Պավել Կրամերի առանձնատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Կրամերի առանձնատուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ճարտարապետական ոճնեոդասականություն
Քարտեզ
Քարտեզ

Պավել Կրամերի առանձնատուն (ռուս.՝ Особняк Павла Крамера), շենք Դոնի Ռոստովի Պուշկինի փողոցում (№ 114): Առանձնատունը 1910-ական թվականներին կառուցել է ռոստովցի բարերար Պ. Ի. Կրամերը[1]։ 1997 թվականին առանձնատունն ընդգրկվել է տեղական նշանակության ճարտարապետության հուշարձանների ցանկում[2]։ 2000-ական թվականներից առանձնատանը գործում է Ռոստովի հանրային ժողովի ռեստորանը[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Կրամերի եկամտաբեր տունը, որը կառուցվել է 1900-ական թվականներին

Առանձնատունը, ենթադրաբար, կառուցվել է Պավել Կրամերի կողմից մոտ 1914 թվականին։ Առանձնատունը հարում էր Կրամերի եկամտաբեր տանը, որը կառուցվել էր 1900-ական թվականներին։ Պ. Ի. Կրամերը հայտնի էր որպես գեղանկարչության հավաքորդ[1]։

Քաղաքացիական պատերազմի տարիներին Կրամերը մեկնել է Դոնի Ռոստովից։ Նկարների նրա հավաքածուն անցել է արվեստի մարզային թանգարանին։ Կրամերի առանձնատունն ազգայնացվեց։ 1920-ական թվականներին այն եղել է առողջապահության շրջանային բաժնի վարույթում։ Հայրենական մեծ պատերազմից հետո առանձնատանը տեղավորվել էր շրջկոմի բուժական հաստատությունը[1]։

1982 թվականին առանձնատունը վերակառուցվել է[1]։ Վերակառուցման նախագծի հեղինակներն էին ճարտարապետներ Ն. Ա. Սերգեևը և Վ. Ա. Կորոլյովը[4]։ Վերակառուցումից հետո շենքը հանձնվեց գրողների և կոմպոզիտորների տանը[1]։

1990-ական թվականներին առանձնատունը նոր վերանորոգման կարիք ունեցավ։ Առանձնատան պահպանման խնդիրը լուծելու համար նրա դահլիճները սկսեցին վարձակալությամբ հանձնել տարբեր միջոցառումներ անցկացնելու նպատակով։ Առանձնատան նկուղը վարձակալել էր մի ռեստորան։ 1990-ական թվականների կեսերին առաջարկ եղավ տանը բացել գրական թանգարան։ Սակայն 1999 թվականին առանձնատունը դարձավ Ռոստովի մարզի վարչակազմի սեփականությունը և կրկին վերակառուցվեց ճարտարապետ Գ. Շևչենկոյի նախագծով։ Այդ ժամանակ փոխարինվեցին պատուհանները, պատերի հատվածներ, տանիքը, միջհարկային ծածկերը[1]։ Վերանորոգումից հետո շենքը հանձնվեց Ռոստովի հանրային ժողովին։ Առանձնատանը բացվեց «Սոբրանիե» («Ժողով») ռեստորանը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկհարկանի առանձնատունը գտնվում է հողամասի խորքում, հատակագիծն ունի П-աձև կառուցվածք։ Ճակատը կառուցված է նեոդասականության ոճով։ Ճակատի կենտրոնը զարդարում է կամարաձև էրկերը։ Առանձնատան պատերը շարված են կոպտատաշ քարից։ Ճակատի ձևավորման մեջ օգտագործվել են քիվ, սվաղային գոտի, դրասանգ և զարդաճաղեր։ Առանձնատան կենտրոնական մասում սկզբնապես եղել են ընդունելության սրահներ և հյուրասենյակներ։ Կողքերում աշխատասենյակներ էին, բնակելի սենյակներ և տնտեսական շինություններ[1]։

1982 թվականի վերակառուցման ընթացքում արևելյան թևի մոտ ավելացվեց միհարկանի կցակառույց։ Հողամասի արևմտյան մասում կառուցվել է զրուցարան-կիսառոտոնդ։ Շենքում հայտնվել է նոր ծեփակերտ առաստաղազարդ, իսկ երկրորդ հարկում տեղադրվել է հախճասալիկային բուխարի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Волошинова Л. Ф. Пушкинская улица. — Ростов-на-Дону: «Донской издательский дом», 2000. — С. 108—113. — (Серия "Судьбы улиц, площадей, зодчих"). — ISBN 5-87688-250-X
  2. «Об объявлении недвижимых памятников истории и культуры города Ростова-на-Дону под охраной органов местного самоуправления». zakon.7law.info. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 24-ին.
  3. «Собрание». tourism.rostov-gorod.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 23-ին.
  4. Есаулов Г. В., Черницына В. А. Архитектурная летопись Ростова-на-Дону. — 2-е изд.. — Ростов-на-Дону, 2002. — С. 241. — ISBN 5-8456-0489-3