Ակրոպոլիս[1]հին հունարեն՝ ἀκρόπολις), միջնաբերդի հունարեն անվանումը. բառացի նշանակում է վերին քաղաք։ Առավել հայտնի է Աթենքի Ակրոպոլիսը՝ կառուցված մ. թվական ա. 1-ին հազարամյակի սկզբներին։
Հնում քաղաքները հիմնականում եռամաս էին՝ բաղկացած միջնաբերդից, բնակելի թաղամասերից և արվարձաններից։ Միջնաբերդը բնակավայրի բարձրադիր, պարսպապատ, անառիկ մասն էր, որտեղ վտանգի ժամանակ ապաստանում էին բնակիչները։ Միջնաբերդեր ունեցել են արևմտաեվրոպական, ռուսական, միջինասիական, հայկական և միջնադարյան այլ քաղաքներ։ Հին Հունաստանում միջնաբերդը կոչվում էր ակրոպոլիս, Հին Հռոմում՝ կապիտոլիում, Ռուսաստանում՝ կրեմլ։
Միջնադարյան Հայաստանում առավել նշանավոր էին Անիի, Դվինի, Լոռեբերդի, Վանի, Կարսի միջնաբերդերը։
Ակրոպոլիսը գտնվում է Աթենքի բարձր բլուրներից մեկի վրա, չափերը՝ 300x130 մ, մ. թ. ա. 449 թվականին վերակառուցվել է Պերիկլեսի օրոք՝ ամրոցից վերածվելով Փառքի և Աթենքի հովանավոր Աթենաս աստվածուհու վեհության խորհրդանիշի։ Արևմուտքից թեք ու ժայռոտ տեղանքով միակ ճանապարհը տանում է դեպի Ակրոպոլիսի սյունազարդ մուտքը՝ Պրոպիլեոնը (մ. թ. ա. 437–432 թվականներին, ճարտարապետ՝ Մնեսիկլես), որից աջ՝ Պիրգոս կոչվող բարձր հարթակի վրա, եղել է Նիկե Ապտերոսի փոքրաչափ տաճարը, դիմացն Աթենաս Պարթենոսի արձանն էր, աջում՝ Պարթենոնի տաճարը, իսկ ձախում՝ Էրեքթեոնի նրբակերտ տաճարը (մ. թ. ա. 421–406 թվականներին). կառուցվել է Պոսեյդոնի, Աթենասի և Ատտիկայի թագավոր Էրեքթեոնի պատվին։ Հետաքրքրական է, որ տաճարի հարավային սյունասրահի ծանրությունը կրում են 6 կարիատիդներ (կանանց արձաններ)։
Ակրոպոլիսի համալիրի հորինվածքային մտահղացումը կապված էր 4 տարին մեկ կազմակերպվող համաժողովրդական տոնի՝ Համաաթենական հանդիսավոր երթի հետ, որը, սկսվելով ԱթենքիԱգորայից (գլխավոր հրապարակ), հասնում էր մինչև Պարթենոն։
Աթենաս Պալլասի արձանն ունեցել է 12 մ բարձրություն. դեմքը և ձեռքերը եղել են փղոսկրից, հագուստը և զենքը՝ ոսկե բարակ թերթերից, իսկ աչքերը՝ թանկարժեք քարերից։ Ըստ Փավսանիոս պատմիչի՝ Նիկե Ապտերոսի տաճարի (մ. թ. ա. 421 թվական, ճարտարապետ՝ Կալիկրատես) սրբարանում (նաոս) դրված է եղել հաղթանակի աստվածուհու՝ Նիկեի անթև արձանը (որպեսզի հաղթանակը «չթռչի» հեռանա աթենացիներից)։ Ակրոպոլիսի գլխավոր տաճարը Պարթենոնն է (մ. թ. ա. 447–432 թվականներին, ճարտարապետներ՝ Իկտինոս և Կալիկրատես), որն աչքի է ընկնում մեծ չափերով (69,9 x 30,9 մ) և ներդաշնակ համաչափություններով։ Տաճարի արևմտյան ճակտոնի բարձրաքանդակները ներկայացնում են ծովերի աստված Պոսեյդոնի և Աթենաս Պարթենոսի վեճը Ատտիկային տիրելու համար, արևելյան ճակտոնին պատկերված է հելլենական մի առասպել, ըստ որի՝ Աթենասը ծնվել է Զևսի գլխից։ Տաճարի պատերը ողջ շրջագծով գոտևորել է ֆրիզը՝ պատված պատկերաքանդակներով, որոնց հիմքում Աթենքի մասին առասպելներն են՝ աստվածների և տիտանների պայքարը, Տրոյայի ավերումը, կենտավրոսների և հերոսների գոտեմարտը։ Պարթենոնի քանդակների հեղինակը մ. թվական ա. V դարի նշանավոր քանդակագործ Ֆիդիասն է։
Թուրքերի տիրապետության ժամանակ Պարթենոնը վերածվել է վառոդի պահեստի (14-րդ դար), ապա՝ մզկիթի։ Այն կանգուն էր մինչև XVIII դարի վերջը. թուրքերը Ակրոպոլիսի պարսպապատերը պաշտպանական նպատակով ամրացնելու համար քանդել են տաճարը և քարերն օգտագործել հողապատնեշի լիցքի համար։ Հունաստանի ազատագրումից հետո տաճարի մասերը և քանդակները հանվել են հողային լիցքից, իսկ 1835–1836 թվականներին տաճարը վերաշարվել է և ստացել ներկայիս տեսքը։ 19-րդ դարի սկզբին Պարթենոնի շատ քանդակներ տարվել են Մեծ Բրիտանիա. գտնվում են ԼոնդոնիԲրիտանական թանգարանում։ Իր չափերի, դիրքի և կառուցիկ հատկանիշների շնորհիվ տաճարն իշխող է ոչ միայն Ակրոպոլիսի համակառույցի, այլև ողջ Աթենքի համայնապատկերի վրա։
Պարթենոնի տաճարը Աթենքի Ակրոպոլիսում (մ. թվական ա. 447–438 թվականներին)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 234)։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։