Nick Cave and the Bad Seeds

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nick Cave and the Bad Seeds
Խմբի առաջին կազմը
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱվստրալիա
Ժանրերռոք, պոստ փանկ, գոթիկ ռոք, ալտերնատիվ ռոք
Գործունեություն1983
ԼեյբլMute Records, ANTI- Records
Կայքnickcaveandthebadseeds.com
Անդամներ
Նիկ Քեյվ
Թոմաս Վիդլեր
Ուորեն Էլիս
Մարտին Քեյսի
Ջիմ Սկլավունոս
Կոնվեյ Սավեջ
բարրի Ադամսոն
Նախկին անդամներ
Բլիքսա Բառգելդ
Միկ Հարվին
Հյուգո Ռեյս
Քիդ Կոնգո Փավերս
Ռոնալդ Վուլֆ
Ջեյմս Ջոնսթոն
 Nick Cave and the Bad Seeds Վիքիպահեստում

Nick Cave and the Bad Seeds, ռոք խումբ միջազգային կազմով, հիմնադրվել է 1983 թվականին Մելբուռնում, ավստրալիացի երաժիշտ Նիկ Քեյվի կողմից։ Խմբի անվանումը բառացի թարգմանվում է որպես Նիկ Քեյվ և վատ սերմեր (վատ սերմ՝ իդիոմատիկ արտահայտություն, որը մոտ է ռուսական վատ արյունին և նշանակում է «ի ծնե փչացած» մարդ[1])։ Խումբը հիմնադրվել է Քեյվի և Միկ Հարվիի առաջին նախագծի՝ The Birthday Party-ի փլուզումից հետո։ Նոր խումբը ձայնի հիմք է վերցրել նոյզ-ռոքը, ինչպես նաև այնպիսի ոճերի տարրեր, ինչպիսիք են փանկ ռոքը, գոթիկ ռոքը, բլյուզը և նոու ուեյվը։ 1980-ականների ալբոմները հնչում են հիմնականում պոստ փանկի ոգով, սակայն հետագայում խումբը հակվեց դեպի ավելի նուրբ հնչողության։

1983−1989[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկ Քեյվը 1986 թվականին

Bad Seeds-ի պատմությունը սկսվել է The Birthday Party Mutiny/The Bad Seed վերջին մինի ալբոմի թողարկումից և խմբի փլուզումից հետո։ «The Birthday Party-ի փլուզման հիմնական պատճառն այն էր, որ այն տեսակի երգերը, որոնք ես գրել եմ և այն տեսակի երգերը, որոնք գրել է Ռոլանդը (խմբի կիթառահարը) լիովին հակասում էին միմյանց» – նշել է Նիկը[2]։ The Birthday Party-ի պաշտոնական լուծարումից հետո երաժիշտը միայնակ հիմնադրեց Nick Cave — Man Or Myth? նախագիծը (Նիկ Քեյվ՝ Մարդ թե՞ առասպել), որին իր մոտ վերցրեց Mute Records լեյբլը։ Այնտեղ Քեյվը հրավիրեց The Birthday Party-ի գործընկեր Միք Հարվիին, Magazine-ի բասիստ Բարրի Ադամսոնին և գործազուրկ Հյուգո Ռեյսին։ Միևնույն ժամանակ, Նիկը տեսել էր իրեն անհայտ գերմանական Einstürzende Neubauten խմբի ելույթը և հիացել էր առաջնորդ Բլիքսի Բառգելդի կերպարով․ վերջինս նույնպես համաձայնեց միանալ Քեյվի խմբին[3]։ Խումբը մի քանի փորձնական ձայնագրություններ կատարեց պրոդյուսեր Մարկ Էլիսի հետ, որը հայտնի էր Flood մականունով և մի շարք համերգներ տվեց Nick Cave and the Cavemen (Նիկ Քեյվ և քարանձավային մարդիկ) անվանումով, որից հետո երաժիշտները տեղափոխվեցին Լոնդոն։

1984 թվականի մայիսին խումբը ստացավ վերջնական անվանումը՝ Nick Cave and the Bad Seeds, և սկսեց նյութեր ձայնագրել դեբյուտային ալբոմի համար։ From Her to Eternity ալբոմը թողարկվեց հունիսին և միաձայն դրական կարծիքների արժանացավ։ Հաջորդ տարի խումբը տեղափոխվեց Արևմտյան Բեռլին և թողարկեց The Firstborn Is Dead-ը, որը հնչում է գոթական բլյուզային ոճով։ Kicking Against the Pricks-ի ալբոմի ձայնագրման ժամանակ Bad Seeds-ին միացավ Die Haut խմբի հարվածային գործիքներ նվագող Թոմաս Վիդլերը, ով ծագումով Շվեյցարիայից է։ Ալբոմի ձայնագրությանը մասնակցեցին նաև The Birthday Party-ի գործընկերներ Թրեյսի Պյուն և Ռոլանդ Հովարդը։ Ալբոմը ամբողջությամբ կազմված էր քավերներից։

Նույն թվականին թողարկվեց չորրորդ՝ Your Funeral… My Trial ալբոմը, որից հետո Ադամսոնը լքեց խումբը։ Այս ալբոմի վրա նկատելի էին կաբարեի տարրերը (մասնավորապես 8 րոպեանոց «The Carny» երաժշտական բեմադրությունում[4]), որոնք վկայում են Bad Seeds-ի՝ ավելի բազմապլան երաժշտություն կատարելու ցանկության մասին։ Մռայլ և մտածկոտ Tender Prey-ը թողարկվեց 1988 թվականին, խմբին միացել էին ամերիկացի կիթառահար Քիդ Կոնգո Փավերսը և գերմանացի ստեղնահար Ռոլանդ Վուլֆը։ Այս ալբոմում էր գտնվում խմբի երգացանկում ամենահայտնի երգերից մեկը՝ «The Mercy Seat»-ը, որը հերթական անգամ գրավեց Bad Seeds-ի քննադատների ուշադրությունն ու կոմերցիոն առումով հաջողությունը։ Բայց չնայած թվացյալ բարեկեցությանը, այս ժամանակահատվածում խմբի անդամների մեծ մասը հուսահատորեն պայքարում էր թմրանյութերի և ալկոհոլային կախվածության դեմ[5]։ Տասնամյակի վերջին կոլեկտիվը հայտնվեց ավստրալիացի ռեժիսոր Ջոն Հիլլկոուտի «Քաղաքացիական մահվան ուրվականները» ֆիլմում, իսկ Նիկ Քեյվը հրատարակեց իր առաջին վեպը՝ «Եվ էշը տեսավ Աստծո հրեշտակին»։

Բլիքսան Bad Seeds-ից հեռանալուց հետո

1990−1996[խմբագրել | խմբագրել կոդը]

Tender Prey-ի աջակցությամբ շրջագայությունների ավարտից և թմրամիջոցների կախվածությունից հաջողությամբ ազատվելուց հետո խումբը տեղափոխվեց Բրազիլիայի Սան Պաուլո քաղաք։ Այնտեղ սկսվեցին ստեղնային բալլադների փորձարկումները, որոնց արդյունքում 1990 թվականին լույս տեսավ նուրբ և տխուր The Good Son ալբոմը։ Bad Seeds-ը բացարձակ դասական դարձրեց «The Weeping Song» երգը Նիկի ու Բլիքսայի դուետի համար։ 1992 թվականին Վուլֆը լքեց խումբը, և եկան երկու նոր մասնակիցներ՝ բասիստ Մարտին Քեյսին և ստեղնահար Քոնվեյ Սավեջը։ Այդ կազմով խումբը թողարկեց Henry's Dream-ը, որը վկայեց դեպի ավելի ծանր ռոք խմբի քայլի մասին։ Ալբոմը պրոդյուսերում էր Դևիդ Բրիգսը, ով նախկինում աշխատել էր Նիլ Յանգի հետ։

1994 թվականին թողարկվեց ութերորդ Let Love In ալբոմը, որտեղ խումբը ունկնդիրներին ներկայացրեց նրբաճաշակ լիրիկական ռոք, որը հեռու է դասական ռոքից[6][7]։ Կոլեկտիվին միացավ թմբկահար Ջիմ Սկլավունոսը։ 1996 թվականին թողարկվեց այսօրվա դրությամբ Bad Seeds-ի ամենահաջողակ ալբոմը՝ Murder Ballads-ը։ Այն ամբողջովին նվիրված է սպանության թեմային և լի է հրավիրված երաժիշտների հետ (Պի Ջեյ Հարվի, Շեյն Մաքգոուեն, Քայլի Մինոուգ) դուետներով և միանգամայն տարբեր կոմպոզիցիաներով, որոնց թվում են քնարական բալլադներ, ռոք և բլյուզային մասեր։ Այդ ընթացքում խումբ ընդունվեց նաև ջութակահար Ուորեն Էլիսը։

1997−2005[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականի The Boatman’s Call ալբոմը նշում է տալիս խմբի՝ մարդկանց միջև հարաբերությունների, կորստի և կարոտի մասին կենսագրական տեսակից հեռացումը։ Հաջորդ No More Shall We Part ալբոմը, ընդհանուր առմամբ, լավ արձագանքներ է ստանցել, դրա բովանդակությունը նկարագրվում է որպես «խորապես ողբերգական և գեղեցիկ սիրո երգեր, առանց հեգնանքի, սարկազմի կամ բռնության», սակայն քննադատները նշում են, որ խմբին սպառնում է ավելորդ սենտիմենտալության մեջ խեղդվելը[8]։ Տասներկուերորդ Nocturama ալբոմը Henry’s Dream ժամանակների հնչյունին վերադառնալու փորձ դարձավ։ Ալբոմը ոչ միանշանակ արձագանքներ ստացավ։ Խմբի երկրպագուներին նա դուր եկավ, Ինչպես Bad Seeds-ի ցանկացած աշխատանք, բայց հին հնչեղությանը վերադառնալու խոստումը խումբը այդպես էլ չկարողացավ կատարել[9]։

Nocturama–ի թողարկումից կարճ ժամանակ անց Բլիքսին իր համար ծանր որոշում կայացրեց լքել Nick Cave and the Bad Seeds–ից, որպեսզի ավելի շատ ժամանակ կարողանա տրամադրել Einstürzende Neubauten–ին։ Երաժիշտները բաժանվեցին որպես ընկերներ[10]։ Abattoir Blues/The Lyre of Orpheus կրկնակի ալբոմի ձայնագրման ժամանակ Բառգելդի տեղը զբաղեցրեց կիթառահար և երգեհոնահար Ջեյմս Ջոնսթոնը Gallon Drunk խմբից։ Abattoir Blues/The Lyre of Orpheus պետք է լիներ որպես երկու առանձին ալբոմ, սակայն նրանք միասին թողարկվեցին։ Առաջին մասը պարունակում է ավելի ագրեսիվ կոմպոզիցիաներ, երկրորդը, ընդհակառակը, քնարական բալլադներ։ 2005 թվականին լույս տեսավ B-Sides & Rarities եռսկավառակային ժողովածուն, որը միացնում էր երգերը բի-սայդներից սինգլներին, ինչպես նաև հազվագյուտ, նախկինում չհրատարակված նյութերին։

Նիկը իր վեպի շնորհանդեսի ժամանակ

2006−2013[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարատև շրջագայություններից հետո Bad Seeds-ի անդամները՝ Քեյվը, Էլիսը, Քեյսին և Սկլավունոսը ձևավորում են սայդ–նախագիծ, որը կոչվում է Grinderman: Խումբը վճռական քայլ է կատարում Bad Seeds-ի փարթամ նվագախմբային հնչեղությունից և նվագում է ավտոտնակային ռոք՝ այնուամենայնիվ պահպանելով հիմնական խմբի աուրան։ Grinderman-ի առաջին համանուն ալբոմը թողարկվել է 2007 թվականին։ Մեկ տարի անց Bad Seeds-ը թողարկեց իր Dig, Lazarus, Dig! տասնչորսերորդ ալբոմը, ոգեշնչված աստվածաշնչյան Ղազարոսը Բեթանիայից պատմությունից[11]։ Ալբոմը շարունակում է ուսումնասիրել Grinderman-ի կողմից սկսված փանկ ու ավտոտնակային ռոքը։ Ալբոմի թողարկմանը հաջորդեց Եվրոպայում և ԱՄՆ-ում շրջագայությունը։ Ջոնսթոնը հրաժարվեց մասնակցել դրան և լքեց խումբը։

2009 թվականի հունվարին երաժշտական փառատոններից մեկում Միք Հարվին հայտարարեց իր հեռանալու մասին։ Մուլտինստրումենտալիստը լքել է կոլեկտիվը 25 տարվա համատեղ աշխատանքից հետո՝ վկայակոչելով անձնական և մասնագիտական խնդիրները[12]։ Խմբի շրջագայությունն ավարտել է կիթառահար Էդ Քուպերը, ով, այնուամենայնիվ, պաշտոնապես չի ընդունվել Bad Seeds։ Շրջագայության ավարտից հետո վերսկսել է գործունեությունը Grinderman նախագիծը։ Թողարկվել է Grinderman 2 ալբոմը։ Քեյվը թողարկել է իր երկրորդ վեպը՝ Death of Bunny Munroe–ը։ 2011-ի դեկտեմբերին, Grinderman 2 -ի շրջագայությունից անմիջապես հետո, Grinderman կողմնակի նախագիծը լուծարվեց[13]։ 2012 թվականի վերջին Ուորեն Էլիսը հարցազրույցներից մեկում պատմել է Push the Sky Away անվանումով Bad Seeds տասնհինգերորդ ալբոմի մասին, որը թողարկվել է 2013 թվականի փետրվարին[14]։

2014−մեր օրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունվարին տեղի ունեցավ Նիկ Քեյվեի մասին ֆիլմի համաշխարհային պրեմիերան՝ «20 000 օր Երկրի վրա»։ Հատուկ այս փուլային պահի համար երաժշտի կարիերայում ձայնագրվել է Bad Seeds «Give Us a Kiss» նոր երգը։ Նույն թվականին տպագրության է պատրաստվել Քեյվի նոր ստեղծագործությունը, որը վերնագրված է «Հիգիենիկ փաթեթի երգ»։ Հրատարակության մեջ, պոեզիայի հետ մեկտեղ, ներառվել են օրագրային գրառումներ, որոնք արվել են Հյուսիսային Ամերիկայի քսաներկու քաղաքներով կոլեկտիվի շրջագայությունների ընթացքում։ 2014 թվականի վերջին Բրայթոնում խումբը սկսեց աշխատել նոր ստուդիական ձայնագրության վրա, որն ավարտվեց 2015 թվականի աշնանը Ֆրանսիայում։ Bad Seeds–ի տասնվեցերորդ ալբոմը, որը ստացել է Skeleton Tree անվանումը, թողարկվել է 2016 թվականի սեպտեմբերի 9-ին։ Նույն թվականի սեպտեմբերի 8-ին կինոթատրոններում ցուցադրվեց Էնդրյու Դոմինիկի «Ինչպես վախկոտ Ռոբերտ Ֆորդը սպանեց Ջեսսի Ջեյմսին» վավերագրական ֆիլմը, որի կոմպոզիտորները Նիկ Քեյվը և Ուորեն Էլլիսն էին[15]։

Դիսկոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձախից աջ՝ Մարտին Քեյսի, Նիկ Քեյվ, Ուորեն Էլիս

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կազմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «World English Dictionary: Bad Seed». Dictionary.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  2. Miller, Rob (1983-05). «In a Black Box with Nick Cave». Bad-Seed.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  3. «Nick Cave on Blixa Bargeld». YouTube. 2000. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  4. Berman, Stuart (2009 թ․ մայիսի 6). «Your Funeral…My Trial». Pitchfork. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  5. Bliss, Abi (2010 թ․ ապրիլի 9). «The Good Son». Drowned in Sound. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  6. Raggett, Ned. «Let Love In». Allmusic. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  7. Turner, Luke (2011 թ․ մայիսի 13). «Let Love In, the eighth album by Nick Cave». BBC Music. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  8. Jurek, Thom. «No More Shall We Part». Allmusic. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  9. Carr, Eric (2003 թ․ փետրվարի 12). «Nocturama». Pitchfork. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  10. «Blixa Bargeld announces his departure from the Bad Seeds». Nick-Cave.org. 2003 թ․ մարտի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  11. «Nick Cave Digs Himself a Singular Niche». National Public Radio. 2008 թ․ ապրիլի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  12. «Bad Seeds co-founder Harvey quits». ABC News. 2009 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  13. MARCUS (2011 թ․ դեկտեմբերի 11). «Nick Cave announces that Grinderman are «over»». TheVine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  14. «Dirty Three: the complete». The Gazette. 2012 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  15. «After a three year hiatus, Nick Cave & the Bad Seeds release a new album this September». Pitchfork. 2016 թ․ հունիսի 2. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Nick Cave and the Bad Seeds» հոդվածին։