Բելա Գուտման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելա Գուտման
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝հունգ.՝ Guttmann Béla
Մասնագիտացում՝ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
Երկիր՝ Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 13, 1900(1900-03-13)[1] կամ հունվարի 27, 1899(1899-01-27)
Ծննդավայր՝Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա
Մահվան ամսաթիվ՝օգոստոսի 28, 1981(1981-08-28)
Մահվան վայր՝Վիեննա, Ավստրիա
Բելա Գուտմանի արձանը Estádio da Luz մարզադաշտում

Բելա Գուտման (հունգարերեն՝ Béla Guttmann, մարտի 13, 1900(1900-03-13)[1] կամ հունվարի 27, 1899(1899-01-27), Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - օգոստոսի 28, 1981(1981-08-28), Վիեննա, Ավստրիա), 20-րդ դարի հունգարացի անվանի ֆուտբոլիստ և մարզիչ։ Համարվում է ֆուտբոլային թիմի խաղը 4-2-4 սխեմայով կազմակերպելու գաղափարը մշակողներից և առաջին կիրառողներից մեկը[2]։ Տակտիկական այդ նորույթը նա գործադրել է Բրազիլիայում մարզչական իր աշխատանքի ժամանակ, և դա օգնել է այդ երկրի հավաքականին՝ 1958 և 1962 թվականներին հաղթելու աշխարհի գավաթի խաղարկություններում[3]։

Շուրջ չորս տասնամյակ ձգված մարզչական գործունեության ընթացքում Գուտմանը քսանմեկ անգամ փոխել է իր թիմերը՝ պտույտ անելելով աշխարհում և մարզելով այնպիսի հեղինակավոր թիմեր, ինչպես՝ իտալական «Միլանը», ուրուգվայական «Պենյարոլը», բրազիլական «Սան Պաուլու»-ն, պորտուգալական «Պորտու»-ն, «Բենֆիկա»-ն... Նա եղել և մնում է լավագույն արդյունքների հասած մարզիչներից մեկը աշխարհում. երկու անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնների գավաթը (Լիսաբոնի «Բենֆիկա»-ի հետ, 1960/61 և 1961/62 տարեշրջաններում), մեկ անգամ՝ լատինաամերիկյան ուժեղագույն ֆուտբոլային թիմերի «Լիբերտադորես» գավաթը (Copa Libertadores), իր մարզած թիմերի հետ յոթ անգամ դարձել է Հունգարիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Բրազիլիայի, Ուրուգվայի չեմպիոն և նույնքան անգամ էլ՝ այդ երկրների գավաթակիր։

Նրա մարզչական հարուստ գործունեությունը, այդուհանդերձ, զերծ չի եղել նաև հակասություններից։ Հազվադեպ է եղել, որ նա իր մարզած թիմում մնա երկու տարեշրջանից ավելի. ինքն իր մասին չափազանց բարձր կարծիք ունենալը, խոսելու հեգնական և նույնիսկ ցինիկ տոնը, բարձր աշխատավարձ պահանջելը մշտական աղմուկ ու սենսացիա են ստեղծել նրա անվան շուրջը՝ դարձնելով Էլենիո Էռերայի կամ Ժոզե Մոուրինյոյի նման, նրանց նախօրինակ մի կերպար[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բուդապեշտում, հրեական ընտանիքում։ Ծնողների խորհրդով՝ մանուկ հասակից հաճախել է բալետային խմբակի պարապմունքների և 16 տարեկանում արդեն ստացել է դասական պարերի դասատուի որակավորում։ Բայց հաշվի առնելով, որ Ավստրո-Հունգարիայում սպորտն ավելի է կարևորվում, որոշել է իրեն նվիրել ֆուտբոլին[5]։

Ֆուտբոլիստի իր կարիերան սկսել է Բուդապեշտի MTK թիմում, որը 1920-1921 թվականներին երկու անգամ նվաճել է Հունգարիայի չեմպիոնի կոչումը։ Այնուհետև տեղափոխվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի SC Hakoah, զուգահեռաբար հոգեբանություն է ուսումնասիրել[6]։ Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 1924 թվականին Փարիզում անցկացված ամառային օլիմպիական խաղերին։ 1926 թվականին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հանդես եկել Նյու Յորքի, Բրուքլինի մի շարք ակումբներում։ 1932 թվականին վերադարձել է Ավստրիա, միայն մեկ տարեշրջան խաղացել Վիեննայի SC Hakoah թիմի կազմում և 1933 թվականից անցել մարզչական աշխատանքի։ Երկու տարի մարզել է իրեն քաջ ծանոթ վիեննական SC Hakoah-ը։

Երկրորդ համաշխարհային պատերազմը ծանր հետք է թողել Գուտմանի ճակատագրի վրա. նրա ավագ եղբայրը զոհ է գնացել Հոլոքոստին։ Ըստ որոշ աղբյուրների՝ այդ վտանգավոր ժամանակներում ինքն անձամբ ապաստան է գտել Շվեյցարիայում կամ Բրազիլիայում, սակայն այլ աղբյուրների վկայությամբ՝ համակենտրոնացման ճամբար է ընկել[7]։ Այդ մասին իրեն տրված հարցերին Գուտմանը միշտ նույն պատասխանն է տվել՝ «Միայն Տեր Աստվածն օգնեց ինձ...»[8]: Պատերազմից հետո նա վերադարձել է մարզչական աշխատանքի. մարզել է Բուդապեշտի «Վաշաշ» թիմը, միաժամանակ պորտուգալերեն է սովորել[5]։ Հետագայում աշխատել է մի շարք հանրահայտ ֆուտբոլային ակումբներում (իտալական «Միլան»-ում, ուրուգվայական «Պենյարոլ»-ում, բրազիլական «Սան Պաուլու»-ում, պորտուգալական «Պորտու»-ում, «Բենֆիկա»-ում...), նվաճել մարզական բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ ու պարգևներ։

Մահացել է 1981 թվականին, թաղվել Վիեննայի հրեական գերեզմանատանը։ Այդ նույն տարում նրա անունը ներառվել է Միջազգային սպորտի հրեական փառքի սրահում[9] : 2007 թվականին անգլիական The Times-ը նրան ընդգրկել է պատմության ամենաազդեցիկ մարզիչների իր կազմած ութնյակում[10]։

Անհատական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բոլոր ժամանակների լավագույն մարզիչների վարկանիշային ցանկում գրավել է 9-րդ տեղը՝ ըստ World Soccer Awards-ի վարկածի (2013 թ.)[11] ·[12]:
  • Բոլոր ժամանակների լավագույն մարզիչների վարկանիշային ցանկում գրավել է 16-րդ տեղը՝ ըստ ESPN հեռուստատեսության վարկածի (2013 թ.)[13];
  • Բոլոր ժամանակների լավագույն մարզիչների վարկանիշային ցանկում գրավել է 20-րդ տեղը՝ ըստ «Ֆրանս ֆուտբոլ»-ի վարկածի (2019 թ.)[14] ·[15] ·[16]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենֆիկա (ֆուտբոլային ակումբ, Լիսաբոն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Detlev Claussen: Béla Guttmann. Weltgeschichte des Fußballs in einer Person, Berenberg Verlag, Berlin 2006, ISBN 3-937834-11-7.
  • Ludwig Tegelbeckers: Béla Guttmann. Weltenwanderer ohne Kompromiss. In: Dietrich Schulze-Marmeling, Davidstern und Lederball, S. 347–368, Verlag Die Werkstatt, Göttingen 2003, ISBN 3-89533-407-3.
  • Rogan Taylor, Klara Jamrich: Puskas on Puskas. The Life and the Times of a Footballing Legend. Robson Books, London 1997, ISBN 1-86105-083-6.
  • Michael John, Dietrich Schulze-Marmeling: „Hauts die Juden“. Antisemitismus im europäischen Fußball. In: Dietmar Beiersdorfer: Fußball und Rassismus. Verlag Die Werkstatt, Göttingen 1993, ISBN 3-923478-73-9, S. 133–160.
  • Jenő Csaknády: Die Béla Guttmann Story. Hinter den Kulissen des Weltfußballs. Bintz-Dohany, Offenbach 1964.
  • David Bolchover: The greatest comeback : from genocide to football glory – the story of Béla Guttmann. London : Biteback, 2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 worldfootball.net(բազմ․)
  2. Paul Simpson (24 avril 2008). «Foreskins and Total Football». FourFourTwo.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
  3. Biographie de Gusztav Sebes Արխիվացված 2009-02-14 Wayback Machine, fifa.com
  4. Jonathan Wilson (17 janvier 2007). «Chelsea be warned: a Guttman is hard to find». guardian.co.uk (անգլերեն).
  5. 5,0 5,1 (Գերմաներեն) wien.gv.at (site officiel de la commune de Vienne), ed. (11 avril 2010). «Wiener Fußballgeschichte - Béla Guttmann». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
  6. (իտալերեն) Sandro Modeo (2010). Corriere della Sera (ed.). «Guttmann ispiratore della parabola di Mou». էջ 41. {{cite web}}: Unknown parameter |jour= ignored (օգնություն)
  7. (Գերմաներեն) Erik Eggers (2001). welt.de (ed.). «Kuscht der Star, kuscht die Mannschaft». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 7 juillet 2010-ին. {{cite web}}: Unknown parameter |jour= ignored (օգնություն)
  8. (Իսպաներեն) Aitor Lagunas (30 octobre 2006). elpais.com.uy (ed.). «Bela Guttman». Վերցված է 11 avril 2010-ին.(չաշխատող հղում)
  9. Jewishsports.net, ed. (30 mars 2007). «Bela Guttmann» (անգլերեն).
  10. (Հոլանդերեն) Voetball International, ed. (13 septembre 2007). «'Michels is onbetwist 's werelds beste coach'». Վերցված է 30 mars 2007-ին.
  11. Jamie Rainbow (4 juillet 2013). World Soccer (ed.). «The Greatest Manager of all time».
  12. Jamie Rainbow (2 juillet 2013). World Soccer (ed.). «The Greatest XI: how the panel voted». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
  13. Greatest Managers, No. 16: Bela Guttmann
  14. France Football, ed. (19 mars 2019). «Top 50 des coaches de l'histoire». Վերցված է 19 mars 2019-ին.
  15. Fox Sports, ed. (19 mars 2019). «Los 50 mejores entrenadores de la historia». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 29 décembre 2019-ին.
  16. ABC, ed. (19 mars 2019). «Los 50 mejores entrenadores de la historia del fútbol». Վերցված է 29 décembre 2019-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]