Իվան Զվորիկինի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Զվորիկինի տուն
Տեսակշենք, տեսարժան վայր և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Հասցեулица Пушкинская, 89/проспект Семашко, 57 А, Ростов-на-Дону, Россия
ՓողոցՊուշկինի փողոց (Դոնի Ռոստով) (89)
Հիմնադրված է1910
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Իվան Զվորիկինի տուն (ռուս.՝ Дом Ивана Зворыкина, Զասլավսկայայի տուն, ռուս.՝ Дом Заславской), շենք Դոնի Ռոստովում, որը գտնվում է Պուշկինի փողոցի և Սեմաշկոյի նրբանցքի խաչմերուկում։ Կառուցվել է 1914 թվականին ճարտարապետ Վասիլի Պոպովի նախագծով[1]։ Մինչև 1917 թվականի հեղափոխությունը տանն ապրել է Ռոստովի քաղաքագլուխ, գեներալ-մայոր Իվան Նիկոլաևիչ Զվորիկինը[2]։ 1923-1926 թվականներին տանն ապրել է խորհրդային թատերագիր Վլադիմիր Կիրշոնը[3]։ Շենքն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է 1914 թվականին ճարտարապետ Վասիլի Պոպովի նախագծով։ Տանը տեղակայված էին Դոնի Ռոստովի քաղաքային վարչությունը և քաղաքագլուխ Իվան Զվորիկինի բնակարանը[1]։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո տունն ազգայնացվեց։ Այնտեղ տեղակայվեցին տարբեր գրասենյակներ, հիմնարկություններ, բնակարաններ և խորկուսդպրոցի հանրակացարանը։ Սկզբնական դեկորի մի մասը կորսվեց[2]։

1923-1926 թվականներին տանն ապրել է խորհրդային թատերագիր Վլադիմիր Կիրշոնը։ Նրա կոմունալ բնակարանի համարը 10-ն էր, պատուհանները նայում էին դեպի բակ[3]։ Նրա կինը՝ Ռիտա Կոռն-Կիրշոնը, հիշում էր. «Փոքր, մաքուր, միշտ խնամված սենյակում կային գրասեղան, երկու աթոռ, մահճակալ։ Սեղանին գրքերի կույտ էր, թարմ ամսագրեր»[5]։

2000-ական թվականներին տան երկրորդ հարկը զբաղեցրել է Ռոստովի մարզի նահանգապետ Վլադիմիր Չուբը։ Այնտեղ նա բնակվում էր իր ընտանիքի հետ[6]։ Շենքը վերանորոգվել է, և այնտեղ տեղադրվել է նոր իտալական վերելակ[2]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռահարկ շենքը[1] զբաղեցնում է թաղամասի անկյունային հատվածը, նրա գլխավոր ճակատները դուրս են գալիս դեպի Պուշկինի փողոց և Սեմաշկոյի նրբանցք։ Տունը կառուցվել է մոդեռն ոճով գոթիկայի տարրերով։ Ճակատների միասնական ճարտարապետագեղարվեստական նկարագիրը որոշում են լուսամուտատեղերի ձևերը, էրկերները և ելուստավորումները։ Ցոկոլային հարկը երեսպատված է կոպտատաշ քարով։ Գոթիկայի տարրերից շենքի ձևավորման մեջ առկա են երեքքառորդային սյուներով ծոփորները, առաջին հարկի պատուհանների վերևում` դեկորատիվ ծաղկամանները։ Շենքի ճակատները պսակված են սլաքաձև խորշերով ատտիկոսներով։ Շքամուտքն ունի սլաքաձև կամարի տեսք։ Շենքի անկյունն ընդգծվում է վեցանկյուն էրկերով, երկրորդ հարկի մակարդակում` եզրակալված պատշգամբով և փոքր աշտարակներով պսակված գմբեթով[3]։ Սկզբնապես աշտարակի քիվապատին տեղակայված էին ասպետների ֆիգուրներ (ապամոնտաժվել են 1960-ական թվականներին)։

Իվան Զվորիկինի տան հատակագիծն ունի բարդ կառուցվածք։ Այն բաժանված է առանձին մուտքերով երկու հատվածի` Պուշկինի փողոցի և Սեմաշկոյի նրբանցքի կողմից։ Յուրաքանչյուր հատվածում առկա են երկբազուկ սանդուղք և վերելակ։ Աստիճանասրահի շուրջ գտնվում են բնակարանները[3]։

Հուշատախտակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին շենքի ճակատին փակցվել է հուշատախտակ հետևյալ տեքստով[3].

Այս տանը 1923-1926 թվականներին ապրել և աշխատել է խորհրդային հայտնի թատերագիր Վլադիմիր Միխայլովիչ Կիրշոնը` Ռոստովի գրողների կազմակերպության հիմնադիրներից մեկը։

Երկրորդ հուշատախտակը, որը տեղադրվել է 1997 թվականին, նվիրված է բանահավաք Ֆեոդոր Տումիլևիչին[1]։ Տախտակին գրված է.

Այս տանը (1932-1964) ապրել է Դոնում հայտնի բանահավաք, գիտնական, գրող Տումիլևիչ Ֆեոդոր Վիկտորովիչը

Հիշատակում գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Զվորիկինի տունը հիշատակվում է ռոստովցի բանաստեղծ Սերգեյ Կորոլյովի ստեղծագործությունում[1][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Волошинова Л. Ф. Пушкинская улица. — Ростов-на-Дону: «Донской издательский дом», 2000. — С. 57—64. — (Серия "Судьбы улиц, площадей, зодчих"). — ISBN 5-87688-250-X
  2. 2,0 2,1 2,2 Мария Бондаренко (2008 թ․ ապրիլի 21). «Жив еще Ростов купеческий». Независимая газета. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Шулепова Э. А. Дом, в котором с 1923 по 1926 г. жил и работал драматург В. М. Киршон // Материалы свода памятников истории и культуры РСФСР. Ростовская область.. — М.: Изд-во НИИ культуры, 1990.
  4. «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.
  5. 5,0 5,1 В три уровня. — газета «Первое сентября», 2001. — № 77.
  6. «Избушка для губернатора». газета «Южный репортёр». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.