Սուրբ Լեոդեգարի եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Լեոդեգարի եկեղեցի
գերմ.՝ St. Leodegar im Hof
Հիմնական տվյալներ
Տեսակկառույց, կաստյոլ և court church?
ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
ՏեղագրությունԼյուցերն
ՀասցեSt.-Leodegar-Strasse 10, 12, 6006 Luzern
Դավանանքկաթոլիկություն
ԹեմԲազելի հռոմեական կաթոլիկ թեմ
Հիմնական ամսաթվերը1633
Մասն էlist of cultural properties in Lucerne?
Ժառանգության կարգավիճակՇվեյցարիայի ազգային նշանակության մշակութային արժեք[1][2]
ՆվիրվածԼեոդեգար
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն և Վերածնունդ
Հիմնադրված1633
Քարտեզ
Քարտեզ
 St. Leodegar im Hof Վիքիպահեստում
kathluzern.ch/st-leodegar-im-hof/(գերմ.)

Արքունիքին կից Սուրբ Լեոդեգարի կոլեգիալ և ծխական եկեղեցի (գերմ.՝ Stifts- und Pfarrkirche St. Leodegar im Hof), նաև՝ Հոֆկիրխե (գերմ.՝ Hofkirche, բառացի թարգմանաբար՝ «Արքունական եկեղեցի»), կաթոլիկ եկեղեցի Լյուցեռնում, քաղաքի ճարտարապետական խորհրդանիշերից մեկը[3]։ Համարվում է Շվեյցարիայի ուշ Վերածննդի ճարտարապետութան ամենանշանակալի շինությունը[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրդեհ Հոֆկիրխեում (1633)

Ներկայիս Սուրբ Լեոդեգարի եկեղեցու տեղում Սուրբ Մավրիկիոսի պատվին 735 թվականից գոյություն ունեցող ոչ մեծ վանքը և այնտեղ կառուցված առաջին եկեղեցին հիշատակվում է 9-րդ դարի առաջին կեսին և վերաբերում է այդտեղ բենեդիկտյան կանոնների ներդրման ժամանակաշրջանին։ 12-րդ դարի երկրորդ կեսին կառուցված Սուրբ Լեոդեգարի անունը կրող եկեղեցական շինության ոճը ռոմանական է, երկու քառակուսի աշտարակներով և տեղակայված է Միքայել հրեշտակապետի մատուռի վերին հարկում։ 1291 թվականին վանքի և նրա բոլոր շինությունների իրավունքները ձեռք են բերվել Մուրբախի աբբայությունից, Հաբսբուրգների ընտանիքի թագավոր Ռուդոլֆ I-ի կողմից[5]։ 1345 թվականին արևելյան կողմում ավելացվել է նոր՝ գոթական դասը, իսկ հինը միացվել է եկեղեցու հետ։ 16-րդ դարի սկզբին երկու աշտարակները վերակառուցվել են, իսկ նույն դարի վերջերին ամբողջությամբ վերակառուցվել է Միքայել հրեշտակապետի մատուռը։ Այդ ժամանակ Լյուցեռն քաղաքն արդեն դարձել է վանքի սեփականատերը, և ինքն էլ վերածվել է կանոնիկատի, որտեղ բնակվել են եկեղեցականները մի փոքր ավելի ազատ կանոններով։

1633 թվականի մարտի 27-ին՝ Զատիկի կիրակի երեկոյան, տանիքագործներից մեկին հանձնարարվել է կրակոցներով քշել եկեղեցու տանիքի վրա բույն դրած ճայակներին, բայց նա այնքան անհաջող է կրակել, որ սկզբում բոցավառվել է չոր փայտե տանիքը, այնուհետև ամբողջ գիշեր այրվել է եկեղեցու մնացած հատվածները[6]։ Անմիջապես որոշում է ընդունվել նոր շենք կառուցելու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հոֆկիրխեն ծառայել է որպես տաճար Լյուցեռնում ապրող պապական նվիրակին։ Շինհրապարակում, որի առաջին քարը դրվել է սեպտեմբերի 1-ին[7], միաժամանակ աշխատել են մինչև 140 մարդ, այդ թվում՝ 54 որմնադիր, ընդ որում պահպանվել են այրված շենքի հիմնական չափերը, իսկ հրդեհից փրկված աշտարակները դարձել են արևմտյան ճակատի մի մասը։ 1638 թվականի Զատկի տոներին Սուրբ Լեոդեգարի նոր եկեղեցում կատարվել են առաջին ժամերգության ծառայությունները, սակայն օծումը տեղի է ունեցել միայն 1644 թվականին՝ ներքին հարդարման աշխատանքների ավարտից հետո[8]։

18-րդ դարի վերջի ժամանակաշրջանը նշանավորվել է եկեղեցու շենքի ձևավորման և հարդարման աննշան փոփոխություններով, որոնց մի մասը հետագա ռեստավրացիաների ժամանակ չի իրականացվել և եկեղեցին մնացել է իր սկզբնական տեսքով։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան դասից

1822 թվականից ի վեր Հոֆկիրխեն, որի ընդհանուր ապահովագրական գումարը կազմում է 38 միլիոն ֆրանկ, բաժանվել է երկու սեփականատերերի միջև, դասը պատկանում է Սուրբ Լեոդեգարի կանոնիկատին, որը հիերարխիկ կարգով ենթարկվում է Սոլոթուրնի եպիսկոպոսին, իսկ եկեղեցու մնացած մասը՝ Լյուցեռնի կաթոլիկ համայնքին[9]։ Ընդհանուր առմամբ 9-12 հոգանոց կանոննիկների պարտականությունները, որոնք ընտրվում են, որպես կանոն, թոշակի անցած քահանաներից կամ կրոնի ուսուցիչներից և բնակվում են եկեղեցու շրջակայքում գտնվող շենքերում, ներառում են համատեղ մեկժամյա աղոթք դասում, որը նրանք կատարում են օրական երկու անգամ, ինչպես նաև ծխականների ամենօրյա ժամերգություն[9]։ Նրանք իրենց ներդրումն են կատարում նաև վերականգնողական աշխատանքների ֆինանսավորմանը (կաթոլիկ համայնքի, քաղաքային բյուջեի և ամբողջ Շվեյցարիայի նվիրատվությունների հետ միասին), որի համար միայն 2000-2001 թվականներին պահանջվել է 5,3 միլիոն ֆրանկ[9]։ Երգեհոնային երաժշտությամբ, եկեղեցական երգեցողությամբ և յոդլով ուղեկցվող արարողություններին մասնակցում է մինչև 800 մարդ[3]։ Բացի այդ, անցկացվում են կանոնավոր երգեհոնային համերգներ և էքսկուրսիաներ եկեղեցում և եկեղեցու գանձարանում, որտեղ պահվում են 12-18-րդ դարերով թվագրվող բազմաթիվ մասունքներ և նվիրական հուշաիրեր[10][11]։

Ճարտարապետական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոֆկիրխեի ամենամեծ զանգը

Եկեղեցու շենքն ամբողջությամբ իրենից ներկայացնում է եռանավ բազիլիկ՝ համեմատաբար նեղ կենտրոնական նավով, որը հիշեցնում է իր գոթական նախորդին, որի կամարները հենված են վեց զույգ սյուների վրա և սահուն իջնում է հույլի վրա։ Նոր եկեղեցու կառուցման ժամանակ որոշում է ընդունվել հրդեհից փրկված հին աշտարակները պահպանելու և շենքի չափերը փոքր-ինչ մեծացնելու վերաբերյալ, որը լիովին բնորոշում է շինության ներկայիս տեսքը։ Աշտարակները իրենցից ներկայացնում են լայնակի կտրվածքով 9 մետր կողմ ունեցող քառակուսի, պղնձով պատված ութանկյուն տանիքով, մինչև 69 մետր բարձրությամբ և զարդարված է սափորուկի խաչի, աքլորի, արևի և լուսնի պատկերներով։ Հյուսիսային աշտարակի ճակատային կողմի որմնախորշում պատկերված է Հիսուս Քրիստոսի պահապանների քանդակագործական խումբը՝ պատրաստված ավազաքարից 1512 թվականին։ Վեց զանգերը, որոնք ձուլվել են 1381-1633 թվականներին, զարդարված են 70 սրբերի պատկերներով, կշռում են 730-ից մինչև 5250 կգ և համարվում են Շվեյցարիայի ամենամեծ և ամենահին զանգերը[12]։

Նախասրահի հյուսիսային պատը

Հրդեհից հետո վերակառուցված արևմտյան ճակատի միջին մասում պատկերված են Լյուցեռնի զինանշանը, երկնային հովանավորների կերպարները Սբ. Լեոդեգարը և Մավրիկիոսը, ինչպես նաև հրեշտակապետ Միքայելը, որը հաղթել է սատանային, տեղակայված է երկրորդ հարկում գտնվող կաթոլիկական մատուռի մակարդակում։ 1788 թվականին ճակատի վերին մասը վերակառուցվել է բարոկկո ոճով և դրա վրա ժամացույց է տեղադրվել։ Շենքի մնացած կողմերը հենված են դորիական սյուների վրա, ներկայացված էին ավելի համեստ և զուրկ էին որևէ զարդարանքից։

Ընդարձակ նախասրահի որմնախորշերում տեղադրված էին վեց սրբերի արձաններ, որոնցից հինգը՝ Բենեդիկտոսը, Լեոդեգարը, Պետրոսը, Նիկոլասը և Մավրիկիոսը, կանգուն են եղել ճակատային մասում մինչև 1633 թվականի հրդեհը, իսկ վեցերորդը (Սուրբ Կլիմենտը) տեղադրվել է 1640 թվականին։ Տաճար տանող դռները զարդարված են եկեղեցու հովանավորների բարձրաքանդակներով և պատրաստված են ճակատային մուտքի տեսքով՝ անձնավորելով անցումը աշխարհիկից դեպի պաշտամունքային, որի վերևում հառնում է Աստվածամոր կերպարը մանուկ Հիսուսի հետ։

Ինտերիեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան արևմտյան մուտքից

Հազվագյուտ բացառություններով, Հոֆկիրխեի ողջ ժամանակակից ինտերիերը ներկայացնում է 1633 թվականի հրդեհից հետո դրա վերականգնման ժամանակաշրջանը և անքակտելիորեն կապված է հարավ-գերմանացի ճարտարապետ և քանդակագործ Նիկլաուս Գեյսլերի (գերմ.՝ Niklaus Geisler) անվան հետ, ով մինչ այդ հայտնի է եղել, մասնավորապես, Լյուցեռնի մայր տաճարի Ֆրանցիսկյան միաբանությամբ։ 13 զոհասեղաններ, մկրտության ավազան, աթոռներ դասում, եպիսկոպոսի պատվավոր տեղը, գլխավոր երգեհոնի կորպուսը, կենտրոնական նավի կամարների վերևում գտնվող սրբերի արձանները համարվել են այդ բազմակողմանի զարգացած վարպետի ստեղծագործությունները։

Կոնստանցցի Յոհան Ռայֆլերի (գերմ.՝ Johann Reiffler) կողմից պատրաստված մետաղական ճաղավանդակը բաժանում էր հույլը մնացած շինությունից և բաղկացած էր երեք մասից. կենտրոնականն ուներ կրկնակի դարպասի ձև, կողային մասում գտնվում էին կամարակապ դռները, որոնք ապահովում էին անցում դեպի դաս։ Վերջինիս 42 փորագրված փայտե նստարանները զարդարված են նահատակների և սրբերի պատկերներով, որոնց վերևում պատկերված են բազմաթիվ զինանշաններ և երկու ամպհովանիներ՝ Աստվածամոր և Գաբրիել հրեշտակապետի պատկերներով։ Գլխավոր զոհասեղանը, որը նվիրաբերել է պապական նվիրակը, պատրաստված է սև մարմարից՝ սպիտակ գիպսե ներդիրներով՝ Հռոմից ուղարկված նախագծով։ Այդ նկարում պատկերված է Քրիստոսի աղոթքի տեսարանը Ձիթենյաց լեռան վրա։

Հյուսիսային նավի զոհասեղանները

Եկեղեցու վերականգնման ժամանակին չվերաբերվող միակ խորանը գտնվում է Քրիստոսի խաչելության տակ տեղակայված դասի մուտքի մոտ՝ 16-րդ դարասկզբի բարոկկո ոճով կառուցված, գրեթե մարդկային հասակի չափերով։ Փոքր խորանները Սուրբ Հենրիխը և Նիկոլասը կից են սյուներին, որոնք գտնվում են մի փոքր դեպի արևմուտք։ Հարավային նավի կենտրոնական խորանի հիմնական մասում, որը փրկվել է հրդեհից, պատկերված է Քրիստոսի ողբը, որը Հեյսլերը հաջողությամբ ինտեգրել իր սեփական ստեղծագործությանը։ Նրանից ձախ գտնվում է Սուրբ Լեոդեգարի, իսկ աջ կողմում՝ Սուրբ Բենեդիկտի խորանները՝ իրենց կյանքի տեսարաններով։ Հյուսիսային նավում է գտնվում հազվագյուտ ինտերիերի իրերից մեկը, որ հրաշքով փրկվել է 1633 թվականին հրդեհից՝ գոթական բարձրաքանդակը, որը պատկերում է Սուրբ Աստվածածնի Վերափոխումը և պատրաստված է լորենու փայտից մոտավորապես 1500 թվականին, ենթադրաբար գերմանացի վարպետ Յորգ Վիլդի (գերմ.՝ Jörg Wild) կողմից, այժմ այն ոսկեզօծված է XIX դարի կեսերի ոճով[13]։ Նրա կողքին են գտնվում Սուրբ Անդրեյի և Մավրիկիի խորանները։ Հարավային և հյուսիսային պատերի մոտ գտնվող փոքրիկ խորանները, որոնք նվիրված են Աստվածածնի Համբարձմանը, ինչպես նաև Սուրբ Եկատերինային և Քրիստափորին, որոնց վրա, կախված է նկարների շարք, որը պատմում է Խաչի ճանապարհի մասին և ճշգրիտ ներկայացնելով դրանց ստեղծման ժամանակի ծանր պայմանները՝ ավերիչ երեսնամյա պատերազմի ժամանակաշրջանը։

Միքայել հրեշտակապետի մատուռը գտնվում է իր նախորդի տեղում՝ արևմտյան կողմի գավթի վերևում, որտեղից, ըստ միջնադարյան հավատալիքների, գիշերը սպասվում էր չար ուժերի ժամանումը, որոնցից նա պետք է պաշտպաներ եկեղեցու մուտքը։ Նրա պատկերը՝ հրեղեն սրով և ծանրոցներով, կենտրոնական տեղ է զբաղեցնում հարավային պատի մոտ գտնվող խորանում և շրջապատված է հրեշտակապետներով և սրբերով։ Արևելյան կողմում է գտնվում խորանային սրբապատկերը, որտեղ պատկերված է Քրիստոսից Սուրբ Սեբաստիանի խաչի ստանալու տեսարանը։

Երգեհոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր երգեհոնը

Սուրբ Լեոդեգարդի եկեղեցում երգեհոնի մասին առաջին հիշատակումը վերաբերվում է 14-րդ դարին[14]։ Հայտնի է, որ 1633 թվականին հրդեհից ավերված եկեղեցում եղել են չորս նման գործիքներ[15]։ Նոր եկեղեցու շինարարության ավարտից հետո 1640-1650 թվականներին զալցբուրգցի վարպետ Հանս Հայսլերը (գերմ.՝ Hans Geisler) այնտեղ տեղադրել է երգեհոն՝ 48 ձայնափոխ հարմարանքներով և երկու ստեղնաշարերով, որը երկու անգամ վերակառուցվել է 19-րդ դարի կեսերին և վերջերին[16][17]։ 1972-1977 թվականներին կառուցվել է նոր երգեհոն, որի պատրաստման ժամանակ մասամբ օգտագործվել են հին գործիքի մասերը։ Դրա հիմնական բնութագրիչներն են (2015)[16][18]՝

  • 111 ձայնափոխ հարմարանքներ,
  • 7374 խողովակներ, որոնցից ամենամեծն ունի 10,7 մետր երկարություն և 383 կիլոգրամ քաշ,
  • 5 ստեղնաշարեր,
  • խառը (մեխանիկական և էլեկտրական) քաշող ուժով,
  • 4 միմյանցից անկախ ձայնային աղբյուր, որը թույլ է տալիս երգեհոնահարին ոչ միայն վերարտադրել ցանկալի ձայնը, այլեւ ընտրել այն վայրը, որտեղից այն կհնչի։
«Անձրևի մեքենա»

Առանձնահատուկ հիշատակման է արժանի, այսպես կոչված, «Անձրևի մեքենան» (գերմ.՝ Regenmaschine)։ Դեռևս 1862 թվականին տանիքի տակ տեղադրված սարքավորում, որը իրենից ներկայացնում է թիթեղից և փայտից պատրաստված թմբուկ լցված մետաղական գնդակներով, որը թույլ է տալիս ստանալ վատ եղանակին նմանակող ձայների մի ամբողջ ալիք[19]։ Ֆելիքս Մենդելսոնն ու Անտոն Բրուքները իրենց ժամանակին նվագել են այդ երգեհոնը[20], իսկ Մարկ Տվենը, իրեն բնորոշ հեգնական ձևով, գրել է մի համերգի մասին, որին ինքը ներկա է գտնվել․

Արքունական եկեղեցին հայտնի է իր երգեհոնային համերգներով ... հսկա երգեհոնը ղողանջում էր, դղրդում և որոտում՝ փորձելով ապացուցել, որ այն Եվրոպայի ամենաաղմկոտ երգեհոնն է և որ այս նեղ արկղիկ-եկեղեցին իդեալական վայր է զգալու և գնահատելու նրա ուժն ու հզորությունը[21]։

Բացի գլխավոր երգեհոնից, որը գտնվում է արևմտյան բարձրաբեմի վրա, Սուրբ Աստվածածնի Վերափոխման խորանի վերևում կար մի փոքրիկ երգեհոն՝ մեխանիկական ստեղնաշարով, որը կրում է իր վարպետ Վալպենի անունը (գերմ.՝ Walpen-Orgel)։ Տեղադրվել է 1842 թվականին և վերաորոգվել 2003 թվականին իր սկզբնական հնչեղությամբ[22]։

Արտաքին կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոֆկիրխեի գերեզմանները

Եկեղեցական համալիրը, որը հիմնականում դեռ պատկանում է կանոնիկատին, ներառում է արտաքին շինություններ, որոնք սովորաբար փակ են հանրության համար, այդ թվում՝ Սուրբ Լեոդեգարը, որը կառուցվել է 15-րդ դարում և 1813 թվականին վերակառուցվել է որպես եկեղեցական մահարձան[23], նախկին կոլեգիալ դպրոցը, որը Լյուցեռնի առաջին դպրոցն է եղել, ինչպես նաև շինություններ, որոնք նախատեսված են եղել հոգևորականների բնակության համար։ Համալիրի պարագծի երկայնքով հոգևորականների (այդ թվում՝ կարդինալ ֆոն Բալթազարի) և քաղաքային վերնախավի թաղման վայրերն են՝ իտալական Կամպո Սանտոյի օրինակով կամարաշարքի տեսքով և ներառելով մոտ 350 տապանաքարեր և 400 մահարձաններ՝ սկսած եկեղեցու վերականգնումից հետո, երբ արգելվել են թաղումները դրա ներսում։

Ի հիշատակ ֆրանսիական բանակի գեներալ Բուրբակի ներկալված զինվորների, ովքեր զոհվել են ֆրանս-պրուսական պատերազմից հետո Լյուցեռնում իրենց կալանավորման ժամանակ, 1896 թվականին Հոֆկիրխեի բակում գտնվող նրանց նախկին գերեզմանատան տեղում կանգնեցվել է կարմիր գրանիտե հուշարձան։

Եկեղեցի տանող աստիճաններից մի փոքր ձախ գտնվում է Մարիամ Աստվածածնի ջրհորը, որի ջուրը գալիս է Պիլատուսի լեռներից[24]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lothar Emanuel Kaiser St. Leodegar im Hof Luzern. — Kunstverlag Josef Fink, Lindenberg, 2003.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Swiss Inventory of Cultural Property of National Significance, February 2017Swiss Federal Office for Civil Protection, 2017.
  2. Swiss PCP Inventory 2023Swiss Federal Office for Civil Protection, 2023.
  3. 3,0 3,1 «Porträt» (գերմաներեն). Katholische Kirche der Stadt Luzern. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. «The Collegiate and Parish Church of St. Leger in the Court Lucerne (St. Leodegar im Hof)» (PDF) (անգլերեն). Katholische Kirche der Stadt Luzern.
  5. Fritz Glauser. «St. Leodegar» (գերմաներեն). Historisches Lexikon der Schweiz, 22.02.2011.
  6. Jonas Wydler. «Als die Hofkirche an Ostern ein Raub der Flammen wurde» (գերմաներեն). MMV online AG, 17.08.2018. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
  7. J. A. Saladin. «Pflege der Musik seit dem Neubau der Hofkirche bis um 1850» (գերմաներեն). Der Geschichtsfreund : Mitteilungen des Historischen Vereins Zentralschweiz, Band (Jahr): 100 (1947).
  8. «Geschichte der Hofkirche» (գերմաներեն). Katholische Kirche der Stadt Luzern.
  9. 9,0 9,1 9,2 Hugo Bischof. «LUZERN: Die geheimnisvolle Seite der Luzerner Hofkirche» (գերմաներեն). Luzerner Zeitung, 18.9.2017.
  10. «Fuehrungen» (գերմաներեն). Hoforgel Luzern. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
  11. Urs-Beat Frei, Doris Strahm. «Der Luzerner Stiftsschatz» (գերմաներեն). Kollegiatstift St. Leodegar im Hof, Luzern.
  12. «Luzern, Stiftskirche St. Leodegar im Hof» (գերմաներեն). SRF Schweizer Radio und Fernsehen, 13.12.2013.
  13. Reinle, Adolf. «Der Maria-End-Altar in der Hofkirche von Übermalungen befreit» (գերմաներեն). Unsere Kunstdenkmäler: Mitteilungsblatt für die Mitglieder der Gesellschaft für Schweizerische Kunstgeschichte, Band (Jahr): 14 (1963), Heft 1.
  14. Endner, Werner. «Geschichtliches zu den Hofkirchen-Orgeln Luzern» (PDF) (գերմաներեն). Luzern im Januar 2003. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  15. Meyer, André. «Neues zur Geschichte der grossen Orgelempore des Chorherrenstiftes St. Leodegar in Luzern» (գերմաներեն). Unsere Kunstdenkmäler: Mitteilungsblatt für die Mitglieder der Gesellschaft für Schweizerische Kunstgeschichte, Band (Jahr): 25 (1974), Heft 3.
  16. 16,0 16,1 Dieter Utz, Meggen. «Die Orgeln der Hofkirche Luzern» (PDF) (գերմաներեն). Verein der Orgelfreunde der Luzerner Hofkirche.
  17. «Hofkirche in Luzern» (PDF) (գերմաներեն). Orgelführer Europa. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  18. «Die Grosse Hoforgel (1648-2015)» (գերմաներեն). Verein der Orgelfreunde der Luzerner Hofkirche.
  19. Sieber, Wolfgang. «Die Regenmaschine» (PDF) (գերմաներեն). Verein der Orgelfreunde der Luzerner Hofkirche.(չաշխատող հղում)
  20. «Orgelsommer» (գերմաներեն). Verein der Orgelfreunde der Luzerner Hofkirche.
  21. Марк Твен. «Пешком по Европе». you-books.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  22. «Die Walpen-Orgel» (PDF) (գերմաներեն). Verein der Orgelfreunde der Luzerner Hofkirche. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
  23. «Leonhardskapelle» (գերմաներեն). Katholische Kirche der Stadt Luzern.(չաշխատող հղում)
  24. «Marienbrunnen» (գերմաներեն). Katholische Kirche der Stadt Luzern.(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Լեոդեգարի եկեղեցի» հոդվածին։