Jump to content

Սատիրայի թատրոն (Մոսկվա)

Սատիրայի թատրոն
Տեսակթատերական կազմակերպություն, թատրոն և առևտրային կազմակերպություն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՄոսկվա
Հիմնադրման ամսաթիվ1924
ՀասցեTriumfalnaya Square?
ՏնօրենMamedali Agayev?
55°46′06″N 37°35′43″E / 55.768333333333°N 37.595277777778°E / 55.768333333333; 37.595277777778
Կայքsatire.ru
 Moscow Satire Theatre Վիքիպահեստում

Մոսկվայի սատիրայի ակադեմիական թատրոն (ռուս.՝ Московский академический театр сатиры), դրամատիկական թատրոն Մոսկվայում։ Տեղակայված է Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանում՝ «Մայակովսկայա» մետրոյի կայարանի մոտ՝ Տրիումֆալնայա հրապարակում։ Բացվել է 1924 թվականի հոկտեմբերի 1-ին Մեծ Գնեզդնիկովսկի նրբանցքում՝ № 10 տան նկուղային հարկում[1]։

Տրիումֆալնայա հրապարակ,1934
Մոսկվայի սատիրայի ակադեմիական թատրոնը Տրիումֆալնայա հրապարակում, 2011
Թատրոնի շենքը, 2011

1923 թվականի ամռանը մի խումբ էնտուզիաստներ, որի կազմում ընդգրկված էին երգիծաբաններ «Красный перец» և «Կրոկոդիլ» հանդեսներից, ռեժիսորներ ու դերասաններ «Չղջիկ» թատրոն-կաբարեից ու «Кривой Джимми» մանրապատումների կամերային թատրոնից, առաջ է քաշել սատիրայի թատրոն կազմակերպելու գաղափար[2][3]։ 1924 թվականի գարնանը «Խառը հանրություն» (ռուս.՝ «Смешанное общество») թեմատիկ ներկայացման հաջողությունից հետո «Кривой Джимми» թատրոնի ղեկավարությունը վերջնականապես որոշել է իր ուղղվածությունը փոխել սատիրականի և ցուցադրել միայն քաղաքական ու կենցաղային ներկայացումներ։ Նոր թատրոնի կազմակերպման հարցերի լուծման համար ստեղծվել է հատուկ խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են դրամատուրգ Վիկտոր Տիպոտը, ռեժիսոր Դավիդ Գուտմանը և ռեժիսոր Գեորգի Խոլմսկին, որը հետագայում դարձել է Սատիրայի թատրոնի տնօրեն[4][3]։

Ըստ նախնական մտահղացման՝ թատրոնը պետք է կոչվեր «Կոմեդիա», սակայն դրանից հրաժարվել են, որովհետև այն չէր ընդգծում գլխավոր գաղափարը և չէր գրավում հանդիսատեսի ուշադրությունը թերությունների ու արատների և ծիծաղի միջոցով դրանց շտկման վրա։ Ի վերջո որոշվել է թատրոնը կոչել «Սատիրայի թատրոն»[5].

Ծիծաղել նրա վրա, ինչ ծիծաղելի է, խարազանել ամեն նողկալին, անմիտը, հետամնացը, այն ամենը, ինչը՝ որպես անճոռնի թարախապալար, կախված է խորհրդային նոր կենցաղից։

Մոսկվայի սատիրայի թատրոնը բացվել է 1924 թվականի հոկտեմբերի 1-ին[6] Մեծ Գնեզդնիկովսկի նրբանցքի № 10 տան նկուղային հարկում, որտեղ նախկինում գտնվում էր «Кривой Джимми» թատրոնը։ Առաջին ներկայացումը եղել է Վիկտոր Տիպոտի և Նիկոլայ Էրդմանի «Մոսկվան տեսակետից» (ռուս.՝ «Москва с точки зрения») բեմադրությունը։ Թատրոնի գործունեության սկզբում այնտեղ գերակշռել են քաղաքական, կենցաղային և ծաղրերգական ներկայացումները[7][8]։ Բեմադրությունների համար սյուժեներ փնտրել են Մոսկվայի հասարակ քաղաքացիների ու ծառայողների կյանքից[6]։ Առաջին թատերախմբի կազմում ընդգրկվել են «Кривой Джимми» թատրոնում ելույթ ունեցած դերասանները՝ Պավել Պոլ, Դմիտրի Կարա-Դմիտրիև, Նադեժդա Նուրմ, Եվա Մալյուտինա, Ռաֆայիլ Կորֆ, Ֆեոդոր Կուրիխին, Ալեքսեյ Բոնդի, Իվան Զենին, Յակով Ռուդին[9][10][11]։

1927 թվականին բացվել է թատրոնի մասնաճյուղը Հին Տրիումֆալնայա հրապարակում (Մոսկվայի սատիրայի երկրորդ թատրոն, 1-ին Բրեստի փողոց, 1/29)[12]։ Նոր դահլիճը տեղավորել է ավելի քան 800 հանդիսատես[13][6]։ Մինչ 1930 թվականը[14] թատրոնը լիովին տեղափոխվել է նոր շենք։ Հիմնական խաղացանկում ներառվել են կենցաղային կատակերգություններ ու վոդևիլներ[8][15][16], օրինակ՝ Վիկտոր Արդովի «Մանր հաղթաթղթեր» (ռուս.՝ «Мелкие козыри», 1937) և Վասիլի Շկվարկինի «Վերջին դատաստանը» (ռուս.՝ «Страшный суд»), «Վտանգավոր տարր» (ռուս․՝ «Вредный элемент»), «Օտար երեխան» (ռուս․՝ «Чужой ребёнок», 1940)[17][16]։ Թատրոնում բեմադրվել են նաև դասական դրամատուրգների աշխատանքներ, այդ թվում՝ Մոլիերի «Պարոն դը Պուրսոնյակ» (1938), Կառլո Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառա» և այլն[16]։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ թատրոնի դերասանները, բաժանվելով մի քանի խմբերի, ներկայացումներ են տվել գործող բանակում[15][18]։

1951 թվականին[19] թատրոնը տեղափոխվել է նոր շենք, որ գտնվում էր Մալայա Բրոննայա, տուն 4 հասցեում։

1940-ական թվականների վերջին և 1950-ական թվականների սկզբին թատրոնի ժողովրդականությունը նվազել է, քննադատները նշել են, որ բեմադրությունները «գորշ ու միօրինակ» են։ Լճացումից թատրոնը կարողացել է դուրս գալ 1953 թվականին Վլադիմիր Մայակովսկու «Բաղնիք», «Ոջիլ» և «Միստերիա-բուֆ» պիեսերի հիման վրա բեմադրված ներկայացման շնորհիվ[16] [20]։

Նշանակալի իրադարձություններ են դարձել Նազըմ Հիքմեթի «Իսկ եղե՞լ է արդյոք Իվան Իվանովիչը» (ռուս.՝ «А был ли Иван Иванович?») ներկայացումը 1957 թվականին, Ալեքսանդր Տվարդովսկու «Տյորկինն այն աշխարհում» (ռուս.՝ «Тёркин на том свете») ներկայացումը 1966 թվականին և Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» (ռուս.՝ «Доходное место») ներկայացումը։ Այդ ներկայացումները որոշել են թատրոնի հրապարակախոսական ուղղվածությունը և սահմանել թատրոնի այցելությունների նոր մակարդար[16][17]։

1958 թվականին թատերախումբն առաջին անգամ մեկնել է արտասահմանյան շրջագայության Լեհաստանում[21]։

1963 թվականին թատրոնը տեղափոխվել է Լենինգրադյան պողատայի 32/2 շենք, բայց այնտեղ մնացել է կարճ ժամանակ և արդեն 1964 թվականին տեղափոխվել է Տրիումֆալնայա հրապարակ։ Այդ ժամանակաշրջանի ներկայացումներում գերակշռել է փիլսիոփայական ողբերգական սատիրան[7][15]։ Հիմնական ներկայացումները եղել են Մաքս Ֆրիշի «Դոն Ժուան կամ Սեր երկրաչափության հանդեպ», Պիեռ Բոմարշեի «Խենթ օր, կամ Ֆիգարոյի ամուսնությունը», Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր», Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» և այլն[16]։

1984 թվականին ԽՍՀՄ մշակույթի նախարարությունը թատրոնին շնորհել է ակադեմիական կոչում[8][15][17]։

Արդի ժամանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Սատիրայի թատրոնը «Սովրեմեննիկի», Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնի և Ստանիսլավսկու անվան երաժշտական թատրոնի հետ միասին մասնակցել է «Ներկայացումների ոսկե հավաքածու» (ռուս.՝ «Золотая коллекция спектаклей») նախագծին, որի շրջանակներում ներկայացումների տեսագրությունները տեղադրվել են YouTube-ալիքում[22]։

2015 թվականին Սատիրայի թատրոնը ճանաչվել է Մոսկվայի՝ ամենաշատ այցելուներ ունեցող թատրոններից մեկը. դահլիճների զբաղվածությունը եղել է գրեթե 90 %, հանդիսատեսի թիվը գերազանցլե է 2,5 միլիոնը[23]։

Տարբեր տարիների թատրոնի թատերախմբում աշխատել են Ռինա Զելյոնայան, Վլադիմիր Լեպկոն, Վլադիմիր Խենկինը, Տատյանա Պելտցերը, Վալենտինա Տոկարսկայան, Գեորգի Տուսուզովը, Իվան Լյուբեզնովը, Եվգենի Վեսնիկը, Սպարտակ Միշուլին, Տատյանա Վասիլևան, Անատոլի Պապանովը, Անդրեյ Միրոնովը և այլք[7][8][16]։

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Авторский коллектив Русский драматический театр. Энциклопедия / Гл. ред. А. П. Горкин; Под общ. ред. М. И. Андреева, Н. Э. Звенигородской, А. В. Мартыновой, Е. Ю. Бегляровой. — М.: Большая российская энциклопедия, 2001. — 568 с. 7000 экз. ISBN 585270167X
  • Монголы — Наноматериалы. М. : Большая российская энциклопедия, 2013. — 768 с. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 21). ISBN 978-5-85270-355-2.
  • Велехова Н. А Валентин Плучек и привал комедиантов на Триумфальной, 2. — М.: Московский академический театр сатиры, при участии издательства «Рутена», 1999. — 400 с. ISBN 5-8261-0006-0
  • Алексеев А. Г Серьёзное и смешное. — М.: Искусство, 1984. — 280 с.
  • Московский театр сатиры / Редактор-составитель М. В. Бертенсон. — М.: Искусство, 1966. — 96 с.
  • Театры Моссовета: в помощь культработнику, завклубу, теаорганизатору / редактор В. М. Млечин. — М.: Упр. Московскими зрелищными предприятиями, 1934.
  • Театральная энциклопедия / гл. ред. П. А. Марков. — М. : Советская энциклопедия, 1963. — Т. 2. Гловацкий — Кетуракис. — С. 82, 243.
  • Театральная энциклопедия / гл. ред. П. А. Марков. — М. : Советская энциклопедия, 1964. — Т. 3. Кетчер — Нежданова. — С. 271.
  • Москва: Энциклопедия / Редкол.:. — М.: Советская энциклопедия, 1980. — 688 с. 200 000 экз.

Հոդվածներ և հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սատիրայի թատրոն (Մոսկվա)» հոդվածին։