Jump to content

Սեմական ժողովուրդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սեմիտներից)
Աստվածաշնչում և Թորայում նկարագրված Նոյի որդիներ Սեմը, Քամը և Հաբեթը. (պատկերազարդումն ըստ Ջեյմս Տիսոյի)

Սեմական ժողովուրդներ, արտահայտություն, որը գիտական շրջանառության մեջ է դրվել գերմանացի գիտնական Ա. Շլյոցերը և Ի. Հեյգորնը 1780-ական թվականներին, որպես մի շարք ժողովուրդների ընդհանրական նկարագրություն, որոնք ունեն ընդհանրական լեզվախումբ, ունեն ընդհանուր տարածվածության շրջաններ, պաշտամունքի ընդհանրական դրսևորումներ, նյութական մշակույթ և կենցաղ։ Արտահայտությունը փոխառվել է Հին Կտակարանից, որտեղ Մերձավոր Արևելքի մի շարք ժողովուրդներ միավորված են ընդհանրական « Սեմի որդիներ » անվան ներքո։ Սեմը Հին Կտակարանի Ծննդոց գրքում նկարագրված Նոյի որդիներից մեկը[1]։

Ժամանակակից գիտության մեջ «սեմական ժողովուրդներ» արտահայտությունը կիրառվում է.

  1. պռոտոսեմական լեզուն կրող վերաձևավորված էթնիկ հանրույթին,
  2. հին և նոր ժողովուրդներին նկարագրելու համար, որոնք խոսում են Սեմական լեզուների ընտանիքին պատկանող լեզուներով[1]։

Ժամանակակից սեմական ժողովուրդներից են ասորիները, հրեաները, արաբները և մալթացիները։ Հարավային սեմական ժողովուրդների հին հարավային ենթախմբի ժամանակակից ժառանգները Հարավային Արաբիայում (սոքոթրիացիներ, մախրի և այլն.), ամհարա, տիգրե, տիգրայի և մի շարք այլ ժողովուրդներ, որոնք ապրում են Եթովպիայում[1]։

Անվան ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն հրեական Թորա և քրիստոնեական Աստվածաշունչ գրքերի՝ Աբրահամի տոհմը սերում է Նոյի ավագ որդի Սեմից։ Այս համատեքստում բոլոր այն ժողովուրդները, որոնք «աստվածաշնչյան ժամանակներում» ապրել են Մերձավոր Արևելքում և համարել իրենց Աբրահամի հետնորդներ, կոչվել են «Սեմ որդիներ»։ «Սեմական ժողովուրդներ» արտահայտությունը առաջին անգամ կիրառվել է ռուս-գերմանական պատմաբան Ավգուստ Լյուդվիգ ֆոն Շլյոցերը[1]։

Սեմական ժողովուրդների ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն տարածված հիպոթեզի՝ պռոտոսեմական լեզվի կրողների նախնիները Առաջավոր Ասիա են եկել Աֆրիկայից, որտեղ եղել է Սեմա-քամյան լեզվաընտանիքի նախահայրենիքը։ Գիտական որոշ տվյալների հիման վրա ենթադրվում է, որ նախասեմական ժողովուրդները, որոնք քոչվորներ և անասնապահներ էին, բնակեցնում էին հյուսիսային Սահարան, որտեղից ենթադրաբար մ.թ.ա. 5000 տարի առաջ կլիմայի էական փոփոխությունների հետևանքով սկսեցին շարժվել դեպի արևելք։

Մի շարք գիտնականների (գերմանացի Թեոդոր Նյոլդեկե, անգլիացի Ու.Ռ.Սմիթ և այլն) տեսակետի համաձայն սեմական ժողովուրդները աստիճանաբար բնակություն են հաստատել Արաբական թերակղզում, որտեղից հազարամյակի ընթացքում ներթափանցել են Միջագետք և Սիրիական անապատ, Միջերկրական ծովի արևելյան ափ։ Որոշ ուսումնասիրողներ, ինչպիսին են Իգոր Դյակոնովը և այլք, ենթադրել են, որ Նեղոսի դելտան անցնելուց հետո սեմական ժողովուրդների մի մասը շարժվել է դեպի հարավ և բնակեցրել Արաբիան, իսկ մյուսները շարժվել են հյուսիս և հյուսիս-արևելք։ Գիտնականների երրորդ խումբը (ինչպես օրինակ Ժ.Կյուպեն) ենթադրել է, որ Սահարան լքելուց հետո սեմական ժողովուրդները որոշ ժամանակ դեռևս պահպանել են իրենց ամբողջականությունը՝ բնակեցնելով Սիրիական անապատը, իսկ այնուհետև այնտեղից սկսել են բաժանվել ու տեղաշարժվել տարբեր ուղղություններով։ Գիտնականների մեկ այլ խումբ ենթադրել է, որ բոլոր սեմա-քամյան ժողովուրդների ծագման վայրը Արաբիան է։ Ըստ սեմագետ Յուրիս Զարինսի՝ սեմական լեզուները ծագել են Արաբիայի քոչվորական-անասնապահական տարածքներում, որը ձևավորվել է մինչխեցեգործական նեոլիթի ժամանակաշրջանի վերջում կլիմայի չորացման ընթացքում հին Մերձավոր Ալևելքում։

Համաձայն առավել տարածված տեսակետի՝ մ.թ.ա. 4-ից 3-րդ հազարամյակներում սեմական ժողովուրդները, ըստ լեզվական տարբերությունների, բաժանվել են երկու խոշոր խմբի՝ արևելյան և արևմտյան։

Արևելյան (հյուսիսարևելյան) խումբը սկզբնական շրջանում տարածվել է Հարավային Միջագետքի հյուսիսում, որտեղ հակադրության մեջ է մտել շումերների հետ (մ.թ.ա. 3-րդ հազարամյակի սկիզբ)։ Տվյալ խմբի ներկայացուցիչները խոսում էին աքքադերեն լեզվով։ Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կեսերին աքքադացիները ներթափանցում են Հարավային Միջագետքի հարավային մասը, որից հետո հյուսիսարևելյան սեմական ժողովուրդների լեզուն դուրս մղեց շումերերենը։ Այս խմբի սեմական ժողովուրդների հետագա պատմությունը կապված է Աքքադի, Բաբելոնի և Ասորեստանի հետ։

Արևմտյան խումբն իր հերթին բաժանվում է 2 կամ 3 խմբի՝

  • Հյուսիս-արևմտյան ենթախումբ, որի ներկայացուցիչները երկու հոսքով տեղափոխվել և բնակություն են հաստատել Քանանում, Սիրիայում և Հյուսիսային Միջագետքում։ Այս խմբի առաջին հայտնի ներկայացուցիչները (մ.թ.ա. 3-րդից 2-րդ հազարամյակ) եղել են ամովրհացիներ, հետագայում՝ Փյունիկեցիներն ու հրեաները (մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկիզբ), ինչպես նաև սեմական ժողովուրդների հատուկ ենթախմբի սեմական ժողովուրդները՝ Արամեացիները, որոնց առանձին խմբեր ներթափանցել են Հարավային Միջագետք (քաղդեացիներ) և նույնիսկ անցել Տիգրիս գետը։
  • Հարավային ենթախումբ, որի ներկայացուցիչները մ.թ.ա. 2-րդ հազարամյակում զբաղեցրել են Արաբական թերակղզու տարածքը։ Վերջինիս հարավային մասի բնակիչները, հավանաբար, տվյալ ժամանակաշրջանում կազմել են հին Արաբիայի Մայնա, Սաբա, Քաթաբան, Հադրամաութ պետությունների քաղաքացիները։ Չի բացառվում, որ հենց այս ենթախմբի ներկայացուցիչներն են մ.թ.ա. 1-ին հազարամյակում բնակություն հաստատել Եթովպիայում։ Հարավային սեմական խմբի հյուսիսային ենթախումբը մ.թ.ա. 2-րդից 1-ին հազարամյակում ներկայացված է եղել որպես լիհանիտներ, սամուդներ և այլն, որոնք հետագայում՝ ոչ ուշ քան մ.թ.ա. 1-ին հազարամյակում միավորվել են որպես արաբներ։ Արաբական թերակղզուց արաբների տեղափոխությունները դեպի այլ վայրեր մ.թ. 7-րդ դարում համարվում է արաբների վերջին և խոշորագույն վերաբնակեցման ալիք (տես Արաբական արշավանքներ)[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմական ժողովուրդներ» հոդվածին։