Պետրովի առանձնատուն (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Պետրովի առանձնատուն
Особняк Домбровского 1.jpg
Տեսակ ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան
Տեղագրություն Դոնի Ռոստով
Ճարտարապետական ոճ էկլեկտիզմ
Ժառանգության կարգավիճակ ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Կոորդինատներ: 47°13′32.550000098811″ հս․ լ. 39°42′56.970000100009″ ավ. ե. / 47.22570833336077811° հս․. լ. 39.71582500002777749° ավ. ե. / 47.22570833336077811; 39.71582500002777749

Պետրովի առանձնատուն  (ռուս.՝ Особняк Петрова, Դոմբրովսկու առանձնատուն, ռուս.՝ Особняк Домбровского), շենք Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որը գտնվում է Պուշկինի փողոցում (շենք 115)։ Տունը կառուցվել է 19-րդ դարի վերջին ռոստովցի ճարտարապետ Նիկոլայ Դորոշենկոյի նախագծով։ 1959 թվականից առանձնատունն զբաղեցնում է Ռոստովի կերպարվեստների մարզային թանգարանը[1]։ Շենքն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնատունը կառուցվել է XIX դարի վերջին։ Տան առաջին սեփականատերը եղել է Ա. Ա. Դոմբրովսկին, որը շուտով այն վաճառել է։ Հայտնի է, որ 1898 թվականին առանձնատունը պատկանել է Վլադիկավկազի երկաթուղու վարչությանը[1]։

XIX դարի վերջին Վլադիկավկազի երկաթուղու վարչությունը երկարատև դատական գործընթացի մեջ էր՝ կապված երկաթուղային գծեր անցկացնելու նպատակով հողամասեր ձեռքբերելու հարցի հետ։ Այն ժամանակ երկաթուղու պետը հայտարարել էր, որ այն փաստաբանը, ով կշահի այդ գործը, որպես նվեր կստանա Դոմբրովսկու առանձնատունը։ Երկաթուղու շահերը սկսեց պաշտպանել ռոստովցի փաստաբան Ապոլոն Պետրովիչ Պետրովը, որը փայլուն կերպով շահեց այդ դատական գործը։ Արդյունքում նա նշանակվեց Վլադիկավկազի երկաթուղու վարչության իրավախորհրդատու և որպես նվեր ստացավ խոստացված առանձնատունը[1]։

Պուշկինի փողոցում գտնվող տանը Պետրովն ապրել է կնոջ և երեխաների հետ։ 1913 թվականից տունը պաշտոնապես պատկանել է նրա կնոջը՝ Սոֆյային։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Պետրովները տեղափոխվել են Ֆրանսիա։ 1920 թվականին շենքն ազգայնացվել է։ 1920-ական թվականներին այնտեղ տեղակայված են եղել Մանկական կոմունան, ապա՝ Լուսավորության աշխատողների տունը, այնուհետև՝ Լեռնագործների միությունը։ 1930-ական թվականներին առանձնատանը գտնվել են Ռոստովի մարզային խորհրդային արդյունաբերական կոոպերացիան, «Սպարտակ» ֆիզկուլտընկերությունը և Տեղական արդյունաբերության մարզային վարչությունը։ Հայրենական մեծ պատերազմից հետո շենքը փոխանցվել է շինարարության և ճարտարապետության գործերով մարզային բաժնին։ Այդ ժամանակահատվածում առանձնատանն ավելացվել է ձեղնահարկ, կառուցվել է բետոնե սանդուղք, քանդվել են փայտե պատշգամբը և մարմարե շատրվանն այգում։ Այդ ժամանակ կորսվել են նաև բուխարին և առանձնատան մի քանի փորագրովի դռները։ 1959 թվականին շենքը հանձնվել է Ռոստովի կերպարվեստների մարզային թանգարանին[1]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրովի առանձնատունը կառուցված է էկլեկտիզմի ոգով, նրա ձևավորման մեջ համակցված են բարոկկոյի, կլասիցիզմի և վերածննդի տարրեր։ Գլխավոր (հարավային) ճակատը, որը նայում է Պուշկինի փողոցին, ունի անհամաչափ կոմպոզիցիա։ Հիմնական հարկի միջապատերը զարդարված են բարդ օրդերի սյուներով։ Պատուհանի բացվածքներն ունեն կողպեքային քարերով կիսաշրջանաձև ավարտ։ Կամարաղեղները հենվում են կարիատիդների վրա։ Գլխավոր մուտքի վերևում գտնվում է հերալդիկական նշանը։ Պատուհանների վերևի ծոփորն առատորեն զարդարված է ծեփակերտ տարրերով՝ կանանց գլխիկներով, գրիֆոններով, վահանազարդերով, բուսական զարդաքանդակներով։ Ճաղաշարքը բաղկացած է մի շարք զարդաճաղերից և կարճասյուներից[3]։

Պուշկինի փողոցից առանձնատան տարածքն առանձնացված է քարե հիմքով ձուլակերտ ցանկապատով։ Սկզբնապես դարպասները գտնվել են կողքերից, իսկ կենտրոնում եղել է դռնակ։ Հյուսիսային ճակատին հարակից են տնտեսական կառույցները։ Իսկ նախկինում այստեղ եղել են ախոռներն ու կառքամառանը[3]։

Մարմարե սանդուղքով գլխավոր նախասրահի շուրջը երկու մակարդակներով գտնվել են հիմնական դահլիճները։ Պատերը զարդարված են կորնթոսյան որմասյուներով, դռները շրջանակված են արխիվոլտներով, առաստաղը զարդարված է ծեփակերտ նախշերով։ Միջնահարկում սկզբում գտնվել են խոհանոցը, կաթսայատունը և սպասավորների սենյակները։ Ուտեստները դեպի վերև մատուցվել են հատուկ էսկալատորով[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Волошинова Л. Ф. Пушкинская улица. — Ростов-на-Дону: «Донской издательский дом», 2000. — С. 85—94. — (Серия «Судьбы улиц, площадей, зодчих»). — ISBN 5-87688-250-X
  2. «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)»։ Официальный портал Правительства Ростовской области։ Վերցված է 2013-09-23 
  3. 3,0 3,1 3,2 Есаулов Г. В., Черницына В. А. Архитектурная летопись Ростова-на-Дону. — 2-е изд.. — Ростов-на-Дону, 2002. — С. 93—98. — ISBN 5-8456-0489-3