Ջերմադինամիկական հավասարակշռություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջերմադինամիկական կամ ջերմային հավասարակշռություն: Եթե ջրով լի բաժակի մեջ գցենք շաքարի մի կտոր, ապա այն կսկսի լուծվել ջրում: Որոշ ժամանակ անց շաքարի լուծվելը կդադարի: Կառաջանա համասեռ լուծույթ, եթե շաքարը լրիվ լուծվի, կամ անհամասեռ համակարգ՝ կազմված շաքարի չլուծված կտորից, շաքարի հագեցած ջրային լուծույթից: Նման ձևով, եթե բաժակի մեջ գցենք սառույցի մի կտոր, ապա այն կհալվի՝ սառեցնելով բաժակի ջուրը: Երբ սառույցը լրիվ հալվի, ջուրը կսկսի տաքանալ այնքան ժամանակ, մինչև որ նրա ջերմաստիճանը հավասարվի շրջապատի օդի ջերմաստիճանին: Այս օրինակներից հետևում է, որ ջերմադինամիկական համակարգը գալիս է մի վիճակի, որտեղ մակրոսկոպական երևույթները՝ լուծվելը և հալումը, այլևս դադարել են: Այս վիճակն ընդունված է անվանել ջերմադինամիկական կամ ջերմային հավասարակշռության վիճակ: Ջերմային հավասարակշռության վիճակում համակարգի մակրոսկոպական պարամետրերը մնում են անփոփոխ, եթե արտաքին գործոնները բացակայում են: Բազմաթիվ փորձերից պարզվել է, որ ինքնիրեն թողնված ջերմադինամիկական համակարգը գալիս է ջերմային հավասարակշռության վիճակի և այդ վիճակից <ինքնակամ>, այսինքն` առանց արտաքին գործոնների ազդեցության, դուրս գալ չի կարող:

Հավասարակշռության փոփոխությունները[խմբագրել]

Հավասարակշռության վիճակում համակարգում մակրոսկոպական փոփոխություններ տեղի ունենալ չեն կարող: Օրինակ` բացառվում են մակրոսկոպական տեղափոխությունները (ծավալի փոփոխություն), զանգվածի տեղափոխությունը (դիֆուզիա) և այլն: Սակայն ջերմային հավասարակշռության վիճակում միկրոսկոպական պրոցեսները երբեք չեն դադարում. մոլեկուլների կոորդինատները և արագություններն անընդհատ փոփոխվում են: Ժամանակի ընթացքում հաստատուն են մնում մակրոսկոպական բնութագրերի հավասարակշիռ արժեքները: Ջերմային հավասարակշռության հաստատվելը և նրա գոյությունը հնարավոր են հենց անընդհատ մոլեկուլային շարժման շնորհիվ: Սրանով էլ ջերմային հավասարակշռության վիճակը տարբերվում է համակարգի մեխանիկական հավասարակշռության վիճակից, երբ որևէ հաշվարկման համակարգում մարմինը մնում է դադարի վիճակում:

Այսպիսով՝ ջերմադինամիկական հավասարակշռությունը ջերմային շարժման հատուկ ձև է, երբ համակարգը նկարագրող մակրոսկոպական պարամետրերը ժամանակի ընթացքում չեն փոփոխվում:

Ծանոթագրություններ[խմբագրել]

[1]

  1. Ֆիզիկայի 11-րդ դասարանի դասագիրք