Խանասորի Վարդան
Խանասորի Վարդան | |
---|---|
1870 - 1943 | |
Ծննդավայր | Ծաղկաշեն (Մարտակերտի շրջան), Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Զորատեսակ | Հայկական կորպուս |
Կոչում | գեներալ |
Հրամանատարն էր | 5-րդ կամավորական գնդի, Խանասորի արշավանքի |
Պաշտոն | խմբապետ, հայդուկապետ |
Մարտեր/ պատերազմներ | Շատախի ինքնապաշտպանություն Խանասորի արշավանք Հայ-թաթարական ընդհարումներ Ղարաբաղի ինքնապաշտպանություն Վանի ինքնապաշտպանություն, Առաջին համաշխարհային պատերազմ |
Խանասորի Վարդան կամ պարզապես Վարդան (իրական անուն-ազգանուն՝ Սարգիս Մեհրաբյան, (1870, Ծաղկաշեն (Մարտակերտի շրջան), Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1943, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազատագրական, ռազմական, քաղաքական գործիչ։ 1870, Ծաղկաշեն (Մարտակերտի շրջան), Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1943, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական, ռազմական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1867 թվականի օգոստոսի 10-ին` Արցախի Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում։ 1885 թ. ավարտել է Շուշիի թեմական դպրոցը։ Պատանեկան հասակից ընդգրկվել է հայրենասիրական տարբեր գաղտնի խմբակներում։ Դպրոցն ավարտելուց հետո անցնում է Բաքու, որտեղ եղբայրն աշխատում էր Ռոտշիլդ եղբայրներին պատկանող նավթահանքում որպես բանվոր:Ծառայել է ռուսական բանակում։ 1890 թ. մասնակցել է Սարգիս Կուկունյանի արշավախմբին։ 1890 թվականից գործել է Ատրպատականում, զինատար խմբերով հաճախ անցել Վասպուրական, բախվել թուրք սահմանապահ ուժերի և քրդերի հետ։ 1894 թվականին Նիկոլ Դումանի հետ մասնակցել է Դերիկի վանքի կռվին։ 1895 թվականի մայիսին 22 հոգանոց խմբով Ատրպատականից անցնում է Վան։ 1896 թվականի գարնանը ղեկավարել է Շատախի ինքնապաշտպանությունը, նույն թվականի սեպտեմբերին մասնակցել Վանի կռիվներին։ 1897 թվականին նշանակվել է Խանասորի արշավանքի ընդհանուր հրամանատար։ 1898 թվականին որպես Շատախի ներկայացուցիչ մասնակցում է Հայ հեղափոխական Դաշնակցության 2-րդ ընդհանուր ժողովին։ Ժողովը Վարդանին Աղբյուր Սերոբի (Սերոբ Վարդանյան), Սևքարեցի Սաքոյի (Սարգիս Ծովիանյան) և Գուրգենի (Բաղդասար Մալյան) հետ ընտրում է որպես Բարձրավանդակի (Սասուն) Պատասխանատու մարմնի անդամ, բայց Վարդանը հրաժարվում է այդ պաշտոնից։ 1901-1905 թվականներին Վարդանը Բաքվում էր, ուր աշխատում էր Բաքվի նավթահորերում՝ առանց Բաքվի կուսակցական կյանքին մասնակցության։ 1904թ նոյեմեբերից մինչև 1905 թ. մարտը կուսակցության հանձնարարությամբ եղել է Կիլիկիայում։ 1905 թվականի հուլիսից մինչև 1906 թ. դեկտեմբերը հայ-թաթարական ընդհարումների ժամանակ հենց Վարդանին է վստահվում Արցախի ինքնապաշտպանությունը։ 1907 թվականին մասնակցում է Վիեննայում կայացած ՀՅԴ 4-րդ ընդհանուր ժողովին։ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո հաստատվել է Իզմիրի շրջանի Մանիսա (Մագնեսիա) քաղաքում, ուր մնում է մինչև 1914 թվականը։ Համաշխարհային պատերազմը սկսելուց հետո վերադառնում է Կովկաս։ Մասնակցում է կամավորական շարժմանը գլխավորելով Հայկական կամավորական 5-րդ պահեստային խումբը։ 1915 թվականի ապրլի 1-ին նշանակվում է Արարատյան գնդի (նրա կազմի մեջ էին մտնում Հայկական կամավորական 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ գնդերը) հրամանատար, որը որպես ռուսական բանակի առաջապահ օգնության է հասել Վասպուրականի հայությանը։ Վանի հուլիսյան նահանջից հետո Վարդանին հանձնարարվում է կազմել նոր խումբ, սակայն տեղեկանալով հայ կամավորական ջոկատների լուծարման մասին, հրաժարական է տալիս:1917 թվականին դարձյալ հաստատվում է Բաքվում, որտեղ անդամակցում է Բաքվի Հայ ազգային խորհրդին։ 1918 թվականին Բաքվի Հայ ազգային խորհրդի կողմից Վարդանը ընտրվում է Բաքվի հայ զինվորական գերագույն մարմնի անդամ։ Հայաստանի Հանրապետության շրջանում (1918-1920 թվականներ) զբաղվում է իր ընտանիքի հոգսերով և ագարակի մշակությամբ՝ հեռու մնալով քաղաքական կյանքից։ Ռուսական 11-րդ կարմիր բանակի կողմից Հայաստանը գրավելուց և երկրում խորհրդային կարգերի հաստատումից հետո ապրել է Երևանում, ապա Մոսկվայում լինելով օրինապահ քաղաքացի։ Մահացել է 73 տարեկան հասակում` 1943 թվականի հունվարի 2-ին, Մոսկվայում:
Նրա որդին, որ ամուսնացել էր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի (Սարգիս Հովհաննիսյան) դստեր հետ, զոհվել է Հայրենական Մեծ պատերազմում՝ (1941-1945 թվականներին)։
Վարդանի մասին կան բազմաթիվ հյուսված երգեր։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խանասորա Վարդան, Յիշատակարան, Հիշատակարանը մշակումը և աոաջաբանը Սիմոն Վրացյանի, Պէյրութ, 1990, Երևան, 1992։
- Լազեան Գաբրիել, Դէմքեր հայ ազատագրական շարժումէն, Գահիրէ, 1949, 398 էջ։
- Համլետ Գևորգյան, Նիկոլ Դուման, Երևան, 2002:
- Անդրէյ Ամուրեան, Հ. Յ. Դաշնակցութիւնը Պարսկաստանում, Թեհրան, 1950, 182 էջ։
- Միքայէլ Վարանդեան, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Երևան, 1992:
- Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, Բ. հատ., Թեհրան, 1982, Երեւան, 1990:
- Վարդանի հիշատակարանը, Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 402, ցուցակ 2, գործ 1-12։
- Մեհրաբյան Սարգիս, Խանասորի Վարդանի հիշատակարանը, հրատարակության պատրաստեց՝ Ռ․ Սահակյանը, Երևան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2022, 260 էջ։
- Սահակյան Ռ., Սարգիս Մեհրաբյան (Խանասորի Վարդան), Պատմաբանասիրական հանդես, 2022, № 3, էջ 3-29։
- Ruben Sahakyan. The Female figures and oarticipants of the Armenian liberation movment in the memoirs of Vardan Khanasor, Fundamental Armenology, No. 1 (17), pp. 36–54, https://fundamentalarmenology.am/datas/pdfs/903.pdf
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- 1870 ծնունդներ
- 1943 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Երևան քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր
- ՀՅԴ անդամներ
- Հայ ֆիդայիներ
- Ֆիդայական կեղծանուններ
- Հայ ռազմական գործիչներ
- Հայ հեղափոխականներ
- Հայ գեներալներ
- Հայ քաղաքական գործիչներ