Արեոպագոս հին աթենական իշխանության մարմին է։ Անվանվել է նիստերի գումարման վայրի` Արեսի բլրի (Ակրոպոլիսի մոտ) անունով։ Առաջացել է տոհմացեղային հասարակարգում, որպես ավագանու խորհուրդ։ Ունեցել հսկելու, դատելու, կրոնական և քաղաքական կյանքը տնօրինելու մեծ իրավունքներ։ Մ.թ.ա. 8-րդ դարում կազմվել է առավել գեղեցիկ և ունևոր աթենացիներից, մասնավորապես` նախկին արքոնտներից։ Անդամների թիվը սահմանափակումներ չի ունեցել։ Արեոպագոսը արիստոկրատիայի, իսկ ավելի ուշ՝ օլիգարխիայի հենարան էր։ Նիստերը սովորաբար գումարվում էին յուրաքանչյուր ամսվա վերջին, երեք գիշեր շարունակ։ Արեոպագոսի իրավունքները մ.թ.ա. 6-րդ դարի սկզբին սահմանափակեց Սոլոնը։ Աթենական ստրկատիրական դեմոկրատիայի զարգացմանը զուգընթաց, Արեոպագոսը աստիճանաբար զրկվեց քաղաքական իշխանությունից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 23)։