Տրամապատկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տրամապատկեր, դիորամա։ Սա գեղանկարչության տեսակ է, երբ պատկերը ստեղծվում է լուսաթափանցիկ, հատուկ լուսավորվող նյութի վրա։ ժամանակակից իմաստով՝ գեղանկարչության տեսակ է, երբ կտրվածքում կիսաշրջանաձև ենթաշրջանակի ներսակողմում ձգված ժապավենակերպ նկարը համադրվում է նրա առջև տեղադրված «առարկայական» պլանի հետ (շինծու և իրական առարկաներ, կառույցներ և այլն)։ Տրամապատկերի համար նախատեսվում է արհեստական լուսավորություն, խոշոր տրամապատկերները տեղադրվում են հատուկ կառուցված շինություններում։ Բնականից կատարված նկարը (հիմնականում ճակատամարտի տեսարաններ) տրամապատկերումում, ինչպես և համայնապատկերում, դիտողի մեջ իրականի մեծ պատրանք է ստեղծում։ Ի տարբերություն համայնապատկերի՝ տրամապատկերը ընդգրկում է հորիզոնի միայն մի մասը։ Առաջին տրամապատկերը ստեղծել է Լ․ ժ․ Գազերը, 1822-ին, Փարիզում։ Տրամապատկերները տարածում են գտել XIX դ․։ Սովետական տրամապատկերներից առավել նշանակալի է «Սապուն գորայի գրոհը 1944 թվականի մայիսի 7-ին» [[[1959]], նկարիչ Պ․ Տ․ Մալցև (Գ․ Ի․ Մարչենկոյի և Ն․ Ս․ Պրիսեկինի մասնակցությամբ), Սապուն գորա, Սևասաոպոլի մոտ], այլ տրամապատկերներից են՝ «Պերեկոպի գրոհը» (1961, նկարիչներ՝ Մ․ Ի․ Սամսոնով, Մ․ Ա․ Անանև, Վ․ Պ․ Ֆելդման, ՍՍՀՄ զինված ուժերի կենտրոնական թանգարան, Մոսկվա), «Օչակով ամրոցի գրոհը ռուսական զորքերի կողմից 1788 թվականին» (1970, նկարիչ Մ․ Ի․ Մամսոնով, Սև Վ․ Սուվորովի անվ․ ռազմա-պատմ․ թանգարան, Օչակով) և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png