Հայկական կորպուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայկական կորպուս կամ Հայոց ազգային կորպուս, հայկական զինվորական միավորում։ Ստեղծվել է 1917 թվականի դեկտեմբերին, ձևավորվել 1917 թվականի ապրիլից, Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության «Բանակի ազգայնացման հիմնական դրույթները» օրենքի հրապարակումից հետո։ Ազգայնացված բանակի խնդիրն էր արտաքին թշնամուց հայրենիքի պաշտպանությունը և պետության ներքին կյանքում կարգուկանոնի հաստատումը։

1917 թվականի ապրիլի 9-ին գեներալ Թովմաս Նազարբեկյանն ուղարկվել է Կովկասյան ռազմաճակատի շտաբ՝ բանակի զորամասերն ազգայնացնելու նպատակով։ 1917 թվականի հոկտեմբերին Հայոց ազգային խորհուրդը դիմել է Կովկասյան բանակի գլխավոր հրամանատարին՝ հայկական ազգային գնդերի թիվն 8-ի հասցնելու խնդրանքով։ 1917 թվականի դեկտեմբերի 13-ին ստեղծվել է Հայոց ազգային կորպուս, հրամանատար է նշանակվել գեներալ Թովմաս Նազարբեկյանը, շտաբի պետ՝ Վեշինսկին, հատուկ կոմիսար՝ Դրաստամատ Կանայանը (Դրո)։ Հայոց ազգային կորպուսին աջակցել է նաև Հայկական զինվորական միությունը՝ Ա. Շահմազյանի գլխավորությամբ։ Հայոց ազգային կորպուսի կազմի մեջ է մտել արևմտահայերի դիվիզիան՝ Անդրանիկ Օզանյանի հրամանատարությամբ։ Հայոց ազգային կորպուսն ուներ 2 դիվիզիա՝ 1-ին և 2-րդ (յուրաքանչյուրում՝ 4-ական գունդ), հեծելազորային բրիգադ (2 գունդ, յուրաքանչյուրում՝ 400-ական մարդ), Արևմտահայկական դիվիզիա, Ա բրիգադ (Էրզրումի գունդ՝ կազմված 2 գումարտակից), Երզնկայի գունդ (2 գումարտակ), Բ բրիգադ (Խնուսի գունդ՝ կազմված 2 գումարտակից), Ղարաքիլիսայի գունդ (2 գումարտակ), Վանի գունդ (2 գումարտակ), Զեյթունի գունդ, տեղական բանակային զորամասեր՝ Լոռու, Շուշիի, Ախալքալաքի, Ղազախի գնդերը (2-ական գումարտակ), Նուխիի, Ախալցխայի, Իգդիրի, Խանասորի ջոկատները։ 1918 թվականի մարտի 31-ի տվյալներով Հայոց ազգային կորպուսն ուներ 19590 մարտիկ, որոնցից 818-ը՝ սպա։ 1918 թվականի հուլիսի 26-ին գեներալ Նազարբեկյանի հրամանով Հայոց ազգային կորպուսը վերակազմավորվել է Ազգային դիվիզիայի, որի հիման վրա էլ 1920 թվականին ստեղծվել է ՀԽՍՀ կարմիր բանակը։

Հայոց ազգային կորպուսը մասնակցել է հայ ժողովրդի՝ թուրքական զավթիչների դեմ 1918-1920 թվականներին մղած հերոսամարտերին։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png