Ռոբերտ Կամոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբերտ Կամոյան
Ռոբերտ Կամոյան.jpg
Ծնվել էհունվարի 6, 1937(1937-01-06)
ԾննդավայրԿապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էսեպտեմբերի 22, 2014(2014-09-22) (77 տարեկանում)
Մահվան վայրԿապան, Սյունիքի մարզ, Հայաստան
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունռեժիսոր և նկարիչ

Ռոբերտ Վարդանի Կամոյան (հունվարի 6, 1937(1937-01-06), Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 22, 2014(2014-09-22), Կապան, Սյունիքի մարզ, Հայաստան), ռեժիսոր, նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Կամոյանը ծնվել է 1937 թվականի հունվարի 6-ին[1][2]։ Նրա հայրը՝ Վարդան Կամոյանը եղել Լոռուց, Սվերդլովսկ քաղաքում ստացել է լեռնային ինժեների բարձրագույն կրթություն, տեղափոխվել Կապան և ապրել մինչև իր կյանքի վերջ։ Պապը՝ Արշակը որոշ ժամանակ բնակվել է Խնձորեսկում։

Ռոբերտը միջնակարգ կրթություն է ստացել է Կապանի թիվ 3 ռուսական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Լենինգրադի Ի. Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում: 1955 թվականին՝ երկրորդ կուրսից ուսումն ընդհատել է, վերադարձել Կապան և աշխատանքի անցել մսի կոմբինատի սառնարանային տնտեսությունում` կոմպրեսորային արտադրամասի մեքենավարի օգնական, ապա` Բարաբաթումի պղնձահանքում` բանվոր: 1958 թվականին մեկնել է Երևան և ընդունվել գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, միաժամանակ սովորել նաև նույն ինստիտուտի գունանկարչական ֆակուլտետում։ 1963 թվականին ստացել ռեժիսորի մասնագիտություն, իսկ 1964 թվականին՝ նկարիչ-գունանկարչի ու մանկավարժի մասնագիտություն: Գեղարվեստաթատերական ինստիտուտում սովորել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Վարդան Աճեմյանի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Արմեն Գուլակյանի, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Էդուարդ Իսաբեկյանի, և այլ նկարիչների և ռեժիսորների ղեկավարությամբ:

1965 թվականին եղել է Մեղրու շրջանի Ագարակ քաղաքի մշակույթի տան տնօրեն: 1966-1967 թվականներին եղել է Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային և Կ.Ստանիսլավսկու անվան պետական թատրոններում` ռեժիսոր, նկարիչ: 1967-1988 թվականներին Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում եղել է բեմադրող ռեժիսոր, նկարիչ և գլխավոր նկարիչ։ Բեմական ձևավորումներ է կատարել Գյումրու, Գորիսի թատրոններում: 1971 թվականիՆ հիմնադրել է նկարչական ստուդիա, որտեղ սովորել են բազմաթիվ պատանիներ և աղջիկներ:

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Կամոյանը 1960-ական թվականների կեսերից մասնակցել է հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների: Անհատական ցուցահանդեսներ է բացել Լենինգրադում, Ռիգայում, Յուրմալայում, Վիլնյուսում, Երևանում, Կապանում[3]: Նրա ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ռուսաստանի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում: Նկարելուց բացի գրել է նաև չափածո ստեղծագործություններ, ուսումնասիրել է փիլիսոփայություն և ճարտարապետություն: Ռոբերտ Կամոյանը եղել է Սիբիրում, Հեռավոր Արևելքում, Կամչատկայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]