Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոն
Տեսակթատերական կազմակերպություն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՄոսկվա
Հիմնադրման ամսաթիվ1941
Անվանված էԿոնստանտին Ստանիսլավսկի և Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկո
Կայքstanmus.ru(ռուս.)

Մոսկվայի Կոնստանտին Սերգեեվիչ Ստանիսլավսկու և Վլադիմիր Իվանովիչ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոն, օպերայի և բալետի թատրոն Մոսկվայի Տվերսկոյ շրջանում։ Հիմնադրվել է 1918 թվականի դեկտեմբերին և գործել է Կոնստանտին Ստանիսլավսկու ղեկավարությամբ որպես Մեծ թատրոնի օպերային ստուդիա։ Վերջնականապես կազմավորվել է 1941 թվականին՝ միանալով Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան Մոսկվայի գեղարվեստի թատրոնի երաժշտական ստուդիայի հետ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի դեկտեմբերից ռեժիսորներ Կոնստանտին Ստանիսլավսկին և Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն համագործակցում էին Մեծ Թատրոնի արտիստների հետ օպերայի և բալետի ներկայացումներում։ 1919 թվականից սկսվեց Մեծ թատրոնի օպերային ստուդիայի կանոնավոր պարապմունքները Ստանիսլավսկու ղեկավարությամբ։ Նեմիրովիչ-Դանչենկոյի և Մեծ թատրոնի համագործակցությունը հաջողություն չունեցավ և հենց այդ տարում նա հիմնադրեց սեփական երաժշտական ստուդիան Մոսկվայի գեղարվեստի թատրոնին կից[1]։

1920 թվականին օպերային ստուդիան անջատվեց Մեծ թատրոնից։ Երեք տարի հետո Մոսկվայի գեղարվեստի թատրոնում տեղի ունեցավ երկու ստուդիաների արտիստների առաջին համատեղ ներկայացումը։ Հանդիսատեսին ներկայացված էր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Բոյարուհի Վերա Շելոգա», «Սուրբ ծննդյան նախորդ գիշերը», Ժյուլ Մասնեի «Քամի» օպերաներից հատվածներ և Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործությունների մոտիվներով գրված մի շարք երաժշտական գործեր՝ ռոյալի նվագակցությամբ։ 1922 թվականի ամռանը Եվրոպայում և Ամերիկայում տեղի ունեցան օպերային ստուդիայի հյուրախաղերը[2]։ 1924 թվականին թատերախմբին միացավ երիտասարդ Սերգեյ Լեմեշևը և երաժշտական ղեկավարը դարձավ դիրիժոր Վյաչեսլավ Սուկը[3].:

1926 թվականին երկու խմբերն էլ ստացան պետական թատրոնի կարգավիճակ։ Նրանք տեղափոխեցին Բոլշայա Դմիտրովկա 17-ի վրա գտնվող, նախկինում կոմս Սալտիկովին պատկանող կալվածքում գտնող շենքը։ Թատերախմբերը հերթով էին փորձեր անում և ներկայացումներ ունենում։ Ստանիսլավսկու ներկայացումները ավելի ավանդական էին իրենց խաղացանկում՝ Պյոտր Չայկովսկու «Եվգենին Օնեգին» և «Պիկովայա դամա», Ջակոմո Պուչինիի «Բոհեմ», Ժորժ Բիզեի «Կարմեն», Մոդեստ Մուսորգսկու «Բորիս Գոդունով», Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն» և «Մայիսյան գիշեր», Ջոակինո Ռոսինիի «Սևիլյան սափրիչ», Ջուզեպե Վերդիի «Ռիգոլետո» օպերաները։ Նեմիրովիչ-Դանչենկոն ձգտում էր ավելի նորարարության։ Մի կողմից նա փորձարկումներ էր կատարում Շարլ Լեկոկի «Մադամ Անգոյի դուստրը», Ժակ Օֆենբախի «Պերիկոլա» և «Գեղեցիկ Ելենա», Ռոբերտ Պլանկետի «Կորնեվիլյան զանգեր» օպերետաների վրա։ Մյուս կողմից, նրան մեծ հեղինակություն բերեցին դրամատիկական սյուժեներով դասական օպերայի իր մեկնաբանությամբ ներկայացված Ռեյնոլդ Գլիերի «Լիսիստրատա», Ջուզեպե Վերդիի «Տրավիատա», «Կարմենսիտան և զինվորը»՝ «Կարմեն»-ի ազատ մեկնաբանությամբ օպերաները[4]։

Միևնույն ժամանակ օպերային թատերախմբում իր կարիերան սկսեց երիտասարդ երգիչ Անատոլի Օրֆեոնովը, իսկ Լեոնիդ Սոբինովը դարձավ վոկալի ուսուցիչ[5]։ Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի հիմնած թատրոնները մեծ հեղինակություն էին վայելում մոսկովյան մտավորականության, ուսանողների և նոր սերնդի թատերական գործիչների շրջանում[6]։

1939 թվականին, 1929 թվականին հիմնադրված Վիկտորինա Կրիգերի «Մոսկվայի գեղարվեստի բալետ» թատերախումբը մտավ Նեմիրովիչ-Դանչենկոյի թատրոնի մեջ։ Կոլեկտիվների միջև համագործակցությունը սկսվել էր վեց տարի առաջ՝ 1933 թվականին։ Թատերախմբում ընդգրկված էին Անգելինա Ուրուսովան, Մարիա Սորոկինան, Ալեքսանդր Կլեյնը, Նիկոլայ Հոլֆինը, Անատոլի Տոլսկին, Վլադիմիր Բուրմեյստերը։ Ռեժիսորներ Բորիս Մորդվինովը և Պավել Մարկովը պարի մեջ պրոպագանդում էին Ստանիսլավսկու համակարգի սկզբունքները և փորձում էին բալետը մոտեցնել հոգեբանական դրամային կամ իրատեսական կատակերգությանը՝ օգտագործելով ինչպես դասական, այնպես էլ խորհրդային նորագույն գործերը։ 1930-ական թվականների ամենահայտնի պարային ներկայացումներն էին ռեժիսոր Ռոստիսլավ Զախարովի բեմադրած Պիտեր Հերտելի «Ապարդյուն նախազգուշություն», Մանուել դե Ֆալյայի «Եռակողմ», Սերգեյ Վասիլենկոյի «Գնչուները», Բորիս Ասաֆևի «Բախչիսարայի շատրվան» ներկայացումները։ 1941 թվականին Օպերայի և Մոսկվայի արվեստի թատրոնի երաժշտական ստուդիաների գաղափարական ներդաշնակությունը հանգեցրեց նրանց միավորմանը և ստեղծվեց Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնը[4]։

Խորհրդային ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստանտին Ստանիսլավսկին արտիստների հետ, 1922 թվական

1941 թվականին ձևավորված թատրոնը Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի ղեկավարությամբ ժամանակակից կոմպոզիտորների համար դարձավ նոր օպերաների և բալետների ստեղծման «լաբորատորիա»։ 1943 թվականին Նեմիրովիչ-Դանչենկոյի մահից հետո գլխավոր տնօրեն դարձավ Պավել Մարկովը[7].:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին քաղաքի միակ թատրոնն էր, որ շարունակում էր գործել և չէվակուացվեց նույնիսկ Մոսկվայի համար մղվող մարտերի ժամանակ։ Պատերազմական և հետպատերազմական տարիներին բեմադրվեցին Սերգեյ Վասիլենկոյի «Սուվորով», Բորիս Մոկրուսովի «Չապաև», Իվան Դերժինսկու «Նադեժդա Սվետլովա» օպերաները, Սերգեյ Վասիլենկոյի «Լոլա», Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Շահրազադ», Անտոնինո Սպադավեկիայի «Երջանկության ափ» բալետները, Ցեզար Կյուիի «Մադմազել Ֆիֆի», Կառլ Միլոքերի «Աղքատ ուսանողը», Ժակ Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները» օպերետները։ Պատերազմից հետո՝ 1948 թվականին, Ստանիսլավսկու անվան օպերայի և դրամայտիկական ստուդիայի արվեստագետների խումբը՝ դիրիժոր Իսահակ Բեյնի գլխավորությամբ ևս միացավ թատրոնին[4]։

1950-ական թվականները թատրոնի զարգացման համար դարձան հատկանշական, երբ ղեկավար դարձավ Նեմիրովիչ-Դանչենկոյի ուսանող Լեոնիդ Բարատովը։ Այս ժամանակաշրջանում բեմադրվեցին Սերգեյ Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն», Վիկտոր Դոլիձեի «Կետո և Կոտե», Ջուզեպե Վերդիի «Սիցիլիական ժամերգություն», Սեմյոն Գուլակ-Արտեմովսկու «Զեպորոժեցին Դունայից այն կողմ» օպերաները[4]։

1960-1980 թվականներին թատրոնի գլխավոր ռեժիսորն էր Լև Միխայլովը։ Այս շրջանի առավել նշանակալից ներկայացումներից էին՝ Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ», Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Այսպես վարվում են բոլոր կանայք», Պյոտր Չայկովսկու «Պիկովայա դամա», Սերգեյ Սլոնիմսկու «Վիրինեյա», Դմիտրի Կաբալևսկու «Կոլա Բրյունիոն», Զոլտան Կոդայի «Հարի Յանոշ», Սերգեյ Պրոկոֆևի «Սերը երեք նարնջի համար», Ջորջ Գերշվինի «Պորգի և Բես» օպերաները։ 1963 թվականին, 1930-ական թվականներից ի վեր առաջին անգամ, Լև Միխայլովը, դիրիժոր Գենադի Պրովատորովի հետ միասին, սովետական հանրությանը ներկայացրեցին Դմիտրի Շոստակովիչի «Կատերինա Իզմայլովա» օպերան։ Այս ընթացքում թատրոնում են աշխատել ռեժիսորներ Պավել Զլատոգորովը, Միխայիլ Մորդվինովը, Միխայիլ Դոտլիբովը, Նիկոլայ Կուզնեցովը, Վլադիմիր Կանդելակի, Նադեժդա Կեմարսկայան, դիրիժորներ Դմիտրի Կիտենկոն, Քեմալ Աբդուլաևը, Գեորգի Ժեմչուժինը, Վլադիմիր Կոժուխարը[8]։

1941 թվականից մինչև 1960 թվականը և 1963 թվականից մինչև 1970 թվականները բալետային թատերախմբի համար կարևոր ուղենիշ հանդիսացան, երբ թատոնի գլխավոր պարուսույց էր Վլադիմիր Բուրմայստերը։ Նրան են պատկանում Ցեզար Պունիի «Էսմերալդա», Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճ», Յոհան Շտրաուսի երաժշտության հիման վրա բեմադրված «Շտրաուսիանա», Վիկտոր Օրանսկու «Վինձորյան կատակասերներ», Նիկոլայ Պեյկոյի «Ժաննա դ'Արկ» բալետների և Իվան Մորոզովի «դոկտոր Այբոլիտ» մանկական բալետի բեմադրությունները։ Բուրմայստերի կողմից Չայկովսկու «Ձյունանուշը» բեմադրվել է` Անգլիայի ազգային բալետի պատվերով։ Այս ժամանակահատվածում թատրոնի բեմում պարել է Վիոլետա Բովտը, Էլեոնորա Վլասովան, Սոֆյա Վինոգրադովան, Ալեքսանդր Սոբոլը, Ալեքսեյ Չիչինաձեն, միևնույն ժամանակ իր կարիերան է սկսել երիտասարդ Մարիս Լիեպան[4]։

1960-ական թվականների վերջին և 1970-ական թվականների սկզբին համագործակցություն սկսվեց Բեռլինի «Komische Oper» երաժշտական թատրոնի հետ, աշխատանքներ կատարվեցին գերմանացի ռեժիսորներ Վալտեր Ֆելզեյնշտեյնի (Բիզեի «Կարմեն» օպերա), Հարի Կուպֆերի (Մոցարտի «Առևանգում հարեմից» օպերետա), Թոմ Շիլինգի (Գեորգ Կաթցերի «Սև թռչուններ» բալետ) հետ[9]։

1980 թվականի ամռանը թատերական ներկայացումները ներառվեցին Մոսկվայի Օլիմպիական խաղերի մշակութային ծրագրում[10]։ Միևնույն ժամանակ, համաշխարհային օպերային դասականների ավելի ու ավելի շատ ներկայացումներ սկսեցին բեմադրվել բնօրինակ լեզվով, և ոչ թե ռուսերեն թարգմանություններով[11]։ 1987 թվականին Եվգենի Կոլոբովը դարձավ թատրոնի գլխավոր դիրիժոր։ Նրան են պատկանում Մոդեստ Մուսորգսկու «Բորիս Գոդունովի» հեղինակային խմբագրումը և Վինչենցո Բելինիի «Ծովահեն» քիչ հայտնի օպերայի բեմադրությունը։ Փորձելով վերականգնել «Եվգենի Օնեգին» օպերան, Կոլոբովը այդ գործում ներգրավեց երիտասարդ արտիստների, ինչը բախման հանգեցրեց ղեկավարության և հին դերասանական կազմի միջև։ Չնայած դիրիժորին պաշտպանելու հասարակական արշավին, 1989 թվականին նա ստիպված եղավ լքել թատերախումբը[12]։

Հետխորհրդային ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականից թատրոնի գլխավոր ռեժիսոր դարձավ Ալեքսանդր Տիտելը։ Նա ստիպված էր գրեթե նորից հավաքել օպերային թատերախումբը[13]։ Նորացված թատրոնի առաջին ներկայացումները եղան Միխայիլ Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա»ն, որը հակասական արձագանքներ առաջացրեց քննադատների կողմից, և Ջուզեպե Վերդիի «Էռնանի» և Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերաները, որոնք արժանացան «Ոսկե դիմակ» մրցանակի։ 1990-2000 թվականների ամենահայտնի ներկայացումները դարձան Ժորժ Բիզեի «Կարմեն», Սերգեյ Պրոկոֆևի «Նշանդրեք վանքում», Յոհան Շտրուսի «Չղջիկ» և Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքաղաղ» օպերաները[9]։

1997 թվականից Մոսկվայի երաժշտական թատրոնը, համագործակցելով Մեծ թատրոնի հետ, կազմակերպել է ժամանակակից պարերի «DanceInversion» փառատոնը, որն արդեն դարձել է ամենամյա[14]։

Թատրոնի դահլիճը, 2008 թվական

Արդի ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-ական թվականներին թատրոնի շենքը երկու անգամ հրդեհվել է։ Առաջին անգամ հրդեհ է բռնկվել 2003 թվականի հունիսին։ Այրվել է շինության տանիքի մի մասը, մինչդեռ հրդեհը չի ազդել բեմի և դահլիճի վրա։ 2005 թվականի մայիսին թատրոնի շենքը հրդեհից ավելի լուրջ վնասվեց։ Այրվեց բեմը, դահլիճը, տանիքն ու պատերը մասամբ փլուզվեցին, և լայնածավալ վերակառուցման անհրաժեշտություն եղավ[15][16]։ Հիմնական բեմը շահագործվեց է 2006 թվականի սեպտեմբերին՝ քաղաքի օրվա կապակցությամբ։ Բացի այդ, կահավորվեց բալետի փորձի սենյակները, բեմական հագուստի և դեկորացիաների պահեստները, արտիստների հանդերձարանները և ստորգետնյա ավտոկանգառը։ Թատրոնի ընդհանուր մակերեսը կազմում էր մոտ 40 հազար մ², ինչը գրեթե երեք անգամ ավելին էր, քան մինչև վերակառուցումը[17]։

2016 թվականից թատրոնի տնօրենն է Անտոն Գեթմանը, ով փոխարինեց Արա Կարապետյանին։ Բալետի գեղարվեստական ղեկավարը ֆրանսիացի խորեոգրաֆ Լորան Հիլերն է։ Միևնույն ժամանակ, փոքր բեմում առաջին անգամ անցկացվեց «Точка пересечения» փառատոնը, որի նպատակն էր Եվրոպայից, Ասիայից, Ամերիկայից և Աֆրիկայից բալետում նոր անուններ բացահայտելը և ինքնօրինակ պարային ներկայացումներ ստեղծելը[18]։ 2017 թվականին մեկնարկեց «Генеральная репетиция» նախագիծը, որը երիտասարդ լսարանին ծանոթացնում է ժամանակակից բալետին[19]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Беляев В. Государственная оперная студия-театр имени народного артиста республики К. С. Станиславского. — М.: Издательство Общества друзей оперной студии-театра им. К. С. Станиславского, 1928. — 58 с.
  1. Орфёнов А. Записки русского тенора. — М.: Издательство Фонда Ирины Архиповой, 2004. — 384 с. — ISBN 5-901180-07-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Театр Станиславского объявил планы на юбилейный сезон». Московский комсомолец. 2018 թ․ ապրիլի 28. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  2. Беляев, 1928
  3. «Хроника 1918-2017». Официальный сайт театра. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Московский музыкальный театр имени К. С. Станиславского». Российская цивилизация в пространстве, времени и мировом контексте. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  5. Орфёнов, 2004
  6. «Московский академический Музыкальный театр имени народных артистов К. С. Станиславского и Вл. И. Немировича-Данченко». Культура.РФ. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  7. «Истории о Дмитровке». Национальный туристический портал. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  8. «Его спектакли были легки…Вспоминая Льва Михайлова». РИА Новости. 2008 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  9. 9,0 9,1 «Московский академический музыкальный театр им. К.С. Станиславского и В.И. Немировича- Данченко». Moscow-Live. 2008 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  10. «1980-1989». Московский академический Музыкальный театр имени К.С. Станиславского и Вл.И. Немировича-Данченко. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  11. Юрий Димитрин. «Либретто во сне и наяву». Личности Санкт-Петербурга. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  12. «Хроника одного театрального конфликта. Потерять, чтобы найти». Аргументы и Факты. 1990 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  13. «Гендиректор Музыкального театра имени Станиславского и Немировича-Данченко: Заполняемость зрительного зала составляет больше 90%». СlassicalMusicnews.Ru. 2007 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  14. «В Москве завершился Международный фестиваль современного танца DanceInversion». Московский комсомолец. 2015 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  15. «Пожар в театре имени Станиславского и Немировича-Данченко потушен». Lenta.Ru. 2005 թ․ մայիսի 27. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  16. «Пожар на бис». Российская газета. 2005 թ․ մայիսի 28. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  17. «Открыта основная сцена театра им. Станиславского и Немировича-Данченко». РИА Новости. 2006 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  18. Майя Крылова (2018 թ․ փետրվարի 18). «Скрежет с энтузиазмом». Музыкальные сезоны. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  19. «Театр им. Станиславского и Немировича-Данченко запускает проект «Генеральная репетиция»». ТАСС. 2017 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.