Օզնի կամ Հինիա (վրաց.՝ ოზნი), հայաբնակ գյուղՎրաստանիՔվեմո Քարթլիի մարզիԾալկայի շրջանում, Ծալկայից 30 կմարևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա։ ՕԶՆԻ - Օզնի գյուղը գտնվում է Վերին Ծալկայի հարթավայրի արևմտյան մասում։ Գյուղը տարածվում է սարահարթի արևելյան լանջի ստորոտում։ Հյուսիսից սահմանակից է Ղզլքիլիսա գյուղին, հարավ-արևելքից՝ Հոլանգ գյուղին, արևելքից՝ Ղուշչի և հարավ-արևմուտքից՝ Բուռնաշեթ գյուղերին։ Գյուղից արևելք տարածվում է հարթավայր, որը սկսվում է Խրամ գետի աջակողմյան վտակներով։ 1830թ․ հուլիսին օզնեցիները իրենց գյուղատեղ էին ընտրել այժմյան հունական Գունիա-Կալա գյուղը։ Երկու տարի այնտեղ մնալուց հետո, Գունիա-Կալացիների հետ փոխում են իրենց տեղը և 1832թ․ հիմնում Օզնի գյուղը այժմյան տեղում։ Երկար ժամանակ գյուղը հանդես էր գալիս տեղացիների մոտ երկու անվամբ՝ Օզնի և Հունիա (Հինիա)։ Ըստ երևույթին Հունիան Գունիա անվան փոխառված ձևն է։ Գյուղը Էրզրումի վիլայեթում կոչվել է Օզնի, Գունիա-Հունիան ևս եղել է առանձին գյուղ։ Օզնին խճուղային ճանապարհով կապ է պահպանում շրջանի մյուս գյուղերի հետ։ Օզնիից դեպի հանդամասեր են ձգվում սայլուղիները։ Դրանցից մեկը գնում է դեպի արևմուտք մինչև Շավանաբադ հանդամասը, որտեղից խոտ և օրան են տեղափոխում, մյուսը դեպի Ուչ Թափա հանդամասը, որտեղից խոտ են տեղափոխում, երրորդը՝ դեպի Խաբաբա հանդը և այլն։ Գյուղի մեջ երկու աղբյուր կա՝ Բլքենց և Չոփոզզին։ Գյուղից փոքր ինչ արևմուտք, Խարաբա հանդամասում, սարահարթի լանջի ստորոտից բխում են շատ հորդառատ, սառնորակ աղբյուրներ, որոնց ջրերը տեղում միանալով միմյանց հետ, առաջացնում են Օզնի ջուր գետը։ Այդ գետի ջրերով ջրաղացներ են աշխատում։ Խաբաբայի աղբյուրներից մեկի ջրերը ջրմուղով գալիս է Ղուշչի գյուղ և Ծալկա։ Գյուղի արևմտյան մասում, սարահարթի բարձունքի վրա, բազմել է միջնադարի մի փոքրիկ մատուռ որը կոչվում է«Այոռ», որը ուխտատեղի է։ Նրա շուրջը հին գերեզմանոցն է, իսկ քիչ հարավ հին գյուղի ավերակները։ Գյուղի արևմտյան մասում սարահարթն է, որտեղ մի քանի փոքրիկ լճեր կան, կոչվում է«Սարի Կել», սարահարթի արևմտյան ծայրակետին նշանավոր Շկոլին աղբյուրն է ։ Օզնի ջուր գետում ապրում է լեռնային կարմրախայտը, իսկ ափերին բուրում է անուշահոտ դաղձը։ Օզնիում սկզբում եղել է իննը տուն։ Հետագայում այստեղ բնակություն հաստատեցին Ստամբոլյանները, Բադասյանները, Նուխրիկյանները, Ալմոյանները, Տոնականյանները, Աբելյանները, Ղուբասարյանները, Ղազարյանները, Հանեսյանները, Բլիքյանները, Ավագյանները, Յայլյանները, Աստոյանները, Հովհանիսսյանները, Սողոյանները, Մանուկյանները, Ոսկանյանները, Օհանյանները և Նազարեթյանները։ Օզնեցի այժմյան Բաղդասարյանները եղել են Ղզլքիլիսայից, որոնք իրենց տեղը փոխել են Ղուլիկյանների հետ, որոնք օզնեցի են եղել։ Հայերի հետ Օզնիում ապրում էին նաև հայ բոշաներ» 1934-1937 թվականներն նրանք գաղթեցին Գորիի, հարևան գյուղ (Կիզիլ-Քիլիսա) և քարելի շրջանները։ Գյուղում կա միջնակարգ դպրոց և բուժկետ։ 1923թ ․շրջանում առաջինը Օզնիում կազմակերպվեց կոլխոզ, որի անունն էր «Առաջին քայլ»։ Հետագայում կոլխոզի անունը փոխեցին։ 1975թ․ Օզնիի կոլխոզը մտավ Ղուշչիի սովխոզի կազմի մեջ և դարձավ նրա բաժանմունքը։ 1832թ․ Օզնիում կար 9 տուն – 85 բնակչով, 1885թ․՝ 35 տուն - 356 բնակչով, դարի սկզբին՝ 50 տուն - 453 բնակչով, 2020 թ.ներկայումս՝ 210 տուն - 978 բնակչով։ «Հեղ.Լևոն Բադասյան,Մ.Գինոսյան»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։