Պուշկինի փողոց (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պուշկինի փողոց (այլ կիրառումներ)
Պուշկինի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Երկարություն3,45 ± 0,01 կմ
Անվանվել էԱլեքսանդր Պուշկին

Պուշկինի փողոց (Պուշկինի բուլվար) (ռուս.՝ Пушкинская улица, Пушкинский бульвар), փողոց Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի կենտրոնում։

Այստեղ տեղակայված են շատ հինավուրց շենքեր, հուշարձաններ, անսովոր ծառեր, հմտորեն զարդարված ծաղկանոցներ։ Փողոցը ներկայանում է մեջտեղում փոքր բուլվարով։ Սկսվում է Դոլոմանյան նրբանցքից։ Մինչև Բուդյոննու պողոտայի խաչմերուկը բուլվարը փոքր է (ամբողջ փողոցի 1/5-ը)։ Մինչև Վորոշիլովի պողոտան բուլվարն արդեն զբաղեցնում է ամբողջ փողոցի կեսը։ Վորոշիլովի պողոտայից հետո բուլղարը զբաղեցնում է ամբողջ փողոցի երեք քառորդը։ Չեխովի փողոցից հետո բուլվարը զբաղեցնում է ամբողջ փողոցը և մինչև վերջ ունի հետիոտնային կարգավիճակ։ Փողոցը կանաչապատ է և ստվերոտ՝ քաղաքի կենտրոնում գտնվող մյուս փողոցների համեմատ։ Այնտեղ տեղակայված են երկու գրադարան, Հարավային դաշնային համալսարանի բանասիրության և ժուռնալիստիկայի ֆակուլտետը, թանգարան։ Ունի պուրակային գոտու կարգավիճակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուշկինի փողոցը մինչև հեղափոխությունը

Փողոցը սկզբնապես կոչվել է Կուզնեցկայա և քաղաքի հատակագծում հայտնվել է 1870 թվականին։ Փողոցի հյուսիսային կողմի երկայնքով 19-րդ դարի սկզբին և կեսերին (այն ժամանակ դեռևս պաշտոնապես տեղակայված չէր քաղաքի հատակագծում) տափաստան էր։ Կուզնեցկայա և Զագորոդնայա (ավելի ուշ՝ Սադովայա, այժմ` Բոլշայա Սադովայա) փողոցների միջև եղել են այգիներ և Գլխավոր ձորակը (այժմ՝ Համաձայնության փողոց, Փոքր նրբանցք)։ Այստեղ, հյուսիսային ծայրամասում, Քաղաքային զբոսայգու հետևում, ենթադրաբար, գտնվել են դարբնոցային արհեստանոցներ։ Փողոցը երկար ժամանակ անբարեկարգ էր, նրա մի մասն անցնում էր Սուրբ Դիմիտրի Ռոստովցու նախկին ամրոցի արգելաթումբերի և խրամուղիների վրայով, և ժամանակ առ ժամանակ ջրի պատճառով առաջանում էր չցամաքող ճահիճ։ Ամեն ինչ սկսվեց փոխվել՝ սկսած 1870-ական թվականներից, երբ Կուզնեցկայա փողոցում սկսեցին կալվածքներ կառուցել հարուստ վաճառականներն ու արդյունաբերողները։ Անբարետես փողոցի վերափոխումը կանաչ և բարեկարգ, քաղաքի ամենագեղեցիկ փողոցներից մեկի, կապված է հայտնի գործարանատեր Յ. Ս. Կուշնարյովի անվան հետ. 1881 թվականին նա կառուցել է ծխախոտի գործարան ու ակումբային հաստատություն և նախաձեռնել է բուլվարը կանաչապատելու գործը[1]։ 1885 թվականին Քաղաքային դուման վերանվանել է փողոցը՝ այն կոչելով մեծ բանաստեղծի պատվին։ Ալեքսանդր Պուշկինը մի քանի անգամ անցել է Ռոստովով, առաջին անգամ՝ 1820 թվականին, գեներալ Ռաևսկու ընտանիքի հետ Կովկասյան հանքային ջրեր գնալու ճանապարհին։ Ռոստովում Ռաևսկին և Պուշկինը դիտել են ամրոցը, այցելել «Հարուստ ջրհորը»։

20-րդ դարի սկզբին Պուշկինի փողոցը դարձավ կարևորությամբ երկրորդը Բոլշայա Սադովայայից հետո։ Այստեղ հայտնվեց էլեկտրական լուսավորություն, այն զարդարեցին լավագույն ճարտարապետների կառուցած վաճառականների առանձնատները և եկամտաբեր տները։ Ամենահատկանշական կառույցներն էին Վ. Ս. Կուշնյարովի ֆաբրիկան և տունը, Եկատերինյան օրիորդաց վարժարանը, վաճառական Ի. Ա. Սուպրունովի առանձնատունը, որը բերվել էր Իտալիայից, Ե. Մ. Շպիլրեյնի առանձնատունը, Պ. Ի. Կրամերի, Ա. Ա. Դոմբրովսկու, Ն. Ե. Պարամոնովի առանձնատները, քաղաքապետի տունը։ Այստեղ էր գտնվում նաև քաղաքային զբոսայգին[2]։

Արդի վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր:А.С.Пушкин на Пушкинской.jpg
Ա. Ս. Պուշկինի հուշարձանը

Պուշկինի փողոցում Վորոշիլովի պողոտայի խաչմերուկի մոտ 1959 թվականին տեղադրվել է Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը, որի հեղինակներն են Գավրիիլ Շուլցը և Միխայիլ Մինկուսը։

Այսօր Պուշկինի փողոցին հատուկ նրբերանգ են հաղորդում պահպանված հին ճակատների ճարտարապետական պլաստիկան, հարմարավետ փոքր սրճարանները և խանութները, ստվերոտ ծառուղիները և հարմարավետ նստարանները, խիտ գորգի պես հետիոտնային անցուղիների շուրջը տարածվող խոտը։ Հանրահայտ պուշկինյան գնդերը («Պուշկինի հերոսները» հուշարձանը) մեծ բանաստեղծին սիրո նշանակալի խոստովանություններից է (գնդերի հեղինակն է քանդակագործ Անատոլի Սկնարինը)[3]։

2010 թվականին փողոցի Թատերական պողոտայից մինչև Բուդյոննու պողոտա գտնվող բուլվարային մասը ստացել է պուրակային գոտու իրավական կարգավիճակ[4]։

2011 թվականին սկսվել է փողոցի Դոլոմանյան-Բուդյոննու հատվածի վերակառուցումը։

2013 թվականին Պուշկինի փողոցում կազմակերպվել էր անվճար Wi-Fi[5], որն այժմ չի գործում։

Ուշագրավ շենքեր և կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուշկինի փողոց։ Օրիորդաց վարժարան

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Записки Ростовского на Дону общества Истории, Древностей и Природы. Том 2.
  2. Улицы Ростова. Пушкинская. Централизованная библиотечная система Ростова-на-Дону
  3. Памятник Пушкинские герои в Ростове-на-Дону
  4. О придании статуса парковой зоны улице Пушкинской(չաշխատող հղում)
  5. Анна Дунаева (2013 թ․ օգոստոսի 7). «В Ростове на Пушкинской подключили бесплатный Wi-Fi». 161.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Волошинова Л. Ф. Пушкинская улица. — Ростов-на-Дону: «Донской издательский дом», 2000. — (Серия "Судьбы улиц, площадей, зодчих"). — ISBN 5-87688-250-X

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]