտ։ Եկեղեցին ունի մեծ գմբեթ, որը շրջապատված է ևս երկու փոքր գմբեթերով։ Սուրբ Յոթ Վերք եկեղեցու խորանը տարբերվում է մյուս հայկական եկեղեցիներից նրանով, որ այն ունի հետաքրքիր զարդարանք և տեսք։

Պոլոզ Մուկուչ գարեջրատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն Գյումրու հայտնի ռեստորան և գարեջրատուն է, որը բացվել է 1960-ական թվականներին՝ Խորհրդային Հայաստանում և գտնվում է պատմական Կումայրի թաղամասում։ Այն նախկինում առանձնատուն է եղել, որը կառուցվել է 1860-ական թվականներին։ Գարեջրատունը կրում է հայտնի գյումրեցի զվարճաբան-առակախոս Մկրտիչ Մելքոնյանի անունը, որը առավել հայտնի է եղել Պոլոզ Մուկուչ մականունով։ Այժմ գարեջրատունը քաղաքի տեսարժան վայրերից մեկն է[11]։

«Փարիզ» հյուրանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փարիզ» հյուրանոց

Ռափայելյան տունը, որը կառուցվել է 1880-ական թվականներին՝ Ռափայելյանների կողմից, եղել է վարձով տրվող բնակարան։ Հետագայում այն վերանվանվել է և դարձել «Փարիզ» հյուրանոց, իսկ խորհրդային տարիներին այն կատարել է ծննդատան դեր։ Ներկայումս շենքը վերանորոգվում է իր սեփականատերերի կողմից[1]։

Սուրբ Միքայել հրեշտակապետի եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյումրու Սուրբ Միքայել հրեշտակապետ ռուսական եկեղեցի

Եկեղեցին կառուցվել է քաղաքի հարավային մասում։ Այն 19-րդ դարի առաջին կեսին օգտագործվել է որպես գերեզմանոց, որտեղ թաղվել են խաղաղ բնակիչներ և զինվորներ։ 1853 թվականին կառույցը ստացել է «Պատվո բլուր» անվանումը։ Եկեղեցին կառուցված է հայկական սև տուֆից և փոքրիկ դասական ռուսական եկեղեցու վառ օրինակ է։ Եկեղեցու թիթեղյա տանիքը բնակիչները բնութագրում են պլպլան բառով, այսինքն՝ փայլուն և շողշողուն։ Խորհրդային տարիներին այն ծառայել է որպես պահեստարան[12]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոնդ (Երևանի հին թաղամաս)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Sights of Gyumri». www.gyumri.am.
  2. «Kumayri District, Alexandrapol». wmf.org. World Monuments Fund. 2008.
  3. «Kumayri infosite». Cimmerian. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 14-ին.
  4. «#1 Internet Site for Gyumri Armenia». Gyumritown.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  5. «Rehabilitation of Historic District located within Gorky-Abovyan-Rustaveli-Varpetats streets in Gyumri». Council of Europe.
  6. «Dzitoghtsyan Museum». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.
  7. «The history of Gyumri». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.
  8. «The Gallery of Mariam and Eranuhi Aslamazyan Sisters». www.aslamazyanmuseum.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
  9. «House-museum of Hovhannes Shiraz». Arara Tour (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
  10. «The Black Fortress in Gyumri». Armenian Travel Bureau. Վերցված է 2015 թ․ հունիսի 30-ին.
  11. «Poloz Mukuch Beerhouse». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  12. «Russian Church-Visit Gyumri». visitgyumri.com.(չաշխատող հղում)