Լակի Լուչանո
Լակի Լուչանո | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 24, 1897[1] |
Ծննդավայր | Լերկարա Ֆրիդի, Իտալիայի թագավորություն |
Մահացել է | հունվարի 26, 1963[1][2] (65 տարեկան) |
Մահվան վայր | Նեապոլ, Կամպանիա, Իտալիա |
Գերեզման | Սուրբ Հովհաննեսի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն, Իտալիա և ԱՄՆ |
Մասնագիտություն | գանգստեր, Հանցագործության ղեկավար, racketeer, rum-runner, թմրաբարոն և վարկային շնաձուկ |
Ստորագրություն | |
Lucky Luciano Վիքիպահեստում |
Չառլզ Լուչանո (մականունը` Բախտավոր, անգլ.` Charles «Lucky» Luciano, իրական անունը` Սալվատորե Լուկանիա ( իտալ.` Salvatore Lucania), նոյեմբերի 24, 1897[1], Լերկարա Ֆրիդի, Իտալիայի թագավորություն - հունվարի 26, 1963[1][2], Նեապոլ, Կամպանիա, Իտալիա), ազգությամբ իտալացի գանգստեր, հանցագործ, ԱՄՆ-ում կազմակերպված հանցավորության` մաֆիայի առաջնորդներից մեկն էր։ Չունենալով ԱՄՆ քաղաքացիություն, 1946 թվականին արտաքսվել է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լակի Լուչանոն ծնվել է Անտոնիո Լուչանոյի և Ռոզալի Կապորելլիի ընտանիքում և նրանց չորս երեխաներից երրորդն էր։ 1907 թվականին, կարիքից դրդված, Անտոնիո Լուչանոն գաղթել է ԱՄՆ, տեղավորվել աշխատանքի` որպես հանքափոր և երկու տարի անց, 1909 թվականին ԱՄՆ է տեղափոխել ողջ ընտանիքին։ Նրանք բնակություն են հաստատել Մանհեթենի հարավարևելյան մասում գտնվող ներքին Իսթ-Սայդ շրջանում։
Պատանի տարիքում Լակի Լուչանոն ցածր աշխատավարձով աշխատել է որպես բանվոր։ Նյու Յորքի այն շրջանը, որտեղ բնակվում էր նա, հայտնի էր «Փոքր Իտալիա» անունով։ Դպրոցն ավարտելուց հետո նա ծանոթացել է մաֆիայի առաջնորդներ Մեյեր Լանսկիի, Բագսի Սիգելի և Ֆրենկ Կոստելլոյի հետ։ Այդ ծանոթությունը տեղի է ունեցել փողոցային պարզաբանումներից մեկի ժամանակ, երբ միջադեպը հարթվել է Ֆրենկ Կոստելլոյի կողմից։ 1911 թվականին, Լուսավորության նախարարությունը Լուչանոյին տեղավորել է Բրուքլինում գտնվող դժվար դեռահասների վերադաստիարակությամբ զբաղվող հաստատություններից մեկում։ Հետագայում նա ծանոթացել է կանացի գլխարկներ պատրաստող վարպետ Մաքս Գուդմանի հետ, ով նրան վերցրել է աշխատանքի։ Ժամանակի ընթացքում, երբ Լուչանոն արդեն դարձել էր հայտնի հեղինակություն, Գուդմանին վերցրել էր իր պաշտպանության ներքո և հարգում էր նրան` որպես իր հորը։
Մնալով այդ աշխատանքին, երիտասարդ Սալվատորեն ընդունել է Ջորջ Սկոպլոնի առաջարկը, ով ծանոթներ ուներ ոստիկանությունում և քաղաքական դաշտում և զբաղվել է թմրանյութերի առաքումով։ Կանացի գլխարկները հասցնելով հաճախորդներին, նա դրանց մեջ թաքցնում էր թմրափոշին և այդպես այն առաքում հասցեատերերին։
1916 թվականին Լուչանոն ձերբակալվել է և դատապարտվել մեկ տարվա ազատազրկման, սակայն վեց ամիս անց, օրինակելի վարքի համար ազատ է արձակվել։ Այնուհետև ընդգրկվելով Նյու-Յորքի երկու խոշորագույն գանգստերական խմբերից մեկի` Ջուզեպպե Մասսերիայի «ընտանիքի» մեջ, նա բռնել է իր հանցավոր ուղին, զբաղվել կողոպուտով, ռեկետով, թմրանյութերի վաճառքով, կավատությամբ, մաքսանենգությամբ, կազմակերպել է ընդհատակյա խաղատներ և այլն, որի շնորհիվ կարելի էր կարողություն կուտակել և վաստակել հեղինակություն։ Այդ տարիներին պատերազմ էր մղվում Մասսերիա և Մարանզանո «ընտանիքների» միջև` քաղաքում իրենց ազդեցությունն հաստատելու համար։
1929 թվականի հոկտեմբերի 16-ին[3], Նյու-Յորքի կենտրոնում Լուչանոյին առևանգել են Մարանզանոյի մարդիկ, տարել Սթաթեն Այլենդի ամայի վայրերից մեկը, կախել նրան ծառից և վառվող սիգարեթներով այրել դեմքը` ցանկանալով իմանալ թմրանյութերի տեղը։ Չիմանալով ոչինչ և որոշելով, որ նա արդեն մահացած է, թողել են նրան և հեռացել։ Մոտակայքով անցնող պարեկները Լուչանոյին տեղափոխել են հիվանդանոց։ Նրա ողջ մնալու համար, Մեյեր Լանսկին նրան անվանել է Բախտավոր։ Այդ միջադեպը ի հայտ բերեց Լուչանոյի բնավորության երկու դրական կողմերը։ Առաջինն այն էր, որ նա չկոտրվեց կտտանքների ժամանակ, իսկ երկրորդը, որ նա կարողացավ իրեն նեղացնողների հանդեպ ցուցաբերել սառնասրտություն։ Վերլուծելով ստեղծված իրավիճակը և հաշվի առնելով Մեյեր Լանսկիի հուշումը, նա եկավ այն եզրահանգման, որ իրեն նեղացնողը ոչ թե Մարանզանոն էր, այլ Մասսերիան։ Պատասխան հարվածը երկար սպասել չթողեց։ 1931 թվականի ապրիլին, պայմանավորվելով Մարանզանոյի մարդկանց հետ, Լուչանոն վերացրեց Մասսերիային, այդպիսով հարթելով իր ուղին` դեպի իշխանությունը հանցավոր աշխարհի վրա։
Լուչանոն օժտված էր կազմակերպչական ընդունակություններով։ Նա հնարել էր նախագիծ, ըստ որի կեղծ կազմակերպությունը «տանիք» էր հանդիսանում 1920-1930-ական թվականներին ԱՄՆ-ում գործող «Չոր օրենք»-ի պայմաններում ընդհատակյա սպիրտային խմիչքներ վաճառողների` բութլեգերների համար։ Նա առաջիններից մեկն էր, ում որոշմամբ մաֆիան պետք է գործեր կորպորացիաների օրինակով։ Նա կազմակերպել էր գանգստերների «Մեծ յոթնյակ»-ը, որի մեջ մտնում էին նաև որպես գործընկերներ հանդես եկող Նյու-Յորքի, Բոստոնի, Ռոդ Այլենդի, Ատլանտիկ Սիթիի գանգստերական խմբավորումները։ Լուչանոն կապ էր հաստատել նաև ոչ իտալական ծագում ունեցող հանցավոր խմբավորումների հետ` միաժամանակ չկորցնելով իր հեղինակությունը մյուս «ընտանիքների» առաջնորդների մոտ։ Դա այն տարիներին հեղափոխական նորարարություն էր։ Կոզա նոստրայի համար աշխատում էին ոչ միայն ծնունդով սիցիլիացիները, այլ նաև նրանք, ում կարիքն ուներ այդ կազմակերպությունը։ Հարկ է նշել, որ ոչ իտալական ծագում ունեցող գանգստերները կարող էին աշխատել Կոզա նոստրայի համար, սակայն իրավունք չունեին մտնելու նրա շարքերը և դառնալ լիիրավ անդամ։
Լուչանոն առաջինն էր հասկացել, որ աշխատանքի բաժանումը կարող է մեծացնել մաֆիայի արդյունավետությունը։ Նա Կոզա նոստրայի հատուկ ջոկատի` «Սպանությունների կորպորացիայի» հիմնադիրներից մեկն էր և նրա խորհրդով այդ կորպորացիան գլխավորում էր Ալբերտ Անաստազիան։ Լուչանոն իր հովանավորության տակ էր առել նաև մարմնավաճառությունը և դարձել էր թիվ 1 կավատը։ Նյու-Յորքում նրան էր պատկանում մոտ 200 հասարակաց տուն։ 1935 թվականին դրանց ընդհանուր եկամուտը գնահատվում էր մոտավորապես 20 միլիոն դոլար, որից 200.000-ը ստանում էր անձամբ Լուչանոն։ Որոշ չհաստատված տվյալներով Լակի Լուչանոն հանդիսանում է մեկ օրում մի քանի տասնյակ սպանությունների մեղավոր։ Այդպես նա ձերբազատվում էր մրցակիցներից` դառնալով Նյու-Յորքի քողարկված տիրակալը։
1936 թվականին Նյու-Յորք նահանգի դատախազ Թոմաս Դյուին Լուչանոյին մեղադրանք ներկայացրեց որջերի և մարմնավաճառության ցանցեր կազմակերպելու համար և կարողացավ հասնել 30-ից 50 տարվա բանտային կալանք նշանակելու դատավճռին։ 1943 թվականին ամերիկյան կառավարության խնդրանքով, Լուչանոն օգնեց իրականացնելու` ամերիկյան զորքերին Սիցիլիայում իջեցնելու ռազմական գործողությունը, որի համար էլ նույն թվականին նա ազատվեց բանտից։ Սակայն պատերազմից հետո, 1946 թվականին նա արտաքսվեց Իտալիա։ Երկու անգամ փորձել է վերադառնալ ԱՄՆ, սակայն անարդյունք։
1962 թվականին հրավիրվել է մաֆիայի մասին վավերագրական ֆիլմի նկարահանումներին, սակայն ռեժիսորի հետ հանդիպման ժամանակ ինֆարկտ ստանալով, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Լուչանոն այն սակավաթիվ գանգստերներից էր, ովքեր մահացել են իրենց մահով։ Նրա կերպարն իր արտացոլումն է գտել բազմաթիվ ֆիլմերում և գրական ստեղծագործություններում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Лаки Лучиано (Lucky Luciano). Биография. Фотографии
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լակի Լուչանո» հոդվածին։ |
|