Խոջաբեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Խոջաբեկ, հայաբնակ գյուղ Վրաստանի Բոգդանովկայի շրջանում։ Արևմուտքից սահմանակից է Բոգդանովկա ավանին, որից բաժանվում է Ագրիչայ գետով (սկիզբ է առնում Խանչալի լճից)։

Խոջաբեկ գյուղը գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 16 կմ հարավ-արևելք Խանչալի լճի արևելյան ափից 2 կմ հեռու: Գյուղը հյուսիս արևմուտքից կից է Նինոծմինդա շրջկենտրոնին: Գյուղի միջով ձգվում է Նինոծմինդա-Ախալքալաք մայրուղին: Վերջինս գյուղը բաժանում է 2 թաղամասերի, որոնցից աջակողմյանը Ս. Սարգիս եկեղեցու շուրջը տարածված հին թաղն է: Ներկիայիս բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանից 1830 թվականին՝ Կարին նահանգի Ձիթող, Քոշկ և Էրզրումից: 1840-ական թվականներին Խոջաբեկ գյուղում կառուցվել է Սբ. Սարգիս եկեղեցին: Սրբատաշ քարով, արևմտյան ճակատից բացված միակ մուտքով: Եկեղեցին մի քանի անգամ ենթարկվել է վերանորոգման: Այժմ եկեղեցու հոգևոր հովիվն է Տ. Արմաշ քահանա Պողոսյանը: Գյուղում մինչ օրս պահպանվել է ջրաղացը: Վերջինս սկսել է գործել գյուղի ձևավորման օրվանից ՝1960 թվականից: Բնակիչներն առաջին հերթին կառուցել են ջրաղացը, որը հացահատիկային մշակաբույսերի հիմնական վերամշակման միջոցն է հանդիսացել: Հին ջրաղացը գտնվում էր Խոջաբեկ գյուղի վերջնամասում՝ Ղաուրմա գյուղի հարևանությամբ: Ջրաղացի քանդվելուց հետո գյուղի բնակիչները հին ջրաղացի քարերով կառուցել են նոր ջրաղաց՝ Խոջաբեկ գյուղի Ագրիչայ գետի վրա: Ջրաղացի կառուցման գործում իրենց մասնակցությունն են ցուցաբերել Մեսրոպ Սահակյանը, Շմավոն, Լևոն և Սոս Ղարսլյանները: 1963-1993 թվականներին գյուղի աշխատանքը կանգնեցվել է ՝ հանգեցնելով նրան, որ ջրաղացը քանդվել է: 1993 թվականին Նինոծմինդայի բնակիչ Արամ Մոսոյանը սեփական ջանքերով վերանորոգել է ջրաղացը: Խոջաբեկում առ այսօր պահպանված են կիկլոպյան շարվածքով հնագույն բերդի ավերակները: Պահպանված ավերակները գտնվում են գյուղից 2,5 կմ արևմուտք հեռավորությամբ՝ Խանչալնի լճի հյուսիս-արևելյան ափամերձ մի բլրակի վրա: Բլրակից ցած առ այսօր կանգուն է ՂԱԼԱՉԱ անվամբ հայտնի միջնադարյան գյուղատեղի ավերակները: Պահպանված է նաև եկեղեցու և գերեզմանատան մնացորդներ: 1985 թվականին տեղի հայերը եկեղեցու հիմքերի վրա մատուռ են կառուցել: Մատուռի ներսում ագոցված է Ժ-ԺԱ դարերին բնորոշող խաչքար, որը ունի պարզ ոճավորում: Մատուռի առջևի մասում կանգնեցված են 2 խոյաձև տապանաքարեր:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 74 CC-BY-SA-icon-80x15.png