Jump to content

Գլորիա Ալվարես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլորիա Ալվարես
իսպ.՝ Gloria Álvarez Cross
Դիմանկար
Ծնվել էմարտի 9, 1985(1985-03-09) (39 տարեկան)
ԾննդավայրԳվատեմալա Սիթի, Գվատեմալա, Գվատեմալա
Քաղաքացիություն Գվատեմալա
Կրոնաթեիզմ
ԿրթությունՀռոմի Սապիենզա համալսարան, Լյովենյան կաթոլիկ համալսարան և Francisco Marroquín University?
Մասնագիտությունքաղաքագետ, գրող, հեռուստահաղորդավարուհի և հաղորդավար
 Gloria Álvarez Վիքիպահեստում

Գլորիա Ալվարես (իսպ.՝ Gloria Álvarez, մարտի 9, 1985(1985-03-09), Գվատեմալա Սիթի, Գվատեմալա, Գվատեմալա), գվատեմալացի լրագրող, քաղաքագետ և հասարակական-քաղաքական գործիչ։ Ռադիոծրագրի հաղորդավար, հայտնի հրապարակախոս։ Ազգային քաղաքացիական շարժման համակարգող և մամուլի քարտուղար։ Ակտիվորեն քարոզում է լիբերտարիականության և հանրապետականության գաղափարները, կոշտ քննադատում «21-րդ դարի սոցիալիզմի» ռեժիմները։

Կրթություն, աշխատանք, ծրագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է «իրական սոցիալիզմի» երկրներից արտագաղթողների ընտանիքում։ Հայրն ազգությամբ կուբացի է, մայրը՝ հունգարացի[1]։ Աշխատել է խանութում որպես առևտրային ծառայող[2]։ Ավարտել է Գվատեմալայի Ֆրանսիսկո Մարոկկինի համալսարանը՝ քաղաքագիտության և սոցիալական գիտությունների դասընթացով։ Ստացել է Միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան Հռոմի Լա Սապիենցա համալսարանում։

Գլորիա Ալվարեսը հավատարիմ է աջ քաղաքական հայացքներին, հանդես է գալիս որպես արմատական լիբերտարիականության գաղափարախոս։ Նա ակտիվորեն ներգրավված է Գվատեմալայի քաղաքականության որպես համակարգող և Ազգային քաղաքացիական շարժման (MNC) խոսնակ Ազգային քաղաքացիական շարժման։ Վարում է «Viernes de Gloria» հասարակական-քաղաքական ռադիոհաղորդումը՝ «Ուրբաթը Գլորիայի հետ»[3]։

«Հանրապետականը պոպուլիզմի դեմ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլորիա Ալվարեսը լայն ճանաչում է ստացել 2014 թվականի վերջին՝ Սարագոսայում Իբերոամերիկյան Երիտասարդական խորհրդարանի նստաշրջանում ունեցած իր ելույթից հետո։ Նրա խոսքը «պոպուլիզմը դեմոնտաժի ենթարկելու» կոչով դարձել է YouTube-ի հիթ[4]։ Ալվարեսի El populismo ama tanto a los pobres que los multiplica արտահայտությունը (Պոպուլիզմն այնքան է սիրում աղքատներին, որ բազմապատկում է նրանց թիվը) վերածվել է հայտնի մեմի։

Ալվարեսը խիստ քննադատության է ենթարկում Կուբայում Կաստրո եղբայրների կոմունիստական ռեժիմը, Նիկարագուայում Օրտեգա-Մուրիլյոյի սանդինիստական ռեժիմը, «21-րդ դարի սոցիալիզմի» լատինամերիկյան կառավարությունները (Չավես-Մադուրոն՝ Վենեսուելայում, Կոռեան՝ Էկվադորում, Մորալեսը՝ Բոլիվիայում)՝ կառավարման բռնապետական մեթոդների, «մարդու իրավունքների դաժան խախտումների», «ձայների գնման» համար[5]։

«Պոպուլիզմ» եզրույթը բացասական իմաստով Գլորիա Ալվարեսը մատնանշում է կոմունիզմի և ձախ ավտորիտարիզմի քաղաքականությունը։ Այդ երևույթին նա հակադրում է քաղաքական հանրապետականությունն ու գաղափարական լիբերտարիականությունը, որը «երաշխավորում է մարդկային բազմազանությունը»։ Ընդհանուր առմամբ՝ նրա դիրքորոշումը բնութագրվում է որպես «Populismo vs República»՝ Հանրապետականությունն ընդդեմ պոպուլիզմի[6]։

Միևնույն ժամանակ, Գլորիա Ալվարեսի ընդդիմախոսները նշում են, որ իր քննադատությանը ենթարկվում է միայն ձախ պոպուլիզմն ու ավտորիտարիզմը[7]։

Գլորիա Ալվարեսը այցելել է Իսպանիա, Արգենտինա, Ուրուգվայ (վերջին երկու երկրներում իշխանության ղեկին են եղել Կիրշների և Մուխիկայի ձախ կառավարությունները), բանավեճ է վարել ձախ երիտասարդական կազմակերպությունների հետ։ Սուր հակամարտության պատճառ է դարձել 2015 թվականի հունվարին Գլորիա Ալվարեսի դասախոսությունը Նիկարագուայում։ Սանդինիստական ուսանողական կազմակերպությունը ֆիզիկական մեթոդներով սպառնացել է խափանել Ալվարեսի ելույթը Մանագուայի պոլիտեխնիկական համալսարանում։ Մայրաքաղաքի օդանավակայանում Ալվարեսը ձերբակալվել և հարցաքննվել է։

Միայն վախկոտներն են նախընտրում բառերի փոխարեն փամփուշտ փոխանակել։
Գլորիա Ալվարես[8].

Ազգային և միջազգային քաղաքականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլորիա Ալվարեսը գվատեմալական քաղաքականությանը մասնակցում է որպես աջ ուղղության վերլուծաբան և քարոզիչ։ Սակայն նա չի առաջադրվում խորհրդարանում և չի մտնում քաղաքական կուսակցությունների մեջ՝ համարելով, որ MNC-ի, ռադիոյի և ինտերնետի հասարակական շարժումն ավելի արդյունավետ գործիքներ են։ Քննադատում է գվատեմալացի քաղաքական գործիչների մեծ մասին կոռումպացված լինելու և հեռանկարային նախագծերի բացակայության համար[9]։ Հանդես է գալիս ի պաշտպանություն գեներալ Էֆրաին Ռիոս Մոնթի, որը մեղադրվում է պատերազմական հանցագործությունների մեջ[10]։ Ալվարեսը կտրականապես հերքում է Ռիոս Մոնթի մեղադրանքները հնդկացիների էթնիկ ցեղասպանության վերաբերյալ՝ նշելով այն փաստը, որ շատ հնդկացիներ եղել են քաղաքացիական ինքնապաշտպանության կառավարամետ պարեկայիններ։

Գլորիա Ալվարեսի գործունեությունը չի սահմանափակվում Գվատեմալայով։ Նա ակտիվորեն մասնակցում է Իբերո-Ամերիկայի իրավական տեղեկատվական-քաղաքական նախագծերին։ Կապ է հաստատում Կուբայի հակակոմունիստական արտագաղթի հետ, կապեր է պահպանում լատինամերիկյան մի քանի երկրների աջ պահպանողական կուսակցությունների հետ, այդ թվում՝ Սալվադորի ազգայնական հանրապետական դաշինքը[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Gloria Álvarez: «Nunca iré a Cuba a cancunear»
  2. Asi es la politologa que desmonto a Podemos
  3. «La libertad es hermosa, fotos de Gloria Alvarez». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. Las claves del discurso de la politóloga guatemalteca que desmonta el populismo
  5. Una politologa guatemalteca desmonta el discurso populista de Podemos
  6. Gloria Álvarez, Populismo vs República
  7. ¿Gloria Álvarez, en nombre de la juventud latinoamericana?
  8. Ortega «recibe» a Gloria Álvarez
  9. «Gloria Álvarez habla del 'mal' de la política latinoamericana. «La república es la única cura al populismo»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  10. «Евангелие от Эфраина, или Духоподъёмные патрули генерала Риоса Монтта». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  11. «La derecha viraliza en las redes un discurso para «desmantelar el populismo»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլորիա Ալվարես» հոդվածին։