Տամբովկա (վրաց.՝ ტამბოვკა), գյուղ ՎրաստանիՍամցխե-Ջավախեթի մարզի Նինոծմինդայի մունիցիպալիտետում։ Գտնվում է Փարվանա լճի ափին, Աբուլ լեռնագագաթից արևելք, շրջկենտրոնից 40 կիլոմետր հյուսիս-արևելք[2]։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Տամբովկաում գործում են ձկնային տնտեսություններ, պանրագործարան։ Ունի ռուսական միջնակարգ դպրոց, 2 գրադարան, ակումբ, բժշկական և կապի բաժանմունք։
1840-ական թվականներին Տամբովկա տեղափոխված ռուսները հին գյուղատեղիում հիմնում են նոր գյուղ։ 1914 թվականին Տամբովկան ունեցել է 469 բնակիչ[3]։ Հայտնի է, որ մի խումբ հայեր Ախալքալաքի Խուլգումո գյուղից 1924 թվականին տեղափոխվել են Տամբովկա[2]։
1993 թվականին հնագիտական պեղումներ են կատարվել մ.թ.ա. 2000-1800 թթ. թվագրվող գյուղամերձ հնավայրում։ Աշխատանքները վերսկսվել են 2000 թվականին։ Հայտնաբերվել են միջին բրոնզի և պղնձի ժամանակաշրջաններով թվագրվող նյութեր, 28 մ տրամագծով և 3 մ բարձրությամբ դամբարանաբլուր։ Ըստ վրացի հնագետ Կախա Կախիանիի` Տամբովկայի հնագիտական նյութերը վկայում են, որ «տեղում վրացիները 4000 տարվա պատմություն ունեն»[4]։ Այս տեսակետի հետ համաձայն չէ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը[2]։
Հուշարձանագետ Ս. Կարապետյանը 1988 և 2004 թվականներին Տամբովկայում կատարած ուսումնասիրությունների ընթացքում գյուղում հայտնաբերել է հիմնավեր եկեղեցու լուսամուտի գեղաքանդակ պսակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 557)։